четверг, 2 февраля 2012 г.

►►►

  Մթության մեջ կանաչկարմիր լույսերի բեկբեկուն թրթռոցով մագնիտաֆոնը մեղմիվ նվագում էր... Ռենան հավանորեն քնած է արդեն... Նայեցի ժամացույցին. տասներկուսն անց էր: Իհարկե, քնած է... Քնի մեջ ժպտում է, երևի, իր մեղրանուշ շուրթիկներով... Անընկալելի,   զարմանալի բան. ինչի՞ց է դա, և, առհասարակ, ինչպե՞ս է պատահում, որ մինչ այդ  քեզ  անծանոթ  մեկը, որին դու բնավ չգիտեիր, գաղափար անգամ չունեիր, որ, ահա, աշխարհում կա այպիսի   մեկը, միանգամայն  անսպասելի  հայտնվում, մտնում է սիրտդ՝ հոգիդ ափեափ  լցնելով անպարփակ երանությամբ, և դու, ինքդ քեզ մոռացած՝ շարունակ նրա մասին ես մտածում, գիշեր ու զօր նրան երազում... Անսպասելի հնչեց հեռախոսազանգը: Տարօրնակ է, ո՞վ կլինի այսպես ուշ: Ես ծուլորեն վերցրի ընկալուչը: Հեռախոսագծի մյուս ծայրին՝ ոչ մի ձայն: Այդ լռության մեջ  իմաստավոր   բան կար, ես զգացի դա, և կայծակնային սրագությամբ ծագած մտքից սիրտս արագորեն  բաբախեց:  Սիրտս ասաց՝  Նա  է:
-Դու զանգել ես, որպեսզի, քնելուց առաջ, ես լսե՞մ քո  անուշիկ   ձայնը,- ասացի ես հրճվագին շշուկով:- Դե, ուրեմն, խոսիր:
         Ռենան մանր ծիծաղեց հեռախոսագծի մյուս կողմում, կամացուկ ասաց.
-Ճիշտ ընդհակառակը. ես զանգել եմ, որպեսզի ոչ թե դու, այլ ինքս լսեմ քո ձայնը: Լսեցի և իմ հոգին լցվեց  սրբազան զգացմունքով:
-Իսկ դու ի՞նչ իմացար, որ այս պահին, լույսերը մարած, ես քո մասին էի  մտածում: Մագնիտաֆոնն իմ կողքին ցածրաձայն նվագում էր, մեղեդու ախորժալուր հնչյունների տակ ես ըղձալի անուրջներով  էի  տարված, Ռենա, ես քո մասին էի մտածում, իրավ, ինչ լավ է, որ զանգեցիր: Դու, ինչ է, կարդու՞մ ես իմ սիրտը:
-Այո,- արձագանքեց նա սիրաշշուկ քնքշանքով: Նա երևի ժպտում էր:
-Եվ դու զգում ես, իհարկե, որ այն քեզ համար է միայն բաբախում:
-Ուզում եմ, որ այդպես լինի:
-Այդպես է, Ռեն, այդպես է, և դա քո ուզելով չէ միայն և ոչ էլ իմ ուզելով: Արարիչն է այդպես կամեցել: Ես սիրում եմ քեզ,- ինձնիզ անկախ՝ ներսից վեր ելնող  կարկամի  զգացմունքից  աչքերս լցվեցին:- Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ...
-Քնիր, ուշ է արդեն...Երկար խոսել չեմ կարող: Քո ձայնը լսեցի և ինձ համար  այնպես հաճելի է հիմա։ Ամենամեծ երջանկությունը կյանքում այն է երևի,   երբ համոզված ես,   որ քեզ խենթորեն սիրում է նա,  որին դու ինքդ ես   խենթորեն սիրում... Ես վաղը չէ՝ մյուս օրը  կգամ քեզ մոտ: Ուզում էի շաբթվա վերջին գալ, բայց չէ, այդքան  համբերել չեմ կարող: Ցավեդ տանեմ, բարի գիշեր:


Ես դուրս եկա գլխավոր խմբագրի առանձնասենյակից և միանգամից տեսա Ռենային: Լայքայե դեղնաշագանակագույն չկոճկված թիկնոցով, մետաքսե բաց վարդագույն շողշող կոֆտայով, մանրածալքավոր սևաթույր շրջազգեստով, բարձրաոտք, գեղասրունք ու վեհատեսիլ՝ նա արագորեն գալիս էր լուսավոր միջանցքով՝ առանց ուշք դարձնելու կողքից անցնողներին, որոնք, ակամա դանդաղեցնելով իրենց քայլը, շրջվում, ետ էին նայում: Ջերմ ու խանդավառ հրճվանքով, զմայլանքով ես նայում էի նրան, մտածելով այն մասին, որ գեղեցկությունը և մարդուն , և Աստծուն է հաճելի, և որ աշխարհի երեսին չկա առավել գեղեցիկ որևէ բան, քան գեղեցկությունը գեղեցիկ աղջկա: Հասնելով իմ առանձնասենյակի դռանը, Ռենան ժպտադեմ բաց արեց դուռը և, տեսնելով, որ ներսում ոչ ոք չկա, մնաց շվար կանգնած: Ես չէի կարող թողնել, որ նա մտատանջվեր, շտապ մոտեցա:
- Բարև,- մի փոքր հուզված ասացի ես:
Ռենան ետ շրջվեց, ժպիտը կրկին ծաղկեց, փթթեց նրա սքանչելի դեմքին ու լուսաշող կապուտակ աչքերում:
- Ողջույն: Ես մի րոպեով բարձրացա,- արագ քայլելուց շնչահեղձվելով՝ ասաց նա ու ներս մտավ սենյակ: - Միայն մի րոպեով, չէ՞որ  խոստացել էի: Ուզում էի տեսնել քեզ, բայց  երկար մնալ չեմ կարող: Ինչպե՞ս ես,- հարցրեց նա,  ինքնաբերաբար մղվելով դեպի ինձ:
 Ես քնքշալից, կարոտի հուզական ներշնչանքով գրկեցի Ռենային, այս վիթխարի քաղաքում իմ ամենահարազատ մարդուն, դեմքս քսեցի նրա անուշահոտ մազերին, չգիտես ինչու, չհամարձակվելով համբուրել նրան:
- Ոչինչ,- դեռևս հուզվելով ասացի ես,- դու՞ ինչպես ես,- ավելացրի ես, ինչպես առաջին անգամ՝ անկարող հայացքս կտրելու նրանից:
-Նույնպես ոչինչ... Դե լավ, ես գնամ,- Ռենան մեղմակի շունչ առավ:- Երկար մնալ չեմ կարող, քննության եմ պատրաստվում:
Քննության մասին, նա, իհարկե, հնարում էր, ես դա հասկանում էի:
- Գոնե սպասիր մի քիչ,- աղերսեցի ես, բռնելով նրա ձեռքը:
- Ոչ, ոչ, ոչ, չեմ կարող... Բայց շուտ-շուտ կգամ:- Ռենան դանդաղ հետ քաշեց ձեռքը և ետ-ետ գնալով դեպի դուռը, ժպտալով ավելացրեց,- ես երկու օր հետո կգամ, այս ժամին: Նայիր հա, տեղ չգնաս, - հորդորեց նա դարձյալ ժպտալով:- Կսպասես չէ,՞ ինձ:
- Իհարկե,- ասացի ես:- Ես ոչ թե երկու օր, երկու տարի էլ  կսպասեմ,- փորձեցի կատակել:
- Երկու տարի՞,- իր կապտաշող աչքերով  շեղակի նայելով ինձ, հարցրեց նա:- Այդքան քի՞չ:
- Լավ, ոչ թե երկու, այլ քսան տարի,- տեղի տվեցի ես ժպտալով:- Ոդիսևսը քսան տարի սպասեց Պենելոպեին:
- Ո-ո՜չ,- պարզասիրտ բռնկումով ընդդիմացավ Ռենան: -Այդ Պենելոպեն քսան տարի Իթաքեում սպասեց Ոդիսևսին և ոչ թե՝ Ոդիսևսը նրան: Սուտասանիս նայիր:
Ես ծիծաղեցի, դռան մոտ գրկելով Ռենային, փաղաքուշ ձայնով հարցրի.
- Իսկ դու, դու կսպասեի՞ր այդքան տարի:
- Ե՞ս...- Նա ետ ընկրկեց, ասես մի պահ վարանելով պատասխան տալ, և իմ  սիրտը տագնապալից խփեց:- Ես կսպասեի ու կսպասեմ, եթե տեղը գա,- արտաբերեց Ռենան:- Բայց ոչ,- վայրկյանական դադարից հետո հապճեպ ցնցելով գլուխը՝ ասաց նա:- Ես երկու տարի չեմ կարող սպասել,-  ծեքծեքուն ժպիտով  ասաց նա,  ձեռքը դրեց կրծքիս և, լեզվի ծայրը վերին շրթունքի վրայով  դանդաղորեն աջից ձախ ու ձախից աջ սահեցնելով՝  երկարուկ մատներն իմ   փողկապի տակից փաղաքշորեն  մտցրեց վերնաշապիկից ներս՝ անձայն ծիծաղով խուտուտ տվեց: Շունչս  միանգամից կանգ առավ:- Ես երկու տարում կմեռնեմ քո կարոտից,- ավելացրեց նա արդեն խաղացկուն, հետո,  անսպասելիորեն առաջ  մղվելով, քլիմայի բուրմունքով իր դյուրաբեկ կենսաթրթիռ մարմնով ամուր  սեղմվեց ինձ:- Երկու տարի չէ, երկու ամիս առանց քեզ ապրելն անգամ սարսափելի տանջանք կլինի ինձ համար:- Ռենան  հուզմունքից շիկնած իր հուր շուրթերով հպվեց իմ շուրթերին:
Դա անչափ կարճ մի ակնթարթ էր: Աչքերում շողշողուն արցունք՝  նա ետ-ետ գնաց և, դուրս գալով առանձնասենյակից, միջանցքով վազեց դեպի վերելակը:


Ռոբերտն իր հաջորդ զանգով մի թեթև վշտացրեց ինձ: Ասաց, որ Զարմիկը խորհուրդ է տալիս չվերադառնալ Բաքու, այլ մնալ Մոսկվայում և զբաղվել առևտրով: «Դա հիմա ամենաշահավետ գործն է,- ասաց Ռոբերտը,- ամբողջ մտավորականությունը հիմա դրանով է զբաղվում:- Իսկ հետո հարցրեց.- Վաղը գնալու եմ դեսպանատուն, անկետաներ վերցնե՞մ Ամերիկայի համար»: «Վերցրու,- անտարբեր ասացի ես և միանգամայն  անսպասելի  մի միտք ծագեց իմ մեջ՝  Ռենայի հետ գնալ Ամերիկա:- Վերցրու,- շտապ ասացի ես Ռոբերտին,- անպայման վերցրու, երբ պետք լինի՝ ես կգամ»:
Երկու օր անց ես Ռենային զգույշ ասացի այդ մասին, չիմանալով ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը և անչափ ուրախացա՝ նրա աչքերում ցնծուն հրճվանք տեսնելով:
- Ամերիկա՞,- հուզված շշնջաց նա: -Մի՞թե դա հնարավոր է... Գիշեր-ցերեկ մտածում էի ու ելք չէի գտնում ու   եկել էի այն համոզման, որ  չկա կյանքում   առավել ողբերգական  բան, քան   բացարձակ անհնարինությունը՝   փոխել  այն, ինչ  վեր է մեր ուժերից։ Աստված իմ, մի՞թե  դա հնարավոր է:
- Ուրեմն կգա՞ս ինձ հետ,- ասացի ես բերկրանքով:
Ռենան   հանկարծակի տխրեց, մի պահ տրտում, վշտահար նայեց ինձ: :
-Այո, բայց... դրանով գիտե՞ս ես ինչ հարվածի տակ  կարող եմ դնել  մերոնց ...- կամացուկ արտաբերեց նա մտահոգ,- սակայն ես  ինչո՞վ եմ մեղավոր, Լեո, ասա, ես ինչո՞վ եմ մեղավոր...- Հետո, ասես ինքն իրեն սիրտ տալով, ավելացրեց մեղսագիտակ լուսաշող կիսաժպիտով,- Բայց միևնույն է, կգամ քեզ հետ, ուր էլ որ  տանես՝ կգամ,- ասաց նա  փութկոտ փարվելով ինձ:- Մերոնք, իհարկե, ինձ չեն ների: Սկզբում չեն ների, բայց չէ՞ որ, վերջիվերջո, կներեն... Աստված իմ, ես ոչ ոքի չեմ ասի, ոչ ոք չի իմանա այդ մասին: Իրադան ու Էսմիրան նույնպես չեն իմանա, հետո, մեկնելուց առաջ,  կզանգեմ, բայց տեղս չեմ ասի, չէ՞, Լեո: Եվ դրանից հետո մենք միասի՞ն կլինենք ընդմիշտ: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է,- խանդավառ շարունակեց Ռենան:- Լեո, ես քեզ կնվիրեմ իմ ամբողջ կյանքը, իմ կյանքի ամեն մի րոպեն, կլինեմ հնազանդ, հավատարիմ ու նվիրված ու երբեք-երբեք, ասել եմ քեզ, երբեք չեմ անի այնպիսի մի բան, որ ցավ պատճառի քեզ, ես հանուն քեզ կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը, ամեն-ամեն ինչ կզոհաբերեմ քեզ, փոխարենը պահանջելով միայն ու միայն մի բան՝ որ սիրես ինձ, ես քեզ շատ եմ խանդում, շարունակ այդ մասին մտածում եմ, բայց չեմ ասում քեզ ու երբեք չեմ ասի, ուզում եմ,  որ միայն ինձ  սիրես և ուրիշ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ուրիշ ոչ ոքի... Իսկ դու երբևէ սիրե՞լ ես որևէ մեկին,- անսպասելի  հարցրեց  նա,  լայն բացված աչքերով  ուղիղ նայեց  ինձ,  մի տեսակ վեհերոտ տեսքով  սպասելով պատասխանի:
-Այո
-Ինչպե՞ս:- Ռենան արագ ետ ընկրկեց, տագնապով նայեց ինձ:
-Դա վաղուց էր, դպրոցում:
-Որտե՞ղ: Սումգայիթու՞մ,- հարցրեց նա վհատ ու շփոթված:
-Չէ, իհարկե: Գյուղում, առաջինից մինչև վեցերորդ դասարան ես  գյուղում եմ սովորել, այնտեղ...
Ռենան մի տեսակ  խաղաղված շունչ քաշեց, հարցրեց ուշացումով.
-Ինչպե՞ս էր անունը:
-Լյուդմիլա:
-Նա գեղեցի՞կ էր,-դարձյալ ուշացումով հարցրեց նա:
-Գեղեցիկ էր :
-Եվ դու հիշու՞մ ես նրան,-ցածր հարցրեց  Ռենան:
-Հիշում եմ,- ասացի ես:- Երբեմն հիշում եմ: Նրա ժպիտը սկսվում էր աչքերից ու   տարածվում էր դեմքին: Ես դա հիշում եմ... Բայց դա վաղուց է եղել: Շա՜տ վաղուց:
Վեցերորդ  դասարանում, սեպտեմբերի սկզբին, մեր ամբողջ դպրոցը՝ վեցերորդից    մինչև տասերորդ դասարան, բեռնատար մեքենաներով  տարան Ներքին Հոռաթաղի դաշտ՝ բամբակահավաքին օգնելու: Այնտեղ, աստղազարդ  ու լուսնյակ մի  ուշ երեկո, շարքից դուրս եկած  տրակտորների ու կալսիչ  մեքենաների  լուսնաստվերում համբուրվեցինք  Լյուդիկի հետ: Հետո՝ քնքուշ, անսահմանորեն հարազատ՝ նա գլուխը դրել էր  իմ կրծքին... Մինչև լուսաբաց, սիրատենդի մեջ, ես չկարողացա քնել: Այդ գաղտնածածուկ  ժամադրությունն ու առաջին հաբույրն իմ կյանքում ալեկոծել էին հոգիս...
Ռենան՝ քիփ կպած մոդայիկ ջինսով, լուսամուտի առջև կանգնած, երկար ժամանակ լուռ էր: Նա անթարթափ  նայում էր դուրս, խաղաղ ծովին։
- Սերը՝  դա այն է,-  ասաց նա,-  ինչը կորցնելուց հետո մենք այլևս  ոչինչ  չունենք  կորցնելու։
 Հետո հարցրեց մարող  շշուկով.
-Մենք   կգնանք Ամերիկա, և այդուհետ ոչ ոք չի՞ խանգարի, որ մենք ընդմիշտ լինենք միասին:
-Ոչ ոք, ոչ ոք չի խանգարի, միասին կլինենք միշտ,  միշտ միասին ու միշտ անբաժան,- շշնջացի ես նույնպես մարող  շշուկով:
- Աստված իմ, ե՞րբ կգա  այդ օրը...
Ես քնքշորեն գրկեցի Ռենայի ուսերը, շնչելով նրա տեղի տվող մարմնի քաղցրանուշ բուրմունքը:
- Լեո, սիրելիս, ես միայն մի րոպեով էի եկել,- շրջվելով՝ արտաբերեց նա,-ես...
Ես մատներս դրեցի նրա շուրթերին:
- Ես սիրում եմ քեզ,- չթողնելով, որ նա ավարտի խոսքը, սրտահույզ ու երկչոտ ասացի ես:- Դու գիտե՞ս այդ:- Ես այդ պահին, երևի, այլայլված տեսք ունեի, որովհետև Ռենան, ասես մի տեսակ վախեցած, ինքնաբերաբար ընկրկեց, բոլորակ հետույքով սեղմվելով իմ գրասեղանին: Բայց ժպտում էր:
- Չէ, ասա, դու գիտե՞ս, որ սիրում եմ քեզ:
Ռենան, շարունակելով ժպտալ, գլխով արեց, որ նշանակում էր՝ այո, ինքը գիտի, որ ես սիրում եմ իրեն:
Արևի պայծառ շողքն ընկավ նրա դեմքին: Ռենան կկոցած աչքերով նայեց ինձ, գլխի թեթև  շարժումով ետ նետեց ոսկեզօծ մազերը, նեֆերտիտյան մարմարյա ճերմակ պարանոցին շողշողացին նրա շղթայիկն ու կապտասպիտակ ադամանդով կուլոնը: Սքանչանալով Ռենայի կուրացուցիչ գեղեցկությամբ, ես փաղաքշորեն բռնեցի նրա կզակը, Ռենան գլուխը մի փոքր ետ տարավ՝  նայելով ինձ մեղմ ու գերպայծառ հայացքով:
- Իսկ որ ես ցնորվածության աստիճա՞ն եմ սիրահարված քեզ,- դողացող ձայնով շշնջացի ես: - Դու ա՞յդ էլ գիտես:
Ռենան դարձյալ գլխով արեց, ավելի լայն ժպտալով:
Ասես անգիտակցական մի շարժումով ես շրջվեցի, դռան բանալին պտտեցի փականքի մեջ, ասելով.
- Ես քեզ այստեղից բաց չեմ թողնի:
Թափանցիկ մատներով ձեռքերը կրծքին տանելով, Ռենան համր խնդրանքով նայեց ինձ: Բայց չհանդիմանեց, ոչինչ չասաց: Նա գիտեր, հասկանում էր իր հմայքի ուժը, հայացքը շողում էր ինքնավստահ հիացմունքից, նրա ջինջ աչքերից ինչ-որ մի տեսակ խորամանկ խանդավառություն էր ճառագայթում: Լեզվի ծայրը  կրկին սահեցնելով վերին շրթունքի վրայով, նա արեգնափայլ ժպիտով  նայում էր ինձ, ասես հրճվելով իմ շփոթվածությամբ: Իսկ ես ... ես ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս կտրել նրա բոցավառ շուրթերից:
Աստված իմ, ինչ լավիկն է նա, երբ կարկաչուն ծիծաղում է՝ գլուխը փոքր ինչ ետ գցած, և նրա մարգարտաշար ատամները շողշողում են՝ ինչպես նոր եկած ձյունն առավոտվա արևի տակ, երբ իբր նեղացած, հանց  Մոնա Լիզան՝ Լուվրում, աչքերը կկոցած՝ խորաթափանց հայացքով հարևանցիորեն նայում է, իսկ  առանձնահատուկ կերպով փայլատակող այդ կապտակապույտ շողարձակող աչքերում՝ ամեն ինչ ներող  խորհրդավոր ժպիտ, երբ սիրելի սովոր շարժումով ճակատից ետ է նետում  անհնազանդ ոսկեգանգուր մազափունջը, երբ բռնկուն շիկնանքով հանկարծակի փարվում է՝   պարուրելով մատղաշ մարմնի բուրմունքով, ու փարվելիս այնպես է  հպվում՝  ասես ուզում է հալվել, ներթափանցել հոգուս մեջ, երբ... Աստված իմ, աստված իմ, ինչքան ցանկալի, սքանչելի է նա, ես, իրավ, խենթանում եմ նրա հմայիչ տեսքից,  գլխի գեղեցիկ պահվածքից, շորորուն թեթև քայլվածքից, մեղրանուշ թավշյա ձայնից, ես անսպասելի, անհաղթահարելի ու խելահեղ տենչանքով մի բան էի ցանկանում  այդ պահին միայն՝ համբուրել փքուն շրթունքի վրայով սահող վարդագույն  լեզվի  ծայրը:  Այդ խելացնոր մտքից  ես գլխապտույտ զգացի նույնիսկ: Ես ակամա բռնեցի Ռենայի թևը՝ արմունկից քիչ վերև, և հանկարծակի պորթկումով  նրան ձգեցի դեպի ինձ:
- Արար աշխարհում, Ռենա, ոչ ոք ոչ ոքի երբեք այնպես չի սիրել ու չի կարող սիրել,  ինչպես որ ես եմ սիրում քեզ:- Իմ սիրատոչոր շուրթերը հպվեցին նրա քաղցրանուշիկ բերանին: Ռենայի շուրթերն ասես շիկացած էին ներքին կրակից: Ես զգում էի այդ  ջերմությունը, նրա կուսական մարմնի, փափուկ ու լիքը կրծքերի ջերմությունը նույնպես զգում էի... Նրա ձեռքերը բարձրացան, քնքշորեն  գրկեցին իմ ուսերը, մատները խճողեցին մազերս:  Ես Ռենային սկզբում համբուրում էի շատ քնքշորեն, բայց հետո համբուրեցի լիաշուրթ ու մոլեգին: Ռենայի հյութեղ շուրթերը դանդաղ ետ գնացին, հետո բացվեցին ավելի ու ավելի,  նրա ատամները՝ կրքահարույց տաք շնչի հետ խածնելով անցան իմ ծնոտի վրայով, դա շշմեցրեց ինձ, երջանկությունից խելացնոր՝ ես գրկած պտտեցրի նրան իմ առանձնասենյակում՝ առանց շուրթերս կտրելու նրա շուրթերից, նստեցրի իմ գրասեղանին:
- Արար աշխարհ գիտե իմն ես, ես մի հավք եմ՝ դու իմ բույնն ես...- կցկտուր, անպարզահունչ թոթովում էի ես, ես ուզում էի, որ հարատևեր այդ պահը, ուզում էի  շարունակ զգալ նրա մարմնի դողը, այն ջերմությունը, որ բերկրանքի, հրճվանքի ու մտացիր թեթև հառաչանքի հետ ելնում էր նրա կիսաբացված շուրթերից, ես ուզում էի այդպես պահել նրան իմ գրկի մեջ, սիրել, փաղաքշել, լիզել նրան ոտքից գլուխ, ես չէի ուզում թողնել նրան ու նրանից հագենալ նույնպես չէի կարողանում, իմ աչքերի համար հաճելի էր  շարունակ տեսնել  նրան... Եվ Ռենան, ասես նոր միայն սթափվելով, ասաց.
- Ես պետք է գնամ... Ես չպետք է ուշանամ,- նրբակաշվե  ծոպավոր բաճկոնը կոճկելով  շշնջաց նա՝ դուրս սահելով իմ գրկից: Դռան մոտ նա մի անգամ ևս շրջվեց, շիկնած ու շփոթված ժպտաց ինձ իր  արևափայլ շողշողուն ժպիտով, կամացուկ արտաբերեց. – Ցավեդ տանեմ:


Ռոբերտը զանգեց շաբաթվա վերջին:
- Անկետաները վերցրել եմ,-  ասաց  նա:- Բայց ինքդ քո ձեռքով պետք է լրացնես  դրանք ու ինքդ անձամբ հանձնես դեսպանություն: Հանձնում ես թղթերը ու սպասում զրույցի: Մի խոսքով, գնում ենք Լատինական Ամերիկա, Լանսինգ:
Ես ստիպված էի երկար համոզել գլխավորին՝ մինչև նա կստորագրեր դիմումս: «Գիտեմ, հասկանում եմ, երկու տարվա արձակուրդդ մնում է, չես օգտագործել: Բայց, ախր, մենակ եմ մնում,- մտամոլոր քայլելով ընդարձակ առանձնասենյակում, ասաց նա: - Բոլորդ գնում եք, ահա,  Ալինան  էլ  է  դիմում գրել, բնակարանն էլ, կարծեմ, փոխանակում են»:
- Ինչպե՞ս,- զարմացա ես:
- Դիմումը քիչ առաջ  ստորագրեցի, տարավ կադրերի բաժին:
Ալինայի փոքրիկ, արևկող  անկյունային սենյակից  երկու դուռ էր բացվում, մեկը ընդհանուր բաժնի վրա, մյուսը՝  գլխավոր խմբագրի առանձնասենյակի: Դուռը փակ չէր, գլխավորի մոտից ուղիղ անցա  Ալինայի սենյակը: Նա կանգնած էր լուսամուտից ներս թափանցող  իրիկնային շողշողենի արևի մեջ, նայում էր դուրս:
- Գնում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում,- ներս մտնելով ասացի ես մի թեթև վիրավորված:
Նա արագ շրջվեց իմ կողմը:  Աչքերը՝ սև, քնքուշ ու լացած:
         - Քեզ գլխավո՞րն ասաց,- աչքերը ողողած արցունքների միջից ժպտալով ցածր հարցրեց Ալինան:
          - Այո:
- Թե իմանայիր ինչքան ծանր է ինձ համար, Լեո,- տխրաթախիծ արտաբերեց  Ալինան, նստելով սեղանի մոտ ու իր փոքրիկ ձեռքերը դնելով սեղանին:- Դու կարո՞ղ ես դա պատկերացնել,- հարցրեց:- Չես կարող:
Ալինան դարձյալ շրջվեց, նայում էր դուրս: Նա չէր ուզում, որ տեսնեի արտասուքները: Հետո ասաց.
             -Անհայտությունից ծնվում, գնում ենք դեպի անհայտություն՝ ճանապարհին  կորցնելով  նրանց,  որոնց կարոտը այրում է  մեր հոգին…-  Նա  կարճ մի պահ դադար տվեց,  մտամփոփ  ասաց,- Մարդիկ  չգիտեն,  չեն իմանում,  որ    նա,  ով  կենսախինդ  ժպտում  է բոլորին,    երբեմն գիշերները լաց է լինում  թաքուն,  և որ   երբեմն ցրտից  փաթաթվում,  կուչ է գալիս   վերմակի տակ ու միևնույն է՝  չի կարողանում տաքանալ,    որովհետև   այդ ցուրտն իրականում  դրսից չէ,  այլ՝ իր ներսում,  իր սրտի խորքում…  Եվ ես    եկել եմ այն համոզման, որ ապրելու երկու տեսակ կա՝ կարող ես ապրել ու կարծել, որ հրաշքներ չեն լինում։ Կամ  կարող ես ապրել ու հավատալ, որ կյանքն  ինքնին  հրաշք է։ Ես դա   այստեղ  զգացի միայն։  Ճակատագրի բերումով և քո շնորհիվ նաև,Լեո, ես ընկա այստեղ: Մոտ երեք տարի շարունակ ես աշխատանքի էի գալիս՝ ոնց որ տոնահանդեսի… Միշտ հիշելու եմ  ծառատնկման մեր ուրախ շաբաթօրյակները՝ Շիխովի ծովամերձ զբոսայգում, հավետ անմոռանալի մեր անվերջ ծիծաղն ու աշխույժ  պատմությունները՝  շաբաթօրյակներից ու  մայիսմեկյան շքերթներից հետո՝ սրճարաններում,  որովհետև կյանքը՝    դա այն օրերը չեն սոսկ,  որ անցել են,  այլ  որ հիշվում  ենԱստված  իմ,  մի՞թե  դա հնարավոր է մոռանալ, Լեո, մի՞թե ես երբևէ կմոռանամ դա... Այս երեք տարվա հմայքն ընդմիշտ կապրի ինձ հետ՝ ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ, և կջերմացնի ինձ կյանքիս  մնացած ժամանակներում:
           Ալինան շեշտակի նայեց ինձ և կուրացուցիչ լույսի բռնկումներով  շողացին նրա խոնավ աչքերը:
Ինձ համար ևս ծանր էր մտածել այն մասին, որ այլևս չեմ տեսնելու նրան, այս երեք տարում ես նույնպես ընտելացել էի նրան:
- Ու՞ր եք գնում, Երևա՞ն,- հարցրի ես:- Գլխավորն ասաց, որ փոխանակում եք բնակարանը:
- Ստալինյան շենքում երեք սենյականոց ընդարձակ բնակարան ենք տալիս՝ կահույքի հետ միասին և դեռ վրան էլ ահագին փող, փոխարենը Ավանում, Երևանի ծայրամասում, երկու փոքրիկ սենյակ ենք վերցնում: Սկեսրայրս իսկույն համաձայնեց, որովհետև հետո  դա էլ չի լինելու, Երևանում հատուկենտ ադրբեջանցիներ են ապրում, իսկ այստեղ՝ հարյուր հազարավոր հայեր:
- Ժամանակավոր է այս  ամենը, կանցնի,-  ասացի ես:
- Կանցնի... կյանքը նույնպես ժամանակավոր է, - մտահոգ ժպտաց  Ալինան և խորը   մտածելով՝ ավելացրեց: - Սկեսրայրս ուրիշ կարծիքի է: Դու՞  ինչ ես անելու:
- Կմնամ այստեղ,- հենց այնպես ասացի ես,- հո բոլորս չենք գնալու:
- Ամուսնուս ծնողները կմնան Երևանում, իսկ մենք կգնանք Հունգարիա: Սկեսրայրիս եղբայրն այնտեղ, մեր բանակում  է  ծառայում, Վելենցե քաղաքում, իր ասելով՝   հենց Վելենցե  լճի ափին, հրավիրում է: Ես քեզ կզանգեմ այնտեղից, գոնե ձայնդ լսեմ,- դառը ժպտաց Ալինան: - Ես քեզ շատ եմ վշտացրել, Լեո, ներիր, խնդրում եմ: Ամուսնուս նույնպես ներիր, շատ տաքարյուն է, բայց բարի սիրտ ունի, շատ է փոշմանել: Հայրը, գիտե՞ս, քիչ էր մնում նրան դուրս աներ տնից այստեղ գալու համար:
- Ես արդեն մոռացել եմ այդ  մասին,- ասացի ես:
- Իմ մեղքով էր այդ ամենը,  Սիլվային հիմար բաներ պատմեցի, չպիտի պատմեի: Հետո, երբ  ամուսնուս հետ գնացել էինք նրանց տուն, գլուխը մի անգամ չբարձրացրեց, որ նայեր ինձ: Ամուսինս մտածեց, որ նա հնարել է այդ բոլորը: Բայց ես չպիտի պատմեի:
- Ի՞նչ էիր  պատմել,- նստելով նրա դիմաց, սեղանի մյուս կողմում, հետաքրքրվեցի ես:
- Պատմել... Այն, ինչ ես կուզենայի, որ իրականում լիներ, նրան պատմել էի որպես իրողություն:
Ալինան մտացրիվ նայեց ինձ, կարծես երկմտելով՝ ասե՞լ, թե ոչ, հետո  հոգոց հանելով միանգամից ասաց.
- Ես նրան խոստովանեցի, որ սիրահարված եմ քեզ, և որ դու, իբր, նույնպես անտարբեր չես իմ  հանդեպ: Ուզում էի, որ այստեղ աշխատանքի ընդունվելուց հետո պատրանքներ չունենար քո նկատմամբ:-  Ալինան ձեռքով  ճակատից ետ տարավ մազերը, միաժամանակ հետևելով իմ ռեակցիային:
- Եվ հետո՞,- ժպտալով ասացի ես:
- Հետո... նա էլ այդ բոլորը պատմել էր ամուսնուն... Հասկացել էր, որ ես եմ խանգարել իրեն՝ աշխատանքի տեղավորվելու այստեղ:
- Ուրեմն նրա ամուսինը դե՞մ չէր:
- Իհարկե, դեմ չէր: Ես արեցի այդ ամենը, որպեսզի նա չգար այստեղ: Չէի ուզում և վերջ... Երևի խանդում էի,- ժպտաց  Ալինան, ուղիղ նայելով ինձ, իսկ հետո ասաց.- մի բան էլ ասեմ, միևնույն է, վերջին օրն է, պիտի ներես: Ինչքա՜ն աղջիկներ էին զանգում քեզ. մեկը կար նրանց մեջ, շատ  սիրուն էր, ոսկեփայլ մազերով, «Մերիլին Մոնրո» ոճի  գլխարկ էր դնում, միշտ ժպտուն, չտեսնված գեղեցիկ շուրթերով, աչքերն էլ շատ սիրուն էին՝ գորշ, ոնց որ վագրի աչքեր, շինարարական ինստիտուտի առաջին թե երկրորդ կուրսից՝  Սիլվա Ասրյան, մի երկու անգամ տեսել եմ քեզ մոտ, վերջերս չի երևում, այ, հատկապես նա համառորեն զանգում էր, մի խոսքով, բոլորին ասում էի, որ տեղում չէ, արձակուրդ է գնացել, կամ նման մի բան: Դա էլ էր երևի խանդից: Լորաննային էլ էի խանդում, կատաղությունից շունչս կտրվում էր,- հանկարծակի ամբողջովին բռնկվելով ու շիկնած նայելով ինձ ասաց նա:- Առանձնապես, երբ գալիս, ժամերով նստում էր մոտդ: Բարկանու՞մ ես:
- Ոչ,- ժպտալով տարուբերեցի գլուխս: Իրոք, չգիտեմ ինչու, չէի նեղանում: Իմ ներսում ինչ-որ բան էր փշրվում, զգում էի, որ այսօրվանից թանկ ու հարազատ, շատ հարազատ մի բան եմ կորցնում:
Մի քանի վայրկյան Ալինան լուռ էր, երևում էր՝ կռվում էր ինքն իր հետ, կրծում էր շրթունքները, և աչքերը դարձյալ հառված էին լուսամուտից դուրս: Նա հանկարծ կտրուկ հայացքով նայեց  ինձ, մի կիսաժպիտ լուսավորեց նրա դեմքը, և նա ասաց.
- Այս  աշխարհում  երկու կույր մարդ կար,  Լեո։ Դու էիր մեկը, որովհետև չէիր  տեսնում,  թե ինչքան թանկ ես ինձ համար,  և ես,  որովհետև ոչ ոքի չէի  տեսնում քեզանից  բացի…Միայնակ մարդիկ շատ կան կյանքում, - ավելացրեց նա։ -Կարող ես բազում ընկերներ ունենալ։ Հարազատներ,  բարեկամներ…Ունենալ մեկին,  որը սիրում է քեզ ու միշտ քո կողքին է,  բայց դրա հետ միաժամանակ,  միևնույն է,  զգաս քեզ միայնակ։   Միայնակ ու համակված այնպիսի մի զգացումով,  որ դու ամբողջ կյանքում  փնտրել ու չես գտել…Չես գտել մեկին,  որի կամքին հանձնեիր քեզ լիովին  ու այդ երջանիկ մտքից ինքդ քեզ նախանձեիր։ Դու ինձ հասկանու՞մ ես,-  հարցրեց նա, ու,  չսպասելով պատասխանի,   ավելացրեց,  - ժամանակը միակ բանն է,   որ  երբեք  չես կարող  հետ  տալ։ Այն կարծես թե մերն է…բայց մեզ չի պատկանում։ Մեր ուժերից վեր է ետ պահել  այն։  Այն   սահում,   փախչում  է մեզնից,   ինչպես  սորուն ավազն է  սահում մեր մատների արանքից։   Այս օրը  չի կրկնվի երկրորդ անգամ… Այս երանելի պահն ահա,    որ կա  այստեղ,   այս վայրկյանին,     էլ հետ չի գա…- Ալինան շրջվել,  ձեռափերով այտերը սեղմած՝     նայում էր դուրս,  հետո   ասաց   հոգնաձայն, -  մարդ  իր ունեցածի արժեքն այն ժամանակ է հասկանում, երբ կորցնում է արդեն... Այս երեք տարվա մեջ, Լեո, միշտ էլ զգացել եմ քո մտերմությունը, միշտ էլ ինձ համար պաշտելի ես եղել  ու այդպիսին էլ  կմնաս իմ հիշողության մեջ... Մեր մեջ ոչինչ չի եղել,- շարունակեց  նա սրտառուչ անկեղծությամբ,- բայց ես այնպես էի տարված քեզնով, որ  ուր էլ կանչեիր՝ գլուխս կորցրած կգայի քո ետևից, ուր էլ հրավիրեիր՝ կվազեի: Մեյերհոլդն իր կնոջը՝  Զինաիդա  Ռայխին, սաստիկ խանդում էր Սերգեյ Եսենինի հանդեպ, նրան թվում էր՝ հերիք է Եսենինը մատով կանչեր կնոջը, և նա, անձրևի ու կարկտի միջով վազելով կգնար Եսենինի ետևից: Կարծես իմ մասին է ասված: Բայց դու չկանչեցիր ինձ, ոչ մի տեղ չհրավիրեցիր, չնայած գիտեիր, տեսնում էիր, որ  ինքնամոռաց կերպով  սիրում եմ քեզ: Այո, դու դա գիտեիր, անհնարին է, որ  չիմանայիր, չզգայիր, կրակն ու սերը հնարավոր չէ թաքցնել, բայց, միևնույն է, դու չօգտվեցիր իմ թուլությունից...   
- Բայց չէ՞ որ մենք բարեկամներ ենք, Ալինա:
          - Դրա համար էլ երախտապարտ եմ քեզ, և դու դրանով առավել ես ինձ սիրելի։ Իսկ  գիտե՞ս   ինչ մտածեցի  մի անգամ…  Մտածեցի այն մասին,  որ հոգին իր մաքրությամբ է գեղեցիկ,  ու  երբ դու սիրում ես,  բայց չես արժանանում փոխադարձ սիրո,  տխրել պետք չէ ամենևին,  միևնույն է,  քոնն է հաղթանակը,  որովհետև քո սերն այնքան մեծ է,  որ չի տեղավորվում նրա սրտում…Եվ   որ  պետք չէ նվաստանալ ու  վազել  նրա ետևից,  ով առանց քեզ էլ երջանիկ է։  Ու    մի պահ,  ազնիվ խոսք,  ցանկացա,  որ դու  սիրես ինձ՝   միայն այն բանի համար,   որ ես քեզ մերժեմ, և  դու տառապես։ Բայց…երբ   խենթորեն սիրում ես՝ անշահախնիր,  անմնացորդ, ապա  միայն ու միայն  նրա երջանկությունն  ես ուզում։  Եվ  ուզում ես ամեն ինչ  անել, որ նա երջանիկ լինի` անկախ քոնը լինել կամ չլինելուց։-  Ալինան  շրջվեց, ակնդետ նայեց, ավելացրեց։- Այո,  նրա լավն ես ուզում միայն,  ուզում ես,  որ  նա երջանիկ լինի, սակայն,   տեսնելով նրան երջանիկ՝  ոչ քեզ հետ,  սիրտդ  կծկվում է ցավագնորեն…-Նա  հապաղեց մի պահ,   հետո  միանգամից  ասաց,- Ես քեզ կհիշեմ, Լեո, որպես եղբոր, որպես հարազատի, և մինչև վերջ, մինչև վերջին շունչս կհիշեմ... Հավատա ինձ, հիշողությունն այդ  մշտատև կմնա ինձ հետ,  դա Հազարան հավքն է իմ,  և այն  ոչ ոք չի կարող   խլել  ինձնից…
Ես չգիտեի ինչ պատասխանել Ալինային,  ոչինչ չէի գտնում ասելու,  և այն մտքից, որ, իրոք, այլևս չեմ տեսնելու նրան, սիրտս սեղմվում էր վշտից ու հուսահատությունից: Բայց մի բան պետք էր ասել, և ձեռքս դնելով բարակավուն մատներով նրա ցորնաթուխ  ձեռքին, ինքս անգամ չհավատալով իմ խոսքին, ասացի.
- Մենք կհանդիպենք դեռ... Շատ տարիներ հետո կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ, մշուշված աչքերով:
Նա  անձայն ժպտաց: Նա հոգնած ժպտաց: Թափահարեց գլուխը:
           - Աչքերով…  Ոչ,-  արձագանքեց տխրամած,- սա չի կրկնվի, չի կրկնվի... Ես գիտեմ, զգում եմ, որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, նայում ինձ համար սիրելի քո աչքերին և գիտեմ նաև, որ հազար անգամ երազում տեսնելու եմ ահա այս պահը՝  մեր վերջին հանդիպումը արևոտ այս  սենյակում…
               Ալինայի աչքերը լցվեցին, նա  դարձյալ ժպտաց  արցունքներից շողացող աչքերով, ասաց.
- Բայց երջանիկ եմ գոնե, որ այս ամենն ասում եմ  քեզ, և որ դու լսում ես այն:- Նա քիչ լռեց, ավելացրեց,- Անցած մարտի  ութի տոնին մի ձայնասկավառակ էիր նվիրել ինձ: Ես հաճախակի եմ դնում այն: Պատրիցիա Կասսն է երգում, թախծոտ երգ է, դնում եմ ու շարունակ քեզ հիշում: Մոտովորապես սա է իմաստը. երբ տեսնում եմ փողոցում ծեր մարդկանց, սարսափ է պատում ինձ մի պահ, չէ՞որ կգա և մեր  վերջին գարունը, և այնտեղ, ուր վառվում էր  կրակը մեր ջահելության, մոխիր կգտնենք մենք միայն և որ՝  կյանքը նման է վարդի,  պատրանք է նրա յուրաքանչյուր թերթը,  իսկ փուշն՝  իրականություն... Իսկ  դու ասում ես՝ կհանդիպենք և միմիանց կնայենք քնքուշ աչքերով...
 Նա արագ շրջվեց, կրկին նայեց լուսամուտից դուրս, ուր արևոտ օրը սկսել էր խամրել և պատերին հովհարաձև ու երերուն շարժվում էին իրիկնային արևի ոսկերանգ, նարնջագույն ցոլքերը:
-Ինչո՞ւ, ինչո՞ւ  այսպես կարճ է տևում երջանկությունը, Լեո,- ասաց նա:- Եվ, առհասարակ, ի՞նչ է երջանկությունը՝ գեղեցկագույն  մի ծիածան, մի դյուրաբեկ արևի շող, որ  բեկված է արցունքի մեջ...
Նա այդպես էլ մնաց իմ հիշողության մեջ. իրիկնային ոսկեզօծ արևով լցված փոքրիկ սենյակում, ողորկված փայլկտուն  սեղանի ետևում նստած, հարազատորեն, մտերիմ հայացքով տրտում ժպտում է ինձ՝ սևորակ գեղեցիկ աչքերում լճացած արցունք:
Առավոտյան Ալինան չեկավ աշխատանքի, ու ես, ավաղ, այլևս չտեսա նրան:
Երկու օր անց, երեկոյան դեմ, ես թռա Մոսկվա՝ Ռոբերտի մոտ:
 -Շատ չուշանաս,- մտերմաբար ժպտալով ասաց գլխավորը:- Տես, մենակ չթողնես ինձ:
Ռենան եկել էր ճանապարհելու: Դա  անսպասելի էր. խմբագրությունում մենք պայմանավորվեցինք, որ նա չի գա ճանապարհելու, ասացի, որ կարճ ժամանակով եմ գնում և կարիք չկա ճանապարհելու, բայց, օդանավակայանում տեսնելով նրան, մնացի քարացած հուզմունքից: Ես արդեն թռիչքադաշտում էի, օդանավի մոտ, երբ հանկարծակի տեսա նրան՝  ուշ աշնան արևով ողողված սպասասրահի հաստ ապակիների ետևում կանգնած: Ինձ թվաց՝ նույն սպիտակաթույր զգեստով էր, որով տեսել էի առաջին անգամ: Մազերն ուսերին թափած՝ նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: Հեռվից չէր երևում, բայց ինձ այնպես էր թվում, թե նա շարունակ ժպտում է ինձ  իր կապտաջինջ աչքերի հմայիչ ու կանչող ժպիտով:

Комментариев нет:

Отправить комментарий