четверг, 2 февраля 2012 г.

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

                      ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

     «Հեռացող   եզերքը»  արդարև  իրական  պատմություն է: Եվ  այն, որ  ամբողջ  պատմվածքը  տրված  է  առաջին  դեմքով,  պատահական  չէ. իմ  թշվառ  զրուցակիցներից  յուրաքանչյուրի  պատմությունն  է  դա,  որովհետև    նրանց  ընդհատված  երազանքների  ու  անլուր  տառապանքների  մասին  ու  նրանց  անունից  է  խոսում  հեղինակը:
     Վերապատմելով  դրվագներ  Լեոնիդ  Հուրունցի՝  անզուգական  այդ  մեծ  մարդու  ու  նվիրյալ  հայրենասերի  մասին, ես  ուզում  էի  մի  անգամ  ևս  հավաստել,  թե  ինչից  ժայթքեց  Ղարաբաղի  ցասումն  ընդդեմ  ադրբեջանական    հայատյաց  սանձարձակության: Նա  ասում  էր, որ  այն  ամենը, ինչի  մասին  բորբոքված  պատմում  է,  գրած  ունի  վաղուց,  սակայն  տպագրել  չի  հաջողվում  և   հույս  էլ  չկա, թե  երբևէ  կտպագրվի: Հետագայում  նա  կարողացա՞վ,  արդյոք,  հրատարակել  այդ  պատմությունները՝  չգիտեմ: Եթե  ոչ,  ապա  իմ  բերած  դրվագները  թող  համարվեն  որպես  հարգանքի  ու  սիրո  տուրք՝  անանմոռանալի  Հուրունցի  անվանն  ու  անմեռ  հիշատակին:
     Ես  իմ  խորին  երախտիքն  եմ  բերում  քսաներկուամյա   Մարինա  Հովհաննիսյանին,  որ   Ստավրոպոլի  Բուդյոնովսկ  քաղաքում,  ընկճված  ու  տրտմագին   վերապրում  էր  Սումգայիթում  իր  գլխով  անցածը. թե  ինչպես  իր  ծննդյան  օրը  վերածվեց  զարհուրելի  մղձավանջի՝ մոր,  կրտսեր  քույրերի  ու  իր  անասնական  բռնաբարության, խոշտանգված  հոր  աչքի  առաջ:  Շնորհակալ  եմ  և  Էմմա  Սարգսյանին, որ  վշտահար  տեսքով  անդադար  պատմում  ու  պատմում  էր  ամուսնու  ողբերգական  սպանության  մասին, որին    գազանաբար  այրել  էին  սեփական  ավտոմեքենայում, և  նա  լալիս  ու  շարունակ  նույնն  էր  կրկնում, որ  ամուսնու  մահից  հետո  իր  ապրելն  իզուր  է  այս  աշխարհում:  Իմ  երախտապարտությունը  նաև  իմ  բարեկամ  Բարմեն  Բեդյանին՝ Սումգայիթի  քաղկոմի  շենքում  այն  օրերին  արած  իր  պատմության  համար: Ծեծ  ու  ջարդից  այլանդակված, դեմքին  լայնակի  սև  այտուցներ՝  նա  արտասվախառն  ձայնով պատմում էր՝ շինարարի  իր  կոշտուկավոր   ձեռքերը  ցուցադրելով, որ  տասնյակ  բնակելի  շենքեր  է  կառուցել  Սումգայիթում, և թե  ինչպես  էին  միլիցիայի  աշխատակիցները  բռնել  նրան  ու  հանձնել  մարդասպան  ամբոխին:
     Հեղինակը  շատ-շատերին  է  շնորհապարտ  այս  գրքի  համար, այդ  թվում և  Վիլյամ  Ռուսյանին՝ Բաքվի Լենինի  պողոտայի  32-րդ  շենքից: Նա  ասում  էր՝ նրանք, ովքեր չկարողացան  դուրս    պրծնել  գազազած  ոհմակի  ճանկերից, ոչինչ  չեն  պատմի  այլևս, իսկ նրանք, որոնց  հաջողվեց  կենդանի  մնալ, մի բան  կարող են  ասել  միայն՝ որ այդ  գեհենից  փրկվել  են  հրաշքով: Ու ես   հորդորում  էի  նրան  գրել, անպայման  գրել  այդ  մասին:
     Բաքվի  զանգվածային  սպանդից  մազապուրծ՝ նա  ականատեսի  իր  հավաստի  պատմությամբ՝ կապված հունվարի տասներեքին  սկսված  հայոց  կոտորած հետ, օգնեց վերականգնելու Բաքվի  ահավոր  եղեռնի  իրապատում պատկերը:
     Հավերժ  հիշատակ  անանուն  նահատակներին:
     Հավերժ փառք  տառապյալ   ողջերին:


                                    ----------------         

Комментариев нет:

Отправить комментарий