четверг, 2 февраля 2012 г.

►►►

- Դե ինչ եմ ասում որ,- խեղճացած արդարացավ հայրս,- թեյ բեր, թեյ խմենք: Վաղը գնամ Աբբասին կանչեմ: Երկու անգամ  պատահել ենք, ասում է, որ Լեոն գա, կանչիր տեսնեմ, վաղուց չեմ տեսել:
- Ինձ էլ է ասել,- լրացրեց մայրս,- Էն  անցյալ օրը տրոլեյբուսը կանգեցրեց, իջավ: Ժողովուրդը տրոլեյբուսը լցած, կանգնած խոսում է:
          - Լավ մարդ է,-  հպարտացավ հայրս,- ընկերոջ համար հոգի կտա: Ինքը գեշ-մեշ, բայց սիրտը ոսկի, բյուրեղյա  մաքրության տեր, մոտ քսանհինգ տարվա ընկերներ ենք:  Ասում են՝  մի գյուղում մի պառավ  մարդ է մեռնում։ Դե ով է մեռնել ուզում,  որ նա ուզենա,  Ատծուն  խնդրում  է,  որ  հնար տա՝   մի քիչ էլ ապրի։ Աստվածն ասում է՝  լավ,   ինչքա՞ն ես  ուզում։ Հրեն,   ասում է,   էն  ծառի վրա ինչքան տերև կա՝   էդքան։  Չէ,   ասում է Աստված,   էդ շատ է։ Պառավն ասում է՝  էս խնձորենու  վրա ինչքան  խնձոր կա՝  էդքան։ Աստված  նայում է ծառին,   ասում՝   չէ,    էդ  էլ է շատ։Դե որ էդպես է,   ասում է պառավը,   էնքան՝  ինչքան որ ընկերներ ունեմ։ Աստված  դրան համաձայնվում  է։  Եվ,   պատկերացնում  եք,    էդ  մարդը  մինչև էսօր էլ ապրում  է,  որովետև,   պարզվում է,   որ նրա ընկերներն ավելի շատ են,    քան   տերևները  ծառին ու խնձորները՝  խնձորենու վրա… Էդպես է,   մատտաղ,     լավ  ընկերոջից  լավ բան չկա։  Միասին խողովակագլանման գործարանում  բեռնակիր ենք եղել, «Փոստային արկղ-240» քիմիական գործարանում  ենք աշխատել, հետո ես գնացի քարտաշության, ինքը գնաց տրոլեյբուս քշելու կուրսեր: Քսան տարի կլինի տրոլեյբուս է քշում: Ինչ լավ ու վատ բան է եղել՝ մեզ մոտ, կամ իրենց տանը՝ միշտ միասին ենք եղել, միշտ անբաժան: Առաջ,դու դա  գիտես, մոտիկ էր ապրում, կողքի Ջորաթ գյուղում, հետո քաղաքը մեծացավ, Ջորաթ-բան քանդեցին, իններորդ միկրոշրջանում բնակարան տվին: Բայց ինքն այգու, հողի սովոր մարդ, հողամասում է մնում, մի քանի ոչխար ունի, մեջը մի լավ ղոչ կա՝ սև ղոչ է, դմակով, քեզ համար է պահում, ասում է՝ Լեոն գա, ոտի տակը մորթելու եմ: («Ռենայի հետ կգամ»,- մտածեցի): Քեզ շատ է հավան:
Մյուս օրը, երեկոյան դեմ, քեռի Աբբասը եկավ: Մեծահասակ մարդ է, բայց երեխայի պես  ամաչկոտ: Իրեն տղա եմ սազում, բայց ինձնից էլ է ամաչում, խոսելիս շփոթվում է, կարմրում: Երբ դուրս էի եկել ճանապարհելու, ամոթխած ժպտալով հարցրեց.
-Աչքադրած աղջի՞կ չունես: 
- Կա մեկը,- ասացի ես:
- Հա՞: Բա հերդ չասաց:
- Նա չգիտի: Չեմ ասել:
            -Է, ե՞րբ ես բերելու՝ տեսնենք: Քեզ համար մի ղոչ եմ  պահում: Բեր տեսնենք, ծանոթանանք, մահանա է, ղոչն էլ կմորթենք, տնով-տեղով քեֆ կանենք: Ի՞նչ աղջիկ է, լա՞վն է:
- Ադրբեջանուհի է: Բժշկական ինստիտուտում է սովորում:
- Համաձա՞յն են ծնողները, - թերահավատ նայեց: - Մերոնք մի քիչ դժկամ են նայում  էդ հարցերին: Իրենք հայուհիների հետ  ամուսնանում են, բայց աղջիկ՝ դժվարությամբ են հայի տալիս: Ոչինչ,- ժպտաց,- մի բան կանենք:
- Ի՞նչ:
- Մի  մտածիր,- քեռի Աբբասը սրտալի ծիծաղեց, գրկեց ինձ: - Կամ կփախցնենք, կամ կգնանք խնամախոսության, կասեմ՝ տղաս է:


Ես տուն չմտա, ավտոկայանից ուղիղ գնացի խմբագրություն, չնայած դեռ շուտ էր, հազիվ թե աշխատակիցներից որևէ մեկը եկած լիներ: Բայց  Ալինան տեղում էր, երևի, նոր էր եկել, ընդհանուր բաժնում, պատին ամրացրած հայելու առջև կանգնած, շուրթերը ծռմռած՝  ներկում էր ու արանքում դնդնում. «Քելե, լաո,  քելե  էրթանք  մըր  էրգիր»:
-   Բարև, ինչու՞ ես այդպես շուտ եկել:
-   Վա՜յ, վախեցա,- հայելուց կտրուկ ետ քաշվելով՝ հուզված ասաց  Ալինան, ձեռքերը տանելով կրծքին: - Սիրտս թռավ երկինք:
-   Շտապօգնություն կանչե՞մ:
-   Կանչե՞մ... – Բերանը թեք տնազեց նա: - Կանչիր: Իսկ դո՞ւ ինչու էս այդքան շուտ եկել: Կարո՞ղ  է  Սիլվայի տպավորության տակ՝ չես քնել:
-   Կարող է: Չի գալու՞ այսօր:
-   Ոչ: Ամուսինը չի թողնում: - Ալինան, ինչ-որ հիշելով, արագ բաց արեց սենյակի դուռը, սեղանի արկղից հանեց Արմենի՝  ինձ ծանոթ սևակազմ ծոցատետրը, սկսեց թերթել: - Ահա,- մոտենալով ինձ ,ասաց նա,- նայիր, Լեո, այդ Արմենը խաբեբայի մեկն է: Նա բանտում նստած է եղել:
-   Չի կարող պատահել:
-   Քեզ բան եմ ասում,- իր ասածի արժեքն իմացող մարդու ինքնավստահ տոնով պարզաբանեց Ալինան:- Լրիվ ուսումնասիրել եմ տետրը, կետ առ կետ ստուգել, ծածկագրերով է գրած, ճիշտ է, բայց ես կարդացի: Վեց ամիս, յուրաքանչյուր օրը՝ սև քառակուսու մեջ, նշված են քրեական  օրենսքգրքի երկու հոդվածներ՝  163 և 159:  Մեկը գողության հոդված է, մյուսը՝ խարդախության:  Տողեր՝ «Մագադանում ձյուն է գալիս» գողական երգից, ինչ-որ աղջկա անուն՝ Շողիկ: Հետադարձ տառերով է գրված, դա միայն հայելու միջոցով կարելի է կարդալ . «Մի լա, աչքիս լույս, մի լա, օր է՝ կանցնի, մի լա, ով որ փակել է այս դուռը, մի օր կբանա՝ մի լա»:  Մի ուրիշ տեղ էլ. «Բանտը մի աշխարհ է, աշխարհն էլ մի մեծ բանտ»:  Իսկ այս մե՞կը.. «Գնացքը գամված է ռելսերին՝ նա էլ է  բանտված  ինձ նման»:  Ի՞նչ կասես: Եվ ամենագլխավորը. սա, երևի, այդ Շողիկին է վերաբերում՝
                                          Գիտեմ սիրելիս։
                                          Կարոտել ես ինձ,
                                          Բայց չեմ կարող գալ…
                                          Բանտը շատ է պինդ,
                                          Դուռը խիստ է փակ,
                                           Չեմ կարող բանալ…
         Սրա՞ն ինչ կասես։    
-   Հիմա նոր հավատում եմ, որ  իսկապես ոսկե մեդալով ես  ինստիտուտն ավարտել,- ծիծաղեցի ես,- քեզ քրեական հետախուզությունում է հարկավոր աշխատել:
-   Այնպես որ,- հաղթական տեսքով ասաց  Ալինան, -նա խաբեբայի մեկն է: Ես դա ապացուցել եմ:  Իսկ ի՜նչ  բանաստեղծություն էր նվիրել մեզ, Սիլվան էլ այստեղ էր: Սպասիր, բերեմ: - Ալինան մտավ իր սենյակը, շտապկոտ քաշքշելով դարակները, մեքենագիր մի թուղթ հանեց: - Մեքենագրել եմ, լսիր.
                              Ալինան  աշխույժ է, կրակոտ ու տաք,
                              Ասես թխադեմ  հնդկուհի  է նա: 
                   Նա բարձրացրեց աչքերը,  բերանը կիսաբաց՝ նազանքով նայեց ինձ, շարունակեց.
                    Լորաննան վարդ է ու ձյուն սպիտակ,
                    Խաժագույն ու մեծ աչքեր ունի նա,
                    Սիլվան մարմնեղ  է, կիրք է բովանդակ,
                    Գեղեցիկ է նա, ցանկալի մի սեր,
                    Շարժումներն են լոկ դանդաղ ու կամկար
                    Ծնվել է կարծես անկողնու համար:
      Միջանցքում լսվեց Լորաննայի  ձայնը, ինչ- որ մեկի հետ խոսում էր, լսվեց նրա անբռնազբոս ծիծաղը:
- Դուք կարո՞ղ է այստեղ եք գիշերել,- ներս մտնելով զվարթաձայն ասաց նա հմայիչ ժպիտով:
- Այո,- արագորեն վրա բերեց  Ալինան: - Այդպես էլ կա:
- Անխիղճներ, իսկ ինչու՞ ինձ չեք ասել: - Նա փութկոտ կարգի էր բերում իրեն հայելու առջև, մանրակրկիտ զննման ենթարկելով դեմքն ու սանրվածքը:-Տարիքս կարծես սարի եղնիկ է, փախչում է ինձնից, իսկ, ախ, այն երբ էր, որ ես էի վազում՝ նրան հասնելու…
- Երրորդն ավելորդ է,- քիչ ուշացումով ժպտադեմ խայթեց  Ալինան:
- Ե՞ս եմ այդ երրորդը,- ծիծաղեց Լորաննան, հայելու մեջ ինձ աչքով անելով: - Լեո,- ետ  շրջվելով ասաց նա նույն հմայիչ ժպիտով,- մի լավ անեկդոտ՝ ամուսինս է պատմել. հեռու Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը լուր է ստանում, որ կինն ուրիշի հետ է: Կատաղած հեռագրում է կնոջը. «Եթե եկա և ճիշտ  դուրս եկավ՝ գլուխդ կացնով կտրելու եմ»:  Տեղը տեղ չի տալիս, գնացք է նստում, գալիս: Տուն է հասնում ուշ երեկոյան, լուսամուտից նայում է՝ կինը ուրիշ  տղամարդու գրկում: Նայում է ու զարմացած մտածում. «Կարո՞ղ է  հեռագիրս չի ստացել»:
Սրամիտ էր, ծիծաղեցինք:
- Բոջիկյանի հետ էի խոսում, երեկ նախկինը զանգել է նրան,- նստելով տեղը ասաց Լորաննան:- Խիստ նեղացած է մեզնից, ասում է՝ ինձ չեն պաշտպանել Հուրունցի հարձակումներից:  Նորա Բաղդասարյանին էլ է զանգել, բողոքել: Նորան ասում է՝ ճիշտ չեք արել, երեսունինն թվից կուսակցական է, հայտնի բանաստեղծ ու դեպուտատ, պիտի պաշտպանեիք։ Մեկն ասի՝ քո ի՞նչ գործն է ,Նորա, մեծ կնիկ ես, քեզ օրորելով ու աչքերդ ճպճպացնելով ի՞նչ ես ամեն ինչի խառնվում։
- Ի՜նչ կլիներ՝ խռովեր ու էդ ցնդած հուշերը չբերեր մեքենագրելու,- երազեց  Ալինան:-  Հուշեր՝ ուտելու, խմելու, մեռնելու մասին:
- Լսիր, - ասաց Լորաննան,- բնաբան պե՞տք չի նրա գրքին: Մի լավ բնաբան մտածենք՝ ուտելու, խմելու և, ի՞նչ ասացիր, հա,  նաև մեռնելու մասին:-  Նա թղթի վրա հապճեպ մի քառատող գրեց, հետո որոշ բառեր փոխեց  և մեկնեց  Ալինային: - Տես գրքի բնույթին բռնու՞մ է:
Ալինան աչքի անցկացրեց, ծիծաղեց, ասաց՝ «բռնում է», և բարձրաձայն կարդաց.
                        Երբ որ մեռնեմ, այցի արեք
                        Ինձ առավոտ վաղ,
                        Մի քիչ հաց ու պանիր բերեք,
                        Մի բոթուլ՝ արաղ:
          Ալինան կրկին ծիծաղեց, ասաց.
            -Բնաբանը գրքին արժե, և ավելացրեց անբռնազբոս ծիծաղով,- իսկ ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել, ամոթ չլինի հարցնել։
           -Որովհետև հաղորդում ունեմ այսօր,  Ալինա ջան, ամբողջ Ադրբեջանում ու նաև իմ հայրենի Սիսիանում, որտեղ նույնպես դիտում են մեր հաղորդումները, այսօր կտեսնեն ինձ հեռուստատեսությամբ, կտեսնեն ու կմտածեն, որ կար ժամանակ՝ և գեղեցիկ էի, և ջահել, հիմա միայն գեղեցիկ եմ։
         Ողորկ պարանոցը կլոր, կլոր ու ճերմակ, քմայքոտ տեսքով ու զգեստալանջի թեթևակի բացվածքով՝ նա, իրոք,  արտակարգ գեղեցիկ էր։
        Լորաննան նազով շրջվեց իմ կողմը, ասաց.
         - Լեո, կգա՞ս ռեժիսորական։ Քո բարոյական աջակցությունն ինձ շատ է անհրաժեշտ՝ հեռուստադիտողների վրա ցնցող տպավորություն թողնելու համար։  Խնդրում եմ, շաքարոտ բերանդ՝ շաքարով  բացիր, ասա՝ կգամ։
        - Կգամ,-ժպտացի ես։
        -Այդպես էլ գիտեի,- թեք նայվածքով՝ գորովալից ասաց Լորաննան։- Չնայած երբեմն մտածում եմ, թե վերջերս մեզ վրա այլևս ուշադրություն չես դարձնում, որովհետև մայրս էր ասում՝ սեխը դուրս գալուց հետո վարունգն անհամում է։- Նա կրկին աչքով արեց ինձ, խորամանկորեն ժպտաց՝ հասկացնել տալով, որ ինքը գիտե, թե այդ ինչ, ավելի ճիշտ, թե այդ որ քաղցր սեխի մասին է խոսքը։
Ես  գնացի իմ առանձնասենյակը:


         -Լեո, գալի՞ս ես,- առանձնասենյակի դուռը բացելով, փութկոթ արտաբերեց Լորաննան:- Մինչև հինգ րոպեն եթերում ենք։
          Քիչ անց ես արդեն ռեժիսորականում էի։ Լորաննան ու դերասաններն արդեն ներսում՝ ստուդիայում էին։
          Հեռուստաստուդիան վառ լուսավորված էր, Լորաննան նստած էր կենտրոնում, դերասանները՝ նրա աջ ու ձախ կողմում, բոլոր ջահերը ուղղված էին նրանց վրա, հավանաբար, շատ շոգ է այնտեղ։ Լորաննան անձայնանցիկ  հաստ ապակու ետևից ժպտաց ինձ։
          Հնչյունային ռեժիսոր Մարկ Բրոնեշտերն անցավ վահանակի մոտ, որտեղ մոնիտորի էկրաններին երևում էր բեմը, այն լիովին ընկալվում էր ստուդիայի տարբեր կետերում տեղադրված տեսախցիկներից։ Օպերատորները՝ լսողական ականջակալներով, անվավոր հեռուստախցիկները առաջ ու ետ էին տանում՝ ավելի հստակորեն ընդգրկելու հաղորդման մասնակիցներին։
         Ժամանակի և տարածության հասկացողությունն այստեղ դառնում է շոշափելիորեն նյութական՝ սրտի անհամաչափ զարկերի հետ վայրկյան առ վայրկյան անխուսափելիությամբ մոտեցնելով հաղորդման սկզբին։
            Երբ մնում էր մի քանի ակնթարթ, մեր ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը, որ մի ժամանակ Բաքվի հայկական պետթատրոնի ռեժիսորն է եղել՝ շատ կիրթ, ազնվաբարո մի  մարդ, միկրոֆոնով ասաց. «Ուշադրություն, մենք եթերում ենք», և սեղմեց կոճակը։ Հեռուստախցիկների վրա միանգամից վառվեցին կարմիր լույսերը։ Հնչյունային ծերուկ ռեժիսորը միացրեց երաժշտությունը, առաջին տեսախցիկը ցուցադրեց մակագիրը, այնուհետև՝ Լորաննային՝ քիչ գունատ ու թեթևակի շփոթված։
        -Բարև ձեզ, սիրելի բարեկամներ,-ի վերջո լսվեց Լորաննայի երգահնչյուն ձայնը։
         Հաղորդումը սկսվեց։ Բարոյական աջակցությունն ապահովված էր, մնում էր ցնցող տպավորությունը՝ հեռուստադիտողների վրա։
          Ես աննկատ դուրս եկա ռեժիսորականից։


          Անհանգիստ, ինձնից անկախ, շարունակ ժամացույցին էի նայում: Ռենան այսօր կգա ինձ մոտ, հինգշաբթի օրվանից սկսած՝ ես այդ մասին էի մտածում, ինչ-որ անորոշ ու հետզհետե սաստկացող հուզմունքով:
Ես մտածում էի, որ Ռենան կգա օրվա երկրորդ կեսին, բայց, համաժամանակ,  ինչ-որ վեցերորդ զգայանրանով զգում էի, որ, ոչ, նա ավելի շուտ կգա։ Եվ, իրոք, նա եկավ մինչև ընդմիջում:
Նա հայտնվեց միանգամայն անսպասելի, հուզմունքից այլայլված ու  դրանից առավել գեղեցկացած, հևիհև: Երկնագույն կարճ քղանցքով զգեստ էր  հագած, որն ավելի էր ընդգծում նրա սլացիկ բարակ իրանն ու ոչ մեծ, շամամի պես կլորիկ կրծքերը:
- Վերելակը չէր աշխատում,- քաղցրաձայն ասաց նա վարդաշուրթ բերանը կիսաբաց, թեթև հևքով: Նայում է ուղիղ։ Իսկ աչքերը ծիծաղում են։ Քմահաճ նազանքով, քնքշորեն, քաղցրորեն։ Աչքերը ձգում, գերում, կախարդում են։ Եվ ես ՝ անկամորեն տարված, մտովի մղվում եմ այդ զմայլանքին ընդառաջ, սիրտս նվաղում է՝ թեթևակի կիսաբացված շուրթերի լուսափայլ թարմությունից…
- Ահա և եկա,- ավելացրեց՝ ոսկեցոլք մազերը ետ տանելով ու ժպտալով աչքերով, փոքր ինչ  խոնավ, անսահմանորեն սպիտակ ատամնաշարով, շուրթերով, ամբողջ դեմքով:
- Դու ուրա՞խ չես, որ ես եկա...
Ես նայում էի հմայված ու վերացած, անհագուրդ տենչանքով, ասես մի ամբողջ հավերժություն չէի տեսել նրան, արտասովոր ուժգնությամբ բաբախում էր սիրտս, ես ըմբոշխնում էի իմ արբեցումը նրա թովիչ գեղեցկությամբ, ծիծաղելիորեն սարսափելով միաժամանակ, որ այդ արբեցումը կզրկի ինձ բանականությունից:
- Ես վերջին երկժամից փախա,- քնքշալից, կամացուկ արտասանեց Ռենան, դեռևս հևալով:
Ի պատասխան՝
- Եթե ես քեզ համբուրեմ, դու չե՞ս բարկանա,- դողդոջուն ձայնով արտաբերեցի ես:
Ռենան, կապտագույն աչքերը չկտրելով իմ աչքերից, տարուբերեց գլուխը՝ «ոչ» :  Շիկնանքը պարուրեց նրա ողջ դեմքը:
Ես հետագայում չէի կարողանում մտաբերել, թե դա ինչպես ստացվեց, փափուկ չխկոցով բանալին պտտվեց դռան կողպեքի մեջ, հաջորդ վայրկյանին ես արդեն գրկել էի Ռենայի ուսերը, մատներիս տակ զգում էի նրա դյուրաբեկ մեջքի գոգավոր կորագիծն ու անրակների արանքով  ցած իջնող նրբին փոսիկը, մազերը  բուրում, խտղտացնում էին իմ դեմքը, ես ինչ որ անկապ բառեր էի շշնջում, որ նույնպես հետո մտաբերել չէի կարողանում, ես քնքշորեն ու զգույշ համբուրում էի Ռենայի մերկ ուսերը,  բուրավետ պարանոցը, իմ շուրթերը կուրորեն թափառեցին նրա դեմքի վրայով, մոլեռանդ կրքոտությամբ գտան կիսաբաց  գիրգ շուրթերը, որոնք սկզբում կարծես փախս էին տալիս,  բայց հետո, ասես անկամ-զիջողական, նվաճված՝ հնազանդ ու տաք էին, նրա ընդհատ-ընդհատ շնչառությունը խելացնոր էր,  հազիվ որսալի   հառաչանքը՝ քաղցր...
Այսպես ահա ես առաջին անգամ համբուրեցի Ռենային:
Եվ իմ օրերը ոչ թե անցնում՝ թռչում էին, ինչպես սիրով լի իմ խանդավառ սիրտն էր  անդիմադիր թռչում Ռենային ընդառաջ: Ես խելացնոր սիրեցի նրան, որովհետև  կանացի հմայքի մարմնացում էր նա և  անհնարին էր նրան չսիրել ու չպաշտել, և այդ սերն իսկապես խենթացնում էր: Նա օր-օրի նորովի էր բացվում ինձ՝ նուրբ ճաշակով,  անասելի բարեսիրտ, պարզ, անմիջական, ամենայն կողմանե հաճելի ու հրապուրիչ, սիրելի ու փայփայելի,  ու նաև հումորի նրբին զգացումով ու ծիծաղկուն: Նա իմ ամեն խոսքի վրա խայտալով հրճվում ու ծիծաղում էր, և նրա ծիծաղը շենշող ու վարակիչ էր, քայլելիս նա հանկարծ լուսեղեն նազով կախվում էր ինձնից՝ձեռքերով օղակելով վիզս, կամ կտրում ճանապարհը՝ որևէ բան պատմելու, և երկնքի պես կապույտ նրա աչքերն առկայծում, շողարձակում էին՝ սիրունիկ դեմքը լուսավորելով իր  ներսից հորդացող անսպառ լույսով ու գեղեցկությամբ:


Խմբագրությունում կյանքն ընթանում էր իր հունով, ամեն երկուշաբթի կոլեգիայի նիստ, առաջիկա ծրագրի կազմում, օրական մեկժամյա հայերեն հաղորդումներ՝ ռադիոյով և հեռուստատեսությամբ, այցելություններ,  թռուցիկ ժողովներ:
Նախկինը դեռևս չէր ավարտել իր հուշագրությունները, շարունակում էր թելադրել՝ զզվեցնելով Ալինային: Նա մի անգամ մի  պատմություն արեց, որից հետո ես նույնպես տհաճությամբ էի տանում նրա ներկայությունը: Մինչ այդ Սաղումյանը պատմել էր, որ գրական-հասարակական ականավոր գործիչ Եղիա Չուբարին, որը երեսուներեք-երեսունվեց թվականներին Ադրբեջանի լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, և Բաքվի հայկական դրամատիկ թատրոնի դերասանուհի Արուս Թառայանին ու նրա տասնութամյա ուսանողուհի դստերը նախկինի մատնությամբ էին բանտարկել: Պետքաղվարչության ներքին բանտում  Թառայանի դստերը խոշտանգել, բռնաբարել էին մոր ու Երևանից, չգիտես ինչու, այստեղ բերված արձակագիր Զապել Եսայանի ներկայությամբ, ասեղներ խրել եղունգների տակ՝ մեղադրելով լրտեսության մեջ, իսկ նրա մեղքն այն էր եղել լոկ, որ  ինչ-որ մեկի մոտ  ասել էր, թե շատ կուզենար գոնե մի անգամ գնալ Լոնդոն՝  անգլիացի հորը՝ միստեր Կլարկին տեսնելու:  Գեղեցկուհի Արուսին, որին, Սաղումյանի խոսքերով, Թիֆլիսում այնքան բանաստեղծություններ էր ձոնել Վահան Տերյանը,   նույնպես խոշտանգել էին՝  դստեր ներկայությամբ:
Վաթսունական թվականների սկզբներին (Խրուշչովի օրոք էր դա, թեպետ ժամանակավորապես, բայց ամեն ինչ կարելի էր ասել արդեն) Արուս Թառայանն այստեղ, խմբագրությունում, ամենաետին խոսքերն էր շպրտել նախկինի ճակատին, իսկ նա, մինչև ականջների ծայրերը կարմրած, ոչինչ չէր կարողացել պատասխանել:  Սաղումյանի ներկայությամբ էր դա տեղի ունեցել: «Իսկ հետո ի՞նչ եղավ,- հարցրի ես,- Թառայանի աղջկան հետագայում թույլատրեցի՞ն  մեկնել Անգլիա՝ հոր մոտ»: «Ի՜նչ ես ասում,- դառնությամբ արձագանքեց Սաղումյանը:- Խեղճ աղջիկը  խոշտանգումներից խելագարվեց: Մաշտաղայի* հոգեբուժարանում էր, հիմա չգիտեմ՝ ո՞ղջ է, թե՞ չկա արդեն»: «Իսկ Արուս Թառայա՞նը»,- հարցրի ես։ «Նա մեռավ մենության ու ծայր աղքատության մեջ»,- պատասխանեց Սաղումյանը
Այս նոր պատմությունն ինչ-որ աղջկա հետ էր կապված, որին նախկինը, իր ասելով, սիրահարվել էր տասերորդ դասարանում:
- Ես նրան բանաստեղծություններ էի նվիրել,-  պատմում էր նա Լորաննային: - Շա՜տ էր սիրուն, դպրոցի աչքն էր: Իմ մոտով անցնելիս՝  արտասանեցի. «Սիրում եմ ես քեզ, սիրում եմ թաքուն,
---------------------
*Մաշտաղա.- ավան Ապշերոնի թերակղզում՝ Բաքվի արվարձաններից


տառապում եմ ես , տանջվում եմ անքուն...»:  Իսկ նա՝ ոչ տանի, ոչ բերի. «Արհամարհում եմ»: Ասավ ու  անցավ: Մնացի կանգնած: Մի երկու լակոտ կային, դրանց մոտ ասաց: Էդ լակոտներն ինձ չէին սիրում, շատ էր պատահել՝ ակնոցս հանում, չէին տալիս, վրաս թքում էին: Հետո ես դրանց հախից, իհարկե, եկա:  Տարան կորցրին:  Մի խոսքով, մնացի կանգնած: Մտքումս ասացի. «Ես քեզ ցույց կտամ»:  Հետագայում իմացա, որ ամուսնացել է, երեխա ունի, ամուսինն էլ հայկական թատրոնում ադմինիստրատոր է: Գնացի Միրզա Իբրահիմովի մոտ,  նա արվեստի գլխավոր վարչության պետն էր, հանել տվեցի գործից, և պարզվեց, որ թատրոնի հետ կապված ինչ-որ յուրացման հաշիվներ էլ կային, ստուգեցին, նստացրին: Հետո ես տեսա դրան, էդ վաղեմի գեղեցկուհուն,- ձեռքով բերանը ծածկած՝ մանր ծիծաղեց նախկին գլխավորը:-  Աղքատ շորերով՝ ոնց մուրացկան:  «Հիշու՞մ ես, որ ասացիր՝ արհամարհում եմ»,- հարցրի: «Հիշում եմ,- ասաց:- Այն ժամանակ  արհամարում էի, իսկ հիմա՝ զզվում եմ»: «Դե գնա կեր»,- ասացի մտքում: Բայց փոշմանել եմ, բարձր պիտի ասած լինեի, չէ՞...
Լորաննան, ասես օդը  չէր հերիքում, ձեռքով հովհարեց իրեն՝  ջրից հանած ձկան պես բացուխուփ անելով բերանը,  բարձրաձայն ասաց.
         - Մի սիգարետ տվեք, խնդրում եմ:
- Դու ծխու՞մ ես որ,- զարմացավ նախկինը:
- Ձեր պատմությունները լսողը ոչ միայն կծխի՝ թմրամոլ էլ կդառնա,- ասաց նա կոպտորեն և, արագ ելնելով տեղից, դուրս եկավ սենյակից:
Քիչ անց ես նույնպես դուրս եկա և, անցնելով կիսամութ միջանցքով, մտա գլխավորի մոտ: Լորաննան այնտեղ նստած ծխում էր:
- Մեկը գիտեք՝ տասը ոչ,- ասաց գլխավորը հառաչանքով:- Մարգար Դավթյանին ու Գևորգ Պետրոսյանին նա մահվան դուռը հասցրեց, էլ չեմ խոսում Բագրատ Ուլուբաբյանի, Արշավիր Դարբնու, Աբրահամ Բախշունու, Էլմիր Մկրտչյանի, Էմմա Պետրոսյանի  ու Համո Ամիրխանյանի դեմ նրա արածների մասին։ Ամիրխանյանը ստիպված եղավ փախչել Երևան, նույնիսկ չսպասեց գրքի հրատարակմանը. ի միջի այլոց, գիրքն էլ հանել տվեց պլանից։ «Գրական Ադրբեջանում» խմբագիր էր, հանդեսի աշխատակից Ոստիկ Կարակոզյանը, որին նույնպես տարիներ շարունակ հալածել էր, աշխատանքից հետո դուրս է գալիս  փողոց  և  հենց  գրողների  միության  առջև,  մայթին  ընկնում,  մեռնում  է:   «Ուլդուզ»   ամսագրի աշխատակից Սիավուշ Սարխանլին զանգում է նրան, ասում, որ ձեր աշխատողն այստեղ մեռած, ընկած է: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝ «Հաշվեք, թե շուն է սատկել»,- ասում ու դնում է հեռախոսը: Իսկ ժամանակին մտերիմ ընկերներ են եղել, նրանց տնից դուրս չեր գալիս: Մարդը գերագույն խորհրդի նախագահության անդամ է, քսան տարուց ավել ամսագիր է խմբագրել, մի այդքան էլ այստեղ է աշխատել, հիսուն տարվա կոմունիստ է, ժողովրդական բանաստեղծ, ի՞նչ  անենք, պիտի համբերենք մինչև...
- Մինչև ե՞րբ,- նրա միտքը հասկացավ  Լորաննան: - Նա մեռնողը չի: Մի՞թե այս մեծ, վիթխարի քաղաքում մի կարգին հայ չկա, որ դրան են դեպուտատ ընտրել:
- Դա որ մեռավ՝ Թելմանին են ընտրելու,- ասացի ես:
Գլխավորը քահ-քահ ծիծաղեց, գլխով հաստատելով, որ այո, այդպես էլ լինելու է: Եվ հենց այդ պահին, ինչպես ասում են՝ անունը տուր, ամանը լից, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ իրեն կորցրած,  պոչատ հոնքերը գզգզնակ ու շրթունքներն  ավելի սմքած:
- Ես սպանիլ բիդիմ... միյավնույնա, սպանիլու եմ,- շնչահեղձվելով կրկնում էր նա: - Մինա ա, բիդի սպանիմ: Կևորկ Ագաճանյան, սպասի... կդեսնես գլոխդ հինչ օյին եմ խաղալու... Ախ,  երբ գըլինի  գա Միշա Հաջյանը  բանագիցը, որ ես դուրս անեմ դրան իմ բաժնիցը։ 
-Թելման, նստիր, հանգավորված ես խոսում, ի՞նչ է պատահել,- իբր անհանգստացած, բայց ծիծաղն ուժով զսպելով հարցրեց գլխավորը:
- Կնիգս փռնել եմ,- նստելով երկար սեղանի ծայրին, հուզմունքից ընդհատվող ձայնով ասաց նա: - Կնգանը  քանդաձ  դոնը  ասդվաձ  էլ  չի  գարալ  շինի։ Վսյո,  փռնեցի:
- Իսկ ու՞ր էր գնում,- միամտորեն հարցրեց Լորաննան, ձեռքով ծուխը աչքերից հեռացնելով:
- Ու՞ր բիդի գնա, այ ախճի,- բարկացավ Թելմանը, ձեռքով հարվածելով իր ծնկանը,- խելք չունիս՝  թաքավոր ես: Դան մեչը փռնեցի: Հարևանը գանչալըմ, դեսալա…
Թելմանի պատմածից հասկացվեց, որ նա կնոջը  բռնել էր ուրիշի հետ, և եթե այդ ուրիշը  հասարակ մարդ լիներ, ապա  Թելմանը նրա հերը կանիծեր տեղնուտեղը: («Ճարդուփուրթ գանեի գլոխը»,- ասաց Թելմանը):  Բայց պետանվտանգության կոմիտեի աշխատակից  Սաֆար Ալիևն էր եղել՝ այտին մեծ սև խալով, Հայաստանից եկած մի զզվելի անձնավորություն, որ հայերեն ավելի մաքուր էր խոսում, քան մեր խմբագրության աշխատողներից որևէ մեկը:
Լորաննան նրան գիտեր, նա առաջ հաճախակի էր այցելում նախկին գլխավորին, և  բոլորս էլ, իհարկե, հասկացանք, որ ահա թե որտեղից և ում միջոցով էր  հայկական խմբագրությունում լույս ընկել Թելման Կարաբաղլի-Չալյանը, բայց նախկինը  նույնպե՞ս օգտվել էր Թելմանի դեռատի կնոջ  բարեմասնություններից՝ մնում էր  անհայտ, չնայած բոլորս էլ  հակված էինք մտածելու, որ  առանց դրան չէ, մանավանդ, որ Լորաննան մի երկու անգամ տեսել էր նրանց՝  նախկինի առանձնասենյակում  քչփչալիս:
- Հասակով մարթը ջահիլ, ղաշանգ ախճիգ չբիդա օզի,- փիլիսոփայեց  Թելմանը,- որովհետե հալա քու սաղ վախտը նա արտեն  մտածում ա, թա հում հեդա գյանքը անցգացնելու  քու մռնելուց եդան...

Խմբագրությունում, անշուշտ, գիտեին արդեն իմ սիրո մասին: Գլխավորը ժպտալով ասաց. «Աչքով չտամ, հրաշք ընտրություն է»:
Միջանցքում  Նորան ոտքը կախ գցեց, վիզը թեք ու ձախ ձեռքը այտին, ուսերը ճոճելով հասցրեց հանդիմանել Հադրութի իր բարբառով. ''Էհ, Լեո ջան, մատտաղ ինիմ, մեր էս ամբողջ խմբագրությունումը բոլորը գիդասըն, որ ես շա՜տ հարգեսըմ քեզ, գետնից մինչև հենե՜ էն երգինքը, հարգեսըմ, բայց, դե, որ մեր ազգը թողած՝ ուրիշ ազգի աղջկա վրա ես աչք դրել, էդ մեկը քեզ չեմ ներում…''
 Մենակ  Ալինան էր, որ ոչինչ չէր ասում: Ասես չէր նկատում, հոնքերի տակից ակնդետ նայում էր, ասում. «Երեկ ինչ-որ աղջիկ էր զանգել քեզ, դու չկայիր»: Չէր ասում՝ ով, թեպետ գիտեր, ձայնից ճանաչում էր: Լորաննան մի անգամ ասաց.
- Լեո, տեսնում եմ, հեռվից էլ երևում է , որ դու սիրում ես այդ աղջկան: Բայց, իմացած եղիր, որ մի անգամ ժպտալու համար պիտի արտասվես հազար անգամ, որովհետև մեծ սերն ինքնին ամբողջապես արցունք ու հառաչ է։ Եվ, չգիտեմ ինչու, շարունակ մտածում եմ, որ  քո այդ սերը, պարզ  է, բերկրանք է բերելու քեզ, բայց և՝ տառապանք: Ծիծաղ, աննման օրեր, ուրախություն է բերելու, բայց և՝ արցունքներ: Ուժ կունենա՞ս դիմանալու այդ ամենին՝ չգիտեմ:
Ես ուշադրություն չդարձրի Լորաննայի բոշայական խոսքերին, ինձ համար անսահման հաճելի էր իմ կապուտաչվի գեղեցկուհու  հետ ամեն մի րոպեն. նա իմ ողջ էությունն էր, իմ սիրտն ու հոգին, ես իմ կյանքն այլևս չէի պատկերացնում՝ նրանից տարանջատ, և ինձ համար դուրալի էր, երբ մի անգամ Ռենան, ասես կռահելով իմ  մտքերը,  փաղաքուշ  ձայնով  շշնջաց. «Առանց քեզ մի օրս չլինի»:
- Քո սերը նույնպե՞ս առաջին հայացքից ծնվեց,- հարցրի ես կատակախառն ինքնավստահությամբ:
- Այո,- երանավետ քնքշանքով ասաց նա, սեղմվելով ինձ: - Չգիտեմ ինչպես ստացվեց դա՝  ինձ դուր եկավ քո շփոթվածությունը և այն, որ չէիր ուզում, որպեսզի ես զանգեի որևէ աղջկա, չնայած, եթե ուզենայիր էլ, միևնույն է, չէի զանգելու: Ես քեզ դուր էի գալիս, ես դա զգում էի, և գերագույն հաճույք էի զգում դրանից: Եվ բնազդով հասկանում էի նաև, որ հենց դրա համար էլ չէիր ուզում, որ ես զանգեի որևէ մեկին, չէիր ուզում ինձ  դավաճանած լինել: Այդպե՞ս էր:
- Այդպես էր, - խոնարհաբար  ասացի ես խանդաղատանքով համբուրելով նրա բուրումնավետ մազերը, որ մայիսյան ծորուն մեղրի գույն ունեին:
- Գուցե և դա էր պատճառը, որ համաձայնեցի  ռեստորան գալ՝ չգիտեմ: Հիշում եմ, շարունակ ուզում էի ելնել ու դուրս գալ քո սենյակից, բայց չէի կարողանում: Բանականությունս ասում էր՝ վեր կաց, սիրտս ասում էր՝ նստիր, ու ես վարանոտ շարունակում էի նստած մնալ:  Ահա այդպիսի կռիվ էր գնում իմ մեջ,- լուսավոր աչքերը  բարձրացնելով,  ժպտաց Ռենան:- Ծիծաղելի է, չէ՞:
- Ամենևին... Լավ, իսկ  ի՞նչ էիր գտել իմ մեջ: - Ես դա հենց այնպես ասացի:  Ըստ երևույթին, սա գոռոզամտության փորձ չէր, պարզապես ուզում էի նրա չքնաղ շուրթերից մի անգամ ևս լսել, որ նա իրոք, սիրում է ինձ:
Ռենան գլուխը ետ քաշեց իմ կրծքից, նայեց ինձ լուսաշողշող հայացքով, պատասխանեց հարցին հարցով.
- Իսկ  ի՞նչ էր գտել Էսմիրալդան  կուզիկ Քվազիմոդոյի մեջ:
Զիլ էր. նա ինձ կույր ու գաճաճ Քվազիմոդոյի հետ էր համեմատում:   
- Քվազիմոդոյի համար շնորհակալություն,- իբր նեղացած՝ շինծու խռովկանությամբ ասացի ես:
Ռենան պոռթկուն ծիծաղեց, փարվեց ինձ՝ ձեռքերով օղակելով վիզս,  հրավառված փափկանուշ շուրթերով հպվելով իմ շուրթերին:
- Հիշու՞մ ես,- ասաց նա, կախարդելով ինձ իր աչքերի կապտաջինջ փայլով,-  Մեջնունի խոսքն իր հորը, երբ նա Լեյլիի մասին ասել էր. «Ի՞նչ ես դու, ախր, գտել նրա մեջ»: Ինչպե՞ս էր պատասխանել Մեջնունն իր հորը. «Իմ աչքերով նայիր, հայր իմ, իմ աչքերով»:  Այնպես որ, Լեո, սիրելիս, քաղցրս,- նա կրկին ժպտաց իր ձյունաճերմակ ժպիտով,- իմ աչքերով նայիր, իմ աչքերով, և կտեսնես, որ Քվազիմոդոյի հետ համեմատած՝ դու  ահագին սիրուն ես: - Նա ձեռքը քնքշորեն քսեց իմ այտին, ասաց,- հասկացիր, որևէ բանի համար չեն սիրում, պարզապես սիրում են և վերջ: Ասա, ի՞նչ էր գտել տասնութամյա Ուլրիկեն յոթանասունհինգ տարեկան Գյոթեի  մեջ:
- Գյոթեն հանճարեղ բանաստեղծ էր:
- Ինչի՞ համար Տուրգենևը սիրեց  Պոլինա Վիարդոյին: Ի՞նչ էր գտել նա  ոչ այնքան գեղեցիկ ու ամուսին ունեցող այդ գնչուհու մեջ, որ մինչև կյանքի վերջը սիրեց ու պաշտեց նրան ու այդպես էլ չամուսնացավ ոչ ոքի հետ: Հապա, ի՞նչ էին գտել Ելենա Դիակոնովա  անունով ռուս մի  հասարակ կնոջ   մեջ համաշխարհային երկու մեծություններ՝  Պոլ Էլյուարն ու Սալվադոր Դալին, որոնք նրան կնքեցին նոր անունով՝ Գալա, իրենց ողջ կյանքն ու ստեղծագործությունները նվիրեցին նրան, իսկ Սալվադոր Դալին իր կտավների տակ դնում էր նաև իրենից տասը տարով մեծ այդ կնոջ անունը՝ «Սալվադոր-Գալա»: Սուլթան Շահ-Ջահանն ավելի քան երեք հարյուր կին ուներ հարեմում, բայց  նրանց մեջ նա մեկին էր սիրում միայն: Կարծեմ, Մումթազ է անունը: Կարո՞ղ ես ասել՝ ինչու՞  հատկապես նրան: Հանկարծամահ եղած սիրելի կնոջ հիշատակին նա հուշարձան կանգնեցրեց Ագրայում՝  մարմարյա հնգագմբեթ մի դամբարան,  ամբողջ աշխարհին հայտնի Թաջ-Մահալը, և  փակվելով այնտեղ, չուզեց այլևս որևէ մեկին տեսնել ու այլևս դուրս չեկավ այնտեղից մինչև մահ: Որևէ բանի համար չեն սիրում: Մարդ սիրահարվում է ուղղակի, առանց հարցերի, նույնիսկ ավելի շուտ, քան կհասկանա  և կգիտակցի, որ ինքը սիրահարված է:  Թե ինչու է այդպես՝ չգիտեմ, բացատրել չեմ կարող, բայց այն, որ սերը, իրոք, ծնվում է տարերայնորեն, երբեմն նույնիսկ բնազդորեն՝ կառավարվելով աներևույթ բարձրագույն էներգետիկայով,  անհնարին է ժխտել:
- Համոզեցիր, հանձնվում եմ,- ծիծաղելով ասացի ես,- բայց մեկ է՝ Քվազիմոդոյի համար չեմ ների քեզ:
Ռենան հապճեպ կծեց մատս, ծիծաղեց։
         -Ռեն, շնի՞կ էս դու,-ասացի ես հորդաբուխ բերկրանքով։
         -Նո՞ր ես իմանում։- Լուսատեսք, ալ շուրթերով ու բերկրուն՝ նա հտպտանքով լեզու ցույց տվեց՝  նորեն ծիծաղելով։
          Ի՞նչը կարող է կախարդել միանգամից, եթե ոչ սիրածդ աղջկա խենթացնող հրապուրիչ ծիծաղը։
          Ես մատներս քնքշությամբ, դանդաղորեն սահեցրի Անջելինա Ջոլլիի շուրթերի պես հյութեղ՝ նրա տաք շուրթերի վրայով, չկարողանալով ու չփորձելով անգամ թաքցնել զմայլանքս…
             Ռենան մեղմակի համբուրում էր մատներս, տամուկ ատամներով մատներս խածնում՝ գեղածիծաղ հայացքով նայելով ինձ։
             Ախ, չքնաղդ իմ Ռենա, աս որչափ աղվորիկն էս դուն. մեջքդ  բարակ, շուրթերդ ժպտափայլ, կազմդ գեղանի, աչերդ սիրուն. ես բուռն կիրքով կը սիրեմ  զքեզ, աշխարհի վրա զքեզ, զքեզ միայն սիրած եմ, անուշիկս, եկուր, եկուր քովս վարդանույշ բերանդ պագնեմ, քեզի համար կը մեռնիմ ես… Աստված իմ, նա, իրավ, խենթացնում է ինձ իր  շլացուցիչ թովչանքով, քմահաճ հրապույրներով…


Մենք հանդիպում էինք շաբաթ օրերին (դա Ռենայի գրադարանային օրերն էին), զբոսանավով, ճերմակաթև ծովաորորների ընդհատուն կանչերի ու երաժշտության ուղեկցությամբ հասնում էինք մինչև հեռավոր Նարգին կղզի, պաղպաղակ էինք վայելում ծովամերձ սրճարաններում, Կիրովի անվան զբոսայգու բարձունքից գիրկընդխառն դիտում էինք կապույտ մշուշի շղարշում նիրհող վիթխարածավալ քաղաքն ու սպիտակ ալիքներով դեպի ափ տենչող ծովը, որ շարունակ խաղաղ էր այդ ամիսներին, երկար նայում էինք, մինչև հեռացող արևի բոսոր  ցոլքերից արևմուտքում բոցավառվում էր ողջ երկինքը, և ծովը փայլածում, շողշողում էր՝  փոխելով գույները:
Այդտեղ, Կիրովի զբոսայգում էր նաև, ծառուղիների խորքում, երբ Ռենան՝ չգիտես կարդացե՞լ էր որևէ տեղ, կինոնկարու՞մ էր տեսել, թե իր մեջ էր հղացել  այդ միտքը, հուզվելով, շիկնանքով ասաց. «Եթե մի բան ասեմ՝ կհամաձայնե՞ս ինձ հետ»:
Դեռևս չհասկանալով, թե նա ինչ պիտի ասի, ասացի, որ համաձայն եմ, որովհետև Ռենան ինչ էլ որ ասելու լիներ, թվում էր, միևնույն է, ես պիտի համաձայնվեի:
Նա պայուսակից դանդաղ շարժումներով մի ածելի հանեց՝ գույնզգույն թղթերի մեջ ծրարված, նույն անշտապողականությամբ ետ տանելով թղթերը, որից մեկը թափանցիկ էր, ածելին տվեց ինձ, միաժամանակ առաջ պարզելով  դաստակը՝ ափը դեպի վեր:
- Սայրով ուղղահայաց խազիր ահա այստեղ,- Ռենան ցույց տվեց այն տեղը, ուր պիտի խազեի ածելիով:
- Ինչու՞,- զարմացած ասացի ես:
- Ոչ մի ինչու,- լայն ժպտաց Ռենան: - Չէ՞ որ խոստացար:
Բայց, խազելու փոխարեն, ես, սիրատենչ շուրթերով հպվելով այն տեղին, ուր նա ցույց էր տվել,  ասացի.
- Չեմ անի, ես չեմ կարող ցավ պատճառել քեզ:
Ռենան ծիծաղեց, գորովանքից մշուշված աչքերով նայելով իմ աչքերին, հետո ինձնից վերցրեց ածելին, ուղղահայաց խազեց ձեռքը, կարմրագույն արյունն իսկույն դուրս ցայտեց ճերմակ դաստակի վրա:
- Դու գիտե՞ս, որ արյունը մայր շնչերակի մեջ է մտնում ոչ թե հոսելով, այլ ընդհատվող ալիքներով՝ ինչպես ջուրն է ցատկում նեղբերան շշից. ամեն մի ալիք կարճ ժամանակամիջոցում  լայնացնում է զարկերակի պատերը և առաջ  մղվում՝ հրվելով իրեն հետևող նոր ալիքներից: Տուր ձեռքդ,- կարգադրեց Ռենան, ժպտացող աչքերով նայելով ինձ և նույն ձևով՝ դարձյալ ուղղահայաց, խազեց իմ ձեռքը՝ ձեռափից քիչ վեր:  Հետո ձեռքս ամուր սեղմեց իր ձեռքին:
- Լեո,- շշնջաց Ռենան, ամուր սեղմվելով ինձ,- իմ արյունը հիմա հոսում է դեպի քո սիրտը, դու զգու՞մ ես դա… Ես զգում եմ քո արյան հոսքը իմ երակներում: Ես այդ մտքից կարող եմ խելագարվել...
Անասելի մի քաղցր, հուզագրգիռ դող անցավ իմ մարմնով, որն ամբողջովին համակեց ինձ: Մենք կանգնած էինք՝ կլանված  պահի կարևորությա՞մբ ասեմ, թե հանդիսավորությամբ, ես ազատ ձեռքով Ռենային սեղմել էի իմ  կրծքին և կարծես զգում էի  իմ դյուրաբորբոք, սիրատենչանքից եռ եկող արյան խելահեղ վազքը դեպի նրա քնքուշ սիրտը, հետո Ռենան՝ շառագունած տենչալի շուրթերով մղվեց դեպի իմ շուրթերը: Մեր շուրթերը միացան: Դա երկար տևեց, ես անզուսպ մոլուցքով համբուրում էի Ռենային, ես իմ գրկում ավելի ու ավելի էի սեղմում նրան,  ասես փորձելով նրան դնել սրտիս մեջ, պարփակել հոգուս խորքում: Ինքնամոռաց ու տենդագին շշնջում էի.
- Դու սիրելի ես ինձ, Ռենա, և սիրելի կլինես ընդմիշտ, մինչև իմ վերջին շունչը ես կսիրեմ ու կպաշտեմ քեզ, այո, դու սիրելի ես ինձ, ինձ սիրելի են բոլոր նրանք, ովքեր քո շուրջն են, սիրելի է այն ամենը, ինչ շրջապատում է քեզ, ինչ դիպչում է քեզ  և ինչին դիպչում ես դու, ինչ ուրախացնում է քեզ և ստիպում է հրճվել ու հուզվել...
Այսպիսի կցկտուր խոսքեր էի ասում ես նրան Կիրովի անվան զբոսայգու ծառուղու խորքում, և հեռու ինչ-որ տեղ, ոչ այն է  զբոսայգուց այն կողմ, փողոցում կանգնած որևէ մեքենայում, ոչ այն է բարձրահարկ շենքերից որևէ տան մեջ, նվագում էր  մագնիտոֆոնը, երգը հասնում էր մեզ. «Ախ, այս կապույտ, կապույտ, կապույտ, այս կապույտ աչքերն են ինձ գերել, և ես մոռանալ չեմ կարող», և այդ երգը Ռենայի մասին էր, նրա կապույտ, կապույտ աչքերի մասին:  Եվ իմ նախանձելի բախտի, իմ երջանկության համար ես ինձ երախտապարտ էի զգում Արմենին: Ես ռեստորանի հետ կապված  պատմությունը զվարճալի արկած էի համարում, Ղարաբաղին վերաբերող  բանաստեղծության արտասանությունը՝ անմեղ խաղ, «Դոն Ժուանի» մոտիվներով  արված նրա ձոնը աղջիկներին՝ տղայական կատակ:


   Հեռախոսով Ռենան ասաց.
- Վաղը քեզ կծանոթացնեմ իմ հարազատների հետ,- և ծիծաղեց:
- Ռեն, ես վերջերս քո կատակն ու լուրջը չեմ տարբերում, լու՞րջ ես ասում:
- Եթե չես ուզում՝ չեմ ծանոթացնի,- կրկին ծիծաղեց նա, ցածրաձայն ավելացրեց,- ցավեդ տանեմ,- և դրեց հեռախոսը:
«Նա հաստատ որոշել է խելքից հանել ինձ,- ծիծաղելով մտածեցի ես,- և, բարեբախտաբար, դա նրան հաջողվում է»:
Նա հաջորդ օրը եկավ շողակնե լուսաջինջ ժպիտը անզուգական շուրթերին: Մազերը գեղեցկորեն հավաքած գլխին, կարապի  մարմարյա ճերմակ պարանոցը բաց՝ հանդիսավոր նստեց իմ դիմաց, պայուսակից հանեց լուսանկարների մի ամբողջ հավաքածու:
- Իմ բոլոր հարազատներն այստեղ են,- լուսանկարները սեղանին սփռելով  ժպտալով ասաց: - Կարող ես ծանոթանալ: Առայժմ՝ հեռակա կարգով,- ծիծաղելով ավելացրեց նա: Ես սկսեցի նայել նկարները:
- Սա իմ եղբայրն է՝ Ռասիմը, հանրագիտարանում է աշխատում, ինձնից հինգ տարով է մեծ: Նմա՞ն  է ինձ:
- Մի քիչ: - Նկարից, սև հոնքերի տակից, խոժոռ հայացքով  ինձ էր նայում Ռենայի եղբայրը՝ բարձրահասակ, թիկնեղ, սևաթույր խնամված բեղերով: Նրա աչքերը ևս սև էին, արտահայտիչ: Այո, ինչ- որ  հեռավոր նմանություն կար Ռենայի հետ: Բայց, ահա, քույրը՝  Էսմիրան, իր նուրբ գեղեցկությամբ, ավելի էր նման Ռենային. տարբերությունն այն էր, որ նա թխավուն էր: Ձվաձև երկարուկ թուխ դեմքի վրա  փոքր ինչ մեծ էր երևում բերանը՝  Ռենայի շուրթերի պես ուռուցիկ շուրթերով, ընդ որում՝ դարձյալ,  ինչպես Ռենայի մոտ՝  ստորին շուրթն ավելի փքուն:
- Ինձնից չորս տարով փոքր է, իններորդ  դասարանում է սովորում,- տաքուկ ափն իմ ձեռքին, իմ ուսի վրայով խոնարհված սեղանին՝  պարուրելով ինձ իր անուշ բույրերով  ու կրծքի փափուկ ջերմությամբ, բացատրում էր Ռենան: - Գիտե՞ս ինչպիսին է՝  երես տված, որովհետև տան փոքրն է, շատ ենք սիրում, իսկ լեզուն, լեզուն մարդ է ուտում... Որ մի օր չտեսնեմ՝ կարոտից կմեռնեմ:
Մի ուրիշ նկարում Էսմիրան նստած էր բազմոցին՝ ոտքը գցած ոտքին, սև և ուղիղ մազերը թափված էին օձիքին, իսկ նրբաճաշակ կարված զգեստը քիփ նստել էր  վայելչագեղ իրանին՝  ընդգծելով սրածայր փոքրիկ  ստինքները: Մեծ ու շքեղ կտրվածք ունեցող իր աչքերով, գիրգ շուրթերին հեգնախառն ժպիտ՝ նա ուղիղ նայում էր ինձ:
- Սա եղբորս կինն է՝ Իրադան:  Թե իմանաս ինչ քնքուշ բնավորություն ունի: Եղբայրս չի թողնում, որ աշխատի, չնայած  բարձրագույնավարտ  է: Իսկ սա մայրս է, նավթային տեխնիկումում է դասավանդում... Ահա և հայրս: Մանկավարժականն է ավարտել, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, միշտ՝ տարբեր   բնագավառներում: Ռասիմը նման է, չէ՞, հորս: Ես ու Էսմիրան նման չենք նրան, իսկ, այ, Ռասիմը նման է:
Ես նայում էի նկարները, մտովի փափագելով այն օրը, երբ առերես կհանդիպեմ նրանց՝  Ռենայի հարազատներին, որոնք ինձ նույնպես հարազատ էին թվում:
Եվ, իրոք, շուտով ինձ բախտ վիճակվեց տեսնել նրանց: Ոչ բոլորին իհարկե: Ես հեռախոսով զրուցում էի Ռենայի հետ, ինձ թվաց՝ նա մի տեսակ մտահոգ, անտրամադիր էր:
- Ի՞նչ է պատահել, Ռեն,- հարցրի ես անհանգստացած:
Ռենան պատմեց, որ համաշխարհային հռչակ ունեցող «Բոնի Էմ» երգչախումբը հրաժեշտի մեկօրյա  համերգներով շրջագայում է  աշխարհի խոշորագույն քաղաքներում, Մոսկվայից, Լենինգրադից ու Կիևից հետո  կլինի Բաքվում, որտեղից կանցնի Չինաստան: Համերգը Բաքվում ամսի վերջին է, սակայն տոմսերն արդեն լրիվ սպառված են: Ինստիտուտում խոստացել էին, բայց ոչինչ չստացվեց:
- Ճիշտն ասած, ես ու Իրադան էլ կուզենայինք, բայց, դե, հնարավոր չէ: Մենք՝ ոչինչ,- ասաց Ռենան  հուսահատ,- գոնե մի հատ ճարվեր՝ Էսմիրայի համար: Շատ է ուզում գնալ այդ համերգին, իրենց դասարանից, թե դպրոցից՝ մեկ-երկու հոգի ձեռք են բերել: Դե, եթե նրանք գնալու են, գլուխն է մտցրել, որ ինքն էլ պիտի գնա: Երկու օր է, արցունքն աչքերին, տզտզում է փոքր երեխայի նման: Ռասիմն էլ է չարչարվել, բայց չի հաջողվել տոմս գտնել:
Ես Ռենային ոչինչ չասացի, բայց խոսափողը դնելուն պես շտապ սկսեցի դեսուդեն ընկնել: Զանգեցի այս ու այն տեղ՝ չկա ու չկա: Գնացի գլխավոր խմբագրի մոտ, գուցե նա՞ որևէ բանով օգներ։ Թելման Կարաբաղլի- Չալյանը նոր էր վերադարձել գործուղումից և ծղոտե գլխարկով հովհարելով իրեն, հաճկատար քծնանքով պատմում էր այն մասին, որ Մարտակերտի շրջանի  Դրմբոց (Դրմբոն) և Աթենք (Հաթերք) գյուղերի թյությունակործների մասին չդեսված ռեբորդաժ  է բերել ռադիոյի համար և որ Դրմբոց գյուղի մոտ մոշը շատ լավ էր ցանաձ, բայց ինքը այդ մասին չի կիրել, միայն՝ թյությունակործների մասին։ Գլխավորը նայում էր նրան՝ ներամփոփ ու խոհուն, և ոչինչ չէր ասում։ Ես  խղճացի գլխավորին, վերադարձա առանձնասենյակ, զանգահարեցի գրողների միություն՝  Սիավուշին:
- Սիավուշ, երեք տոմս է պետք «Բոնի էմ» խմբի  համերգին,- ասացի,- եթե ինձ համար դու այդ լավությունն անես, պիտի ամբողջ կյանքում մտածեմ, թե ինչ անեմ՝  Սիավուշի պարտքի տակից դուրս գալու համար:
Սիավուշը սրտանց ու բարձր ծիծաղեց, ասաց.
- Ծերուկ, ինչ չես առնի ոսկով՝  կառնես քաղցր խոսքով, բայց Սիավուշին դժվար է գայթակղել քաղցր խոսքով, նա  գերադասում է թարմ քյաբաբ-խորովածն ու  ընտիր օղին:
- Սիավուշ, թեկուզ տաս շիշ ընտիր օղի և քսան շամփուր քյաբաբ ու խորոված՝  երեք տոմս գտիր ինձ համար:
- Ես քեզ կզանգեմ մի կես ժամից,- ասաց նա։ - Տա՞նն  ես, թե խմբագրությունում:
- Խմբագրությունում:
Մտածում էի՝ ծայրահեղ դեպքում Լենինի պալատի մոտ, ձեռքի վրա կվերցնեմ, թեկուզ արժեքից տասնապատիկ թանկ գնով:
Կես ժամ հետո Սիավուշը չզանգեց… Նա  զանգեց ուղիղ ժամուկես հետո:
- Ծերուկ, ես զանգեցի Մոսկվա,- դանդաղ սկսեց Սիավուշը, և ես մտքում ծիծաղեցի. դա նրա առանձնահատուկ սովորությունն էր՝  ամեն ինչ սկսել հեռվից, չինական Մեծ պարսպի մոտերքից։
- Մոսկվա ինչու՞ էիր զանգում, խմբի  հե՞տ էիր ուզում խոսել: Նրանք Մոսկվա չեն հասել դեռ:
Նա ծիծաղեց, ասաց.
- Ապրես, սրամիտ էր: Համբերություն ունեցիր, ծերուկ, համբերությունը կյանք է։ Քյուբրա-խանումը, գրողների միության գործերի կառավարիչը, երեք տոմս է պահել  նախագահի համար, իսկ նախագահը Մոսկվայում է, զանգեցի նրան ու խնդրեցի այդ  տոմսերը, պայմանով, որ նրա վիպակներից մեկը թարգմանես հայերեն: Նա ասաց, որ իրենից ինչ-որ վիպակ ես թարգմանել, էդ ո՞րն է։
-«Ես, դու, նա և հեռախոսը»։
-Ոչինչ, վատ գործ չէ։ Թարգմանիր   «Դանթեի հոբելյանը»:
-«Դանթեի հոբելյանը» հայերեն կա արդեն։
-Ուրեմն  «Ճերմակ նավահանգիստը»  թարգմանիր։ Շատ լավ վիպակ է, մրցանակ է շահել։
-Սիավուշ, գլուխ մի տար, կարճ՝ ի ՞նչ ես պայմանավորվել։
Սիավուշը լիաթոք ծիծաղեց, ասաց.
-Ի՞նչ պիտի պայմանավորվեմ։ Տոմսերը  Սիավուշի մոտ են: Դու քո խոսքի տերն ես, չէ՞:
- Իհարկե:
-Աբբաս Աբդուլլային ճանաչո՞ւմ ես,- լրջորեն հարցրեց Սիավուշը ։
Ես ծիծաղեցի։
 -Դու նրան գիտես որպես բանաստեղծի և «Ուլդուզ» ամսագրի գլխավոր խմբագրի։ Բայց մեզ համար նա ոչ թե բանաստեղծ ու խմբագիր է, այլ վարորդ։ Հետս բերում եմ, որպեսզի տաքսու վրա անտեղի ծախսեր չանենք։ Կես ժամից  քեզ մոտ ենք, տեղում կորոշենք, թե ուր գնանք:
Ես չէի ուզում զանգել Ռենային, մինչև տոմսերն իմ աչքով չտեսնեի:
Կես ժամ չտևեց, քառորդ ժամ անց նրանք արդեն ինձ մոտ, խմբագրությունում էին:
-Չենք ուշացել, չէ՞,- ժամացույցին նայելով ասաց Սիավուշը,- Էդ էր պակաս, որ ձրի ուտել-խմելու հաշիվ լինի, և Աբբասը ուշանա,-ծիծաղեց նա,- կարմիր լույսի-բանի չէր նայում. հարյուր քսանի վրա եկանք։
Մենք ողջագուրվեցինք, Սիավուշը տոմսերը հանձնեց ինձ, ասաց.
- Ծերուկ, երկու տոմսը՝ հասկացանք, երրորդն ու՞մ համար է:
- Ապագա զոքանչի,- ասաց Աբբասը, քթի վրա ուղղելով ակնոցն ու Շևչենկոյի իր թավ բեղերի տակ ժպտալով: Ուկրաիներեն բնագրից կատարած թարգմանությունների համար նա Շևչենկոյի անվան մրցանակի էր արժանացել վերջերս, Շևչենկոյի կոճակաչափ փոքրիկ  դիմանկարով կրծքանշանը կպցրած էր պիջակի դարձածալին, և նրանք շատ էին միանման՝ նույն թավ բեղերը, նույն ճաղատն ու աչքերի սևեռուն նայվածքը՝ գզգզնակ հոնքերի տակից։
- Ծերուկ, թե փափուկ, պարարտ կնիկ է, ինձ  էլ տար հետդ, դու գիտես, որ Սիավուշի խելքը գնում է հաստամարմին կանանց համար:
- Լեո, Զիկինայի հյուրախաղերի ժամանակ էս հարիֆը ոչ մի  համերգ բաց չէր թողնում,- ասաց Աբբասը:
- Ճի՞շտ է ասում,- ծիծաղեցի ես:
- Ճիշտ է,- գլխով արեց Սիավուշը գոհունակ ժպիտով։- Կրծքերը մեծ-մեծ, ամեն մեկն Աբբասի գլխի չափ, ոնց որ  Պամելա Անդերսոնի կրծքերը, շորորալով գնում-գալիս էր բեմի վրա։ 
            - Զիկինան բեմից ասել է՝ ես չգիտեի, որ Ադրբեջանում այսպես սիրում են իմ երգերը, ի՞նչ երգեմ: Դահլիճից ասել են. «Երգել պետք չի, բեմի վրա հենց էնպես գնա ու եկ»,- ծիծաղեց Աբբասը:
            Բարձր, գեղեցիկ, համակրելի, բայց անլուրջ, հավիտյան անլուրջ Սիավուշը քռքռաց, ասաց.
            -Տեղական ոչխար կա, ոչ թե մերինոս-բան՝ չէ, տեղական, երկու փթանոց խախալ-խախալ դմակով, մարդու կնիկն այ էդպիսի փափուկ  քամակ պիտի ունենա, որ առավոտը գործի գնալիս մի թեթև խփես հետևին, գնաս գործի գաս՝ դեռ շարժվելիս լինի։- Նա դարձյալ քռքռաց, ավելացրեց,- մենք էլ, հայերն էլ, կյանքներս   կարող ենք տալ փափկասուն կանանց համար - Ճի՞շտ  չեմ ասում, Լեո:
            - Չէ,- ասացի ես:
- Դե դու բացառություն ես,- տեղի տվեց Սիավուշը: - Դու նիհարիկներին ես սիրում: Լսիր, Աբբաս,-կտրուկ շրջվելով, խնդագին ասաց Սիավուշը:-Նայիր ու տես, թե ինչ ասել է քաղաքակիրթ ազգ, մի Լեոի առանձնասենյակին նայիր՝ շողշողուն պարկետով, խավոտ վարագույրներով, օդաորակիչով, ճապոնական հեռուստացույցով, «իններորդ ալիքի» գերազանց ընդօրինակությունն ու  Կամերոն Դիասի սեքսուալ մեծ բերանով տարեցույցը պատից կախ, լավ բաների համար՝ փափուկ բազմոցը դրած… Չէ, քո նման՝ սենյակդ կեղտի, ծխախոտի ծխի ու փոշու մեջ կորած, թղթապանակները սեղանին անկանոն թափած, նայիր ու սովորիր, գյոռս չեմ տանելու։
-Սիավուշ,- ժպիտը բարեհոգի գեր դեմքին, մեղմորեն ասաց Աբբասը,-  մի խոսք էլ լսեցի՝ ոտքով ես գալու ռեստորան… Չեմ հասկանում,- շարունակեց նա նույն ժպիտով,-Լեոն  առանց էն էլ սրտանց հրավիրում է, հին փողով կես կոպեկանոց շողոքորթությունդ ում համար է, կարո՞ղ ես բացատրել։
Սիավուշը ծիծաղեց, ասաց։
-Լեո, Աբբասի մեքենան նստած կա՞ս։ Նադիր շահի ժամանակներից մնացած «Ժիգուլի» է, բոլորը տնազով «Կադիլակ» են կոչում: Ժանգը կերած, մի տասն անգամ շուռ եկած ու մի էդքան էլ վթարի ենթարկված, ղեկը աջ է թեքում՝ ձախ է գնում, ձախ է թեքում՝ աջ է շարժվում։
Աբբասը բեղի տակ մեղմ ժպտում էր։
Հեռախոսի կերկեր ձայնը ստիպողաբար ինձ իր մոտ էր կանչում։ Ես վերցրի լսափողը։
-Բարև, ախպեր։- Սեյրան Սախավաթն էր՝ երկրորդ հարկից, դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունից։- Լեո, Աբբասին եմ փնտրում, զանգեցի «Ուլդուզ», ասացին, որ Սիավուշի հետ քեզ մոտ են եկել։ Մի երկու պատմվածք ունեմ, խոստացել էր էս համարում տալ, բայց տղերքն ասացին, որ սրբագրական տպվածքը ստացել են, պատմվածքներս չկան մեջը, ուզում էի տեսնել դա ի՞նչ բան է։
Սեյրանը բարձր էր խոսում, նրա ձայնը Աբբասին ու Սիավուշին ևս լսելի էր։ Քմծիծաղը բեղի տակ, Աբբասը ձեռքի լուռ շարժումով հասկացրեց՝ չասեմ որ այստեղ են։
-Չկան,Սեյրան,-անձայն ծիծաղեցի ես։- Երևի ճանապարհին են դեռ։
-Սուտ մի խոսա, - ավելի բարձրաձայնեց Սեյրանը,- լուսամուտից երևում է, չախկու  «Կադիլակը»  փողոցում կանգնած է, ուրեմն, սաղ-սալամաթ տեղ են հասել։ Մարդ ես, հեռախոսը տուր իրեն։ Ուտել-խմելու հաշիվ կա տեսնում եմ։
-Բաղդադ էլ շատ խուրմա կա, քե՞զ ինչ։
-Լեո, նայիր, կթողնեմ-կգնամ և հարյուր տարի չեմ ների քեզ ու հարյուր տարի  հետդ չեմ խոսի,- սուտ սպառնալիքով հոխորտաց նա։- Ճիշտն ասա, խմելո՞ւ եք գնում։
-Հնարավոր է։
-Եվ չեք էլ ամաչում։ Բա ե՞ս,- աղերսագին ձգեց Սեյրանը։- Ինձ չե՞ք տանում։
-Տանում ենք, եթե գոնե  ծախսի  մի չնչին մասի մի մասի մի մասը վերցնես քեզ վրա։
-Ինձ վրա՞,-խնդմնդաց Սեյրանը։- Հույս չդնեք, կոպեկ չունեմ։
-Բա էլ ինչո՞ւ Խանլարով բարեհունչ ազգանունդ թողած՝ Սախավաթ կեղծանունն ես վերցրել։ Քեզնից ի՞նչ սախավաթ*, այ Սեյրան, Խասիս** դնեիր՝ Սեյրան Խասիս,  դա քեզ ավելի կսազեր։
-Վուայ, վուայ, վուայ,- հայավարի իբր թե զարմացավ
----------------------------------------
*Սախավաթ (ադրբ.). -շռայլ, առատաձեռն
**Խասիս (ադրբ.).-ժլատ
Սեյրանը։- Էս հի՞նչ ա գադարվում, էս որդե՞ղ եմ ինգել,- հայերեն ավելացրեց, ծիծաղեց։- Ե՞ս եմ խասիսը,-շարունակեց նա արդեն ադրբեջաներեն,- բա ամոթ չե՞ս անում, Լեո։ Ես որ սրան-նրան խմացրած օղու դատարկ շշերս հավաքեի ու հանձնեի խանութ՝  էդ փողով հորթը տակին մի կով կառնեի։ Հորթը տակին էդ կովը կծախեի ու էդ փողով  Աղդամի բազարում մի թամ-թազա  ''Զապորոժեց'' կառնեի, էդ թազա ''Զապորոժեցը'', իմ արև, քու արև, կնվիրեի Աբբասին, որպեսզի նա իր քաչալ գլխով ու չախկու ''Կադիլակով'' խայտառակ չաներ մեզ հայ ժողովրդի մոտ։ Երեք տեղ ալիմենտ եմ տալիս, ինձնից ի՞նչ եք ուզում։
Աբբասը, որ  մի քանի մազով մերկ գլուխը թեքած, բերանը բաց ժպտալով լսում էր, Սեյրանի վերջին խոսքի վրա բարձրաձայն ծիծաղեց ու հանկարծակի բռնած հազի նոպայից քար ու քանդ լինելով կեռված գնաց դեպի լուսամուտը։
   -Դե լավ ,-անձնատուր  եղա ես,- իջիր մեքենայի մոտ, գալիս ենք։
Սիավուշը մի պահ ուշադիր զննում էր Աբբասին, որ դեռևս խեղդվում էր հազից,  հետո սիրո ու հեգնանքի ժպիտով ասաց.
-Ծերուկ, սա ոնց որ թե մեռնելու վրա է, իզուր բերեցի։ Ստիպված տաքսիով պիտի գնանք։
-Զահլա մի տար,-տատամսած նայելով՝ անչար նետեց Աբբասը և կարմրատակած ու ծանր շնչելով, խռպած ավելացրեց,- դուրս գանք, Լեո, թե չէ հիմա սրա ու Սեյրանի պես մի երկու զավզակ էլ կհայտնվեն։
-Այն մոմենտ,-ասաց Սիավուշը և, ակնոցը մատով վեր հրելով՝ աշխուժորեն նայեց ինձ։- Ծերուկ, Աբբասը գիտի, քեզ եմ պատմում։ Էս ձմռանը, ուրեմն, Մոսկվայում երկու ընկեր ունեմ, հրատարակչությունում են աշխատում, կպան ինձ, թե վաղուց ՑԴԼ-ի ռեստորանում չենք եղել։ Մոսկվացիների խասյաթն է, գալիս են էստեղ՝ մենք ենք հյուրասիրում, գնում ենք էնտեղ՝ մենք ենք հյուրասիրում։ Մի խոսքով, ՑԴԼ-ի մոտ մթերային մեծ խանութ կա, էդտեղ էինք ժամադրվել, ոնց էր ստացվել՝  ժամանակից ահագին շուտ էի եկել, խանութի մոտ կանգնած սպասում էի նրանց։ Խանութում օղու հերթ էր՝ ծայրը տների արանքով համարյա մինչև Կալինինի պողոտա էր հասնում։ Մեկ էլ տեսնեմ՝ մեկն ուղիղ դեպի ինձ է գալիս։ Պարզ է, հարբեցողների եռյակին մեկը պակասում էր, այդ մեկը ես էի, և նա՝ սև վերարկուն հագին, ականջավոր գլխարկով, միրուքով, գտել էր ինձ։
-Իսկույն հասկացել է, որ հարիֆ է կանգնած,- մեկնաբանեց Աբբասը, բայց Սիավուշն ուշք չդարձրեց դրան, ոգևորված շարունակեց.
-Մի խոսքով, ծերուկ, անօթևան հարբեցողի նման չէր ամենևին, տեղը տեղին, սթափ ու կարգին կերպարանք ուներ, օրինակ, Աբբասն՝ իր տեսքով, նրա մոտ ոնց որ հարյուր տարվա բոմժ,- դավադիր ու հրճվախառն քռքռոցով ասաց Սիավուշը։- Լսիր, «Այս ցրտին մի թեթև տաքանալու միտք չունի՞ երիտասարդը», հարցրեց։ «Չէր խանգարի», ասացի։ Թե ինչի էդպես ասացի, ինքս էլ չեմ հասկանում։ Երբեմն ինձ հետ պատահում է՝ հոսանքի հետ ընկած գնում եմ, առանց հաշիվ տալու՝ ո՞ւր, ինչո՞ւ։ Շրջվեց, կանչեց ինչ-որ մեկին։ Սա արագ մոտեցավ։ Եռյակուվ կես շիշ օղի առնելը Մոսկվայում ընդունված կարգ է։ Վերցրին փողը, գնացին խանութ։ Դրսում կանգնած սպասում եմ, ինքս ինձ վրա ծիծաղելով, որ միանգամայն անծանոթ մարդկանց հետ ակամա էդպիսի անհեթեթ խաղի մեջ մտա։ Բայց արդեն ուշ էր, հարկավոր էր սպասել։ Սպասում եմ, իսկ նրանք չկան ու չկան։ Ցրտից դոփդոփում եմ տեղում, նույնիսկ մտածեցի, որ խանութը, կարող է, ուրիշ ելք ունի, և որ նրանք, հավանորեն, օղին առել, գնացել են։  Էդ մտքից կատաղությունս բռնեց մի փոքր, ու էդ պահին տեսա՝ միրուքավորը դուրս եկավ խանութից։ Ականջավոր գլխարկն աչքերին քաշած, եկավ ու, առանց կանգ առնելու,  անցողակի նայելով՝ արագ անցավ իմ կողքով։ Դա ինձ խիստ զարմացրեց, բայց մտածեցի, որ օղին տակից են տալիս, երևի, էդպես է պետք, որպեսզի միլիցիա-բան չտեսնի։ Երկրորդ ընկերը չկար, և ես դարձյալ մտածեցի, որ դա նույնպես, երևի, կոնսպիրացիայի ձև է։ Միրուքավորը գնաց դեպի կողքի շենքը, մտավ շքամուտք՝ ես էլ նրա ետևից։ Բարձրանում է սանդուղքներով ու ետ-ետ է նայում,  երևի, երկրորդին է սպասում, մտածում եմ։ Հասանք երրորդ հարկ, ես նույնպես ներքև նայեցի՝ երկրորդը չի՞ երևում արդյոք։ Այդ կարճ ակնթարթին մի դուռ բացվեց, միրուքավորը իրեն գցեց ներս և դուռը շրխկոցով փակեց:   Ծերուկ, ոնց որ թե կռանով հարվածեն Սիավուշի գլխին, մնացի շշմած։ Ուշքի եկա ու կամաց թակում եմ դուռը՝ ոչ մի ձայն։ Կատաղությունը կրկին գլուխ բարձրացրեց իմ մեջ։ Պարզ է, ձեռ են առել։ Ավելի ուժգին եմ ծեծում դուռը։ «Ի՞նչ էս ուզում», հարցրին ներսից։ «Իմ բաժին օղին», ասում եմ։ «Հիմի միլիցիա կկանչեմ, քեզ օղի ցույց կտան»։ Միրուքավորն էր երևի։ Էստեղ ես լրիվ կորցրի ինձ։ Օր-ցերեկով, ուրեմն,  խաբեն քեզ ու դեռ միլիցիայով էլ ահաբեկե՞ն։ «Մի թեյի բաժակ օղի, թե չէ դուռը ջարդում եմ»,- մեյխանայի պես կրկնում էի և բռունցքներով ու ոտքերով խփում դռանը։
-Գլխով պիտի խփեիր,- խորհուրդ տվեց  Աբբասը, զուսպ ծիծաղեց։ Հազի նոպայից հետո նա արդեն վախենում էր բարձր ծիծաղել։
Սիավուշը քռքռաց, շարունակեց.
-Ինչ էր եկել վրես, Լեո, չեմ հասկանում։ Վերջապես դուռը քիչ ետ գնաց, շղթա կար դռանը գցած, դռան արանքից թեյի զեհավոր բաժակը  լի օղին մեկնեցին ու հետն էլ՝ «Առ՝ խեղդվիր»։ Վերցրի լիքը բաժակն ու անհուսալի հարբեցողի պես միանգամից գլխիս քաշեցի… Ամեն ինչ պարզվեց, հստակվեց, լուսավորվեց ու պայծառացավ, ի՛նչ կատաղություն, ի՜նչ բան՝ լրիվ անցավ, խաղա՜ղ ու գեղեցիկ աշխարհ, մարդիկ բա՜րի, սիրալիր ու սիրելի, հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, որ նրանց, այնուամենայնիվ, չհաջողվեց ինձ խաբել, ինքս ինձ վրա ծիծաղելով դուրս եկա փողոց ու հանկարծ, ծերուկ,  քրտինքը տվեց ճակատիս. աչքերիս չէի հավատում՝ միրուքավորս ընկերոջ հետ շիշը ձեռներին ինձ են որոնում… Շփոթել էի,- գլուխն օրորելով ծիծաղեց Սիավուշը:- Ախր՝ նույն սև վերարկուն հագին, մորթի գլխարկով,- արդարացավ  նա, ասաց.- լսիր, չորոշեցինք՝ ու՞ր ենք գնում։
-Ուր ուզում եք,- դեռևս ծիծաղելով ասացի ես:- Գնանք կայարանի մոտ, հենց տեղում թոնրի հաց են թխում, կամ «Սեմաշկոյի» ետևի խորովածանոցը գնանք,  ուզում եք՝ «Քարվանսարայ», ինձ համար մեկ է։
- Գնացինք,- ասաց Աբբասը և առաջինն ինքը դուրս եկավ միջանցք:
Ես զանգեցի Ռենային, ասացի.
- Էսմիրային ասա թող անհոգ մնա: Երեք տոմս եմ վերցրել ձեզ համար։
-Լեո, բա դո՞ւ,-սրտաշարժ քնքշությամբ  արագ ասաց Ռենան։
-Ինձ համար, Ռեն, չկա ավելի մեծ հաճույք, քան այն, որ դուք երեքով պիտի գնաք այդ համերգին։
- Ցավեդ տանեմ,- ասաց նա:  Եվ դա աշխարհիս երեսին ամենամեծ պարգևն էր ինձ համար:


Համերգի օրը, լուսաբացին, անսպասելի մրրիկ բարձրացավ: Ես դուրս եկա պատշգամբ, որտեղից բարձր շենքերի արանքով, ինչպես խմբագրության իմ առանձնասենյակից, դեպի ծով իջնող նեղլիկ մի տեսարան էր բացվում: Ուշ երեկոներին ես այդտեղից հաճախակի եմ դիտում լուսնի  վեհատեսիլ ընթացքը ծովի վրայով, նրա արտացոլումը խաղաղ ջրերի վրա: Պատահում է, լուսինը գլխիվայր ընկնում է ջուրը և երկար ժամանակ դանդաղորեն լող է տալիս մթության մեջ։ Գիշերներն այնտեղ, ծովի խորքում, երևում է  փարոսի համաչափ թարթոցը:
Ծովն այսօր մթագնած է՝ ինչպես երկինքը, ալիքները մոլեգնում, ծառս են լինում: Մրրիկին ընդդեմ ձիգ բարդիները գալարվում են, ասես ուր որ է պիտի ճղատվեն:
Հետո հորդ անձրև սկսեց: Ես կանգնել, ականջ էի դնում ջրի անդադար շառաչին՝ ջրհորդանների մեջ:
Իսկ հետո ամեն ինչ միանգամից խաղաղվեց, երկինքը պարզվեց և կարծես ոչ մրրիկ էր եղել, ոչ տեղատարափ անձրև:
Արևոտ, լուսաշող օր էր բացվում քաղաքի վրա:
Ես սպասում էի Ռենայի զանգին. նա համերգի տոմսերը դեռևս չէր վերցրել ինձնից: Վերջապես զանգեց, և դա համարյա օրվա վերջին էր: Ավտոմատից էր զանգում:
- Դու կարո՞ղ ես իջնել ներքև,- հարցրեց նա իր թավշե անուշ ձայնով:
- Չե՞ս ուզում բարձրանալ խմբագրություն:
- Ուզում եմ,- պատասխանեց նա ցածր ձայնով: - Բայց մենակ չեմ: Ավելի լավ է՝  ինքդ  իջիր ներքև:
Եվ, չգիտես ինչու, հուզումը պատեց ինձ: Հասկացա՝ Էսմիրան ու Իրադան էլ այնտեղ են: Մի պահ քայլում էի սենյակում, սպասելով, որ անցնի հուզումը: Ապարդյուն:
Ես նրանց իսկույն տեսա. կանգնած էին փողոցի մյուս կողմում, ֆիլհարմոնիայի այգու մոտ՝ բարձրակրունկ կոշիկներով, տոնականորեն գեղեցիկ հագնված: Իրադան համարյա Ռենայի տարիքին էր, երևի մի երկու- երեք տարով էր մեծ, իսկ  Էսմիրան
(ես ճիշտ էի նկատել) Ռենայի նման էր՝  սլացիկ ու գեղիրան:
Երեք  զույգ աչքեր հառված էին ինձ, իսկ ես չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, ինչպես անցնեի փողոցը, համենայն դեպս, Էսմիրայի և Իրադայի զննող, հետաքրքրասեր հայացքների ներքո:
- Բարև ձեզ,- ի վերջո  անցնելով  լայն փողոցն ու մոտենալով նրանց, շփոթված ասացի ես: - Ահա և տոմսերը:
Էսմիրան ձախ ձեռքով վերցրեց տոմսերը, աջ ձեռքը մեկնեց ինձ, ես ակամա իմ ափի մեջ առա նրա բարալիկ, սառը մատները:
- Էսմիրա,- ասաց նա, նայելով ինձ այնպիսի մի հայացքով, որով արբունքի հասած տասնհինգամյա գեղեցիկ աղջիկները շփոթեցնում են և ջահել, և տարեց տղամարդկանց՝ թրթռացնելով նրանց սրտերը՝  ջահելներին հավանական հեռանկարով, մեծերին, ավաղ,   ափսոսանքով միայն, որ այսպես աննկատելի անցավ իրենց ջահելությունը: - Շնորհակալություն տոմսերի համար:
Իրադան գլխի շարժումով պատասխանեց իմ ողջույնին, իսկ Ռենան միայն ժպտաց:
- Համերգին դեռ ժամանակ կա,- ասացի ես: - Գնա՞նք սրճարան. այստեղ ընտիր պաղպաղակ են տալիս:
- Կարելի է,- նրանց փոխարեն արագորեն պատասխանեց Էսմիրան լուսապայծառ ժպիտով: Ժպիտը շատ էր սազում նրա սիրունիկ դեմքին:
- Էսմիրա,- սաստեց նրան Իրադան: Բայց ու՞մ ես ասել:
- Գնացինք, ինչու՞ եք կանգնել,- ասաց նա, և  մենք երկնահաս լորենիների լայն ծառուղով, ինչպես անտառի միջով, թռչունների դայլայլի ուղեկցությամբ, քայլեցինք դեպի Իչարի Շահարի  պարսպի տակ գտնվող բացօդյա սրճարանը, ուր կարոտակեզ մի երգ  էր   ծորում   մագնիտոֆոնը: «Փթթուն գարնանը շատ թափառեցի ու երազ տեսա, որ իմ հետ ես դու», - երգում էր Յալչին Ռզազադեն:
Էսմիրան կանգ առավ, ցնծուն բերկրանքով շունչը պահած, լայն բացած ջինջ աչքերով  նայեց արահետի վրա թեքված լորենու ճյուղերին, որոնց վրա խաղալով վազվզում էր դարչնադեղնավուն մի սկյուռ: Ճյուղից ճյուղ թռչելով՝ սկյուռը  սլացավ ծառն ի վեր, լորենու ամենաբարձր կատարին, երկնքին քսվող ճյուղերի վրա մի պահ  երևաց  նրա հրաշեկ  պոչը, դողդողաց ու անհետացավ  սաղարթների մեջ:
- Մի երկու հոգի դահլիճում ուշաթափվելու են,- շրջվելով ասաց Էսմիրան անթաքույց հրճվանքով:- Նրանք համոզված էին, որ ինձ չի հաջողվի տոմս գտնել:- Նա հտպիտ հայացքով նայեց ինձ. ժպիտը շարունակ ծաղկում էր նրա  սևորակ  կայծկլտուն աչքերում, շուրթերի վրա,  տարածվում ամբողջ դեմքին: Ժպիտ էր ծաղկում անգամ ձյունից ճերմակ, շաքարասպիտակ պսպղուն ատամների վրա:
- Եվ այն էլ բեմից ոչ հեռու, երրորդ շարքում,- գոհ, որ դա ուրախություն պիտի պատճառի նրան, ասացի ես:
- Ինչպե՞ս, - իսկապես ուրախացավ Էսմիրան: - Երրորդ շարք, իսկ նրանցը գիտե՞ք  որտեղ է՝ ամենավերջին կարգում: Աման ալլահ, նախանձից պայթելու են:
- Իսկ գիտե՞ս ում էին պատկանում այդ տոմսերը,- նրա հետաքրքրությունը ավելի բորբոքեցի ես:
- Ու՞մ,- վառվող աչքերով շեղակի նայելով ինձ, հարցրեց Էսմիրան:
- Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ Անարին:
- Անարի՞ն: - Էսմիրան կանգ առավ, նրա խոշոր, շքեղ աչքերում մի արտակարգ լույս էր փայլում: - Ես կարդացել եմ նրա վեպը՝  « Վեցերորդ հարկ՝ հինգ հարկանի շենքում»: Սքանչելի գործ է:  Թահմինայի մահը ինձ ցնցել է... Ոչ ոք չի հավատալու: Ոչ ոք:  Մեր գրողներից ովքե՞ր են  ամենալավ գրողները՝ գիտե՞ք:  Ասեմ՝  Անար, Էլչին, Աքրամ Այլիսլի, Իբրահիմբեկով եղբայրները, Չինգիզ Հյուսեյնով:  Կարդացե՞լ եք Հյուսեյնովի վիպակը՝  «Մագոմեդ, Մամեդ, Մամիշ»:  Սքանչելի վիպակ է: Գլխավոր   հերոսուհու անունը նույնպես Ռենա է, բայց, դե, անբարոյական վարքի տեր ու խորամանկի մեկն է նա, իմ քույրիկը նրա լրիվ հակապատկերն է։  Անարի տոմսերը…  Բայց հո տեսնելու են, թե որտեղ եմ նստած:
- Ռենա՞ն էլ է կարդացել այդ վիպակը,- հենց այնպես հարցրի ես Էսմիրային:
- Չգիտեմ,- ընդգծված անփութությամբ նետեց նա  անմեղապարտ խաղացկուն ժպիտով: - Հիմա նա հայ գրականություն է ուսումնասիրում,- ինձ նայելով՝ ծիծաղեց:- Վերջերս ի՞նչ  էր կարդում: Սպասիր հիշեմ... Ալեքսանդր Մակեդոնացին երեսուն հազար զինվոր ուներ, բոլորին  դեմքով ճանաչում էր և անունները գիտեր, իսկ ես մի հասարակ գրքի վերնագիր հիշել չեմ կարողանում:
- Էսմիրա,- այս անգամ արդեն թախանձեց Ռենան:
- Հիշեցի,- ասաց նա, ուշադրություն չդարձնելով քրոջ թախանձանքին:- «Մուսա լեռան քառասուն օրը»: Հաստափոր գիրք է, ես քառասուն օրում էլ չեմ հասցնի կարդալ: «Արբատի զավակները» նույնպես մեծ գիրք է,  բայց ես երկու շաբթում կարդացի: Այդ Սաշայի համար չորս օր լաց եղա: Մեղք էր: Ես որ նրա սիրած աղջկա՝ այդ Վարյայի տեղը լինեի, նրա ետևից կգնայի Սիբիր, մինչև Կանսկ: Ինչպես որ «Մանոն Լեսկոյի և ասպետ դը Գրիյոյի պատմությունը» վեպում դը Գրիյոն կամովի գնաց Ամերիկա աքսորված Մանոնի ետևից: Գիտե՞ք Սոնան ինչ էր ասում:
- Սոնան ո՞վ է:
- Մեր դասարանից,- անտարբեր նետեց նա:- Այշվարի Ռայ է երևակայում իրեն։ Հա, գեղեցիկ է, բայց հո բացարձակ գեղեցկուհի չէ։ Այշվարին հանրահայտ պարուհի է, երգչուհի, նա ոչ միայն Բոլլեվուդում ու մեկ միլիարդանոց Հնդկաստանում՝ ամբողջ աշխարհի մակարդակով է գեղեցկուհի։ Աման ալլահ, մի տես ում հետ է ուզում համեմատվել։ Աշակերտ կա՝ գիտի, որ գիտի, աշակերտ կա՝ գիտի, որ չգիտի, աշակերտ էլ կա՝ չգիտի, որ չգիտի։ Այ դա է Սոնան՝ չգիտի, որ չգիտի։ Ասում էր՝ վ-ա-ղ-վ-ա   դ-ա-ս-ե-ր-ս   չ-եմ  կ-ա-ր-ո-ղ-ա-ն-ա-լ-ու  կ-ա-ր-գ-ի-ն   պ-ա-տ-ր-ա-ս-տ-ե-լ, հ-ա-մ-ե-ր-գ-ը  ե-ր-և-ի  խ-ա-ն-գ-ա-ր-ի,- ծաղրեց Էսմիրան: - Իբր թե դու ե՞րբ ես դասերդ կարգին պատրաստել: Որևէ միտք հստակ ձևակերպելը նրա համար սոսկալի տանջանք է: Այս ու այն տեղից արտագրելով, հուշելով-բանով մի կերպ «երեքներ» է կորզում: Դիտմամբ բարձր ասաց, որ ես լսեմ: Ուզում էր  խայթել, բայց չի կարա:
Էսմիրան՝  եղնիկի պես թեթևաքելք, քիչ առաջ էր ընկել, անցնող տղաները, արևի ետևից պտտվող արևածաղկի պես, գլուխները շրջում էին նրա կողմը:
- Էսմիրա,- կանչեց Իրադան,- առաջ մի ընկնիր:
Մենք տեղավորվեցինք կլոր սեղանի շուրջը: Մատուցողուհին ճանաչում էր ինձ, մենք հաճախ էինք տղաներով գալիս այստեղ՝ սուրճ խմելու կամ պաղպաղակ ուտելու: Նա ջերմորեն ողջունեց: Սկսեցինք պատվիրել:
-Դու պաղպաղակը ելակո՞վ ես սիրում, թե շոկոլադով,- հարցրի ես Էսմիրային:
- Եվ ելակով և շոկոլադով,- արագախոսեց նա: - Երկուսն էլ սիրում եմ:
- Էսմիրա,- այս անգամ Ռենան փորձեց սաստել քրոջը: - Քեզ ի՞նչ եմ ասել:
- Ասել ես՝ կարգին կպահես քեզ,- խոստովանեց Էսմիրան: - Ես ինձ վա՞տ եմ պահում,- դառնալով իմ կողմը, հարցրեց նա,  ծիծաղկուն  կկոցած   աչքերով նայելով ինձ:
- Ամենևին,- ասացի ես:  - Ընդհակառակը:
- Տեսնու՞մ ես,- հաղթական հայտարարեց Էսմիրան: - Բողոքներ չկան,- և կրկին դառնալով ինձ ասաց,- ես այդ Սոնայի հետ չեմ խոսում: Զաուրի հետ նույնպես:
- Իսկ Զաուրն ո՞վ է:
Էսմիրան կրկին շեղակի նայեց ինձ, վարդագույն  փափլիկ շուրթերով ճակատի մազափունջը  փչելով մի կողմ:  Ճիշտ և ճիշտ՝ Ռենայի նման:
- Մեր դասարանի գերազանցիկն է,- ոչ առանց հպարտության, բայց անտարբեր ձևանալով բացատրեց նա:- Խռով եմ հետը:
- Ինչու՞,- խոսեցրի ես ժպտալով:
Ռենան ու Իրադան նույնպես ժպտում էին՝ երկուսն էլ փաղաքուշ հայացքներով նայելով Էսմիրային:
- Որովհետև մաթեմատիկայի ստուգողական գրավորը տվել էր Սոնային արտագրելու: Դրա համար էլ խռովեցի: 
- Էհ, դրա մեջ ի՞նչ կա որ,- ասացի ես:
- Ոչ։ Ես չէի ուզում, ուրեմն չպիտի տար,- ասաց նա իր լուսաշող աչքերով նայելով ինձ: Լուսաշող սպիտակուցներով սև աչքեր՝ անուշիկ թուխ դեմքի վրա:
- Ինչու՞:
Էսմիրան նայեց ինձ, քիչ մտածեց, ասաց.
            - Որովհետև այդ Սոնան աղջիկներին ասել էր, թե իբր Զաուրի հետ կինո են գնացել, և որ, իբր, Զաուրը իրեն համբուրել է: Սուտ: Զաուրն ինձ երդվեց, որ այդպիսի բան չի եղել: Ստում էր:
- Էսմիրա, դու կարո՞ղ ես լռել, - բարկացավ Ռենան:
- Կարող եմ,- ասաց Էսմիրան և ուղիղ կես վայրկյան լուռ էր: Բայց միայն կես վայրկյան:
- Ինչ-որ բան է պատահել մեր հեռախոսի հետ,- ասաց նա,- երեկ խոսում էի ընկերուհուս հետ և բոլորովին չկարողացանք մեկս մյուսին հասկանալ:
- Իսկ փորձե՞լ եք հերթով խոսել,- ժպտաշող   աչքերով նայելով Էսմիրային  հարցրեց Ռենան:
Էսմիրան նայեց նրան, բայց միտքն ուրիշ տեղ էր:
- Զաուրն ասում է, որ ես շատ նման եմ Սոֆի Մարսոյին,- ասաց նա: - Իսկ ինձ թվում է, որ ես ավելի շատ Մոնիկա Բելլուչիի նման եմ։ Դուք տեսած կա՞ք նրան։
-Ո՞ւմ։ Զաուրի՞ն։
-Չէէ՜,- քաղցրահունջ ծիծաղեց Էսմիրան գլուխը թափահարելով։- Մոնիկա Բելլուչիին։
-Տեսել եմ «Արևի արցունքները» կինոնկարում։ Կարծեմ, վերջերս «Պլեյբոյում» կար նկարը։
-Ճշմարիտ է,  «Պլեյբոյի»  կազմին նորերս եղել է նրա նկարը։ Ճիշտ, նմա՞ն եմ նրան։
Ես նայեցի Էսմիրային. ոգեղեն կենսուրախությամբ, լուսավորված ոչ այն է երկնահաս ծառերի սաղարթների արանքից թափանցող շողշողուն արևով, ոչ այն է՝ ուղղակի ներսից եկող ինչ-որ արտակարգ լույսով, ձայնի մեղմանուշ երանգով, ալ կարմիր վառվռուն անպիղծ շուրթիկներով, անկյունավոր աչքերի այրիչ հրով ու մի տեսակ էկզոտիկ իր գեղեցկությամբ, նա, իրոք, ամենևին չէր զիջում սևաչյա մանեկենուհի Մոնիկա Բելլուչիին, և, կարծես, այո, ինչ-որ նմանություն կար նրանց միջև։
-Նման ես,-հաստատեցի ես։- «Պլեյբոյը» արժանի է, որ քո նկարը նույնպես տպագրվի այնտեղ։
-Ես էլ այդ կարծիքին եմ,-Էսմիրան աշխուժորեն նայեց Ռենային ու Իրադային, գոհունակ ժպտաց։-Իմ քույրիկը նմա՞ն չէ Բրիջիդ Բարդոյին,- անսպասելի հարցրեց, քիչ առաջվա նույն ծիծաղկուն աչքերով նայելով ինձ:
- Երբ Բրիջիդ Բարդոն  տասնինն տարեկան էր՝ նման էր քո քույրիկին, բայց քո քույրիկն ավելի հրապուրիչ է, քան Բրիջիդ Բարդոն տասնինն տարեկանում,- ասացի ես:
Ռենան ժպտաց աչքերով, նայեց ինձ խորունկ սիրող հայացքով՝ Էսմիրայից ու Իրադայից աննկատ հրաբոսոր շուրթերի թեթևակի հպումով համբույր հղելով ինձ։
-Ես կարծում եմ,- շարունակեց Էսմիրան,- որ նա Անջելինա Ջոլիին ավելի է նման։
-Էսմիրա,- հարկադրական աղերսեց Ռենան:
Էսմիրան, կնճռոտելով դեմքը, ձեռքը թափ տվեց, այսինքն՝ մի խանգարեք, ինքը հիմա կարևոր հարցեր է վճռում։
-Նրանց նկարները դնում եմ կողք-կողքի և չեմ կարողանում տարբերել. մազերը, հոնքերը, կազմվածքը, նայվածքը, թևերը, հատկապես, երբ անթև շոր է հագնում, աչքերի գույնն ու ժպիտը, մանավանդ ժպիտը, ամեն-ամեն ինչ  նույնը, մեր դասարանում էլ են բոլորն ասում, որ շատ նման են, իսկ շուրթերը, նայում եմ՝ նույն   էրոտիկ շուրթերը…
-Էսմիրա, դու կտրելո՞ւ ես ձենդ,-շառագունելով՝ արդեն լրիվ բարկացավ Ռենան։- Իրադա, ախր, մենք նրան ինչո՞ւ վերցրինք մեզ հետ։
-Էլ մի ասա,- համաձայնեց Իրադան։ Բայց ժպտում էր։
- Մեր հարևան շենքում, հինգերորդ հարկում, մի տղա կա, ֆիզկուլտ ինստիտուտում է սովորում,- դույզն անգամ չազդվելով նրանց խոսքերից, ասաց Էսմիրան մտասույզ,- աչքը գցած մեր պատշգամբին՝ առավոտից մինչև իրիկուն կիմանո հագած ցատկոտում, մարզանք է անում: Դուք մարմնամարզությամբ զբաղվու՞ մ  եք, - դառնալով ինձ,  անսպասելի հարցրեց նա։
-Ինչի՞  համար։
-ինչպե՞ս թե ինչի՝  երկարակեցության։
-Նապաստակն  ամբողջ օրը ցատկոտում,  վազվզում  է  այս ու այն կողմ՝ իսկական մարմնամարզիկ,  ինքն էլ հումակեր,  բայց ութ-տաս տարուց ավել չի ապրում,  իսկ այ,  կրիան  մարմնամարզությամբ չի զբաղվում,  ծույլ ու դանդաղկոտ՝ ոչ մի տեղ չի շտապում,  ուղարկում են ջրի,  մի   ժամ անց  դժգոհում,  որ մինչև հիմա չկա,   դրսից ասում է՝  շատ խոսաք,    չեմ էլ գնա ու,   տես,  չորս հարյուր հիսուն տարի ապրում  է։
Էսմիրան, ծիծաղեց,  ծիծաղկուն աչքերով նայելով   Ռենային,    ասաց. 
- ֆիզկուլտ ինստիտուտի Էդ  տղայի  ուշքը   գնում է քույրիկիս համար:
 Իմ սիրտն ալեկոծված բաբախեց:
- Լեո, մի լսեք նրան,- շագանակացոլ խոշոր աչքերով մի կարճ ակնթարթ նայելով ինձ խնդրեց Իրադան: - Ռենա, դու ճիշտ ես, մենք իզուր ենք նրան վերցրել հետներս:
Էսմիրան աչքերին ձանձրացող մարդու արտահայտություն  տվեց՝  կրկին ծուլորեն թափ տալով ձեռքը, այս անգամ ասես ճանճ էր քշում իրենից։
- Իսկ իմ քույրիկի ուշքն էլ ձեզ համար է գնում,- ասաց նա,  հեզանազ ժպտալով: -Կարդացե՞լ եք Կապուտիկյանի բանաստեղծությունը. «Թափառում ենք փողոցներում՝ ես քո սիրով, դու  ուրիշի,  այրվում ենք հրդեհներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի:»,- արտասանեց նա,  պաղպաղակի մելքիորե գդալիկը լիզելով՝ ելակով պաղպաղակից  անցնելով շոկոլադին:
Իրադան ծիծաղեց, օրորեց գլուխը՝  իբր,  երեխա որ երեխա:
- Գիտե՞ք, Զաուրն ինչ ասաց ամբողջ դասարանի առաջ: Մեկը կա ասաց, եթե հրամայի՝ պատուհանից կանցնեմ դուրս և երրորդ հարկի քիվի վրայով աչքերս փակ շենքի մի ծայրից կգնամ մինչև մյուս ծայրը։   Այս ու այն կողմից հարցրին՝ ո՞վ է այդ մեկը: Իսկ նա ասաց՝ Էսմիրան: Պատկերացնու՞մ եք:Սոնան մեռած էր ու թաղած չէր։ Իսկ մինչ այդ,  դրանից մի քանի րոպե առաջ, գիտե՞ք ինչ էր ասում՝   եթե նա առաջինն է, ասում էր, ում մասին մտածում ես, երբ արթնանում ես, միակը, երբ սթափ ես, և վեջինը,  ում մասին դու մտածում ես  քնելուց առաջ՝  դա արդեն սեր է։ Զաուրի խոսքից հետո գույնը գցել էր։ Պատի գույն։ - Էսմիրան ժպտաց,  գերպայծառ հայացքով կկոցուն նայեց ինձ:  - Ի՞նչ եք կարծում,- քիչ անց ասաց նա,- արժե՞, որ ես Զաուրին ներեմ:
- Իհարկե,- արագ ու հաստատուն ասացի ես:
- Ոչ, չեմ ների,- շեշտակի և ուրախ նայելով ինձ վճռական ասաց Էսմիրան, մի փոքր մտածեց, ավելացրեց,- թող ներողություն խնդրի:
Հուզիչ էր նրա բարյացակամ անկեղծությունն ու միամիտ անաղարտությունը:
- Կխնդրի, ի՞նչ պիտի անի,- ասացի ես ժպտալով:
- Ես էլ եմ այդպես կարծում,- ակնհայտ գոհունակությամբ ժպտաց Էսմիրան:- Ես մտածում եմ, որ ներելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես ներում։ Ինչպես նաև  նսեմացնելով  ուրիշներին՝  ինքդ քեզ ես նսեմացնում, հարգելով ու օգնելով ուրիշներին՝  ինքդ քեզ ես հարգում ու  օգնում, պաշտպանելով ուրիշներին՝  ինքդ քեզ ես պաշտպանում։  Եվ  այդ ամենի համար  անկախ քեզանից,   ինքդ քո աչին   բարձրանում  ես ու  միանգամայն այլ ձևով ես  զգում  քեզ։ Ադպես է,  չէ՞,-  հարցրեց ու,  առանց պատասխան սպասելու,  ավելացրեց,- ինձ դուր է գալիս այստեղ, ոնց որ անտառում լինես. թռչունների ծլվլոց, սկյուռիկի վազք, երաժշտություն: Ռոք երաժշտությունը շատ է հոգեհարազատ ինձ, էթնիկ, ժողովրդական երաժշտություն ևս շատ եմ սիրում։ Գիտե՞ք ժողովրդական ինչ երգ եմ ես շատ սիրում՝  «Քյուչալարա սու սափմըշամ՝ յար գյալանդա թոզ օլմասըն, յար գյալանդա թոզ օլմասըն»* ,- կամացուկ երգեց նա:- Շատ լավ երգ է, չէ՞։ Սիրո մասին է, ճիշտ է, բայց խորը թախիծ, տխրություն կա մեջը։ Սիրտդ տակնուվրա է անում, հասկանում ես, որ նրա աչքը ճամփին է, շարունակ սպասում է, բայց սիրածը չկա և հույս էլ չկա, թե գալու է։  Այսպիսի համեղ պաղպաղակ ես ոչ մի տեղ չեմ կերել,- հանկարծակի փոխելով թեման, ասաց նա:
- Հաճելի է լսել,- ասացի ես:
Էսմիրան նայեց ինձ մշուշոտ հայացքով, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երևի փոխեց միտքը, լռեց:
- Տեսե՞լ ես ինչ բուրմունք է,- չհամբերեց, ձգվեց, վիզը երկարեց դեպի Ռենան:
- Ախ, ախ, ախ, - խնդումնասիրտ գլուխն օրորեց Ռենան:
- Օխ, օխ, օխ,- կոտրատվեց Էսմիրան չափազանցված զվարճությամբ։ - «Շանել  5»: Մամայի օծանելիքն է, մի քիչ փչեցի վրաս: Գժվում եմ դրա բուրմունքից,- նա թեթևակի մի հառաչ արձակեց, թեքվեց դեպի ինձ, պարանոցը մոտեցրեց դեմքիս՝ ցփնելով ինձ իր զմայլեցուցիչ  բույրերով,- հոտ քաշեք,- թույլատրեց նա: - Լավն է, չէ՞:
Օդն անգամ աղջկական անուշահոտություն էր բուրում։
- Աննման,- ասացի ես:
________________ 
* «Քյուչալարա սու սափմըշամ՝ յար գյալանդա թոզ օլմասըն, յար գյալանդա թոզ օլմասըն» (ադրբ. ժող. երգ).- Փողոցներում ջուր եմ ցանել, յարս գալիս՝ թոզ չլինի, յարս գալիս՝ թոզ չլինի:

- Գիտե՞ք ինչ ,- պաղպաղակն ուտելով ասաց Էսմիրան,- տարօրինակ բան, երբ երջանիկ ես, լաց լինել ես ուզում, բայց, երբ տխուր ես, չես ուզում ծիծաղել… Դրա համար էլ, կարծում եմ, ավելի լավ է երջանիկ լինել։ Ու ոչ ոքի չնախանձել։ Ամենածանր բանը նախանձկոտ մարդու համար գիտե՞ք որն է. այն , որ նրան ոչ ոք չի նախանձում։ Մեր դասարանի բոլոր աղջիկներն ինձ նախանձում են,- նա մի երկու վայրկյան դադար տվեց, հետո ասաց,-ես ընդհանրապես կարծում եմ, որ տղաներն ավելի  կայուն ու հուսալի  ընկերներ են լինում, քան աղջիկները: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե ինչու են նախանձում: Ինչ հագնում եմ՝ լավ, վատ՝ նախանձում են, ուրախ ժամանակ տխուր ձևանամ, կամ տխուր ժամանակ՝ ուրախ, նախանձում են, տասերորդ դասարանի տղաներն ինձ նայում են կամ նամակ են գրում, կամ էլ, ասենք, պայուսակս վերցրած՝ ուղեկցում են,  էլի նախանձում են: Փորձի համար՝ մազերս կտրեմ, համոզված եմ, իրենք էլ կկտրեն։ Չգիտեմ ինչ անեմ,- իբր շատ մտահոգ՝ ուսերը թոթվեց նա: - Էհ, գիտե՞ք ինչ եմ մտածում,- ուրախ ավելացրեց,- ում չեն  նախանձում, ուրեմն նա իրենից բան չի ներկայացնում: Թող նախանձեն, ավելի լավ է ինձ նախանձեն, քան ես նրանց, չէ՞...-նա դարձյալ քիչ դադար տվեց, ասաց.- ես բժշկական երբեք  չեմ ուզենա՝ «Վարակիչ հիվանդությունների և նրանց հետ շփվող անձանց մեկուսացման ժամկետները», «Արյան համակարգի  հիվանդություններ», «Կանխարգելիչ պատվաստումների օրացույց» - Ռենայի գրքերը որ նայում եմ՝ սիրտս խառնում է: Դպրոցն ավարտեմ՝ կընդունվեմ կոսմետոլոգիայի և գեղեցկության ինստիտուտ: Իմացել եմ՝ Լենինգրադում այդպիսի ինստիտուտ կա, հենց այդ ինստիտուտն էլ կընդունվեմ,- եզրափակեց Էսմիրան և անսպասելի ավելացրեց,- ես բանաստեղծություններ եմ գրում:
-Ոչ թե բանաստեղծություններ, այլ ոտանավորներ,- խեթեց Ռենան:
- Ի՞նչ տարբերություն,- գլուխը շրջելով քրոջ կողմը՝ ասաց Էսմիրան, սիրուն քթիկը կնճռոտելով:
-  Տարբերությունը չես հասկանում, դրա համար էլ ոտանավորներ ես գրում,- ժպտաց Ռենան:
- Դուք կարծում եք մենակ դպրոցու՞մ են ինձ նախանձում՝  տեսնու՞մ եք:
Այս անգամ բոլորս ծիծաղեցինք, և Էսմիրան էլ, իհարկե, մեզ հետ:
         Նույն ծառուղով  զրուցելով  քայլեցինք մինչև կանգառ, և Էսմիրան դարձյալ առջևից էր գնում՝ անհոգ ու թեթևաքայլ, գոտկատեղից աջ ու ձախ թեթևակի կոտրտվելով:
          Կանգնեցրի պատահած առաջին տաքսին:
- Մենք տրոլեյբուսով կգնանք,-փորձեց առարկել Իրադան,- ութերորդ համարն ուղիղ Լենինի  պալատ է գնում:
- Էսմիրային պատի՞վ է բերում տրոլեյբուսով համերգ գնալը:
- Կարծում եմ՝ ոչ,- հաստատեց Էսմիրան:
- Վերջ ի վերջո, ի՞նչ կասի հակառակորդ կողմը,- ժպտացի ես:
- Նրանք այդքան հեռուն չեն մտածում,- ծիծաղեց  Էսմիրան, նստեց մեքենայի առաջնամասում, վարորդի մոտ, նստեց հանդիսավորությամբ, իսկ մինչ այդ, մինչ կնստեր, դարձյալ մեկնեց  ձեռքը և, կկոցուն աչուկներով նայելով ինձ, ասաց.
- Ես ձեզանից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ:
Ռենան ու Իրադան անկարող եղան զսպելու իրենց ծիծաղը:
- Ես ցանկանում եմ, որպեսզի դու ոչ-ոքի չնախանձես կյանքում,- ժպտալով ասացի ես Էսմիրային: - Որովհետև նախանձը երջանիկների թշնամին է: Եվ համոզված եմ նաև, որ երբեք առիթ չես ունենա նախանձելու որևէ մեկին:
- Ես էլ եմ այդպես կարծում,- ասաց Էսմիրան  սիրագորով քնքշությամբ և, ի նշան հրաժեշտի, խաղացրեց նազուկ մատիկները:
Երեկոյան ուշ Ռենան զանգեց ինձ, պատմեց համերգից ստացած տպավորությունների մասին, ոչ չարությամբ, իհարկե, գանգատվեց Էսմիրայի չարաճճիություններից և վերջում, համարյա շշուկով, ավելացրեց.- «Մերոնց շատ դուր ես եկել։ Էսմիրան շարունակ քեզնից էր խոսում, իսկ Իրադան ասաց, որ տղամարդկային արտակարգ հմայք կա քո մեջ...Համեմատությունների հիվանդ իմ քույրիկը գիտե՞ս քեզ ում հետ էր համեմատում»:
-Գիտեմ։
-Ո՞ւմ ,-քաղցր կարկաչեց Ռենան։
-Քվազիմոդոյի։
Նա դարձյալ ծիծաղեց, ասաց.
-Քեզ չե՞մ ասել, որ դու Քվազիմոդոյից ահագին սիրուն ես։
-Ասել ես։ Ուրախ եմ, որ հիշեցրիր։ Ուրեմն՝ Չելենտանոյի։
-Ո-ոչ, -կրկին անգամ ծիծաղեց Ռենան։-Դու Չելենտանոյից էլ սիրուն ես… Ոչ մի տեղ՝ ոչ ինստիտուտում, ոչ որևէ տեղ, չկա մեկը, որի հետ կարողանայի համեմատել քեզ. դու տղամարդու կատարելատիպն ես ինձ համար, մի՞թե  չես հասկանում։
-Դե լավ, ասա, ո՞ւմ հետ էր համեմատում։
-Բրէդ Փիթթի։
Ես ժպտացի. նա՝  Անջելինա Ջոլի, ես՝ Բրէդ Փիթթ։ Հաճելի համեմատություն էր։
- Հայտնիր նրանց իմ շնորհակալությունը:
- Չեմ հայտնի,-նորից ծիծաղեց Ռենան և բարի գիշեր մաղթեց ինձ, չմոռանալով, իհարկե, իր հայերենը՝ « Ցավեդ տանեմ»:


Բացօդյա սրճարան մենք հաջորդ օրն էլ գնացինք: Այս անգամ  Ալինայի ու Լորաննայի   հետ: Ալինան  ավարտել էր նախկին գլխավորի  հուշագրության մեքենագրությունը, և դա անհրաժեշտ էր նշել:
- Այդ ծանր բեռից ազատվեցի՝ դա  պետք է նշել,- ասաց Ալինան: - Չեմ հավատում, թե դրա զզվելի մռութն այլևս չեմ տեսնելու:  Վերջին օրը, փոխանակ շնորհակալություն հայտնելու, որ այդ ցանցառություններն առանց մի կոպեկի մեքենագրել եմ, ասաց. «Տառասխալներ ես թույլ տվել, մեր մեքենագրուհիներից մեկին յոթ տարով  աքսորեցին Սիբիր, մյուսին՝ հինգ տարով: Եվ այդ ամենը մի-մի տառասխալի համար»:
- Չասա՞ց ինչ տառասխալներ էին,-  հետաքրքրվեց Լորաննան:
- Ասաց: «Պոլկովոդեց» բառի փոխարեն մեքենագրել էր «Վոլկովոդեց»:  Ստալինին վերաբերող տեքստում: Դա ռուսական հաղորդումների խմբագրության մեքենագրուհու մասին էր, իսկ հայկականն էլ  մեքենագրել էր. «Սոցիալիստական աշխատանքի հերոս Բաստի Բագիրովան պլանային վաթսուն կիլոգրամի դիմաց, երեք հարյուրից-չորս հարյուր կիլոգրամ բամբակ է  քաղում»: «Քաղում»  բառում «ղ»-ի փոխարեն ուրիշ տառ էր տպել: Սրան էլ՝ հինգ տարի: Պատկերացնու՞մ եք, մի տառի համար: Իմ հարցին, թե օրգաններին ո՞վ հայտնեց այդ տառասխալների մասին, առանց ամոթի ասաց՝ ես: Պատկերացնու՞մ եք: Ասում է՝ չնայած տարբեր ժամանակ, բայց երկու դեպքն էլ իմ հերթապահության ժամանակ է եղել, իրավունք չունեի չհաղորդելու, դիտմամբ էին արել: Որ ասեմ էլ ինչ ասաց՝ կշշմեք:
- Նրանից ամեն ինչ սպասելի է,- ասաց Լորաննան: - Ի՞նչ է ասել:
- Ասում է՝ դիմել եմ քաղսովետ, որպեսզի հայկական եկեղեցու զանգը հանեն, ինձ խանգարում է:
- Եվ այդպիսի մարդուն բարևում ենք,- ասաց Լորաննան վշտագին տեսքով,- աթոռ ենք առաջարկում, հարգում ենք ծերությունը:

Комментариев нет:

Отправить комментарий