четверг, 2 февраля 2012 г.

►►►

Նա չպատասխանեց, կրծքով ճեղքելով բարձր կռատուկները, ես լուռ գնացի նրա ետևից, ինչ-որ տեղ, երևի հաճարկենիների ամենաբարձր կատարներին, արևի թեք շողերի մեջ անուշաձայն ղունղունում էին աղունիկները, մի փոքրիկ բացատում, որի վրա հուրհրատում էր արևը,  իսկ բացատն էլ ասես ծաղկավոր սավան լիներ՝  անթիվ, անհաշիվ ծաղիկներով, կանգ  առանք:   Թփուտների երկար շարքերի տակ խոխոջում էր խոտերով ու տերևներով կաշկանդված աղբյուրը,  ջրափոսի խորքից մանրիկ չոր տերևները շրջապտույտ էին կատարում՝  անդադար իջնում ու կրկին ելնում էին: Աղբյուրի մոտ, ծառերի ճյուղերի արանքից, անհատնում լույս էր հորդում:
Հայրիկը, հայացքը գետնին, լարված ինչ-որ բան էր փնտրում և տեսքից երևում էր՝ գտնել չէր  կարողանում:  Հետո նստեց, ձեռքով տփտփում էր գետինը, ետ ետ տանում ծաղիկները, որ սփռված էին  չորս բոլորը, սոթ տալով առաջ՝ որոնում էր ու  գլուխն օրորելով ու անարցունք, խեղդված լաց լինելով  ասում՝ Մհերիկ,  Մհերիկ,  պապան ցավդ տանի, Մհերիկ,  պապադ մեռներ՝  քո մեռնելը չտեսներ, քոռանար՝  աչքը չտեսներ,  ձեռքը կոտրեր՝  չբարձրանար…
- Հայրիկ, ի՞նչ ես փնտրում,-անհանգիստ   հարցրի ես:
Նա ասես սթափվեց, շվար  հայացքով նայեց ինձ, հետո ասաց.
- Էստեղ էր, հիմի չեմ գտնում, ծաղիկների մեջ կորել է… Թե՞ տեղն եմ կորցրել՝ չեմ հասկանում…
Շուրջը, իրոք, փարթամ ծաղիկներ էին՝ խատուտիկ ու վարդակակաչ, դեղին հիրիկ, կուժկոտրուկ ու կարմրավառ մեխակ, հոտավետ ասպիրակ ու մեղրուկ, երեքնուկ ու հափրուկ, շողավարդ ու զանգագածաղիկ, փնջերով աճած վայրի վարդ ու մանուշակ: Երկարուկ  ցողուններին ճոճվում էին  մազմզոտ  բոռերը,  իսկ   ծաղիկների վրա պտտվող մեղուների խուլ գվվոցը բռնել էր շրջակայքը:
- Քո  հորեղբայրն էստեղ է թաղված,-  միանգամից  ասաց Հայրիկը, և  նրա դեմքը լարվեց, ձգվեց:  Արցունքը լճացավ  աչքերում: - Եկա տեսնեմ գերեզմանը ու քեզ էլ ցույց տամ, որ մեզանից հետո գոնե մեկն ու մեկը հիշի երեխիս, ես գուցե վերջին  անգամ է, էլ չկարողանամ գալ, պառավել եմ: Բայց տեսնու՞մ ես, ոնց որ թե կորցրել եմ տեղը…Քարեր կային դրված,  չկան…
 Ես սառսռած նայում էի, առանց որևէ բան հասկանալու. բայց չէ՞ որ իմ հորեղբայրը  ռազմաճակատում անհետ կորել է, հայրս շատ անգամ է պատմել այդ մասին:  Ասես կռահելով իմ մտքերը, նա ծանր հոգոցով ասաց.
- Է՜, ոչ ոք չգիտի, ոչ  ոք,  էսքան տարի էստեղ պահել եմ,- նա  չորչորուկ ձեռքը դրեց կրծքին, լռեց, հետո ասաց,- կրակն ընկած ներսս՝  էսքան տարի էրում, փթոթում, խորովում է, բայց  ոչ ոքի չեմ  պատմել…Էս ծմակներում երգող  հավքերին լաց լինելով պատմել եմ, ծառերին, մամռոտ քարերին, ջրերին պատմել եմ, բայց մարդու՝ չէ, չեմ պատմել…
Հայրիկը երկար ժամանակ լուռ էր, խորասուզված մտքերի մեջ: Վերջապես խոսեց.
         -Կամավոր գնաց ռազմաճակատ, տարիքը չէր բռնում, բայց գնաց... Ինչ-որ տեղ, Հյուսիսային Կովկասում թե որտեղ, ռմբակոծության ժամանակ գնացքից ետ է մնում, ասում են, դիտմամբ ես ետ մնացել, չեն հավատում, որ դիտմամբ չի արել, դիտմամբ անողը զոռով ճակատ չէր գնա, իրենցն ասում են, քոնը չեն լսում: Կալանում են, ծեծում, սպառնում են գնդակահարել: Մի խոսքով, փախչում է  էդտեղից, Դաղստանի սարերով,  ցերեկները թաքնվելով, գիշերները ճամփա ընկնելով, սոված, ծարավ, հասնում է էստեղ: - Հայրիկը նորից լռեց, նրա հոգին ալեկոծվում էր, ես դա հասկանում էի: Ծանր էր շնչում: -  Էս  կողմերում տավար էի պահում, ձին նստած եկա՝  աղբյուրից ջուր խմելու, երևի հետևելիս է եղել,   դուրս եկավ շամբուտից, երեսի մազը լրիվ եկած, շեկ միրուքով, նիհարած, պատառոտված շորերով,  ոտնամանների տակը պոկված… Շիմշաթ  սիրուն երեխաս՝ ոնց որ մուրացկան։  Սկզբում չճանաչեցի, իսկ որ ճանաչեցի՝ ոտքերս  տակիս  թուլացան:  Քոռանա՜մ ես... Ասաց՝ պապա,   երկու  օր ոչինչ չեմ կերել… Ծմակներում,  ասաց,  ծառերի վրա,  տերևների արանքում  հատուկենտ միրգ էր լինում,   մկան բներում ճուղուպուր,  հաճարկ ու  տկողեն էի  գտնում,   գյուղարանքի մոտերքում,   հանդերում թաքուն կարտոֆիլ էի հանում,  հում ուտում,  մի կերպ դիմացել եմ, հասել էստեղ,  բայց էս վերջին երկու օրը ուտելու համարյա  ոչինչ չկար…Գիշերը ետ եկա, հաց ու շոր բերեցի: Խնդրում, համոզում էի գնալ ու հանձնվել իշխանությանը: Չէ ու չէ, չէր հավատում նրանց, չէր  համաձայնում:   Ես իմ ոտքով  չեմ  գնա նրանց մոտ,  ասում էր,  եթե մեր ընտանիքին վտանգ է սպասում,  ոտքիս կրակիր,  տար հանձնիր,  ինքս չեմ գնա,  դու չգիտես նրանց…  Շրջանից սկսեցին մարդիկ գալ, տղադ բանակից փախել է, ասացին, կարող է էս կողմերում է, պետք է հանձնվի: Եթե հանձնվի, կուղարկենք  տուգանային գումարտակ, թե չէ՝ բռնեցինք, տեղն ու տեղը  գնդակահարելու ենք: Նրանց մեծը՝ էնկեվեդեից, Սևումով էր ազգանունը, գալիֆեով,  բոյը կարճ չար մարդ էր, նագանը կատաղած  թափ տալով Էդպես էլ ասում էր՝ որ բռնեցինք, աչքիդ առաջ գնդակահարելու ենք, քեզ էլ, ասաց, տնով-տեղով, որպես դեզերտիրի ընտանիք, քշելու ենք Սիբիր: Էդպիսի դեպք եղել էր, Հաթերք գյուղից երկու ընտանիք տարել էին… Գյուղի ակտիվիստների հետ փնտրեցին անտառներում, բայց գտնել  չկարողացան: Ասացին էրկու օր հետո էլի են գալու… Շատ մտածեցի  ու իմ կարճ խելքով որոշեցի  կրակել ոտքին ու էդ ձևով հանձնել: Թող ուղարկեն տուգանային, մտածում էի, միայն թե ողջ մնա, չկորցնեմ որդուս ու մեզ էլ սաղ ընտանիքով Սիբիր չքշեն: Խելքս էդքանը կտրեց։- Հայրիկը շունչ քաշեց, միանգամից ասաց,- Ինքն էստեղ, ծառերի հետևում,   աղբյուրի մոտ կանգնած էր, մոսեննի  թվանքով հեռվից  աչքերս արուն կալած  կրակեցի, բայց էդ րոպեին ոնց ստացվեց՝ մի աչքաճպելում նա թեքվել էր գետնին, թե ինչ՝  գնդակը ուրիշ տեղի կպավ… Հասա, ձեռքս կոտրվեր, գույնը գցած, շաղված աչքերով, ասես մի տեսակ ինձ հույս  տալու  ժպիտով՝     ձեռքը սեղմած կրծքին,  գետնին ընկած նայում էր,  ինչ որ բան էր ուզում ասել, ասաց՝  մաման,  երկու անգամ ասաց՝  մաման,   ու էդ էր,  լեզուն կապվեց,  էլ  չկարաց  խոսել, ինչ էր ուզում ասել երեխաս՝   չիմացա,  խոսքն էդպես էլ  մնաց սրտում,  մենակ նայում էր, երևի ինքն էլ ոչինչ չհասկանալով,  մատներս ափի մեջ  երկու անգամ թույլ սեղմեց.  հրաժեշտ էր տալիս երևի… Քանի տարի է, գիշեր թե ցերեկ՝  աչքիս առաջ… Սխալվելու համար, տես,   մի րոպեն էլ բավական է,  ափսոսալու ու հավետ տանջվելու  համար  ամբողջ կյանքն էլ քիչ  է... Մարդ գիշերներն անքուն  երկար հիշում է  այն,  ինչ ամենից շատ կուզենար մոռանալ…   Ժամանակի ընթացքում ամեն ինչ գուցե թե կարելի է մոռանալ,  բայց դե, զավակի կորուստը՝  չէ,  զավակի կորուստը  մինչև մահ-գերեզման մոռանալ չի լինի,  դադարգյուն եղած  երեխաս միշտ աչքիս  առաջ՝ սիրտս կտոր-կտոր անելով   էդպես խեղճ-խեղճ նայում է…
Հայրիկը լուռ էր, երկար ժամանակ լուռ էր, այնուհետև մի տեսակ խզված ձայնով ասաց.
-Հետո էլի եկան, նեղություն շատ տվին, գյուղի շուրջը  ծմակներն ընկած, սար ու ձոր ընկած  որոնեցին, բայց ում որոնեին, երեխաս չկար արդեն, ես նրան զոհ էի տվել ։Էդպես է ստացվում։ Մի տարի անց ձեռք քաշեցին, էլ չեկան։ Է՜, ես Ղազարահողից իզուր տեղափոխվեցի Չլդրան, շա՜տ իզուր։ Իմ ախպերք՝ Ջալալը, Ակուփը, Մուխանը, քուրս՝ Զառին, բոլորն էնտեղ էին՝ տնավորված, երեխոցով։ Ես ինչու՞ եկա, ի՞նչ առաջ գցեցի, գդալ ու շերեփ շինելով, եղան ու թի շինելով, տաշտ ու տաշտակ շինելով ու էդ ամենը գիշերները ներքևի թուրքերում կորեկի ու գարու հետ փոխանակելով, շան քթից ջուր խմելով երեխա մեծացրի ու մեկ-մեկ կորցրի։ Էս անարդար աշխարհում իմ արդար երեխոցս մեկ-մեկ կորցրի, անտեղի տեղը բոլորին կորցրի… Հարազատներիս մեջ, չէ, չէի կորցնի երեխոցս։ Ես ծառերի վրա գրելով եմ տառերը սովորել, ուզում էի, որ երեխեքս անուսում չմնան, կրթություն ստանան, Ղազարահողում դպրոց չկար, էստեղ՝ կար… Կորցրածս շատ եղավ, գտածս՝ զերո…
Արցունքները գլորվում էին Հայրիկի այտերի վրայով: Հետո հառաչեց, ասաց.
- Էդպես եղավ... Է՜, ուրիշ ժամանակներ էին, ուրիշ աշխարհ: Ու՞մ պատմես և ի՞նչ պատմես, ի՞նչ կարող ես փոխել՝ ոչ մի բան…
Որոշ ժամանակ լուռ նստած էինք: Հայրիկը, ձեռքերով գետնին հենվելով, բարձրացավ տեղից, ցրված հայացքով նայեց շուրջը: «Չեմ գտնում,  երեխաս խառնվել է խոտ ու ծաղկին, խոտ ու ծաղիկ դառել»,- ասաց և նույն խոտածածկ արահետով ծանր քայլեց դեպի տնատեղերը:
 Արևը վերստին   հուրհրատում,  այրում էր,  այս ու այնտեղ քաղցր դայլայլում էին թռչունները, անդադրում երգում էր ճիճին։
Հասանք նույն  տեղը,    ուր   հաց էինք կերել։ Երկար ժամանակ լուռ նստած էինք, հետո Հայրիկը պառկեց գետնին, խոտերի վրա՝  դեմքով դեպի իրենց տնատեղերը: Այդպես շատ երկար մնացինք: Մոտիկ տեղ տանձի ծառ կար, լսվում էր՝ տանձը շարունակ կաթուկ էր տալիս: Տապից երերում էր օդը: Ճիճիները  դարձյալ  ճտճտացնում էին անդադար: Քիչ այն կողմ, նարնջագույն հատապտուղներով մասրենու թփերում, կլկլացնում հա կլկլացնում էր կեռնեխը:  Չգիտեի՝ քնա՞ծ է Հայրիկը, թե մտածում է: Չէի համարձակվում ելնել ու նայել նրան: Բայց երևի քնած չէր, որովհետև կողքի ծաղիկներին ոտքերը ծաղկաթաթախ դեղնակարմրավուն մեղրաճանճեր էին նստում, միալար գվվում, և նրա հարցն էլ այդ մեղրաճանճերի մասին եղավ: Ուրեմն քնած չէր: Մտածում էր:
- Մեղուն գիտե՞ս ինչքան է ապրում,- երկար, շատ երկար լռությունից հետո հարցրեց Հայրիկը ու ինքն էլ  պատասխանեց առանց ետ շրջվելու:- Երկու հարյուր քառասուն օր, այսինքս՝ ութ ամիս: Ութ ամսից հետո նա արդեն ծեր է, դուրս է գալիս փեթակից, թևերը հազիվ բացած  ընկնում է խոտերի մեջ, որ չխանգարի ուրիշներին. գեղեցիկ ապրում է իր գեղեցիկ աշխարհում ու գեղեցիկ էլ մեռնում է, ասես ոչ թե մեղու է, այլ իսկական մարդ:
Բավականին ուշ էր, երբ Հայրիկի հետ գյուղ հասանք: Ծառերի  ստվերները երկարել, կոտորակվելով օրորվում էին ձորալանջերին։ Մեր ստվերները նույնպես, մերթ մեծանալով, մերթ փոքրանալով՝ մեզ հետ գալիս էին գյուղ։ Սարերից արդեն ոտքով էինք իջնում։ Երկու մեծ խուրջին ընկույզ ու կուլենի տանձ էինք հավաքել, գցել ձիու վրա, ես առջևից էի քայլում՝ ձիու կապը բռնած, հայրիկը՝ իր ծերունական գայթուն քայլվածքով՝ հետևից։ Գյուղավերևում, աղբյուրի մոտ, միանգամայն անսպասելի, տեսա Լյուդմիլա Առաքելյանին, որին ես վաղուց սիրում էի թաքուն։ Սիրտս անհանգիստ սկսեց բաբախել։ Նա գիտեր, որ ես շուտով մեկնելու եմ Սումգայիթ։ Կուժն ուսին, թախծանուշ աչքերով երկար նայում էր։ Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես այլևս չեմ տեսնելու նրան, աչքերս լցվեցին։ Եվ որպեսզի Լյուդիկը չտեսներ արցունքներս, ես շրջվեցի,  նայեցի ետ. Կըղնախաչի միգապած սարերը ողողված էին մայր մտնող արևի ոսկեփայլով:


         Մեքենայի երկար ազդանշաններից հասկացա, որ Ռոբերտն ու Արաքսյան վերադարձել են  Յալամայից և ինձ են կանչում:
- Ախպերո, էս որտե՞ղ ես,- ուրախ ու ինչպես միշտ շարժուն ու գործունյա, ժպտաց Ռոբերտը, թևքերը քշտած նայելով ինձ: - Մի տես ինչ ձուկ ենք բերել:
Հսկայամեծ սևրուգան ընկած էր տերևների վրա և բացուխուփում էր բերանը՝ ճիգով օդ որսալով:
Ձայնի վրա Ռենան դուրս եկավ Ալվարդի սենյակից և պատշգամբում կանգնած, ասես, մի տեսակ չհամարձակվելով  ու կարծես թե ամաչելով, նայեց ինձ, ժպտաց:
Ես մի պահ նայեցի նրան՝ անկարող թաքցնելու հիացմունքս նրա ճառագուն տեսքից:
- Դուք նախաճաշեք, գնացեք ծով, ես ձուկը կմաքրեմ, բաստուրմա կդնեմ, ծովից կգաք, կխորովենք,- խորհուրդ տվեց Արաքսյան և գնաց նախաճաշ պատրաստելու:
- Ես կօգնեմ ձեզ,- պատրաստակամ ասաց Ռենան և գնաց նրա ետևից:
Նաբրանից դուրս եկանք, երբ հովն ընկել էր արդեն և տեղ հասանք երեկոյան դեմ: Խաղաղ Նաբրանից հետո քաղաքը գվվացող վիթխարի մեղվափեթակ էր հիշեցնում:

Սեպտեմբերի մեկին Էսմիրան զանգեց ինձ: Հարյուրավոր ձայների մեջ անգամ անհնարին է չճանաչել  նրա  անուշիկ ձայնը:
- Գիտե՞ք ինչի եմ զանգել,- հարցրեց նա:
- Եթե չասես՝ երբեք չեմ իմանա,- կատակեցի ես:
Նա ծիծաղեց, ասաց.
- Որպեսզի շնորհակալություն հայտնեմ:
- Իսկ ո՞վ է խանգարում,- նույն կատակախառն տոնով շարունակեցի ես: - Կարո՞ղ է Զաուրը:
- Չէէ՜- կարկաչուն ծիծաղեց: - Ոչ ոք, ուզում էի ասել... շնորհակալություն «Շանելի» համար: Ես դա կյանքում չեմ մոռանա:
- Ես բոլոր տոներին քեզ համար «Շանել» կառնեմ, եթե քեզ այդքան դուր է գալիս այդ օծանելիքը: Դա ի՞նչ աղմուկ է այդտեղ:
- Դպրոցից եմ զանգում, դասամիջոց է:
- Ուզու՞մ  ես քեզ մի անեկդոտ պատմեմ:
- Պատմեք:
-Դե, լսիր: Ութանասուն տարեկան  մի ծեր ղարաբաղցի    քաղաքում  մտնում է խանութ, գործակատարին ասում՝ երկու կոստյում տուր։ Գործակատարն ասում է՝ ութանասուն տարեկան մարդ ես, երկու կոստյումն ի՞նչ ես անում,  մեկն էլ որ կարողանաս  մաշել՝ լավ է։ Չէ, ասում է, մեկն ինձ համար է, մեկը՝ հորս։ Գործակատարն ասում  է՝ եթե դու ութանասուն տարեկան ես ,ուրեմն, հերդ էլ կլինի հարյուր- հարյուրհինգ  տարեկան,   ճի՞շտ է։ Ճիշտ է, ասում է   ղարաբաղցին։  Չհասկացա՝ այդ  տարիքում կոստյումը նրա ինչի՞ն է պետք,  հարցնում է գործակատարը։  Հորս հերը, բացատրում է այս մարդը,  իմ պապն այսինքն,  պսակվում է, ուզում ենք   նրա հարսանիքին  լավ տեսքով լինենք։  Ծիծաղից գործակատարի ուշքը քիչ է մնում  գնա։ Լսիր, ասում է, եթե դու ութանասուն տարեկան ես, հերդ՝  հարյուր- հարյուրհինգ,  ուրեմն պապդ կլինի մոտ հարյուր երեսունհինգ տարեկան։ Եվ նա   այդ տարիքում պսակվե՞լ է ուզում։ Չէ, պատասխանում է մեր էս ղարաբաղցին, ինքը չի ուզում, ծնողներն են ստիպում։  
Էսմիրան քրքջաց, ասաց.
- Բա     դրանց  ծնողնե՞րը քանի տարեկան են:
- Երևի մի հարյուրվաթսուն:
- Չէ հա, մարդ այդքան ապրու՞մ է որ:
- Ինչու՞ չի ապրում: Ադամը իննհարյուր երեսուն տարի ապրեց:
- Հնարում եք,- ծիծաղեց Էսմիրան:
- Իսկ գիտե՞ս ինչքան է ապրել Նոյը:
- Ինչքա՞ն:
- Վեց հարյուր տարի մինչև ջրհեղեղը, որը տևեց ուղիղ հարյուր հիսուն օր, և երեքհարյուր հիսուն տարի՝ ջրհեղեղից հետո:
- Չէ հա,- նորից  ծիծաղեց Էսմիրան: - Չի կարող պատահել: Ես երբեք չեմ հավատա։
-Հրեաների նախահայրերից Մաթուսաղան, Էսմիրա, իննհարյուր վաթսունինն տարի ապրել է, վեց հարյուր տարեկանում նա այնքան առույգ,  կենսախինդ ու հմայիչ էր, որ Հրեաստանի աղջիկներն առաջին հայացքից սիրահարվում էին, և ոչ ոք երեք հարյուր հիսունից ավել տարիք չէր տալիս նրան։
-Օ՜յ, օ՜յ, օ՜յ,- չգիտես զարմանքով, թե սրտաբուխ հրճվանքով ծիծաղեց Էսմիրան, և ես մի պահ պատկերացրի նրան՝ կիսաբաց հրաբոսոր  շուրթիկներով, միահավասար ատամների արտակարգ ճերմակությամբ ու ծիծաղկուն աչքերի շողշողուն փայլով՝ գլուխն օրորելիս։- Չէ հա, սիրահարվում էին… Հնարում եք, հնարում եք, հնարում եք,- դարձյալ ծիծաղեց նա։- Չեմ հավատա, երբեք չեմ հավատա, մենք այդպիսի բան չենք անցել դպրոցում, բայց կստուգեմ, անպայման կստուգեմ: Իսկ դուք գիտե՞ք այս անեկդոտը. հայկական ռադիոյին հարց են տալիս. ''Դա ճի՞շտ է, որ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը մարդ ու կին են''։  Հայկական ռադիոն պատասխանում է. ''Ոչ,  դրանք չորս տարբեր մարդիկ են''։- Էսմիրան կրկին ծիծաղեց նույն սրտաբուխ հրճվանքով, ասաց.- Սպասեք մեկն էլ  պատմեմ… Բայց չէ, զանգը տվին, ափսոս: Դե լավ: Անչափ, անչափ, անչափ, անչափ շնորհակալ եմ,- նա դարձյալ կարկաչուն ծիծաղեց, կախեց հեռախոսը:
Ես երկար ժպտում էի՝ լցված ինչ-որ անհայտ, պայծառ ուրախությամբ:

  
Ռենայի հետ, ինչպես և առաջ, հանդիպում էինք շաբաթ օրերին,  մեքենայով շրջում էինք քաղաքում ու քաղաքից դուրս, այնտեղ, քաղաքից հեռու, Բինաղադիից այն կողմ, Նովխանիի ծովափ տանող ճանապարհին, ուր, համեմատաբար, մեքենաները քիչ էին, ճանապարհի երկու կողմերում նավթաշտարակների անկտիններն էին միայն վարուվերում՝  նավթ արտամղելով, ես Ռենային սովորեցնում էի մեքենա վարել,  երբեմն թենիս էինք խաղում «Դինամո»  սպորտընկերության բացօդյա  ցանցապատ խաղադաշտում կամ  հատուկ այցետոմսով փակ կինոնկարներ դիտում կառավարական շենքում: Ամենից անմոռացը նոր տարվա նախօրյակի երեկոն էր «Գյուլիստան» ռեստորանում:
 Անկրկնելի, անմոռանալի երեկո էր դա, ձյունառատ ու տաք երեկո։ Դրսում սպասում էինք՝ մինչև Ռոբերտը կգար։ Փետրաթեթև ձյուն էր տեղում անընդհատ։ Ձյան խոշոր փաթիլները հարյուր հազարավոր, միլիոնավոր ճերմակ թիթեռնիկների պես ճախրում, գալարվում էին օդում, ասես ալարելով՝ դանդաղորեն իջնում ցած։
Մեզնից քիչ հեռու, թեփուկատերև ձյունածածկ նոճիներից այն կողմ, ֆունիկուլյորն էր, թեք վերելքով ճռնչալով՝ դեպի Կիրովի զբոսայգի էր բարձրանում ձյան կապտաճերմակ թափանցիկ վարագույրով շղարշված լարավոր վագոնը։ Հեռվում, իրիկնային աղոտ երկնքում կարմրավուն կրակներով լուսավորված՝ միայնակ կանգնած էր հեռուստատեսային աշտարակը։
Ռենայի կիսամուշտակի տակից ես ձեռքերս մտցրել, գրկել էի նրա  հեշտանքավառ խաղացկուն իրանը, ես նրան ձգում, սեղմում էի ինձ, շնչելով նրա ողորկ պարանոցի անուշաբույրը, և սիրտս խլրտում, հոգիս ցնծում էր այդ տաքուկ մերձեցումից։ Նա գլուխը թեթևակի ետ էր գցած, ձյան լայնշի փաթիլները թևավոր աստղերի պես անդադար իջնում էին նրա լուսավոր դեմքին, Ռենան՝ հուզիչ ու մատղաշ,  դեռատի, ձեռնոցավոր ձեռքերը մտցրած մեկը մյուսի մորթավոր թևքը, քմահաճ աղջնակի նման հրճվալից ծիծաղում էր՝ լեզվի ծայրով որսալով այդ փաթիլները։
Նեոնային լույսերի մեջ՝ գոլորշի էր ելնում նրա անուշիկ բերանից, ես նրան ավելի ու ավելի էի սեղմում ինձ, շարունակ մրմնջալով. «Ցավդ տանեմ, ցավդ տանեմ, ցավդ տանեմ«, և աչքերս լցվում էին Ռենայի հանդեպ տածած անասելի մեծ սիրուց  ու իմ սրտի խորքից ելնող խանդաղատանքի արցունքով։
-Լեո,- ցածրիկ, մի տեսակ ասես զգուշավոր ձայնով շշնջաց Ռենան,- ամեն մի աղջիկ, կին՝ նշանակություն չունի, ուզում է իր կողքին տեսնել իսկական տղամարդու՝ ուժեղ, վճռական, բարի ու հասկացող, որպեսզի նրա հետ իրեն սիրված, ցանկալի ու պաշտպանված զգա։ Մարդուն մի սիրտ է տրված ու այդ սրտում մի տեղ՝ միայն մեկի համար, և ես չեմ սխալվել՝ ընտրելով ու սիրելով քեզ, երբ այդ մասին մտածում եմ, ինքս ինձ նախանձում եմ, և միակ բանը, որ այս աշխարհում կարող եմ անել, քեզ սիրելն ու պաշտելն է, սիրել և խոնարհվել քո առջև, որպես միակի, որին ես հենց այս պահին կարող եմ նվիրաբերել իմ ամբողջ կյանքը՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, առանց մի ակնթարթ անգամ տատանվելու։
Ես բարձրացրի հայացքս և խանտաղատանքի բուռն զգացումը, ինչպես քիչ առաջ համակեց ինձ. Ռենայի կապտակախարդիչ աչքերում նույնպես արցունք էր լճացել, որը շողշողում էր գույնզգույն լույսերից:
-Ռենա, Ռենա, իմ աննման Ռենա,- բերկրանքից ու հուզմունքից շնչասպառ՝ արտասավոր ուժգնությամբ բաբախող սրտով ասացի ես, սակայն շարունակել չհասցրի, Ռոբերտի ձայնն ընդհատեց ինձ.
-Ախպերո,- դուրս գալով մեքենայից, հեռվից ուրախաձայն բացականչեց Ռոբերտը։- Քեֆ անողին քեֆ չի պակսի, քեֆ ենք անելու,- ոգևորված ասաց նա։- Ձյունն ու ցուրտն ի զորու չեն խանգարելու մեզ՝  հասնելու մեր ազնիվ նպատակին։
Առաջին հարկում, հանդերձարանում, մենք հանվեցինք, բարձրացանք ռեստորան, ուր Ռոբերտը նախօրոք սեղան էր պատվիրել։ Ռոբերտը մենակ  չէր, իր ընկերոջ՝ Զարմիկի հետ էր: Ռոբերտի նման դյուրաշարժ ու գործունյա՝ Զարմիկը նույնպես առաջ կապի նախարարությունում էր աշխատում, բայց հետո թողել, դուրս էր եկել այնտեղից և հիմա գործն առևտրի հետ էր՝  միրգ ու բանջարեղեն էր առաքում Մոսկվա:
Հաստ ու թավ բեղերով՝ Զարմիկը բոլորովին նման չէր հայի, բնիկ նախիջևանցի էր և ադրբեջաներեն խոսում էր  նախիջևանցիների առոգանությամբ՝  Նախիջևանը արտաբերելով՝ Նախծվան:
«Ես Ագուլիսից եմ,- ասաց Զարմիկը:- Ագուլիսեցիները գիտե՞ք ինչով են հայտնի,- ծիծաղելով ասաց նա:- Պանիրը դնում ենք բանկայի մեջ, հացը քսում բանկային, ուտում»։
Իրենց սիրած աղջիկների՝ Լիայի և Սիմայի հետ էին նրանք երկուսն էլ: Լիային ես շատ էի տեսել, նա և Ռոբերտը վաղուց էին հանդիպում, իսկ Սիմային՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանից, ազգանունը նույնպես Մահմուդովա, սպիտակամաշկ ու գեղաչյա, տեսնում էի առաջին անգամ։ Երկրորդ հարկի ընդարձակ դահլիճում, որտեղից ամբողջ քաղաքը՝ իր առկայծող լույսերով,  մեր աչքի առաջ էր, մենք ամբողջ երեկոն  երգ ու նվագի տակ ինքնամոռաց պարում, անվերջ կատակում, անհոգ ծիծաղում էինք:
Զարմիկը հեքիաթատիպ անեկդոտ պատմեց. «Մի օր մի մարդ գետում ձուկ բռնելիս  հանկարծ արծաթե ձկնիկ է բռնում,- սկսեց նա։- Էս ձկնիկը մարդկային լեզու է առնում ու ասում. «Ախպեր ջան, ինձ բաց թող՝  մի ցանկությունդ կկատարեմ»: Էս մարդը հայրենասեր տղա է լինում ու արծաթե  ձկնիկին Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի քարտեզն է ցույց տալիս ու ասում. «Ուզում եմ ծովից ծով Հայաստան»: Արծաթե ձկնիկը նայում է քարտեզին, մտքում քցում-բռնում է ներկա քաղաքական ու տարածաշրջանային  իրավիճակն ու ասում. «Ցավդ տանեմ, էս գործի համար ոսկե ձկնիկի թափն ա պետք:  Կներես, բայց ուրիշ բան ուզի»: Էս մարդը մի պահ ուզում ա գժվի ու արծաթե ձկնիկին կուլ տա, բայց մի բան ա հիշում ու ասում. «Տանը մնացած իրեք աղջիկ ունեմ, որ մարդու տաս՝ նոր բաց կթողնեմ»: Արծաթե ձկնիկն ասում է. «Ցույց տուր աղջկերքիդ նկարները»: Էս մարդը ջեբից հանում  ա իրա աղջիկների նկարները ու ցույց տալիս արծաթե ձկնիկին: Արծաթե ձկնիկը նայում ա նկարներին, նայում ա, նայում  ու ասում. «Չէ, ախպեր ջան, ավելի լավ ա քարտեզը տուր՝ տենամ ինչ եմ անում»:
Մենք բոլորս բարձր ծիծաղեցինք, որովհետև  և անեկդոտն էր սրամիտ, և Զարմիկն էր   շատ համով պատմում:
Հետո ես ու Ռենան իսպանական ''Ֆլամինգո''  պարեցինք և,  հավանաբար, լավ էինք պարում, հատկապես Ռենան՝ խանդավառ ու չքնաղատեսք, ուղղակի մի  աննման սքանչելիություն, լանջաբացվածք ունեցող վառ կարմիր շողշող երկար շորով, որովհետև մյուս պարողները շուտով հետ քաշվեցին՝  պարահրապարակը թողնելով ինձ ու Ռենային, և, շրջան կազմած, ռիթմիկ ծափերով քաջալերում էին մեզ:
Ուրախ և հաճելի երեկո էր և չիմացանք, թե ինչպես անցավ ժամանակը:
- Թող նոր տարին նոր ուրախություններ բերի մեզ բոլորիս,- վերջում իր կենաց-խոսքում ասաց Ռոբերտը:- Թող երջանկություն բերի բոլորիս, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, բարեհաջող տարի կլինի: Կյանքը երբեմն մարդուն անկրկնելի ակնթարթներ է պարգևում՝ ինչպես որ այսօր, երջանկության գաղտնիքը նրանում է կայանում, որպեսզի այդ ակնթարթները, որ երբեմն մի ամբողջ կյանք արժեն, ինչքան հնարավոր է, հաճախակի  կրկնվեն։ Շնորհավոր ձեր Նոր տարին, սիրելիներս: Հանդիպում ենք այստեղ, այս շքեղ սրահում, փետրվարի քսաներեքին՝ Կարմիր բանակի օրը, երեկոյան ժամը վեցին: Համաձա՞յն եք:
- Համաձայն ենք,- խնդուն բացականչություններով համաձայնվեցինք բոլորս և մեր բյուրեղյա ըմպանակները զվարթ զնգոցով բախվեցին իրար՝ ի նշան համաձայնության:


…Ավաղ, մեզ չհաջողվեց հանդիպել փետրվարի քսաներեքին շքեղազարդ «Գյուլիստանում», ինչպես և չհաջողվեց կատարել Նոր տարվա գիշերը մորս տված խոստումը՝ Ռենային հյուր տանել նրանց մարտի ութի տոն օրը:
Առհասարակ, նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Ռենան մրսել, հիվանդացել էր, ես շարունակ անտրամադիր էի, մինչև նա կազդուրվեց և ես հնարավորություն ունեցա նրան տեսնելու:
Հունվարի վերջերին խմբագրությունում մեծ կռիվ առաջացավ Թելման Կարաբաղլի-Չալյանի և նույն բաժնում աշխատող  Գևորգ Աղաջանյանի միջև: «Գամ ես, գամ՝ նա, - ինչ-որ մեկից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում՝ միջանցքում հուզված այս ու այն կողմ գնալով,  կրկնում էր Թելմանը:- Վսյո,  երեսուներեք դոգոսանոս  ալիմենդով մեձասող իմ էրգու ջոխդակ դղայիս գարմուր արևը, քինամ եմ նախագի  մոդը։ Մուգունը  գուջուր  մուգունա, բայս վար  ինգնում ա օխտը կուժանոս գարասի մեջը, սաղ մուռդառում ա։ Դա մուռդառ մուգուն ա։ Դոնս քանդիս, գյանքս քանդիս, ինս շաքյարի  հիվանտ  շինիս, էդ լագոդը հո՞վ պերավ էսդեղ»:
Բանն այն չէր միայն, որ նրանք՝ երկու մեծահասակ մարդ, ամբողջ կոլեկտիվի առաջ ամենավերջին խոսքերն էին ասել միմյանց: Նրանք երկուսն էլ՝ իրենց վարք ու բարքով, իրար արժեն, և նրանց վեճ ու կռիվն էլ  սովորական, առօրյա երևույթ էր, ցավալին այն էր, որ այդ մասին իմացավ նաև կոմիտեի ղեկավարությունը:
Տհաճ խոսակցություն եղավ նախագահ Էլշադ Գուլիևի առանձնասենյակում: Ներկա էին նախագահի տեղակալները, կոմիտեի բոլոր գլխավոր խմբագիրները, սկզբնական  կուսկազ­մակեր­­պության քարտուղարը, արհմիության նախագահը: Շուրջ երեսուն մարդ:
Նախագահը  ջահել, բայց ծանրամարմին, գլուխը ուսերի մեջ խրված, տեղում նստած կարդաց Թելմանի բողոքը, երկար խոսում էր զայրացած տոնով ու ցնցուղային աստմայից ծանր շնչելով, կշտամբեց գլխավորին՝  այդպիսի նենգավուն մարդուն աշխատանքի ընդունելու համար: Նա կարդաց նաև Աղաջանյանի կնոջ՝ Ռոզալիա Ավետիսյանի նամակը, ուր նա  պաղատագին խնդրում էր օգնել՝ ալիմենտ ստանալու: Կար և մի ուրիշ նամակ, ինչ-որ Ռիտա Գրիգորյանից: Սա բողոքում էր Աղաջանյանից, որը սուտ խոստումներով պատվազրկել է իրեն ու փախել:
Ի վերջո, որոշում ընդունվեց, ըստ որի գլխավորին խիստ նկատողություն հայտարարվեց, իսկ Աղաջանյանը վտարվեց աշխատանքից: Ընկճված տրամադրությամբ մենք բարձրացանք խմբագրություն: Գլխավորը լուռ էր, չափազանց հուզված: «Մարդ չի, էլի, մարդ չի,- արդեն իր առանձնասենյակում կատաղի ասաց նա Աղաջանյանի հասցեին,- երախտամոռ անասուն է: Հիմա նրանք ի՞նչ պիտի մտածեն մեր մասին... Իմ ու նախկինի երաշխավորությամբ մի օրվա մեջ, պատկերացնու՞մ ես, Լեո, մի օրվա մեջ, գրողների միության շարքերն ընդունվեց, մարդիկ քսան տարի սպասում են, չեն կարողանում ընդունվել, նրան մի օրվա մեջ ընդունեցին, որպեսզի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակեն: Վերևից հրահանգ կար՝ շտապ ընդունել: Ես հետո միայն իմացա, թե նա ինչ ճանապարհով էր դրան հասել: Մենակ հո դա՞ չի, Լևոն Ոսկանյանի խնդրանքով գրող Սուրեն Կասպարովն իր տանը գրանցեց նրան, «Գրական Ադրբեջանում» սրբագրիչ էր, հեռացնելուց հետո եկավ աղաչեց, դու էլ բարեխոսեցիր, հիշում եմ, գործի ընդունեցինք: Էլ ի՞նչ պիտի անեինք, ասա խնդրեմ,  որպեսզի մարդավարի պահեր իրեն, չխայտառակեր մեզ: Բարձր հոնորար էինք նշանակում, մտածելով, որ  ալիմենտ է  վճարում երեխաներին: Տեսա՞ր, պարզվում է՝ ոչ մի կոպեկ էլ չի ուղարկում ընտանիքին: Չես հասկանում, ի՞նչ մարդ է դա:
Անսպասելի ներս մտավ ինքը՝ Գևորգ Աղաջանյանը, ասես ոչինչ չէր եղել՝  անհոգ տեսքով, ծուռ ժպիտը դեմքին գնաց,  նստեց բազմոցին:
- Լսիր, ես քեզ չեմ հասկանում,- չդիմացավ գլխավորը։ -Դու վերջիվերջո պիտի՞ հասկանաս,   որ կան  քայլեր,  որոնք ներում չունեն,  կան բառեր,  որոնք հնարավոր չէ մոռանալ,  կան  արարքմունքներ,  որից հետո քեզ համար ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին։ Դու քեզ այնպես ես պահում, ասես  ինչ-որ մրցանակ ես ստացել կամ էլ առնվազն  վիճակախաղի տոմս ես  շահել:
- Իսկ ի՞նչ է պատահել,-   լկտիաբար  նայելով գլխավորին, անբարտավան  տեսքով  ասաց նա :
- Էլ ի՞նչ պիտի պատահի, կոմիտեր նախագահի հրամանագրով ազատված ես աշխատանքից:
- Հետո ի՞նչ,- ուսերն անտարբեր թոթվելով չարախինդ քմծիծաղով ասաց նա:- Կգնամ գերեզմանատներում փողով երգ կասեմ, ցախավելը վերցրած՝ փողոցները կավլեմ, միայն թե դուք գոհ լինեք։ Ինչ է,  կարո՞ղ է  դադարել եմ կոմունիստ լինելուց:
- Այ տղա, առաջին հերթին մարդ պետք է լինել: Ղարաբաղի  գրողները քեզ բոյկոտի ենթարկեցին՝  ինչի՞ համար,- հարցրեց գլխավորն ու ինքն էլ պատասխանեց:- Ոչինչ չէիր անում՝ դրա համար: Ասեկոսություններով բոլորին իրարով էիր տվել՝ դրա համար: Մինչ այդ մարզային ռադիոյում էիր՝ այնտեղի՞ց ինչու հանեցին: Անբարոյականության համար: Թվե՞մ մեկ-մեկ: «Գրական Ադրբեջանում» մարդիկ ընդառաջեցին, օգնեցին գրանցվելու, ընդունեցին աշխատանքի: Իսկ դու ի՞նչ արեցիր: Կարիերայի սին մարմաջով  տարված՝ սև ապերախտությամբ պատասխանեցիր նրանց լավությանը: Շարունակական բանսարկություններով պախարակեցիր հարգարժան մարդկանց: Այն մարդկանց, ովքեր օգնել էին քեզ, սատար կանգնել  քո նեղ օրվան: Վաթսուն տարեկան մարդ ես, հարկավոր է մի քիչ լուրջ լինել:
-Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց մի ընկած ատամ չունեմ, նայիր,- շեռից հոտ քաշած մադյանի պես երախաբաց՝ իրար սեղմած ատամներն այս ու այն կողմ ցուցադրելով, ասաց Աղաջանյանը։- Մազերս տեղը, տղամարդկային արժանապատ­վությունս, փառք աստծո,   տեղը, շենք ու շնորհքս տեղը, նայեք ու  նախանձեք, նախանձից բացի ընդունա՞կ եք որևէ բանի: Չէ, իհարկե: Հետո էլ, մի  հարցրու տես ՝քո  խրատների կարիքը  զգու՞մ եմ ես,- դեմքի ծամածռունքով նետեց նա։
- Գորտի երեսին թքեցին, ասաց՝ ուխա՜յ, անձրև է  գալիս: Գիտե՞ս ինչ եմ մտածում,-  տեղից ելնելով զայրացած ասաց գլխավորը:- Մտածում եմ, որ դու այդ ամենը միտումնավոր ես անում, հատուկ նպատակով, ուզում ես խայտառակել մեր հայ մտավորականությանը և,  պետք է ասել, որ դա քեզ, դժբախտաբար, հաջողվում է: Այլապես ինչպե՞ս գնահատել քո արարմունքը, որ  Ղարաբաղից, ոչ բարով-խերով, այստեղ գալուց հետո ոչ մի տեղ երկար չեն պահում քեզ: Ամեն տեղից վտարում են, ընդ որում՝ կռվով, խայտառակ ձևով: Մենք քո պատճառով քիչ է մնում գետինը մտնենք ամոթից, իսկ   քեզ վրա, տեսնում եմ, ամենևին չի ազդում:
- Չի ազդում, որովհետև ես ազնիվ մարդ եմ,- ձայնը չէր կտրում նա:- Որովհետև անազնիվ մարդկանց շրջապատում  մեզ նմանների համար միշտ դժվար է եղել:
-Մեզ նմանների համար… Ու՞մ նկատի ունես՝  քեզ և Ռոբերտ Առաքելովի՞ն։
-Թեկուզ և նրան. գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ է, գիտությունների թեկնածու, հրաշալի բանաստեղծությունների հեղինակ, ինստիտուտի դիրեկտորի համար դոկտորական դիսերտացիա է գրել։ Ումի՞ց  է պակաս: Ինչ մնում է ինձ, այո, ես  գերազինվ մարդ եմ … 
-Այդ գերազնվությո՞ւնն է մղել քեզ Թելման  Չալյանի կնոջը հրամցնես Սաֆար Ալիևին,- ակնհայտորեն նյարդանալով հարցրեց գլխավորը:
Որքան ավելի էր գլխավորը հուզվում, Գևորգ Աղաջանյանն այնքան  հանգիստ ու ծաղրական էր դառնում:
- Դա իմ անձնական գործն է՝ ծանոթ կանանց ծանոթացնել ծանոթ տղամարդկանց հետ, և դա ոչ ոքի չի վերաբերում,- տարփափայլ ժպիտը տարածվեց նրա դեմքին:- Լավ եմ արել։- Աղաջանյանի բերանի անկյունները թրթռացին չարախինդ ծիծաղից։- Ախորժակն ում են տվել, փլավն՝ ում: Ցնդած  Թելման Չալյանն ո՞վ է, որ վայելի էդպիսի կնոջը…Այո, լավ եմ արել, ի՞նչ է, հավատարմության գոտի՞ ես հագցնելու, թե՞ միջնադարյան ասպետ ես՝ կողպեք ես դնելու վրան։ Ապրանքն իրենն է, ում ուզում՝ նրան էլ տալիս է, դու՞ ով ես։
Գլխավորն ուշադրություն չդարձրեց նրա անվայելուչ խոսքերին։
-Ամբողջ կյանքում,- նողկանքով ասաց նա,- որպես ծաղրածու՝ դատավոր-դատախազների, միլիցիոներների հետևից ընկած ծամածռություններ ես անում նրանց՝ մարդկանց ծախելով։
-Դու էլ արա։
-Ես դրան սովոր չեմ, դա քո արհեստն է։ Քո և քո հարբեցող ընկերոջ՝ Ռոբերտ Առաքելովի արհեստը։ Նրա հոր՝ Կարո Առաքելովի հետ աշխատել եմ ''Կոմունիստի'' խմբագրությունում, կեղտոտ արարածի մեկն էլ նա էր, և, տեսնում եմ, որ հայատյացությամբ՝ հորից շատ բան է ժառանգել որդին։ Մանավանդ, որ ընկերն էլ դու ես ՝   նմանը զնմանին գտանե,- ավելացրեց գլխավորը։- Գուրգեն Գաբրիելյանն ինչու՞ էր ապտակել քեզ՝  մարդկանց ներկայությամբ։
-Քո գործը չէ։
-Նրա քրոջ ամուսնացած աղջկան էստեղ՝ Բաքվում, անամոթաբար սիրահետել ես, դրա համար։ «Ազերինֆորմի» թղթակից Ռադիկ Գրիգորյանի հետ ընկերություն էիր անում,- շարունակեց նա,- իսկ նրա քույրը քո դեմ բողոքի նամակ է գրել  կոմիտեի ղեկավարությանը:
- Շան պես հավատարիմ, շան պես արհամարված,- մանր կվթոցով գռմռաց Աղաջանյանը։
- «Կոմունիստ» թերթի խմբագիր Հրանտ Բաբայանի եղբոր՝ Ժորայի հետ, իբր, ընկեր էիր, իսկ, ահա, Հրանտ Բաբայանի մասին կեղտոտ լուրեր ես տարածում, անանուն նամակներ ես հորինում: Ի՞նչ մարդ ես դու:
- Հրանտ Բաբայանը, եթե կարգին մարդ լիներ,- ասաց նա և չարագույժ դեղին փայլով շողացին  աչքերը,- ինձ աշխատանքի կընդուներ, բաժնի վարիչ կնշանակեր, և ես ստիպված չէի լինի դռներն ընկնել:
- Ըստ երևույթին, Բաբայանը քեզ ավելի լավ էր ճանաչում, քան մենք, դրա համար էլ չի ընդունել:
- Ոչինչ, նա չի ընդունել, նոր խմբագիր Էմիլ Գրիգորյանը կընդունի:
- Այո,- քմծիծաղեց գլխավորը,- նոր մարդ է, քեզ չի ճանաչում, կարող է և ընդունի: Բայց միայն որպես սրբագրիչ կամ ցրիչ: Չնայած, ճիշտն ասած, դու դրան էլ արժանի չես:
- Բայց ես հայ բանաստեղծ եմ…Աստված իմ, աստված,- արտիստորեն ձեռքերը վեր կարկառած գոչեց Աղաջանյանը։- Բամբասում են անվերջ, չարախոսում անդուլ, բանսարկում են քինոտ, նախանձում ու խանդում, ի՞նչ եք ուզում ինձնից, չարախոսներ դուք իմ խեղճ ու կրակ։ Որ թևերս ծալե՞մ, իմ հեռընթաց հրթիռի շարժիչները մարեմ ու ճռնչա՞մ՝ հին ճամփեքով շարժվող ձեր սայլերի նման, դե, եկ վարդապետ ու մի ցնորվիր։ Դուք դա՞ եք ուզում, իմ ողորմելիներ, բայց չեք տեսնի բնավ, հայ բանաստեղծ եմ ես, և այն էլ  շատ  լավ։
Գլխավորը մի պահ ուղիղ նայեց նրան, դառնորեն ասաց.
- Դու ի՞նչ հայ բանաստեղծ ես, և այն էլ  շատ  լավ, եթե այդ  տարիքում Հայաստանում բանաստեղծական մի տող անգամ չես տպագրել:
- Քեզ նմաններն են խանգարել։
-Մի լսեիր, թե Հուրունցն ինչ էր պատմում քո մասին։
-Հուրու՞նցը:- Աղաջանյանը ցասկոտ վեր թռավ տեղից։- Գիտեմ, գիտեմ, լսել եմ, թե ինչեր է ասել այստեղ, ոչինչ, շուտով, հը, հը , հը,- խրխնջոցի պես ձայներ հանեց նա,- շուտով Հուրունցն էլ իր բաժինը կստանա,- թունոտ ու քինոտ հոխորտաց։ - Հուրունցը չգիտի, որ ես տրխամաշ տեզ եմ, կպա, էլ պոկ չեմ գա, մինչև արյունը չծծեմ մինչև վերջ։  Թելման Կարաբաղլին էլ չգիտեր՝ հիմա գիտի,- ասաց նա և, բեմական զբոսանքի քայլերով մոտենալով դռանը, առանց ետ նայելու, դուրս եկավ առանձնասենյակից։
- Ոչնչություն ես դու, այլ ոչ թե հայ բանաստեղծ,- նրա ետևից այնուամենայնիվ նետեց գլխավորը: -Մի դրա ճոռոմ խոսելուն նայիր՝ հայ բանաստեղծ եմ և այն էլ  շատ լավ… Սարսափելին այն չէ,  որ մարդ հիմար է,  այլ այն,  որ նա  ամենուր ցուցադրում  է դա։

Մի անարխոժություն ևս եղավ, և դա կապված էր Ալինայի հետ: Վերջին երկու օրը նա շարունակ անտրամադիր էր: Ասես նախկին ծիծաղկուն, կենսախինդ Ալինան չլիներ: «Ի՞նչ է պատահել Ալինային»,- հարցրի Լորաննային: «Իր խելքից տանջվում է»,- եղավ պատասխանը, որից ես, սակայն, ոչինչ չհասկացա: Մյուս օրը  Ալինան ինչ-որ հաղորդում բերեց ստորագրելու, դարձյալ տխուր էր, մտախոհ ու ինքնամփոփ, աչքերում անթաքույց թախիծ:  «Ինչու՞ ես ընկճված։  Ծիծաղն ու  ժպիտը քեզ ավելի են սազում»,- ասացի ես:
Ալինան ինձ նայեց արցունքաժպիտ աչքերով:
- Ես քեզ դառնություն եմ  բերում միշտ,- ասաց նա աչքերը փախցնելով:- Չգիտեմ նույնիսկ ինչ անեմ: Ես դա չեմ ուզում, բայց այդպես է ստացվում:
- Ի՞նչն է այդպես ստացվում:
- Այն, որ, հակառակ իմ կամքի, նորից քեզ վատություն եմ արել,- կիսաձայն ասաց Ալինան: - Ներիր ինձ, խնդրում եմ:
- Բայց ինչի՞ համար: Ես ոչինչ չեմ հասկանում:
- Սիլվան ամուսնուն ասել է, թե ես եմ  իրեն խանգարել, որ աշխատանքի վերցնեն այստեղ:
- Բայց դու ասացիր, որ ամուսինը դեմ է...Ես այդպես էլ ասացի Սաիդային։
- Այո, ասել եմ...- Ալինան շառագունեց, շփոթված նայեց ինձ: - Նա ամուսնուն ասել է, թե իբր ես... կապված եմ քեզ հետ... նա էլ եկել, իմ ամուսնուն է ասել...
Այդ պահին իմ առանձնասենյակի դուռը բացվեց, քսանհինգ- քսանվեց տարեկան մի տղա՝  սպիտակամաշկ, հուզմունքից գունատված դեմքով, մտավ ներս և, չնայելով իմ կողմը, կատաղի դիմեց  Ալինային.
- Դու այստեղ ի՞նչ ես անում:
Ալինան մինչ այդ կանգնած էր սեղանի մոտ, իմ դիմաց: Նրա դեմքը քաթանի գույն ստացավ, նա ոչ թե նստեց, այլ ուղղակի փլվեց աթոռին:
Ես, իհարկե, հասկացա, որ  Ալինայի ամուսինն է,  և շատ կոպիտ ասացի.
-Լսիր, ինչպե՞ս է քո անունը:
- Հարութ,- շրջվելով՝ շուրթերը ցասումով կքած նետեց նա:
-Հարութ, դու քո այդ հրամայական տոնով ձեր տանը կարող ես խոսել: Սա խմբագրություն է և բարի եղիր պահել քեզ  ինչպես հարկն է:
Ալինան՝ վախեցած, բերանը կիսաբաց, աչքը չէր կտրում ամուսնուց՝  չհամարձակվելով մի խոսք անգամ արտաբերել:
- Նա ի՞նչ է անում այստեղ,- արդեն ինձ դիմելով հարցրեց  Հարութը՝ ծանր շնչելով:
- Հաղորդում է բերել ստորագրելու,- ասացի ես  չոր ու կոպիտ:- Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, մենք նրան հենց այսօրվանից կարող ենք ազատել աշխատանքից: Բավարարվա՞ծ ես:     
- Ոչ,- նետեց  Հարութը: - Ես հիմա նրան կտանեմ  Սիլվայի մոտ, դուք գիտեք նրան, և, եթե  Սիլվան նրա ներկայությամբ հաստատի այն ամենը, ինչ նա պատմել է  Սիլվային, ուրեմն վճիռը պարզ է: - Ալինայի ամուսինն ընդոստ մի  շարժումով գրպանից զսպանակավոր դանակ հանեց, որի սայրը՝  կոճակի սեղմումով շխկոցով դուրս թռավ պատյանից: - Վճիռը պարզ է, - կրկնեց նա լայնացած ռունգերով,- ահա այս դանակով ես կսպանեմ և նրան, և ձեզ, և ինձ:
- Լսիր,- անսպասելի կատաղությամբ ասացի ես: -Դու լավ կանեիր՝  սկսեիր հենց քեզնից։  Դուրս այստեղից:
Ալինան ակամա վեր թռավ տեղից, գլխահակ դուրս վազեց առանձնասենյակից:
Հարութը սառնորեն նայեց և, առանց մի խոսք անգամ արտաբերելու, դանդաղ շարժումներով ծալեց սուրսայր դանակը և, խոթելով գրպանը, դռան մոտ մի անգամ ևս ետ նայեց  ու  դուրս եկավ:
Այո, նոր տարին, իրոք, այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Իսկ փետրվարի քսանմեկի ուշ երեկոյան, միանգամայն անսպասելի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Ազեր Մուստաֆազադեն զանգեց: Ազերը մեզ մոտ՝ ռադիոյի ու հեռուստատեսության կոմիտեի ռուսական խմբագրությունում էր աշխատում: Հետո մի կարճ ժամանակ գրողների միության ներկայացուցիչն էր Մոսկվայում, դարձյալ կարճ ժամանակով՝ հանրապետության մամուլի կոմիտեի նախագահի տեղակալն էր: Առաջներում Սիավուշի, նրա ու գրող Սեյրան Սախավաթի հետ մի քանի անգամ եղել էինք ռեստորաններում, նույնիսկ մի անգամ Մոսկվայում ենք հանդիպել, ՑԴԼ-ի  ռեստորանում, մտերիմ էինք:
- Լեո,- ասաց Ազերը,-  վաղը դու պետք է Ստեփանակերտում լինես: Ռամիզ Մեհթիևն այնտեղ է, կմտնես մարզկոմ՝ նրա մոտ, նա  կասի, թե ինչ պետք է անել:
Ռամիզ Մեհթիևը կենտկոմի քարտուղարներից էր, առաջներում նույնպես, պատահել էր, գործ էի ունեցել բարձր ղեկավարության հետ, նույնիսկ մի երկու անգամ Հեյդար Ալիևի հետ էի եղել շրջաններում՝ Ղազախում, Իսմայիլլիիում, Աղդամում ու Մարտունիում և տարօրինակ ոչինչ չէի տեսնում դրա մեջ:
- Լավ,- ասացի,- այսօր ուշ է, վաղը կմեկնեմ:
Սակայն նրա վերջին, հպանցիկ նախադասությունը՝ «Մի քանի ծերուկ բունտ են բարձրացրել այնտեղ, հարկավոր է  համոզել, որ ձեռք քաշեն ծերունական զառանցանքներից», - ինձ անհասկանալի մնաց: Նա այդպես էլ ասաց՝ «ծերունական զառացանքներ»:
- Չէ, ի՜նչ ես ասում,- առարկեց Ազերը,- այսօր է պետք ճանապարհվել: Թիֆլիս երկու գնացք է գնում՝ տասնմեկին և մեկ անց կեսին: Կգնաս մինչև Եվլախ, այնտեղից ի՞նչ է մնում՝ մի վաթսուն-յոթանասուն կիլոմետր ճանապարհ:
Ազերի ի միջի այլոց ասած նախադասությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մտազբաղ ետուառաջ էի քայլում տանը: Իսկ Ստեփանակերտ մեկնել բոլորովին չէի ուզում: Որոշեցի զանգել գլխավորին, գուցե նա կոնկրետ որևէ բա՞ն գիտի: Գլխավորը չկար: «Վլադիմիրը հենց նոր գնաց,- տխրաձայն ու ափսոսանքով ասաց կինը՝ Գեղեցիկը,- նրան կենտկոմից շտապ Հադրութ ուղարկեցին»: Սկսեցի հավաքել Ազերի հեռախոսահամարը, ուզում էի նրան խնդրել, որ ազատի ինձ այդ հոգսից, սակայն նրա հեռախոսը շարունակ զբաղված էր: Փորձեցի ուրիշ բաժիններ զանգել՝ նույնը, կենտկոմի բոլոր հեռախոսները  կամ զբաղված էին, կամ ոչ ոք չէր վերցնում խոսափողը: Գուցե Սիավու՞շը որևէ բան իմանա: Ոչ, նա Ստեփանակերտի մասին ոչինչ չգիտեր, ես նրան պատմեցի Ազերի հեռախոսազանգի մասին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնել չեմ ուզում: «Ծերուկ, ես քեզ հասկանում եմ,- ասաց Սիավուշը,- սպասիր, ես քեզ կզանգեմ»: Մի քանի րոպեից նա զանգեց  և ասաց, որ Ստեփանակերտում, մարզկոմի շենքի առաջ ցույցեր են տեղի ունենում, պահանջում են  Ղարաբաղը միացնել Հայաստանին: «Ես քեզ լավ եմ հասկանում, ծերուկ,- կրկին ասաց Սիավուշը,- բանն այն է,  որ քո և գնալն է վատ, և մնալը՝  նայած որ կողմից ես նայում: Ազերը տեղում չէ, խորհրդակցություն է  այնտեղ, սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևի հետ խոսեցի, բացատրեցի նրան  բանի էությունը, ասաց, որ կզանգի քեզ»: Եվ, իրոք, քիչ անց Խեյրուլլան զանգեց, ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ, անպայման պետք է մեկնել: «Ոչ մի տեղ չեմ գնա,- հաստատ որոշեցի ես և  անջատեցի հեռախոսը,- թող ինչքան ուզում են՝ զանգեն»: Սակայն առավոտյան շուտ ինձ մոտ, տուն եկավ ինքը՝ Խեյրուլլան: Դռան զանգի վրա ես բացեցի դուռը և տեսա նրան՝  հաղթանդամ, ճերմակող ալեխառն մազերով, երկու մետրից քիչ  բարձր բոյով:
- Լեո, պետք է մեկնել,- առարկություն չվերցնող տոնով ասաց նա: - Ամբողջ կենտկոմն է մեկնում, քաղբյուրոյից էլ մարդիկ կան, շտապ գնա օդանավակայան, ժամը տասի ռեյսին պիտի հասնես: Իմ մեքենան մինչև աէրոֆլոտ կտանի քեզ:
Աէրոֆլոտի մոտ ես դիտմամբ մի երկու ավտոբուս  բաց թողեցի, ուզում էի թռիչքից ուշանալ: Ուշացումով, տասին մի քանի րոպե պակաս, ես արդեն  դեպուտատական սրահում էի:
-Տեղ չկա,- ասացին այնտեղ: - Մի հատ տեղ անգամ չկա: «Ավելի լավ»,- մտքում ասացի ես գոհ իմ բախտից: Հենց այդտեղից, դեպուտատական  սրահից,  զանգեցի կենտկոմ՝ Խեյրուլլա Ալիևին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնող օդանավում տեղ չկա:
- Ի՞նչ է նշանակում՝ տեղ չկա,- զայրացավ Խեյրուլլան: - Լրացուցիչ  օդանավ կլինի, հիմա մերոնք էլ կգան, սպասիր, նրանց հետ կմեկնես:
Օդանավում ընդամենը յոթ-ութ հոգով էինք, ինձնից քիչ հեռու կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանն էր նստած՝ մտախոհ, տխուր տեսքով: Մնացածներն անծանոթ էին, անհոգ կատակներով սուրճ էին խմում, քռքռում:
Իմ տրամադրությունը քիչ բացվեց, երբ օդանավն անցավ Ստեփանակերտի վրայով և գնաց դեպի Խոջալու՝ վայրէջքի., որովհետև ես վերևից տեսա. մարզկոմի առջև, հրապարակում, ոչ ոք չկար: Օդանավակայանում դիմավորողներ կային, նրանք պատմեցին, որ Աղդամի կողմից ադրբեջանցիների մի հոծ բազմություն՝ կացիններով ու դանակներով, բրերով, դաշույններով, մահակներով ու քարերով զինված եկել են Ասկերանի վրա՝  ճանապարհին ավերելով ամեն ինչ, խաղողի այգիներում աշխատող տասնյակ հայերի ծեծել, խոշտանգել են, մի քանի տուն վառել Ասկերանի մոտ, բայց զինվորականներին՝ մոտ հազար հոգով, որոնց այստեղ, լեռնային պայմաններում, զորավարժում էին՝  Աֆղանստան ուղարկելու համար, հաջողվել էր մի կերպ  կանգնեցնել խուժանին: Ամենից սարսափելին այն էր, որ երկու ադրբեջանցի էին սպանվել, սպանվողներից մեկի եղբայրը՝ Հաջիև ազգանունով, ասել էր, որ  եղբոր վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել:
Մարզկոմի առջև, հրապարակում, իրոք, մարդ չկար: Մենք բարձրացանք երկրորդ հարկ, այստեղ էին արդեն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար  Քյամրան Բագիրովը, քաղբյուրոյի անդամ Գեորգի Ռազումովսկին, քաղբյուրոյի անդամության թեկնածու Պյոտր Դեմիչևը, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ՝ համազգեստով ու առանց համազգեստի: Այստեղ էր Բորիս Կևորկովը: Ես հիշեցի Հուրունցի խոսքերը նրա մասին: Ահ ու սարսափ տարածող այդ մարդը հիմա մարզկոմի նիստերի դահլիճում նստած՝ վախեցած ու խեղճ, այս ու այն կողմ էր նայում՝  հաստ ապակիներով ակնոցը ցուցամատով ստեպ-ստեպ հրելով վեր ու օգնություն հայցող աչքերով նայելով ելույթ ունեցողներին:
Սակայն ոչ ոք չէր խղճում նրան և ոչ ոքի չէին խղճում: Կրակ էր ցայտում ելույթ ունեցողների կրակված շուրթերից:
         -Ժողովուրդների բարեկամության շինծու քողի տակ  տարիներ ի վեր թշնամանք եք  սերմանում իմ ժողովրդի դեմ,- գոչեց բանաստեղծ Վարդան Հակոբյանը  Քյամրան Բագիրովի երեսին: - Տարիներ ի վեր սոցիալական  կեղեքման ու ազգային հալածանքների եք ենթարկում մարզի աշխատավորությանը:  Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը,  երբ  Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում սպառնում է մեզ՝ հարյուր հազար ադրբեջանցիներով ներխուժել Ղարաբաղ և սրի քաշել  ողջ բնակչությանը, և որ այդ հարյուր հազարը  Ղարաբաղի սահմանագծին պատրաստ կանգնած՝ սպասում է հրամանի: Ուղիղ յոթանասուն տարի առաջ միաչքանի  Սուլթանովն էր այդ նույն ձևով սպառնում՝ հարյուր հազար քուրդ ու թաթար խաժամուժով ներխուժել Ղարաբաղ, եթե Ղարաբաղը, ի վերջո, չհամաձայնի կամովին մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ։ Ահա այստեղ ներկա է կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Հաջիևը, հարցրեք՝ ինչու՞ են ավերել քաղաքի հայկական վեց գերեզմանատները, ինչու՞ են փշրել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ասացեք՝ ինչու՞ մեր ազգային հերոս մարշալ Բաղրամյանի մահվան օրը հրավառություն էր Բաքվի փողոցներում, ինչու՞ ոչ մի հաղորդում չեղավ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ոչ մի թերթ մի տող անգամ չգրեց այդ մասին: Հակահայ այս քաղաքականությունը մի նպատակ չունի՞ միայն՝ Նախիջևանի նման Ղարաբաղը նույնպես դատարկել հայերից, և մեր մեղքը ա՞յն չէ լոկ, որ դարեր ի վեր հավատարիմ ենք մեր հինավուրց հողին ու ջրին, մեր մայրենի լեզվին ու մեր հավատին: Երկրորդ Նախիջևա՞ն եք ուզում՝ չի լինելու:
-Այս ամբողջը Հեյդար Ալիևի սարքած գործն է,- վերջին շարքերից կատաղի բացականչեց ինչ-որ մեկը։ Բոլորը ետ շրջվեցին. մարզկոմի հրահանգիչ Արմեն Հովհաննիսյանն էր՝ ճերմակած մազերով, նիհարավուն, հուզմունքից այլայլված ու գունատ։
Խոսեց Ռազումովսկին, խոսեց և Դեմիչևը, և այնքան անճարակ էր նրանց խոսքը, և նրանք՝  այնքան անտեղյակ հիմնահարցին, որ ես սարսափեցի մի պահ՝ մի՞թե  սրանք ու սրանց նմաններն են տնօրինում մարդկանց ու ժողովուրդների ճակատագիրը, և ես ցավով հասկացա նաև, որ այս խմորը ջուր շատ է տանելու, և որ մեծ արհավիրքներ են սպասում մեզ առջևում:
Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, հրապարակը փոթորկում էր արդեն, տասնյակ հազարավոր մարդիկ  գետնին ծնկաչոք  աղերսում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»:
Ամբողջ չորս օր՝ գիշեր ու ցերեկ, ես լսում էի նրանց չընդհատվող աղերսը՝ ուղղված քարացած Լենինին, խուլ ու համր պարտիային ու քամելեոն Գորբաչովին:
- Հավատ ընծայել Գորբաչովին, նշանակում է ոչինչ չհասկանալ նրա քաղաքականությունից,- ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝  սակավախոս ու անչափ հաճելի վեհանձն մի անձնավորություն,  հեռավոր 1964 թվականին Մոսկվա ուղարկված հայտնի նամակի  տակ  ստորագրած տասներեք առաքյալներից մեկը, որն այդ ստորագրության համար  բազում զրկանքներ կրեց կյանքում: - Երբեմն ուշադիր լսում ես նրա ելույթը ու այդպես էլ չես կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է նրա խոսքը:  Ղարաբաղի հարցի հնարավոր լուծումը, ես համոզված եմ, նա դիտավորյալ կտանի փակուղի, որպեսզի  վերակառուցման իր սնամեջ գաղափարի կործանումը կապի այդ շարժման հետ՝  իշխանության ու մամուլի ամբողջ ցասումն ուղղելով մեր դեմ:
- Բայց մեզ կենտկոմում խոստացան օգնել,- ներողամիտ տոնով  ասաց բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը: Նա, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանն ու Վարդան Հակոբյանը նոր էին վերադարձել Մոսկվայից և հավատում էին, որ Ղարաբաղի հարցն անպայման արդարացի լուծում կունենա:- Մենք այնտեղ պատմեցինք այն բոլոր անարդարությունների մասին, որ  ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար գործադրում է մարզի դեմ: Նրանք ասացին, որ արդարացի է մեր պահանջը:
- Իբր նրանք չգիտեին,- քմծիծաղեց գրականագետ Սոկրատ Խանյանը:
«Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի առանձնասենյակից երևում էր  ալեկոծվող հրապարակը:
- Մոսկվային հավատալու համար կամ չտես պիտի լինել, կամ անմիտ լավատես,- իր կարծիքն ասաց խմբագրության բաժնի  վարիչ Նվարդ Ավագյանը:- Մոսկվան դեմ է արցախահայության  արդարացի պահանջին, նա ամեն ինչ կգործադրի՝ ձախողելու, վարկաբեկելու այդ շարժումը, որովհետև ինքնորոշման մեր պահանջը փաստորեն մերժում է 1918-1920 թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև 1921 թվի մարտի 16-ի  հայադավ ու միանգամայն անարդարացի դաշնագիրը: Դրանով իսկ հնարավորություն է ընձեռվում  հասկանալու Սևրում կնքված պայմանագրի էությունը: Վերջ ի վերջո, Մոսկվան ե՞րբ է գնահատել հայի բազմադարյա հավատարմությունն ու  նվիրվածությունը, որ հիմա գնահատի: Նայեք, տասնյակ հազարավոր մարդ  կա հրապարակում, նրանց մեջ ադրբեջանցիներ կան, ոչ ոք նրանց մի ցուրտ խոսք չի ասում և չի ասի, բայց երեկ Մոսկվան հաղորդում տվեց՝  նրանց բոլորին անվանելով ծայրահեղականներ: Մի՞թե սա արդարություն է:
- Այսօր այստեղ ինձ մոտ էր Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին,- ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ հայացքը  հրապարակի բազմահազար բազմությանը: - Նա հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր՝ Արիֆ Հաջիևի հետ: Հաջիևը հաստատել է, որ, իրոք, իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Եղբոր ընկերոջ՝ Ուլվի Բահրամովի ներկայությամբ է եղել դա։ Եղբոր ու միլիցիոների միջև վեճ է ծագել, և  միլիցիոները, հանելով ատրճանակը, կրակել է նրա քսաներկուամյա եղբոր կրծքին: Եղբորը սպանող միլիցիոներին Ուլվին չի ճանաչում, ասել է, բայց աղդամցի  միլիցիոներին, որը մարդասպանին իր  մեքենայով իսկույն դուրս է բերել ամբոխի միջից, լավ ճանաչում է:
- Այդ  սպանությունը մի նպատակ ունի միայն,-  խոսակցությանը խառնվեց Գուրգեն Գաբրիելյանը:- Լավ հիշեք ասածս, ի պատասխան մեր խաղաղ ցույցերի, հեռուստատեսությամբ կհաղորդվի, որ հայերը երկու ադրբեջանցի են սպանել: Մարզային հիվանդանոցը լցված մեր  տասնյակ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվի, մեր ավերված տների, ջարդված ավտոբուսների և այրված մեքենաների մասին նույնպես ոչ մի խոսք չի լինի, բայց սպանության մասին կլինի: Նպատակը պարզ է՝  մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ, այնուհետև այդ հակամարտությունը վերածել ազգամիջյան կռիվների:
-Իսկ հետո Բաքուն ու Մոսկվան միացյալ ուժերով կսկսեն տեղահանել հայերին,- միանգամայն անսպասելի ասաց ուսուցիչ Վաղարշակ Գաբրիելյանը՝ Քոլատակ գյուղից։ Նա՝ նիհար ու բարձրահասակ, մինչ այդ լուռ կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում։- Եվ մենք ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության,- ավելացրեց նա հաստատուն տոնով, մի տեսակ հարու տալու պես ճակատն առաջ տված, հոնքերի տակից խուզարկու նայելով։- Փրկության ուրիշ ելք չկա։ Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը։
-Եվ կպաշտպանենք,- հատու արձագանքեց Վարդան Հակոբյանը։
Ես այս խոսակցությունը հիշեցի, երբ երկու օր անց, արդեն Բաքվում, երկաթուղային կայարանից տուն գնալիս տաքսու ադրբեջանցի վարորդն ասաց. «Երեկ ուշ երեկոյան Մոսկվայից հաղորդեցին, որ Ստեփանակերտում երկու  ջահել ադրբեջանցի են սպանվել»:
Տուն մտնելուն պես ես զանգեցի մերոնց՝ Սումգայիթ:
- Ամեն ինչ կարգին է,- ասաց մայրս,- քաղկոմի առջև մի քանի տասնյակ մարդ կա, պատուհանից երևում է, խոսում են, բայց ոչինչ չի լսվում: Այդտեղ ինչպե՞ս է, միտինգ բան չկա՞:
- Չէ, ոչ մի փոփոխություն, խաղաղ է,- ասացի ես:
- Ե՞րբ ես գալու:
Ես Ստեփանակերտից զանգահարել էի նրանց, գիտեին, որ այստեղ չեմ եղել: Ասացի, որ նոր եկա, այս շաբաթ չեմ կարող, եկող շաբթին անպայման կգամ:
Խմբագրությունում ևս ոչ մի փոփոխություն չկար՝ նույն ջուրն էր, նույն ջրաղացը:
- Գլխավորին տեսե՞լ ես,- հարցրեց Լորաննան ծիծաղելով,- գնա տես:
Բացելով գլխավորի առանձնասենյակի դուռը՝  մնացի կանգնած: Գլուխը վիրակապերի մեջ՝ նա  ծիծաղելի տեսք ուներ:
- Ի՞նչ է պատահել:
- Էհ, Լեո ջան, մահից եմ փրկվել,- նա ծիծաղելով ելավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, -հաշվիր թե նոր եմ ծնվել: Նստիր:
Գլխավորը նստեց իր տեղը, ես՝ նրա դիմաց: Մի աչքը նույնպես վնասվել էր:  Ասես ոչ թե ինձ էր նայում, այլ իմ վրայով ինչ-որ տեղ:
- Եվլախում նստեցի Հադրութ մեկնող ավտոբուսը,- սկսեց գլխավորը:- Հանգիստ, խաղաղ եկանք մինչև Աղդամ: Մի քսան-քսանհինգ ջահել լակոտներ, որտեղի՞ց դուրս եկան՝ չհասկացանք: Սկսեցին քարերով խփել. ապակի-բան՝ ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Բայց վարորդը, ապրի  արևը, չկանգնեցրեց մեքենան, գազը սեղմեց, դուրս պրծավ: Ճանապարհի երկարությամբ, մինչև քաղաքից դուրս կգայինք, այս ու այն կողմից  քարապրանուկ էր: Շատ մարդ վիրավորվեց, ես էլ նրանց մեջ, գլուխս երկու տեղից ճղվել է: Հասանք Մարտունի,  հիվանդանոցում գլուխս վիրակապեցին, մի քանի հոգու վիճակը ծանր էր, պահեցին հիվանդանոցում: Դու ո՞նց հասար, ի՞նչ արեցիր:
- Կառավարական պատվիրակության կազմում,- ծիծաղեցի ես,- սուրճ խմելով: Ռամիզ Մեհթիևին պիտի տեսնեի, բայց ի՞նչ Մեհթիև, ինչ բան՝ շունը տիրոջը չէր ճանաչում:
- Ճիշտն ասած, նույնիսկ գոհ եմ, որ այս վիճակում եմ,- կամացուկ ասաց գլխավորը:
- Ինչու՞,- չհասկացա ես:
- Դու կարծում ես մեզ ինչի՞ համար են ուղարկել Ղարաբաղ. որպեսզի գանք ու հեռուստատեսությամբ խելքի բերենք իբր բանականությունը կորցրած ղարաբաղցիներին, նրանց  շարժումը բնութագրենք որպես ծայրահեղականների և ազգայնամոլների կազմակերպած գործ, այսինքն՝  հաստատենք կենտկոմի քաղբյուրոյի հայադավ որոշումը: Ասա, այս տեսքով ես կարո՞ղ եմ  հեռուստատեսությամբ ելույթ ունենալ,- հաղթական ժպիտով ավարտեց գլխավորը:
- Հեռուստատեսությամբ՝ չէ,- ծիծաղեցի,-  բայց ռադիոյով կարող ես:
Գլխավորը վախեցած նայեց ինձ.
- Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ:  Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:
- Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:
- Միութենական դատախազի տեղակալ  Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:
- Ես էլ եմ տեսնում,- ասացի ես:
Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես  անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:
- Ալլո:- Ռենան էր:
- Ողջույն, Ռեն,- արտաբերեցի ես հուզմունքով: - Ես եմ: Ինչպե՞ս ես:
- Բարև,- ուշացումով պատասխանեց Ռենան:- Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը... Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: - Նա արագ ցած դրեց հեռախոսը:
Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր»,- մտածեցի: Քանի օր է չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ»: - մտովի ասացի ես, կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է:  Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի  խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է…  «Ցավետ տանեմ».- սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ,- դարձյալ մտովի ասացի ես Ռենային,- առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:
Տեղական հեռուստատեսությամբ ոչինչ չկար Ղարաբաղի մասին: Բաքվեցի երկու հայ թոշակառու՝ պատերազմի հաշմանդամ Սերգեյ Խաչատուրովն էր մեկը, մյուսը՝ հայերեն ''Կոմունիստ'' թերթի նախկին աշխատակից Կարո Առաքելովը, իրար ընդհատելով խոսում էին բարեկամության մասին, պատմում, թե իրենք ինչքան երջանիկ են ապրում Ադրբեջանում:
Ճոխ համերգ տրվեց, հայ երգիչներն ադրբեջանական երգեր էին երգում, ադրբեջանցի երգիչները՝ հայկական: Զեյնաբ Խանլարովան երգեց «Նունե» կատակային երգը. «Նունե, Նունե,Նունե, Նունե, արի ինձի սիրե»: Տարօրինակ էր, բայց հաջորդ օրը երեկոյան  նույնպես հայկական համերգ հաղորդվեց: Ընթերցանությամբ տարված, ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա դռան զանգից: «Մի՞թե նորից Խեյրուլլան է,- անցավ իմ մտքով: -Եթե նա է-, մտածեցի-, կասեմ, որ հենց նոր եկա:» Բարեբախտաբար, նա չէր, Սիավուշն էր: Ես ուրախ բացեցի դուռը:
- Ծերուկ, դու այս մինչև քանի՞սն ես քնում:
- Իսկ քանի՞սն է որ,- զարմացա ես:
- Տասներկուսն անց է՝ քանի՞սն է: Խմելու բան ունե՞ս:
- Առավոտ շուտ ի՞նչ ես անում խմելու բանը: Կոնյակ կխմե՞ս:
- Բեր: «Լիտերատուրնի Ազերբայջան»  ամսագրի վերջին համարը չե՞ս նայել:
- Չէ, ի՞նչ կա այնտեղ:
- Իմ բանաստեղծությունների շարքը՝ նվիրված քեզ:
- Շնորհակալ եմ: Ցավում եմ, բայց չեմ կարդացել դեռ:
- Ես մի օրինակ քեզ համար վերցրել եմ, կբերեմ:
Ես սուրճ պատրաստեցի, կոնյակի կիսատ շիշը դրեցի սեղանին:
- Մենակ մի բաժակ,- ասաց Սիավուշը,- ավել չեմ խմի:
Մեկական բաժակ խմեցինք:
- Ծերուկ, դու ե՞րբ ես ինձ սուրճ եփելը սովորեցնելու: Քո պատրաստած սուրճը շատ համով է լինում: Երևանում Հովհաննես Ղուկասյանի տանը նույնպես շատ լավ սուրճ մատուցեցին: Մոխրի թե ավազի մեջ են եփում: Ի միջի այլոց, հայկական մեծ շարք եմ գրել: Երբ գնացել էի Երևան, Թարգմանչաց տոնին, եղանք Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում: Ցնցող տպավորություն թողեց: Այս ամենի մասին բանաստեղծություններ եմ գրել: Կոմիտասի մասին էլ պոեմանման մի բան եմ մտմտում, բայց չգիտեմ ինչպես կստացվի: Լսիր,- հանկարծ ինչ-որ բան հիշելով ասաց Սիավուշը: - Քո հեռախոսը չի՞ աշխատում, ինչ է:
- Աշխատում է: Պարզապես անջատել եմ, որպեսզի չկանչեն ելույթ ունենալու:
- Բայց գոնե ինձ ասեիր: Գիտե՞ս ինչքան եմ  զանգել քեզ: Ամբողջ երեկոյան: Տեսա՞ր ինչ արեց էդ պոռնիկ Կատուսևը:
- Չեմ տեսել, լսել եմ: Դա չպետք է արվեր։
 - Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են և միայն  արարքներն են բացահայտում  նրանց տարբերությունը։  Նրա խիղճը, եթե այդպիսի պոռնիկը կարող է խիղճ ունենալ, շաղախված է անմեղ զոհերի արյամբ:
- Ի՞նչ զոհեր,- զգաստացա ես:
- Ինչ-որ հանրակացարանում, ասում են, ընդհարում է եղել,- խուսափողական ասաց Սիավուշը:- Զոհեր  կան:
- Այստեղ՝ Բաքվու՞մ:
- Ոչ... Սումգայիթում:
-Ի՞նչ  ես ասում,- ես արագ միացրի հեռախոսը, հավաքեցի մերոնց հեռախոսահամարը: Ոչ ոք չէր պատասխանում:
- Տանը մարդ չկա,- անհանգստացած ասացի ես: - Հետաքրքիր է, ու՞ր են գնացել:
- Ուզո՞ւմ ես գնանք Սումգայիթ,- անսպասելի առաջարկեց Սիավուշը:- Ծանոթ մի տղա կա՝ Զուլֆուգար Ալիև, այնտեղ, երաժշտական  ուսումնարանի տնօրենն է, շարունակ հրավիրում է:
- Գնանք,- ասացի ես: -Փառք աստծո, մեքենան բակում կանգնած է:
- Քո մեքենայով չենք գնա,- վճռական ասաց Սիավուշը, վեր կացավ  տեղից, մոտեցավ հեռախոսին, միացրեց:- Սպասիր մի տեղ զանգեմ:- Նա ինչ-որ հեռախոսահամար հավաքեց, քիչ սպասեց:- Այդին, Սիավուշն է,- ասաց նա: - Իհարկե: Կարո՞ղ ենք Սումգայիթ գնալ...  Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ, քեզ չէի անհանգստացնի: Շնորհակալ եմ: Վագիֆի փողոց, 30: Եղավ... Ուրիշ մեքենայով կգնանք,- դառնալով ինձ, ավելացրեց Սիավուշը: - Շուտով կգա: 
- Ես ճանաչու՞մ եմ նրան :
- Չէ, ես էլ նոր եմ ծանոթացել: Գիրք է գրել՝ չեկիստների կյանքից, թարգմանում եմ ռուսերեն: Մոսկվայում պիտի տպագրվի, թեմատիկ պլանում կա, վավերագրական պատմվածքներ են ու մի վիպակ: Բարձր պաշտոն ունի, բայց հրաշալի տղա է:
Մենք կրկին սուրճ խմեցինք, սպասելով Այդինին: Փողոցից մեքենայի ազդանշան լսելով՝ հասկացանք, որ նա է:
- Եկավ: Գնացինք:
Այդինը՝ բարձրաբերձ, թխադեմ, համակրելի դիմագծերով,  մեքենայից արագ  դուրս ելավ մեզ ընդառաջ, ծանոթացանք: Մեքենա նստելիս ես նկատեցի, որ նա, ձախ գոտկատեղից քիչ բարձր, ատրճանակ է կրում:
Քաղաքից դուրս, Բալաջարից հետո, Խրդալանից անմիջապես այն կողմ, ամբողջ ճանապարհին, ընդհուպ մինչև այնտեղ, ուր  Բաքու-Ռոստով մայրուղուց մի ճանապարհ անջատվում, թեքվում է դեպի աջ՝ Սումգայիթ, զինվորական ստորաբաժանումներ էին կանգնած,  տանկեր ու զրահամեքենաներ, կանաչագույն ծածկով  բեռնատար մեքենաներ՝ թափքերի աջ և ձախ կողմերին նստած զինվորներով, հրասայլեր:
- Ինչու՞ են սրանք այսպես կանգնած,- հարցրեցի ես: -  Զորավարժություննե՞ր են, ինչ է: 
-Լեո,- գրկելով իմ ուսը անսպասելի ասաց Սիավուշը մի տեսակ փոխված ձայնով, և  նրա ձայնից ու տոնից ես հասկացա, որ ինչ-որ ծանր, դաժան բան պիտի ասի նա, ես ներքուստ զգացի դա, և ցուրտ մի դող անցավ իմ մարմնով:- Սումգայիթում վատ բաներ են կատարվում:
- Ի՞նչ վատ բաներ,- հարցրի, ինքս  անգամ չլսելով իմ ձայնը:
-Անկարգություններ են այնտեղ: Զոհեր կան: Բայց ձերոնք լավ են,- փորձեց մխիթարել Սիավուշը:- Քեզ գտնել չէի կարողանում... Կարծում էի դու էլ Սումգայիթում ես, տաքսիով հասա մինչև Ջեյրանբաթան, բայց պահակակետում դեն անցնել չթողեցին, քաղաքացիական մեքենաները հետ էին տալիս: Այդինին գտա, միասին գնացինք: Նրա մեքենան չեն կանգնեցնում: Ուզում էի քաղաք բերել,  մայրիկդ չհամաձայնվեց...
- Նրանք որտե՞ղ են հիմա,- Սիավուշի ասածներն ինձ չէին հասնում: - Դու եղա՞ր մեր տանը:  
Սիավուշի հետ առաջ եղել էինք մեր տանը, նա գիտեր, որ քաղկոմի մոտ են ապրում իմ ծնողները:
- Տանը եղել եմ, բայց ... բոլոր հայերը  հիմա  պանսիոնատներում են, մի մասն էլ  քաղկոմում են ու քաղկոմի դիմաց՝  կաուչուկի գործարանի ակումբում...
Մեքենան մտավ քաղաք, այս ու այնտեղ փշրված մեքենաներ էին՝ բազմաթիվ վառված մեքենաներ, որոնցից դեռևս ծուխ էր բարձրանում, կողքի ընկած ավտոբուսներ կային՝ լրիվ սև, ավտոկայանի մոտ շուռ տված կրպակներ՝ ջարդված ապակիներով:
Մտանք Խաղաղության փողոց: Մի շարք տների ապակիները՝ նույնպես ջարդված: Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ  վերևի հարկերից էին, երևի, ցած գցել:
- Սա այս ի՞նչ է կատարվել այստեղ,- հազիվ լսելի ասացի ես շշմած ու սարսափած:
Իրար հետևից զրահամեքենաներ էին անցնում:
- Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այսպիսի բան պատահել,- ի վերջո ասաց Այդինը: Նա ամբողջ ճանապարհին լուռ էր:- Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այսպիսի բարբարոսություն՝ անհնարին է հավատալ:
Խաղաղության ու Բարեկամության փողոցների խաչմերուկում զրահամեքենաներ էին կանգնած, իսկ բակերի խորքում, ես դա տեսա, ամբոխն ինչ-որ իրերի կույտ էր վառում:
Թեքվելով աջ, անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք  քաղկոմի հրապարակը՝ շրջապատված հարյուրավոր  զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օտար մեքենաների մուտքն այստեղ արգելված էր, բայց Այդինին ոչ-ոք չկանգնեցրեց:
- Լեո, դու մտիր քաղկոմ, մենք հիմա կգանք,- ասաց Սիավուշը, երբ մեքենան կանգ առավ քաղկոմի շենքի առջև:
         Ես դուրս եկա մեքենայից, մտածելով, որ ծնողներս, հավանաբար, այստեղ՝ քաղկոմում են:
         Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած. ամենուր՝ աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին, մարդիկ էին տեղավորված՝ ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած՝ կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած՝  այդ դժոխքի դեմ հանդիման: Ինչ- որ մեկը՝ ջահել մի աղջիկ, լալիս, ցնցվում էր խուլ հեկեկանքից: Դանդաղ առաջանալով, ես աչքերով որոնում էի մերոնց: Հարյուրավոր մարդկանց արանքներով մի կերպ անցնելով, հասա մինչև չորրորդ հարկ: Բայց այդպես էլ չգտա մերոնց:
- Իջեք երկրորդ հարկ,- խորհուրդ տվեց ինձ ռուս մի կին՝ դեմքին սև կապտուկներ ու այտույցներ: - Նրանց մոտ ցուցակներ կան, գուցե ցուցակներով գտնեք:
Քաղկոմի առաջին քարտուղար Ջհանգիր Մուսլիմզադեի առանձնասենյակը նույնպես երկրորդ հարկում էր: Ընդունարանը ևս լցված էր այդ նույն մարդկանցով: Ոմանք լաց լինելով, ոմանք հազիվ  կարողանալով ոտքի վրա կանգնել, սպասում էին հերթի: Ես նույնպես հերթ բռնեցի: Դռների մոտ  միլիցիոներները սաստում էին նրանց լռել, սպառնալով դուրս հանել ընդունարանից: Դռան արանքից երևաց մի երկար սեղան, սեղանի գլխավերևում՝ Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը. ես  նրան դեմքով ճանաչում էի:  Ուրիշ մարդիկ էլ կային ներսում։
- Ծննդատնից ոչ մի երեխա չեն նետել,-հեռախոսով  բացատրում էր նա ինչ-որ մեկին,- դրանք մանկական խաղալիքներ են եղել:
Իսկ թե մանկական խաղալիքներն ինչ կապ ունեին ծննդատան  հետ՝ անհասկանալի էր։
- Այս քաղաքը ես ահա այս ձեռքերով եմ կառուցել,- քիչ անց ասաց նրա առաջ կանգնած հիսունամյա մի մարդ:- Տասնյոթ տարեկանից կառուցում եմ, հիսուներկու տարեկան եմ, հաշվեք՝ ինչքա՞ն է անում՝ երեսունհինգ տարի: Ես երեսունհինգ տարի ձեզ համար տներ եմ կառուցել, դրա դիմաց ընդամենը մի խնդրանք ունեմ ձեզնից, ուզում եմ իմ մեքենայով Ստավրոպոլ գնալ, գազաններից հեռանալ, մարդկանց մոտ գնալ: Այնտեղ եմ ուզում գնալ, օգնեցեք ինձ գնամ:
- Դու ինչ է, տղամա՞րդ չես,- ձայնը բարձրացրեց Սեիդովը: - Չե՞ս կարող քո մեքենայով գնալ: Դու պետք է, որ տղամարդու սիրտ ունենաս: Քսան հազար հայ է ապրում Սումգայիթում, հո՞ բոլորին մեկ-մեկ չպիտի ուղեկցենք: Ոչ մի օգնություն չի լինի, գնացեք ինչպես ուզում եք:
- Դու մինիստր չես,  սարի չոբան ես,-  գոռաց մարդը  և ուշակորույս ընկավ հատակին: Միլիցիոներներից երկուսը հապշտապ վազելով մտան ներս, մարդուն դուրս հանեցին ընդունարան, այնտեղից էլ՝ միջանցք: Քիչ անց նա ուշքի եկավ, հենց գետնին նստած, մեջքով հենված պատին, զսպված հեկեկանքով լաց եղավ: Դեմքն ուռած էր, աչքի մեկը լրիվ փակ, ճակատին պատռվածք կար, շորերին ու  գլխին՝ սև, չորացած արյուն: Ճակատից մինչև այտոսկորն ու քթից՝ քունքը, սևագորշ կապտուկ էր տարածված:
-Էհ, էս ոնց որ թե Բարմենն է,- քիչ առաջ  թեքված՝  ուշադիր նայելով նրան, ասաց երեսունամյա մի տղամարդ:- Դե, իհարկե,  Բարմենն է, Բեդյան  Բարմենը: Միասին աշխատել ենք: Բարմեն, դու՞ ես,- ավելի  թեքվելով նրա վրա՝ հարցրեց տղան:
- Հա, ես եմ:- Բարմենը կապտուկներով դեմքը շրջած  (աչքի մեկը, հավանաբար, չէր տեսնում) թեքվեց ձայնի ուղղությամբ:- Կոստյա, դու՞ էլ ես էստեղ,- ասաց նա  ու փղձկաց: - Տեսա՞ր մեր հայերին ինչ արեցին,- գլուխն օրորելով ասաց նա:- Մարդ չեն, գազան են, վայրենի գազան, գազանից էլ բեթար: Ինչ արեցին մեր ժողովրդի հետ, աղքատ ու չարքաշ մեր բանվոր ժողովրդին կոտորեցին՝ հեր, մեր, տղա, աղջիկ, պատվազրկեցին, ոչխարի պես մորթոտեցին, շատերին սաղ-սաղ այրեցին... Դու վրացի ես, Կոստյա, կարող է  քեզ ոչինչ   չանեն, բայց կինդ հայ է…
- Իմ վիճակն էլ լավ չի, Բարմեն, քաղաքում կոտորածը շարունակվում է, միլիցիայի աշխատողները, բանդիտների հետ միացած, թալանում ու կոտորում են, զինվորականներն էլ չեն խառնվում, ասում են՝ հրաման չկա:
- Բոլորին կոտորելուց հետո հրամանը կլինի,- ասաց ինչ-որ մեկը:- Այս ամբողջը նախօրոք պլանավորված էր, Մոսկվայի ու Բաքվի թուլտվությամբ է արվում: Ես խուժանից մի կերպ պրծա, փախա, միլիցիայի մեքենա էր գալիս, ուրախացա, երբ մեքենան կանգ առավ: Վազելով մոտեցա և այն պահին, երբ ձեռքս մեկնեցի դռան բռնակին, մեքենան պոկվեց տեղից: Իսկ մեր կողքի հարևան Վագիֆն ու իր քույր Սաբիրգյուլն առաջին հարկի լուսամուտից  գոռում էին. «Բռնեք, սպանեք»:
- Իսկ ինձ միլիցիան բռնեց, հանձնեց խուժանին,- ասաց Բարմենը: - Ծեծված, աչքիս մեկը արյունով լցված փախչում էի, ամբոխը գոռում էր. «Բռնեք, վախկոտ հայ է, բռնեք»: Երկու միլիցիոներ  բռնեցին, ծիծաղելով հանձնեցին խուժանին, մի վեդրո արյուն կորցրի էնտեղ: Նրանց թվաց՝ մեռած եմ, թողին գնացին: Մի ռուս պառավ կնիկ  վախվխելով օգնեց, վեր կեցա, քարշ գալով հասա հիվանդանոց, ինչքան բուժքրոջը խնդրեցի՝ թույլ տա զանգեմ մերոնց, չգիտեի՝ սա՞ղ են, թե մեռած, չթողեց: Ամեն ինչ հատուկ կազմակերպած էր:
        -Այո, կազմակերպված էր,- հաստատեց վրացի Կոստյան:- Դեռևս փետրվարի քսանմեկին իմ աշխատանքային ընկերներիցս մեկը՝ Իլհամ Հումմաթովը, ասաց, որ ամսի վերջին հայերի դեմ ուղված մեծ ցույց է լինելու: Նրանք նախօրոք պատրաստվում էին, մեր գործարանում հատուկ կարգադրությամբ դանակներ, կացիններ ու մետաղաձողեր են պատրաստել, միկրոշրջաններում ինչ-որ տեղից ինքնաթափ մեքենաներով գետաքարեր են բերել թափել, տոննաներով բենզին բաժանել: Ադրբեջանցի վարորդներն ամբոխի մոտով անցնելիս երեք անգամ  ազդանշան են տալիս, ձեռքը հանում, դա նշանակում է, որ յուրային է, բացի այդ, երեկոյան  բոլոր ադրբեջանցիներն իրենց տներում լույսերը չպիտի մարեին: Սա չի նշանակու՞մ, որ ամեն ինչ կազմակերպված էր: Ես տեսա առաջին զոհին,- շարունակեց Կոստյան,- ես այստեղ, հրապարակում էի: Քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Բայրամովան ելույթ ունեցավ, ասաց որ հայերին կոտորել պետք չի, թողեք հեռանան, նրանց տներն ու ունեցվածքը կմնան ձեզ, բայց իրենք թող հեռանան: Մինչև նա, Ղափանից եկած մեկը ելույթ ունեցավ, այսինքն՝  իբր թե Ղափանից եկած: Բայց ոնց որ թե դերասան էր, դերասանի նման անգիր արած ասում էր: Ասաց, որ Ղափանում   հայերն իր մորը մորթել են, մորթել են նաև կնոջ հորն ու մորը, բնակարաններն ու ունեցվածքը գրավել են, ասաց: Երկար դեմքով էր, սև ակնոցով, փոքր միրուք ուներ, բարակ բեղեր: Լայքայե թիկնոցով էր: Հետո Մուսլիմզադեն եկավ: Դա հաջորդ օրն էր: Ղափանցին դարձյալ ելույթ ունեցավ, կրկնեց նույնը: Բայց ավելացրեց, որ Ղափանում ադրբեջանուհիների  հանրակացարան կա, հայերը, իբր, ներխուժել են այդ հանրակացարան, բռնաբարել ադրբեջանուհիներին, կտրել նրանց կրծքերը: Վերջում նա գոչեց. «Դուրս հայերին ադրբեջանական հողից: Փառք Թուրքիային»: Թե Թուրքիան ի՞նչ կապ ուներ այստեղ՝ անհասկանալի էր: Մուսլիմզադեն համարյա բառացի կրկնեց Բայրամովայի խոսքերը, ավելացրեց, որ  Գորբաչովն ադրբեջանական ժողովրդի կողմն է: «Խնդրում եմ,- ասաց նա,- որպես մուսուլման, խնդրում եմ՝ թողեք հայերը հեռանան մեր քաղաքից»: Հրապարակը ցնծում էր, որովհետև, եթե մինչ այդ վախենում էին, թե իրենց կճնշեն այդ ցույցերի համար, այժմ պարզ տեսնում էին, որ ոչ մի ճնշում էլ չի լինելու, ընդհակառակը, քաղկոմի առաջին քարտուղարը ոչ թե սպառնում, այլ խնդրում է: Դրա համար էր ցնծում հրապարակը:  Ինչ-որ մեկը գոռած ամբոխի միջից. «Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն»։* Մուսլիմզադեն, չգիտես ինչու, խոսեց նաև տասնհինգ թվականի կոտորածների մասին, ասաց, որ ռուս-թուրքական բոլոր կռիվների ժամանակ հայերը միշտ դավաճանել են թուրքերին, անցել ռուսների կողմը, հարյուրավոր զինված ջոկատներով օգնել նրանց: Եվ դրա համար, ասաց, տասնհինգ թվականին ստացան իրենց արժանի պատիժը: Հետո նա իջավ  ամբիոնից, վերցրեց ադրբեջանական դրոշը և  քայլեց ամբոխի առջևից: Հենց այդտեղ, հրապարակի մոտ, սպանվեց առաջին հայը: Երկու հոգով էին նրանք՝ մեկը ջահել էր, տասնութ-քսան տարեկան, փախավ դեպի չորրորդ թաղամաս, դեպի Նարիմանովի փողոց, իսկ մյուսը՝  մեծահասակ մարդ, մնաց գետնին փռված:
Կոստյան մի կարճ պահ լռեց, ասաց.
- Այդ ղափանցուն ես դարձյալ տեսա: Պարզվեց, որ ղափանցի չէ, հայաստանցի քուրդ է, միջնակարգ դպրոցի դիրեկտոր, անունն էլ Խըդըր Ալոև։ Խուժանը նրա գլխավորությամբ ջարդում էր կրպակները, ավերում խանութները, տներն էին խուժում, սպանում հայերին: Ես  զանգեցի քաղկոմ. «Ի՞նչ անենք», ասում եմ: Կարծում էին հայ եմ, «Գնացեք քաղաքից», ասում են: «Ինչպե՞ս  գնանք, ասում եմ, օգնեք»: «Ինչպես ուզում եք, այնպես էլ գնացեք, ասում են, դրեք հեռախոսը, ասում են, օդը մի աղտոտեք«: Ես իմ ընտանիքը տարա  ընկերոջս՝ Ադիլ Ալիզադեի տուն, նրա տանը մի ուրիշ հայի ընտանիք էլ կար:  Հետո իմացել էին, թե կասկածել էին՝
- - - - - - - - ---- - - - - - - - -  -
*«Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն» (ադրբ.).- Փառք Միքայիլ Մեհմեդ օղլի Գորբոչովին

չգիտեմ, Ադիլին ասել էին՝ գլուխդ պոկելու ենք: Մի խոսքով, Ադիլի
հետ զինվեցինք սառը զենքով, գնացինք գործարան՝ բացակայության թույլտվություն վերցնելու: Հին երկաթուղային կայարանի մոտ  երկու այրված «Իկարուս» տեսանք, մի այրված միկրոավտոբուս էլ կար, հետո մի «Ժիգուլի» տեսանք՝ ներսից ու դրսից վառված՝ մեջը այրված մի մարդ: Քիչ այն կողմ, եղեգների մեջ, մի ուրիշ «Ժիգուլի»՝  էլի վառված:
- Շտապ օգնության բակում ես իմ աչքով տեսա,- ասաց Բարմենը:- Ամբողջ ընտանիքով մեքենայով ցանկացել էին փախչել, բռնել, վառել էին: Ես նայեցի, մեքենան բացարձակ սև էր, հնարավոր չէր հասկանալ՝ «Մոսկվիչ»  է, թե՞ «Ժիգուլի»,  և մեքենայի մեջ՝ հինգ այրված դիակ:  Ես դա իմ աչքով տեսա:
- Գործարանից վերադառնալիս մտանք  մեր ծանոթների մոտ,- շարունակեց Կոստյան:- Մեկի անունը Իգոր է, մյուսինը՝ Ռուսլան: Ռուսլանն ասաց, որ քաղկոմի դիմաց, կաուչուկագործների ակումբում էվակուացման կետ կա, բոլոր հայերին տանում են այնտեղ: Չորսով երկու ընտանիք բերեցինք էվակուացման կետ՝ իմ ընտանիքը բերեցինք և Ադիլի հարևանների ընտանիքը: Երբ վերադառնում էինք, առաջին միկրոշրջանի մոտ տեսանք, որ երկու զինվոր մի  աղջկա բերում են դեպի էվակուացման կետ:  Կյանքումս չեմ մոռանա դա: Աղջիկը  կլիներ տասներկու-տասներեք տարեկան, ոտքերն ու ծնկները լրիվ արյունոտ, գիտակցությունը համարյա կորցրած: Զինվորներից մեկը նրա թևը  մտած տանում էր, իսկ հետևից, մի քսան քայլի վրա, հիսուն տարեկան մի կին էր գնում, հիստերիկ ձայնով ողբում էր ու փետում մազերը: Տառացիորեն փետում էր, որովհետև մազերը փունջ-փունջ դեն էր նետում իրենից:
- Զինվորները բռնում են բանդիտներին, հանձնում միլիցիային, իսկ միլիցիան նորից բաց է թողնում նրանց: - Բարմենն էր:
Ինչ-որ մեկը կամացուկ քաշեց թևս, արագ ետ շրջվեցի. Սիավուշն էր: «Գնանք»,- հայացքով ասաց նա: Ես նրա ետևից  իջա  ներքև և առաջին հարկում տեսա մորս՝ խեղճ, միանգամից պառաված, մազերը լրիվ սպիտակ: Նա տանջահար, մտախոհ տեսք ուներ, աչքերը կարմրած: Բերանս չորացավ, ծնկներս ասես թուլացան ու չհասկացա ինչպես հասա մորս, գրկեցի նրան: Մայրս թփրտում էր ձեռքերիս մեջ, դեմքը կրծքիս սեղմած լալիս էր, չկարողանալով մի խոսք անգամ արտասանել: Ես ուզում էի հարցնել հորս մասին՝ որտե՞ղ է նա:
- Պապան չկա, Լեո, պապան չկա,- լացից աղավաղված դեմքով հանկարծ ասաց նա,- մեքենայի հետ միասին վառեցին, այրեցին պապայիդ, իմ կեսս էլ մեռած է արդեն… Պապան չկա, շտապ թաղեցինք...
Ես մորս սեղմել էի կրծքիս, անկարող զսպելու արցունքներս, հեղձուկը խեղդում էր ինձ: Այդպես երկար մնացինք կանգնած՝ մայր ու որդի իրար գրկած: Հետո Սիավուշը մտավ թևս, ցածրաձայն ասաց. «Լեո, տղամարդ կաց, դու պետք է սիրտ տաս մորդ»:
Մենք դուրս եկանք քաղկոմի շենքից:
Հրապարակն առաջվա պես լիքն էր զինվորներով ու զրահամեքենաներով:
- Եթե հնարավոր է, մի րոպեով մտնենք տուն,- ասաց մայրս խեղճացած, առանց բարձրացնելու գլուխը: Այդինի կարգադրությամբ՝ մեզ հետ մի քանի միլիցիոներ դրեցին: Սիավուշն էլ  եկավ: Բոլոր լուսամուտները փշրված էին, մեր բազմոցը, որի վրա հայրս սիրում էր պառկած գիրք կարդալ, այրված, ընկած էր բակում: Գրքեր ու ուրիշ իրեր ևս կային, շատ բան՝ այրված: Բարձրացանք տուն: Դուռը կոտրված էր, տան մեջ ամեն ինչ  ջարդուփշուր արված: Այստեղ-այնտեղ՝  ամանեղենի կտորտանք, փշրված, լարից կախված ջահ: Հեռուստացույցը, մորս կարի մեքենան, մագնիտոֆոնը, հատակի և պատի ձեռագործ գորգերը չկային: Ոչինչ չկար:

Комментариев нет:

Отправить комментарий