четверг, 2 февраля 2012 г.

►►►

- Տեսնո՞ւմ ես ինչ են արել,- լաց եղավ մայրս:- Երեսուն տարում ստեղծած մեր ունեցվածքը երեսուն րոպեում քամուն տվեցին: Գրքերը վառեցին, տետրերը վառեցին: -Մայրս թեքվեց, արտասվելով գետնից մի թուղթ վերցրեց:- Նայիր, հորդ ձեռքով գրած: Քանի հատ տետր ուներ, մաքուր արտագրած, բոլորը ոչնչացրել են, չկա:
Մորիցս վերցրի թուղթը: Բանաստեղծություն էր: Տեսնելով հորս ձեռագիրը, աչքերս կրկին լցվեցին: Այդպես մշուշված աչքերով էլ  կարդացի նրա բանաստեղծությունը.
                                         Հե՜յ, Կըղնախաչ,
                                                                դրախտ  երկիր,
                                                                                                          Կըղնախաչ...
                                        Շընշնկան հով,
                                                                  զիլզիլան զով,
                                                                          ծաղկած ծով...
                                         Խոտի շրշյուն,
                                                                հավքի դայլայլ,
                                                                                         կկվի կանչ...
                                          Քարեն կըլխան՝
                                                                մղեղի մեջ
                                                                                 շինամաչ...
                                         Գառան  մայուն,
                                                              մեղվի գվվոց,
                                                                                    խրխնջոց...
                                          Ինչ- որ ծիծաղ,
                                                             զանգի ղողանջ,
                                                                                  շնահաչ...
                                         Թեթև անձրև,
                                                          արև-անձրև,
                                                                        սարից-սար
                                        Կամար կապած
                                                           կընընչկարմյուր
                                                                                 ծիածան...
                                         Քամու թևին՝
                                                        մայրական ձայն,
                                                                           անուշ ձայն.
                                        Կանչում է ինձ՝
                                                    արի որդիս,
                                                                      արի տուն...
                                       Հե՜յ, Կըղնախաչ,
                                                     քաղցր օջախ,
                                                                       մանկություն,
                                       Ա՜խ, անմոռաց,
                                                       դու իմ  կորած
                                                                        սրբություն...
Լռին կանգնած՝ երկար արտասվում էի: Կոկորդս սեղմվում էր անագորույն կորստի ու հուսահատության  չոր ջղակծկումից: Բանաստեղծությունը դրեցի գրպանս. հորիցս որպես հիշատակ դա էր մնացել:
Ես դառնությամբ հիշեցի Արմենի խոսքը՝  քրեական հանցագործներին բանտերից ազատ արձակելու մասին ու նրա       տարօրինակ կենացը ռեստորանում՝ «Թող մարդը բնավեր չդառնա և ոչ էլ ողբ ու լաց լինի  անժամանակ կորստի համար»:
- Գնանք,- ասացի ես գրկելով մորս ուսերը:  Դռան մոտ մենք վերջին անգամ  նայեցինք ետ՝ մեր ավերված բնակարանին: Մայրս օրորեց գլուխը և, չկարողանալով զսպել իրեն, դարձյալ լաց եղավ:
- Սիավուշ,- ասացի ես: - Այդինին  հարցրու՝ հնարավո՞ր է գնանք գերեզմանատուն:
- Իհարկե, կգնանք,- ասաց Սիավուշը:- Ի՞նչ խոսք կարող է լինել:
- Մարդս մեռավ, ուրեմն կեսս մեռավ,- լացի միջից նորից ասաց մայրս:- Գնանք տեսնենք, շատ հնարավոր է, որ էլ չկարողանանք  այցելել:
Միլիցիոներներն իրենց մեքենայով եկան մինչև գերեզմանատուն:
Ես ընկա հորս թարմ շիրիմին, դառնակսկիծ լաց եղա: Մայրս մղկտում էր, ասում էր, որ այսուհետև իր ապրելն անիմաստ է, հանդիմանում էր հորս, որ չլսեց իրեն, եթե լսեր, ասում էր, տնից դուրս չգար, գուցե նրան էլ հաջողվեր փրկվել:
- Հա, չլսեց, չլսեց ինձ,- դառնությամբ ասաց մայրս քիչ հանգստացած, երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և սլացավ դեպի Բաքու: - Ախր, տեսնում էր, թե ինչ է կատարվում հրապարակում: Այնտեղ, ձեռքներին դրոշակներ բռնած, գոռգոռում էին՝ «Մահ հայերին»: Բոլորի առջևից քառասուն-քառասունհինգ տարեկան, մոխրագույն վերարկուով մի մարդ էր գնում, նա ինչ-որ բան էր ասում և բոլորը՝ ջահել տղաներ, նրա հետևից գոռում էին՝ «Ղարաբաղը չենք տա», «Մորթեք հայերին», «Կեցցե Թուրքիան»: Էսպես գոռում, բղավում էին, հետո էլ «ուռա» են գոռում: Իսկ մարդիկ անընդհատ գալիս են ու գալիս՝գործարաններից, ֆաբրիկաներից, ուսումնարաններից, դրանց մեջ կանայք էլ կային: Այդ կանանցից մեկը, հետո իմացանք, թատրոնի դերասանուհի էր, սկսեց խոսել: Ավելի շուտ՝ գոռգոռում էր. «Էնտեղ մերոնց տկլորացնում են, ասում էր, սպանում, բռնաբարում են, դուք տղամարդ չեք, մերոնց սպանում են, իսկ էստեղ լռում եք»: Էդպես մարդկանց գրգռում էին, իսկ ես մի բան էի մտածում միայն, հանկարծ երեխաս, Լեոն այսինքս, չգա Բաքվից, չնայած ասել էր, որ էս շաբաթ չի գալու, բայց վախենում էի՝ կլսի ու կգա: Մի խոսքով, Սիավուշ եղբայր, մարդիկ գալիս են ու գալիս, իսկ ես վախեցած դես ու դեն եմ ընկնում: Դուրս եկա պատշգամբ, մյուս պատշգամբում էլ մեր հարևան ադրբեջանուհին է կանգնած։ Ասում եմ՝  « Էս ի՞նչ բան է, ի՞նչ է պատահել»:  Նա ասում է. «Ես էլ չգիտեմ ինչ է եղել»: Դեմքին գույն չկար, նա էլ ինձ նման հուզված էր: Նրանց՝ էդ տղաների ձեռքներին փայլուն բաներ կային, բոլորը նույն չափսի, հետո իմացանք՝ հատուկ պատրաստած, միջնամատի հաստության սրած երկաթե ձողեր էին,  համայրա ամեն մեկի ձեռքին էլ կար: Գալիս էին ու էդ ձողերը  թափահարելով գոռգոռում էին, առջևից գնացողն էլ, ոնց որ դրանց ղեկավարը,  ձեռքին ձող ուներ: Մի տաս-տասնհինգ րոպեից ամուսինս եկավ: Հենց նա տուն մտավ, ասացի. «Վույ, վախենում եմ,մեզ սպանելու են»: Իսկ նա ասում է. «Ինչի՞ց ես վախենում, պրոֆտեխուսումնարաններում  սովորող երեխեք են, վախենալու բան չկա»: Նա հաց էլ չկերավ, մի գիրք վերցրեց, գնաց դիվանին պառկեց: Էն որ բակում գցած էր, էդ դիվանին, ու էդ ժամանակ հեռուստացույցով հաղորդեցին, որ Ղարաբաղում, Ասկերանի մոտ հայերը երկու ադրբեջանցի են սպանել՝ մեկը քսաներկու, մյուսը՝ տասնվեց տարեկան: Ամուսինս ջղայնացավ, գիրքը մի կողմ գցեց: Նա հասկացավ, երևի, որ դա կազմակերպված բան է՝ էդ հաղորդումը: Ինձ բան չասաց, բայց տեսա՝ գույնը գցեց: Ես ինձ կորցրի: «Մեզ սպանելու են»,- ասում եմ, իսկ նա էլի նույնը՝ «Ոչինչ չի լինի, մի վախենա»: Էդ հաղորդումից հետո հրապարակում կանայք սկսեցին ճվճվալ, չգիտեմ ինչ էին գոռում, ամուսինս պատուհանը փակեց: Էլ ոչինչ չէր լսվում: Հետո կարծես թե ամեն ինչ խաղաղվեց, բայց քնել չկարողացա: Մինչև գիշերվա երեքը պատուհանի մոտ կանգնած էի, հազար ու մի բան էի մտածում: Հեռախոսներն անջատված էին, ոչ մի տեղ հնարավոր չէր զանգել:- Մայրս շունչ քաշեց: Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր՝  սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան՝ դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից:
- Հաջորդ օրը, այ Սիավուշ եղբայր, ամուսինս վեր կացավ, թեյ խմեց, ուզում էր դուրս գալ, ասացի. «Այ մարդ, ու՞ր ես գնում, մի գնա»։ Չլսեց: «Գործ կա, ասում է, պետք է գնամ»: «Դու քո ասածին ես, ասում եմ, որ ասել ես՝ գնալու ես, բայց գոնե մի անգամ լսիր ինձ, մեքենան մի հանիր գարաժից, մեքենայով մի գնա»: Իսկ նա ասում է. «Էհ, դուռը փակիր»: Հետո աստիճանների վրա էլի ինչ-որ բան ասաց, չգիտեմ՝ վախկոտ անվանեց, թե ինչ՝ չլսեցի, ու գնաց: Ու էն գնալն էր:- Մայրս լուռ փղձկաց:- Մինչև ժամը մեկը մեզ մոտ ոնց որ խաղաղ էր, հարևանուհին ասաց, որ երեկ իրիկունը շատ տներ են ավերել, և դա հիմա էլ շարունակվում է, ասաց: «Ավտոկայանում, ասում է, մեքենաներ են վառում»: Ես հարցնում եմ՝ «Մե՞րն էլ»: «Չէ, չէ, չէ, ասում է, դրանք պետական մեքենաներ են, ավտոբուսներ»: Բայց ամուսինս չկա ու չկա: Արդեն ժամը հինգն էր, վեցը՝ չկա: Յոթը դառավ, բայց էլի չկա: «Չէ, սպանել են», մտածում եմ: Քաղաքում մեքենաների դողեր էին վառում, սև ծուխը բռնել էր շուրջը, երկինքը՝ մթնել: Պատշգամբում կանգնել, դողում եմ, ամբողջ մարմնով դողում եմ: Վայ, աստված, մտածում եմ, ամուսնուս սպանել են, հաստատ սպանել են, մտածում եմ: Ժամը տասին տեսնեմ մեր դիմացի շենքի երկրորդ հարկից տան եղած-չեղածը  թափում են ներքև: Ներքևում էդ բոլորը վառում են, իսկ միլիցիոներները՝ մի տաս-տասնհինգ հոգի, կամ գուցե ավելի, կանգնած նայում են, ծիծաղում: Ու զարմանալի բան: Նրանք՝ էդ տղաները, բոլորն էլ սև էին հագած: Սև, մուգ գույնի շորեր: Գուցե էն նպատակով, որ չշփոթեն իրար, կամ գուցե որ բոլորն ընկալվեն որպես ինչ-որ սև, չարագույժ զանգված և անհնարին լինի առանձին մարդկանց մտապահել, չգիտեմ: Հեռուստացույց նետեցին ցած, ոնց ռումբ պայթեց: Մեր երրորդ հարկի ադրբեջանցի հարևանուհին՝ Խանում Իսմայլովան, դուրս եկավ պատշգամբ ու գոռաց. «Էս ի՞նչ եք անում, ի՞նչու եք վառում, մարդիկ իրենց բերանից կտրել են, որ տուն-տեղ դնեն: Ինչու՞ եք վառում»:  Իսկ ներքևից նրա վրա գոռում են. «Դու ավելի լավ է ասա՝ դրանցից էդտեղ ապրու՞մ են, թե չէ»:  Նրանք մեզ՝ հայերիս նկատի ունեին: «Չէ, չէ, չէ, չկան»: Հետո վազելով եկավ ինձ մոտ, ասում է. «Բանալիները տուր ինձ, գնա, մեզ մոտ, որ եկան՝ կասեմ քրոջս բնակարանն է, կասեմ նրանք հյուր են գնացել»: Ես բանալիները նրան տվի, գնացի նրա տուն: Իսկ այդ  ժամանակ մեր բակում երկու եղբոր միասին սպանեցին: Լեոն գիտի նրանց՝ Վալերան ու Ալիկը: Չդիմացա, իջա բակ, տեսա մեր հարևանի տղան կանգնած։ Ադրբեջանցի է։ «Արի, ասում եմ,  գնանք գարաժը նայենք, գուցե ամուսինս էնտեղ մեռած-ընկած է»: Նա ինձ չթողեց, ինքը գնաց, ետ եկավ, ասում է. «Էնտեղ մարդ չկա, գարաժը փակ է: Ալիկին արդեն սպանեցին, ասում է, իսկ Վալերան էնտեղ խրխռացնում է»: Անհեր մեծացած խելոք երեխեք։ Ուզեցել է մոտենալ, օգնել Վալերային, մոտ ընկերներ են եղել, ախր, չէին թողել: Իսկ միլիցիան նայում էր ու հրհռում: Ես բարձրացա տուն՝ Խանումի մոտ: Հետո խուժանը վազելով մտավ մեր մուտքը: Լենա Ավանեսյանը մեր մուտքում էր ապրում, նրանց դուռը ջարդեցին, ամանեղենի փշրվելու ձայն լսեցինք, ճիչ ու ծվվոց էր, ասես ամբողջ շենքը ցնցվում էր: Լենային ու նրա ամուսնուն՝ Սաշիկին, քարշ տալով հանեցին փողոց: Խփում էին մահակներով, երկաթե էդ ձողերով: Մենք լսում էինք, մի հարկ ներքև ավերածություն էր, նրանց աղջիկը՝ Մարինան, նրա ծննդյան օրն էր այդ օրը, գզգզված դուրս եկավ պատշգամբ, այլայլված, դանակը ձեռքին: «Մոտ չգաս,- գոռում էր նա ինչ-որ մեկին,- մոտ չգաս»: Իսկ մարդիկ կանգնած նայում էին, ոնց որ գեղարվեստական կինո, ու ոչ  մի տղամարդ չէր ասում՝ «էդ  ի՞նչ եք անում, ամո՞թ չի ձեզ, դուք գազանից ինչո՞վ եք տարբերվում»:  Հետո իմացանք, որ Մարինային ու երկու քույրերին տաս-քսան հոգով բռնաբարել էին, տկլոր հանեցին փողոց: Նրանք Բաքվից հյուրեր էին ունեցել, չէին կարողացել վերադառնալ, որովհետև ավտոկայանն արդեն փակ էր: Հյուր եկած աղջկան, անունը Աիդա, նույնպես բռնաբարել էին, դանակը խրել փորը, ներբանները կտրել, ականջօղերը մսի հետ պոկել: Եվ այդ ամենը հոր աչքի առաջ, ու նրանց մեջ՝ քառասուն-հիսուն տարեկան մարդիկ, և քառասունհինգերորդ դպրոցի դիրեկտոր Խըդըր Ալոևն էլ նրանց հետ, իսկ հորը չէին սպանել, ասել էին՝ «Էդքանը դրան հերիք է, թող տանջվի»: Նրանց բոլորին զինվորականները փրկեցին: Զինվորներից մեկը տեսնելով նրանց էդ վիճակում, ուշաթափվել էր:- Մայրս լաց եղավ: Իմ արցունքները ևս հոսում էին անզորությունից ու խղճահարությունից:
- Ոչինչ մի պատմիր, մամ, մի պատմիր,- խնդրեցի ես: Բայց նա չլսեց ինձ, շարունակեց.
- Աստված պահի Խանումկային: Խանում Իսմաիլովա: Քառասունվեց բնակարանից: Հարևանները՝ հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհինգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին՝ հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր, Լենքորան՝ թաղման էին գնացել ամուսնու հետ, բանալին թողել էին Խանումկային, որ ծաղիկները ջրի, և ահա, Խանումը  շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով, նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ, կտրեց երակը, ասաց՝ «Արյո՞ւն եք ուզում, ահա, իմ արյունը»: Իգոր  Աղաևն էր օգնում նրան, Լեոն գիտի, նույն դպրոցում են սովորել: Գաբրիելյանների ընտանիքն էլ նրանց աղջիկներից մեկի պետը՝ Մամեդովը փրկեց, բերեց ակումբ: Ուրշան Մամեդովը՝ Լենքորանից: Իսկ մինչ էդ նրանց՝ գազանաբար բռնաբարված, հարևանները՝ Քյարամովը, Սալիման ու Սաբիրը թաքցրեցին իրենց բնակարաններում: Բայց, ահա,   երկրորդ շենքում ոչ ոք չպաշտպանեց Մելքումյաններին, վեց հոգու՝ մեկն էլ հյուր էր, սպանեցին և ինչպես սպանեցին, ի՜նչ խոշտանգումների ենթարկեցին, սաղ-սաղ նետեցին կրակի մեջ, նրանց որդին՝ Էդիկը, շատ լավ, բարի սրտով տղա, ուզում էր կրակից դուրս գալ, երկաթի ձողերով հրում էին կրակի մեջ, քրոջը՝ Իրինային, մի հրաշք գեղեցկուհի, կողքի դեղատանն էր աշխատում, նույնպես այրեցին, խեղճ աղջիկը պատշգամբով անցել էր հարևանի տուն, բայց տանտիրուհի Սևիլն ու իր երկու  անչափահաս տղաները նրան դուրս հրեցին բնակարանից, գցեցին գազազած գայլերի բերանը: Էդ Սևիլի ախպերը պատշգամբից գոռում էր. «Ծեծելը քիչ է, սպանեք, այրեք»: Հոշոտեցին խեղճ Իրինային, ողջ-ողջ նետեցին կրակի մեջ, խորովեցին կերան: Վեց հոգու մի ընտանիքից, իսկ հարևանները պատուհաններից ու պատշգամբից նայում էին, ծիծաղում: Էդպես էր: Մենք էդ բոլորը տեսանք վարագույրների ետևից: Քառասունհինգերորդ դպրոցի   էդ  Խըդըր Ալոևն  իրենց պատշգամբից Լենինի պես ձեռքը  առաջ  մեկնած՝ գոռում էր. «Գըրըն, գըրըն»*: Բա էդպիսի դիրեկտո՞ր կլինի: Մեր դիմացի տասներկու հարկանի շենքում ադրբեջանցիներն իջան բակ և չթողեցին, որ խուժանը մտնի իրենց մուտքը, այդպես նրանք երկու հայ ընտանիք փրկեցին իրենց շենքում: Այդպես վարվեց նաև կողքի շենքից մի ջահել ադրբեջանուհի, անունը չգիտեմ, նա սկզբից պատուհանից հայհոյեց խուժանին, հետո իջավ բակ և մուտքի առաջ կանգնելով ասաց.  «Դուք իմ դիակի վրայով կանցնեք, կամ չեք մտնի այս մուտքը», իսկ այդ մուտքում նույնպես երկու հայ ընտանիք էր ապրում: Շնորհակալություն քեզ անծանոթ աղջիկ և քեզ շնորհակալություն, Խանում, մենք քեզ կյանքով ենք պարտական: Մինչև վերջ նստեց մեզ հետ, բոլորին փրկեց, կերակրեց, ուղարկեց էվակուացման կետ: Իսկ մինչ էդ, մեր տունը նույնպես այրեցին,
------------- 
* Գըրըն, գըրըն (ադրբ.).- Կոտորեք, կոտորեք
բոլոր գրքերը՝ երկու հազար հատ, մեր բակում այրեցին: Նրանք  հայերի ցուցակներն ունեին, այդ ցուցակներով էին գտնում մեր տները: Որ տեսնեիք վաթսուն տարեկան Էմմա Գրիգորյանին ինչպես սպանեցին, ինչպես տանջեցին խեղճ կնոջը: Տկլորցրած, մեջքին խփելով տանում էին բակով, իսկ նա ձեռքերով կրծքերն էր ծածկում: Ինչո՞վ էր մեղավոր այդ հավաքարարուհի կինը: Բա Հերսիլյա Մովսեսովան, աստվա՜ծ, աստված, ի՜նչ արեցին խեղճ կնոջը: Բաքվից հյուր էր եկել բարեկամներին, ութանասունվեց տարեկան պառավ կնիկ, հիվանդանոցում բժիշկն ասաց, որ դանակի երեսունվեց հարված կար մարմնին: Գազանը գազան տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:
Մայրս լռեց: Սիավուշը  ետ շրջվեց, բռնեց ձեռքս՝ այսինքն արիացիր: Ես նրա աչքերում արցունք տեսա:
- Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց,- նորից խոսեց մայրս,- ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի:
Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն  էր խոսում.
- Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին։ Միայն հայեր՝  կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է... Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝  շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք տեսաք, հինգ հազար մարդ՝ մեծ, փոքր, ջարդված, վիրավոր, իրար վրա թափված՝ գետնին, նստարանների վրա ու նստարանների տակ: Ոչ ջուր կա, ոչ լույս՝ հակասանիտարական վիճակ: Երեք շարք զինվորներով, տանկերով պաշտպանում են, որ  խուժանը չհարձակվի: Դե դա դուք նույնպես տեսաք: Ինձ տարան հիվանդանոց: Ճանապարհին տեսա, ավերված բնակարանները շտապ նորոգում էին: Ինձ տարան հիվանդանոց, ու ես  հասկացա, որ ամուսինս չկա արդեն: «Սառա բաջի, ասում եմ բուժքրոջը, մեռածների մե՞ջ է ամուսինս»: « Չէ, ասում է, ի՞նչ ես ասում»: Նա ամուսնուս, իհարկե, ճանաչում էր, քանի անգամ հիվանդանոցի նորոգման ժամանակ օգնել է: Գլխավոր բժշկին ասում եմ. «Դոկտոր, ասա, խնդրում եմ, ամուսինս մեռա՞ծ է»: «Ի՞նչ ես, ասում է, անընդհատ՝ մեռած է, հա, մեռած է»: «Աղաչում եմ, ասում եմ, ասա»:  Եվ նա ասաց: Ես լալիս էի, ճչում, գոռում էի հենց նրա առանձնասենյակում: Նա ասում է՝ «Գնա մի քիչ հանգստացիր»:  Հետո ինձ տարան մորգ: Էնտեղ այրված մարդիկ կային, այդ թվում կանայք  ու մի երեխա: Երևի մի տասը տարեկան կլիներ էդ երեխան: Ես որ էդ ամենը տեսա՝ ոնց որ թե խելագարվեցի: Ասացի չեմ կարող նայել, չէ, չեմ կարող: Քննիչ կար, էդ քննիչն ասում է.  «Նա մի հատուկ նշա՞ն ունի»: Ասում եմ՝«ձեռքի մատի՝ բութ մատի կեսը չկա: Աշխատանքի  վայրում է վնասել: Տվեք շորերը, ասում եմ, կամ էլ կոշիկը տվեք, գուլպան, ես կճանաչեմ»: Բերեցին շապիկի մի թևքն ու նրա հագի սվիտերը... բոլորը վառված... Ես դա հենց տեսա, գոռացի՝ վա՜յ, գազաններ, նրան վառել են: Ես ճչում էի, լաց լինում, չգիտեմ՝ հատակին էի ընկել... թե նստած էի, չեմ հիշում: Իսկ քննիչն ասում է. «Դե, լավ, լավ, ուրեմն ճշտեցինք, որ դա նրա հագուստն է, ձեռքի բութ մատն էլ կտրված»:  Հետո մեր գլխավոր բժիշկն ասաց, որ հարկավոր է շուտ թաղել, չի իմացվի, հետո ինչ կկատարվի: Բա ասում եմ՝ ո՞նց կլինի, տղաս չկա, աղջիկներիս մեկը Չարենցավան, մյուսը՝ Ստավրոպոլում, ո՞նց կլինի դա: Քույրեր ու եղբայր ունի, հեր, մեր: Էդպիսի պատվավոր մարդուս էդպես անպատիվ թաղեցինք: Վախենում էինք, որ  գերեզմանի վրա էլ  կարող են հարձակվել, շտապ-շտապ թաղեցինք, բժիշկը շատ օգնեց, աստված պահի նրա երեխաներին: Աստված ձեզ էլ պահի-պահպանի, որ էս նեղ օրը երկու անգամ եկաք Սումգայիթ, հենարան եք կանգնել որդուս: Մինչև երկինք շնորհակալ եմ:
- Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել,- երկար լռությունից հետո հարցրի ես:
- Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ... էդպես էր, լավերը տուժվում էին, վատերը՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ ընդհակառակն է անում:
- Լեո, ընդունիր իմ ցավակցությունը,- բաժանվելիս ասաց Սիավուշը,- և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա:- Սիավուշը հոգոց հանեց, ասաց, - Այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝  խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը,- շարունակեց Սիավուշը: - Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո,- դարձյալ հոգոցով ասաց նա,- չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին։- Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց,- մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:

Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:
- Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող,- ասաց նա:- Ուղարկիր քույրերիդ մոտ՝  Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի: 
Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով  պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ,- ասաց նա,- հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:
Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝  հո ոչ մի տեղ չե՞ս գնում:
- Ոչ,- ասացի,- տանն եմ:
Նա եկավ Լորաննայի և Ալինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցքով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝  «Ցավակցում եմ»,  իսկ Ալինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:
- Ներս արի, Ալինա, ինչու՞ ես կանգնել,- ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս: Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն  իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Ալինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը:
Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:
- Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի,- դարձյալ ասաց մայրս:- Էդ քաղաքն արատավորված է մեր  հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:
- Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը,- հենց այնպես հարցրեց գլխավորը:
- Կազմակերպված էր,- հանգիստ ասաց  մայրս:- Սուտ  լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչու՞: Ինչու՞ էին հեռախոսներն անջատել:  Որտեղի՞ց  նրանց հայերի ցուցակները: Եվ ինչու՞ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչու՞ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա:
- Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում,- հոգոցով ասաց գլխավորը: - Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից հետ մղեց դեպի վայրենություն:
- Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում,- միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:
- Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների   մեջ,- հարցրեց Լորաննան,- օգնու՞մ էին որևէ բանում:
- Կային, իհարկե, կային, օգնում էին,- պատասխանեց մայրս:- Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա՜տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը  ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմս թատրոն էր, նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազան մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ու՞մ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ... Լավ, էս ինչու՞ եմ էսպես նստել:
Մայրս գնաց խոհանոց՝  սեղան գցելու: Լորաննան ու Ալինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:
- Ախպեր, դիմացիր, կյանք է,- սիրտ տվեց գլխավորը: - Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: - Նա քիչ լռեց, ասաց.- Ես էլ եմ  փոքրուց ծնող կորցրել: Է՜հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:
Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.
- Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար  բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ  պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին  հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերը միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ  հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավել հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ  գեներալներ ու  հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած  հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր   հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ  պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի  բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու  օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեց տարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ  հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Գետաշեն գյուղը հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ու՞մ են կանչել դրա համար պատասխանատվության՝  դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների  հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը  հետ կանգնի  Ղարաբաղյան շարժումից:  Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:
Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.
- Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա  Գորբաչովի ու նրա շրջապատի՝  Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝  երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով  վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական  հակահետախուզությունների գործակալ էր: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ  անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր  այս ամենը, և՝  ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես  ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝  քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը:  Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ  երկու ամիս առաջ  քննչական  հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու  Հեյդար Ալիևի  գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի  կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի  զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող  կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական  կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա  հանրապետության  ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են  մոսկովյան   քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ուզբեկական  հանձնախմբի  տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում  հափշտակումները միլիոնների  էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրներով, գլուխներ են թռչելու, և այն էլ ի՜նչ գլուխներ: Բանտերը կլցվեն  նրանցով, ովքեր  երկար տարիներ  անխնա  թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ  անպատիժ  շարունակում են  նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի կազմակեպվե՞լ, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները։ Միտինգներում  արդեն խստորեն  պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր  պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որը նրան խայտառակաբար  վտարեց քաղբյուրոյից, որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից:  Կների՞ Ալիևը նրան՝  երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա  կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝  ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական  ճակատի  վարչության երեք  անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու  Էհթիբար  Մամեդովը մեկնել  են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրան ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը  կսկսի հայրենի Նախիջևանից:
Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս  եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում:  Ասում էր հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:
- Հիմա աշխատում է, - ասացի ես:
- Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր, գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես  ոչինչ չէր հասկանում:  Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:
Երկուսս էլ լուռ էինք:
- Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ,-  երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով:- Պատրաստ եմ անգամ  ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի  տառապանքի առջև:
- Լսիր, Լորաննա,- չգիտեմ ինչու  ակամա բարկանալով ասացի ես:- Դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես Միտյա Կարամազովը:
- Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞,- սեթևեթեց նա:
- Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:
- Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:
- Սոնեչկա Մարմելադովան աստվածային անձնավորություն էր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:
- Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո,- Լորաննան դառնադառն նայեց ինձ: - Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր  ու  ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը:- Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:
- Թողնելը դժվար է, մոռանալը՝  անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:
Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն  է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ  տարօրինակ ձևով էր նայում  Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի  տող էր կարդում  քո աչքերում: Նա  մի րոպե  տատանվեց, ասես կշռադատելով  այն, ինչ պիտի  ասեր, հետո ասաց  անհուսալի քնքշությամբ.
-Ի՞նչ ուղի  ցույց տամ, սիրելիս, մի՞թե  այս ամենի  կազմակերպված  բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր  սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ... Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզանից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թող նրան, Լեո, լսիր ինձ՝ թող: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:
- Չկան,- անվիճելի հաստատակամությամբ ասացի ես:- Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ   ինչ  որ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում  ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:
- Ողորմած է, բաց ոչ մեզ համար:
- Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ  Տիրոջ  կամոք է արարված,   Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից... Աստծու փառքը  մեծ է:
-Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝  խոր:
-Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է  ու հզոր:
-Ամենակարող է ու հզոր... Տեր, եկուսցե արքայություն քո,- մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ:-Ողբ էր,  լաց և կոծ  Ռամայի մեջ,  Ռաքելը իր  որդկանց  վրա լաց  էր  լինում և չէր կամենում  մխիթարվել, որովհետև  չկա՛ն նրանք ... Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչու՞ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:
- Ո՞վ՝ նա:
- Գազանը,- ասաց Լորաննան:- Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ  մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու  հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա՜տ է հեռու,- ավելացրեց նա:- Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:


Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:
- Ես եմ, Ռենա:
- Բարև,- ցածր, նվաղուն  ձայնով արձագանքեց նա:- Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ... ես շատ եմ զանգել...  Ես ցավակցում եմ... Ես շատ եմ ուզում տեսնել քեզ... Լսո՞ւմ ես,- ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան:- Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ...  Ես առանց քեզ չեմ կարող ապրել...
Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝  շարունակ իմ մասին է մտածում:
Որոշ դադարից հետո.
-Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ  ունի: Օրական հարյուր հազար  անգամ իմ սիրտը  բաբախում է  քեզ համար, Լեո...Ես վախենում եմ քեզ կորցնելուց:
Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:
 -Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք,- ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով:- Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են  սաստկացնում սերը: Արար աշխարհ դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող  անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա:  Ոչ ոք չի ուզում հասկանալ:- Արցունքի լույս  կաթիլը սահեց այտն ի վար:
Դարձյալ որոշ դադարից հետո.
-Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը  ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետան  իրոք եղել են: Նրանց սիրո   պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ  Ջուլիետայի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս  աշխարհի տարբեր  ծայրերից ՝  տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ  նրանց ծնողները  պատկանում էին  երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական  հինավուրց  քեն, թշնամություն   կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան  սադրանքներով՝ նույնպես եղելություն է,- և արցունքաշաղ աչքերով  նայելով՝ վհատորեն ավելացրեց,- ոչինչ չի փոխվել... ոչինչ չի փոխվում...  
          Մի ուրիշ անգամ.
- Ինչու՞ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում... Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշն առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով  պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»:  Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված  նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչու՞ է այդպես:
Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:
- Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն,- ասաց նա դառնորեն ժպտալով: -Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝  դարերով մարդկանց կաշկանդած բոլոր  այս նախապաշարումները, կվերանան...  Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ  ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի...


        Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:
Մանր անձրև էր տեղում, գորշագույն  մթնաշաղի  միջից հազիվ էին  երևում կայարանամերձ   տների  աղոտ լույսերն ու կայարանից այն  կողմ, բլրակի վրա  միայնակ կանգնած   տուրիստական  հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն  մի երկու  րոպե էր  մնացել, և մայրս, ինձ համար  բոլորովին անսպասելի, խոսք բացեց  Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք  չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:
-Էդպես էլ չտեսա Ռենային,- սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը:- Պապան  շատ էր ուզում  տեսնել... Անհարմար էր  զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր... Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց...
-Ռենան նմանապես  շատ էր հուզվում,- կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն աոաջացավ  մորս հետ խոսել  նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից  հայտնվեց  զվարթուն  սենտիմենտալության այդ անհասկանալի  հուզիչ զգացողությունը:
-Պապային շատ դուր կգար նա,- քնքշահույզ  շշուկով ասացի ես,- և դու  նույնպես, մամա,կսիրեիր նրան, որովհետև  շա՜տ, շատ լավիկն է...
Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.
-Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:
-Կյանքում ավելի  լավն է, քան նկարում,- ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ  կարոտից  սկսեց արագ-արագ  զարկել:- Իսկ թե իմանաս, թե ի՜նչ  ոսկի բնավորություն ունի, մամ... Ոնց որ թե  այս  աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի...
-Նկարից էդ էլ է երևում, մաման մատտաղ,- արցունքաժպիտ աչքերով նայելով՝  նա այտը  գգվանքով  սեղմեց ուսիս:- Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես...Քույրդ  շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի...
Մայրս դադար տվեց, ապա  ավելացրեց հոգոցով.
-Ի՜նչ ասեմ, որդիս... Աստված  թող  քո  սրտի ուզածը  կատարի... «Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա,- արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա,- բայց, միևնույնն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»:  Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզանից»:
Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:
-  Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի,- ծիծաղեց Ռոբերտը:
Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:
- Երևի չմնամ այստեղ,- ասաց Ռոբերտը,- Զարմիկը  հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում  ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:


          Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և  որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:
Հետո մի առժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին, ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝  գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշյուններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային  բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին:  Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է... Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի  մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը:
- Ամեն ինչ կարվի, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը,- եզրակացրեց Սաղումյանը:
Սաղումյանը չէր սխալվում. քրեական  գործերը մասնատվեցին՝ ըստ դրվագների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝  Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն: Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ՝ Բաքվում: Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա: Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները դուրս եկան  թաքստոցից և սկսեցին գործել: Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով: Կարճատև ընդհատակից իր գլուխը  հանեց և  սումգայիթյան  եղերնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ ակադեմիկոս Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և  ակադեմիական «Էլմ»* թերթում հրապարակեց  անպատկառ ստերից, կեղծիքից ու հարատև մաղձից հերյուրված  ծրագրային  երկէջ  մի ստոր  զրպարտագիր՝  «Ինչո՞ւ Սումգայիթը» վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր... ոճրագործության զոհերին:
Խմբագրությունում  խոսք ու զրույցը շարունակ Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էր:
-Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք,- ինչպես միշտ հանգիստ, խաղաղ տոնով ասաց  Սաղումյանը:- Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով: Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. թուրքերի հրահանգով՝ առանց մի գնդակ անգամ արձակելու,  դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով մուսավաթականների քաղաքականությունը, և խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցում էր նրանց:: Ինչպե՞ս վարվեցին հայերը: Հեղկոմն ու  բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, իրենց բարբարոս գործնեությամբ մղելով նրանց ապստամբության, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը: Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ
--------------- 
*«Էլմ» (ադրբ.).- «Գիտություն»
քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով: Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, տասնհինգ գեներալներով ու քսանհինգ գնդապետներով, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և, դավադրաբար ձերբակալելով, փետրվար ցրտաշունչ ամսին, Սևանի վրայով ոտքով քշեցին մինչև Ղազախ, այնտեղից՝ ապրանքատար փակ վագոններով ուղարկեցին Բաքվի  բանտերը, իսկ  այստեղից էլ՝ Վրաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հայ սպաների հետ, որոնք նույնպես ռուսական բանակի կազմում մարտնչել էին ավստրո-գերմանական ռազմաճակատում, կռվել թուրքական ճակատում ու Սարդարապատում, ուղիղ Ռյազանի  համակենտրոնացման ճամբար: Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ազգային հերոս Համազասպը:  Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության  սին մարմաջով տարված՝ տաս միլիոն ոսկի  փողով  ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային,  հրահրելով նրան մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությունն ու գրավելու նոր տարածքներ: Առաջին համաշխարհայինում պարտված պետությունների մեջ Թուրքիան միակն էր, որ ոչ միայն տարածքներ չկորցրեց, այլև, շնորհիվ բոլշևիկների, նոր տարածքներ զավթեց՝ հասնելով մինչև Բաքու, և հենց բոլշևիկներն էին, որ առաջինը ճանաչեցին քեմալականներին: Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին: Ընդ որում, Նախիջևանը Լենինն Ադրբեջանին նվիրեց  Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով: Ղարաբաղի հարցում նույնպես այսօր նույն սխալներն ենք անում,- շարունակեց Սաղումյանը:- Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները: Ի՞նչ  պիտի լինի Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու  մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայության վիճակը, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին: Դա նույնն է, թե զորքը մտցնես  պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը: Չէ՞ որ այդօրինակ անհեռատես եղանակով կարող ենք շատ բան կորցնել: Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին: Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, վաթսունից ավել գյուղ կար, նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում:  Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը, կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն: Լուկուլլոս զորավարը՝վաթսունինը թվականին Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ: Սակայն,- շունչ առնելով շարունակեց Սաղումյանը,- նա  քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար: Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ՝ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր: Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման, բայց  ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել: Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել: Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետդարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար  փախուստի՝ նման Նապոլիոնի փախուստին Ռուսաստանից: Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, Տղմուտ գետի մոտ հերոսաբար զոհված քաջ հրամանատար  Վարդան Մամիկոնյանով ու հազար երեսունվեց սուրբ նահատակներով, այնինչ ուսանելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի: 


Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց  Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:
- Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել  քեզ վերջին անգամ,- հեռախոսով ասաց նա:- Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում:  Գուցե չհանդիպենք այլևս,- նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց,- հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվար ճանապարհին... Առայժմ Երևան ենք գնում, թե ուր  կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշու՞մ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ...
Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:
Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս  նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի,- ասաց նա,- Մոսկվայի հմայքն ուրիշ է»:
Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ  աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի,  կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:
- Ի՞նչ է պատահել, Էսմիրա,- վախեցած հարցրի ես, - որտե՞ղ է Ռենան:
- Ռենան տանն է,- աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: - Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել,- արագ արտաբերեց նա:
- Ասա, ի՞նչ խնդրանք է,- քիչ հանգստացած ասացի ես:
- Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:
- Ի՞նչ չպիտի իմանա:
- Այն որ... որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ... Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:
- Խոսք եմ տալիս:
- Ոչ, երդվեք,- անդրդվելի ասաց Էսմիրան, ավելի շառագունելով:
- Երդվում եմ:
- Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ... այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած... ձեր զգացմունքի:
- Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:
- Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային,- ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց:
- Ինչու՞:
- Չգիտեմ,- դարձյալ աչքերը փախցնելով արտասանեց Էսմիրան:- Չեմ կարող ձեզ ասել... Քույրիկս ձեզ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նրա համար շատ է ծանր... Եղբայրս կարող է սպանել նրան, հասկանու՞մ եք... Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մեր տանը, ես ձեզ ամեն ինչ ասել չեմ կարող... Նրա ամեն մի քայլափոխը հսկողության տակ կլինի այսուհետև... Մի զանգեք նրան, ձեր զանգը մահ է նրա համար, խնդրում, աղաչում եմ, երդվեք, որ չեք զանգի:
- Չեմ զանգի,- ծանր արտաբերեցի ես: - Երդվում եմ:
- Շնորհակալություն,- շշնջաց Էսմիրան: - Ես... մենք ձեզ երբեք չենք մոռանա: Երբեք-երբեք,- ավելացրեց նա հանկարծական շիկնանքով և այտերն ի վար հոսող արցունքները մատներով սրբելով արագ դուրս եկավ առանձնասենյակից:
Հետո նրա ոտնաձայները, որպես հուսահատության վերջին հնչյուններ, հանգան, մարեցին: Հետո լսվեց վերելակի աղմուկն ու երկաթե դռան ծանր  շրխկոցը միջանցքի հեռու ծայրում:  Հետո եղավ լռություն: Երկարատև քարացած լռություն:


Խմբագրությունում խոսակցությունները  դարձյալ ու կրկին Սումգայիթի ու Ղարաբաղի  մասին էին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին  հեռուստադիտողներին լրջորեն բացատրում էր, որ Ղարաբաղի տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չի եղել, այդ ամենը Հայաստանից ինքնաթիռներով ու  ուղղաթիռներով բերում, թափում են Ղարաբաղի անտառներում: «Տարօրինակ ոչինչ չկա,-  հաղորդումը մեկնաբանեց գլխավորը: - Ըստ Գեբբելսի, ամենակեղտոտ ու զզվելի սուտն անգամ բազմիցս կրկնվելով՝  մարդկանց հասկացողության մեջ ընկալվում է որպես ճշմարտության փաստ: Հենց  այդ նշանաբանով է գործում Զիա Բունիաթովը»:
Երևանի ադրբեջանական թատրոնի նախկին դիրեկտոր Հիդայաթ Օրուջևը,  որն այժմ «Գյանջլիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր,  հանրապետական երիտասարդական թերթում հանդես եկավ մի հոդվածով, ուր, խոսելով Ղափանում ապրող ադրբեջանցիների հանդեպ, իբր, հայերի գործադրած բռնությունների մասին, չբերելով ոչ մի կոնկրետ  օրինակ ու  չնշելով ոչ մի անուն, հոդվածն ավարտում է  պաթետիկ բացականչությամբ՝ «Ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ չեղան այնտեղ, գրիչն անկարող է վերարտադրել այդ ամենը»:
Հիդայաթը մինչ այդ, նույնիսկ, երբ դեռևս Երևանում էր, գալիս էր մեր խմբագրություն: Մի երկու անգամ ռադիոյով հաղորդել էինք նրա բանաստեղծությունները, մոտիկից ծանոթ էի:
- Հիդայաթ,- առաջին հարկում, վերելակի մոտ հանդիպելով նրան, ասացի ես: - Հոդվածդ կարդացի «Ազերբայջան Գյանջլարի» թերթում: Ինչու՞ որևէ փաստ չես նշում, որևէ տուժած մարդու անուն չես տալիս:
- Իմ հ-հ-հ-հ-հոդվածը լ-լ-լ-լրիվ փոխել են,- ուժեղ կակազելով հայերեն ասաց նա, շիլ աչքերով չգիտես ինձ, թե վերելակի առաստաղին նայելով:- Իմ գ-գ-գ-գրածից բ-բ-բ-բան չի մնացել: Փ-փ-փ-փ-փոխել են:
Այդ օրերին հնամաշ պորտֆելը ձեռքին Ղափանից մեր խմբագրություն եկավ Մուխտար Բախշալիևը՝ վաթսունն անց, երկար հովարով գլխարկը փոքրիկ գլխին, վիթխարի բոյով նիհար մի մարդ: Պատմական թե բանասիրական գիտությունների թեկնածու՝ նա ոչ այն է  բուն Ղափանում, ոչ այն է Ղափանի մոտ գտնվող գյուղերի դպրոցներից  մեկում ուսմասվար էր, դոկտորական դիսերտացիա էր գրում և դա էր պատճառը, որ շուտ-շուտ Բաքու էր գալիս:
- Մուխտար մուալլիմ, ազնվաբար  ասեք, խնդրում եմ,- ասացի ես,- իրո՞ք Ղափանում ընդհարումներ են եղել հայերի և ադրբեջանցիների միջև, մարդ չգիտի, թե ում հավատա: Դատելով ըստ Սումգայիթում տարածված լուրերի ու նաև Հիդայաթ Օրուջևի հոդվածի, այնտեղ, Ղափանում ադրբեջանցիներ են սպանվել: Ճի՞շտ է դա:
- Կարո՞ղ եք մի կտոր հաց տալ ինձ ,- անսպասելի խնդրեց Բախշալիևը:
- Ի՞նչ  հաց,- չհասկացա ես:
- Հաց: Սովորական հաց:
- Ես հիմա կբերեմ,- ասաց  Ալինան և մտնելով իր սենյակը, մի կտոր հաց բերեց:
Բախշալիևը վերցրեց հացը, համբուրեց, ասաց.
- Ահա այս սուրբ հացով եմ երդվում, պատրաստ եմ յոթ անգամ երդվել Ղուրանով, գնալ մեր բոլոր երեք սրբավայրերը՝ Մեդինա, Մեքքա ու Երուսաղեմ, Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն, ոչ մի բռնություն ադրբեջանցիների նկատմամբ չի եղել:  Վալլահ-բիլլահ*, սուտ է: Ասում են, իբր, ադրբեջանուհիների հանրակացարան է եղել Ղափանում, դա էլ է սուտ: Բաքվում հայ աղջիկների հանրակացարան կա՞, որ Ղափանում ադրբեջանուհիների առանձին հանրակացարան լինի:  Այդպիսի ստերին ո՞նց կարելի էր հավատալ: Մեր մեծամեծերը իզուր չեն ասել, որ նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն: Մեզ՝ Ղափանի մեծահասակ ադրբեջանցիներիս համար շատ ամոթալի է, որ, մեր անունն օգտագործելով, այդպիսի հրեշավոր բան կազմակերպվեց Սումգայիթում: Ձեզ ասեմ, նույնիսկ Սումգայիթի դեպքերից հետո մեր հանդեպ ոչ մի բռնություն չի եղել: Ջահել լակոտ-մակոտ մի երկուսի տուն, ասում են, զանգել են, ահաբեկել են, ես չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, ինձ, օրինակ, զանգող չի եղել: Բայց դա էլ եղել է Սումգայիթից հետո: Իսկ թե որևէ ադրբեջանցու Ղափանում մատով կպած լինեն՝ այս լույսն ինձ քոռացնի, թե ճիշտ չեմ ասում, էդպիսի բան չի եղել, սուտ է:- Բախշալիևը  խեղճ-խեղճ նայեց, գլուխն օրորելով ասաց.- Մարդ, ի սկզբանե ծնված լինելով անխաթար, ի վերջո  նախասահմանված  փորձություններին  չդիմակայելու, երբեմն էլ՝ թուլակամության հետևանքով, ենթարկվում է  բարոյա-հոգեբանական խեղումների:
-Անհամար խեղումների,-ավելացրեց Սաղումյանը:
         -Այո, անհամար խեղումների,- գլուխը կիսաշրջելով
---------------------
         *Վալլահ-բիլլահ (ադրբ.).- Աստված վկա
Սաղումյանի կողմը, ներողամտորեն համաձայնեց Բախշալիևը:-
Մեր երկու հարևան ժողովուրդներին թշնամացրին իրար,- շարունակեց նա,- ամբողջ Խորհրդային Միության մեջ ոչ մի ժողովուրդ ոչ մի ժողովրդի հետ այնքան մոտ ու հարազատ չէր, ինչքան մեր երկու ժողովուրդներն էին, չկար մի հայ կամ ադրբեջանցի, որ դոստ ու քիրվա չունենար: Ափսոս, հազար ափսոս, որ այդպես ստացվեց և նմանապես շատ ափսոս, որ մեզ իրար դեմ լարող ալչախ**, ստոր մարդիկ, ինչպես միշտ, պատիժ չեն կրելու, ընդհակառակը՝  ավելի բարձր պաշտոններ են ստանալու: Սա  ես  չպիտի ասեի,   բայց  ասում եմ ու  ոչ ոքից չեմ վախենում, որովհետև  իմ խղճի հանդեպ մաքուր եմ: Ապշերոնի շրջկոմի  առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը մեր կողմերից է, նա էլ շատ մեղք ունի այս գործում: Երևանի ադրբեջանական թատրոնի դերասանների մեղքը նույնպես անասելի մեծ է Սումգայիթի սպանությունների մեջ: Այդ նրանք էին որպես տուժած ղափանցիներ հանդես գալիս Սումգայիթում, Հիդայաթ Օրուջևի ու Խըդըր  Ալովլու հատուկ սցենարով սարքած չեղած բաներ պատմում, գրգռում ժողովրդին: Նահլաթ**  այդպիսի չարագործ մարդկանց: Ինչ որ նրանց մեղքով ուրիշներին արեցին, թող Ալլահն իրենց առաջը բերի: Ուրիշ բան չեմ ասում:
Բախշալիևը քիչ լռեց, ներհուն, մտքերի մեջ մտասույզ ու դալուկ դեմքին մի թույլ ժպիտ՝ ասաց.
- Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: Շա՜տ տարիներ կանցնեն, շա՜տ-շատ տարիներ, հայն ու ադրբեջանցին էլի կհաշտվեն, կբարեկամանան, առանց դրան
----------------------
         *ալչախ (ադրբ.).- սրիկա
         ** Նահլաթ (ադրբ.).- նզովք
հնարավոր չէ: Արյունը արյունով չեն մաքրում, արյունը ջրով են
մաքրում: Հինգ-վեց թվից ու տասնութ-քսան թվերից  հետո նույնպես սառնություն էր, բայց հետո,  ժամանակի ընթացքում, հաշտվեցին, սկսեցին առաջվա պես կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել, ինչպես որ  հաշտ ու համերաշխ ապրել էին  մինչև թուրքերի հայտնվելը Կովկասում, չհաշված  հինգ թվականի դեպքերը, այստեղ էլ ռուսի մատն էր խառը, թագավորի հրահանգով արվեց  ամեն ինչ: Հայոց  դպրոցների փակման  պատճառով  Կովկասի  հայության հուզումների համար որոշել էին պատժել նրանց: Բայց դե, բոլոր դեպքերում, սա չպիտի լիներ: Խորհրդային ազատ երկրում այսպիսի զուլում բան՝ սպասելի չէր:
      -Ասում է՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է:- Բախշալիևի գնալուց հետո խոսեց Սաղումյանը:- Ոչ ժամանակը, և ոչ  էլ իմաստնությունը  անկարող են բուժել հոգեկան վերքերը: Հինգ թվականի փետրվարյան կոտորածների ժամանակ իմ հարազատներից մի քանի հոգի զոհվել են: Ի միջի այլոց, մինչև հիմա էլ, դժբախտխբար, պարզված չէ, թե այդ օրերին Բաքվում ի՞նչ էր անում գողական շրջանակներում «Չոփուռ» մականունով քաջ հայտնի Իոսիֆ Ջուղաշվիլին, ինչո՞ւ էր Բաթումիից շտապ եկել Բաքու, ի՞նչ նպատակ էին հետապնդում ջարդերի նախօրեին նրա գաղտնի հանդիպումները քաղաքի ավազակային խմբավորումների պարագլուխների՝ ղոչիների հետ, որոնցից մեկի՝ ոմն Բաբաևի, ատրճանակի կրակոցով  հայոց եկեղեցու կողքին, Պարապետի այգում, փետրվարի վեցի կիրակի օրը ծայր աոան  ընդհարումները հայերի և մուսուլմանների միջև: Պետերբուրգի «արյունոտ կիրակիից» մի ամիս չանցած՝ ի՞նչ էր անում նա  Բաքվի նահանգապետ Նակաշիձեի մոտ: Կառավարության կողմից զինված ամբոխը հարձակվում էր հայերի  տների  վրա, հրդեհում, թալանում ու սպանում հայերին, իսկ   Նակաշիձեն, որին երեք ամիս անց, մայիսի տասնմեկին, շանսատակ արեց Դրոն, իր շքախմբով  շրջում էր քաղաքում, կազակների կողմից բռնագրավված զենքը կրկին վերադարձնելով ջարդարարներին: Մի քանի ամիս անց նույն էր  կատարվում  նաև Ելիզավետպոլի՝  Գանձակի նահանգում,  որտեղ  նահանգապետը  գեներալ  Տայկաշվիլին էր՝ Նակաշիձեի հարազատ քրոջ որդին: Նրա բացարձակ հովանավորությամբ, գաղտնի զենք էր բաժանվում  մուսուլմաններին, իսկ հայերին անխտիր զինաթափում էին: Նոյեմբերի  տասնութին  Գանձակ քաղաքում, ուր  տասնյոթ հազար թուրք ու տասնհինգ  հազար հայ էր ապրում այդ ժամանակ, ինչպես «Կավկազ» թերթն է գրում, սարսափելի կոտորած էր: Տայկաշվիլին ոստիկանապետ  Թեյմուրբեկ  Հասանբեկովի  ու իր շքախմբի հետ «Ցենտրալ» հյուրանոցի  մոտ կանգնած՝ ծխում ու ծիծաղելով նայում էր, թե ինչպես  են կոտորում զինաթափված հայերին: Դարձյալ նրա   անմիջական  դավադրությամբ, հաջորդ տարվա  սկզբից  նոր  թափով վերսկսվեցին  կոտորածները Ջիվանշիրի, Շուշիի, Ջաբրաիլի, Շաքիի, Արեշի, Ղազախի, Զանգեզուրի ու բուն  Գանձակի գավառներում: Տասնյակ ու տասնյակ  հայկական գյուղեր ավերվեցին  այդ գավառներում, մի շարք  գյուղեր հիմնովին  ոչնչացան: Այդ  գյուղերից էր և Մինքենդը՝ Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում, գյուղի  հարյուր  իննսունյոթ  բնակիչներ՝ ծծկեր երեխաների հետ միասին, սրախողխող եղան, իր  երկու հարյուր քսան շունչ  բնակչությամբ՝ ամբղջովին բնաջնջվեց նաև քռամերձ Կրզեն գյուղը՝ Արեշի գավառում... Նակաշիձեից հետո Բաքվի նահանգապետը Ֆադեևն էր՝ Նակաշիձեից ու Տայկաշվիլուց ոչ պակաս մի ստոր  արարած, և պատահական չէ, որ  նույն  թվի օգոստոս և հոկտեմբեր  ամիսների վերջերին Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ դրոշներով, երաժշտությամբ ու ցարի դիմանկարներով թաթարների հետ  արդեն լեզգիները, ռուսներն ու կազակներն էլ էին մասնակցում հայերի  սպանություններին  ու թալանին:  Մի՞թե դա կարող է մոռացվել: Տասնութ թվին ես վեց-յոթ տարեկան տղա էի, հիշում եմ, տղամարդկանց՝ ահել ու ջահել, ամբողջ քաղաքից հավաքում էին Սաբունչի կայարանի՝ հաստ պարաններով շրջափակված հրապարակում, լցնում բեռնատար գնացքները և տանում Ալյաթ՝ կոտորելու: Այդ Ալյաթը Մուսաբեկով թաղամասի իմ պատշգամբից երևում է: Աստված երևի այնպես է կամեցել, որ ես ամեն օր ստիպված լինեմ տեսնելու այն վայրը, ուր գազանաբար սրի են քաշվել իմ հայրն ու իմ երկու մեծ եղբայրները և տանջվեմ: Դե արի ու մոռացիր այդ ամենը:

Комментариев нет:

Отправить комментарий