четверг, 2 февраля 2012 г.

►►►

- Ցավդ տանեմ,- սրտի անդիմադրելի մղումով ասացի ես և իմ ձայնը թրթռաց:
- Սավետ տանեմ: Դա ի՞նչ է նշանակում:
- Ոչ թե՝ սավետ տանեմ: Այլ՝ ցավդ տանեմ:
- Ցավեդ տանե՞մ:
- Ոչ, ցավըդ տանեմ:
- Ցավե՞դ տանեմ:
- Ոչ, ոչ, ցավըդ տանեմ:
- Դա ինչպե՞ս է թարգմանվում:
- Ռուսերեն բառացի՝ որպեսզի ես ինձ վրա վերցնեմ  քո ցավը:
- Ա՜ ... աղրըն ալըմ, - քնքշահույզ արտաբերեց  Ռենան: - Կամ հոմանիշը՝ դարդըն ալըմ, գադան ալըմ, ադրբեջաներեն ավելի ճիշտ և լավ է հնչում, քան ռուսերեն: Ցավեդ տանեմ: Ցտեսություն,- Նա ծիծաղեց, ցած դրեց հեռախոսը:
Անկանոն բաբախող սրտով ես որոշ ժամանակ քայլեցի առանձնասենյակում՝ չիմանալով անելիքս: Սիրտս չեր դիմանում, ուզում էի ինչ-որ մեկին պատմել, ասել, որ երկուշաբթի Ռենան կգա ինձ  մոտ և որ ամբողջ օրը ես անհամբեր ու կարոտով կսպասեմ նրան: Բայց և գիտեի, որ երբեք ու ոչ ոքի ոչինչ չեմ պատմի նրա մասին:
Հինգերորդ հարկի իմ պատուհանից նայեցի  ներքև, ուր մենավոր մի փշատենի, շենքը շրջափակող պատն ի վեր բարձրացել, կախվել էր կենտկոմին նայող փողոցի վրա՝  ճերմակ ծաղկափոշի տարածելով շուրջը: Գույնզգույն թիթեռները ճախրում էին ծաղկափոշու ամպիկների մեջ, իջնում ծաղիկներին: Իմ  պատուհանից երևում էր   Բաքսովետի մետրոյի հրապարակը՝ իր մարդաշատ անցուդարձով, հին Բաքուն՝ Իչարի Շահարն էր երևում, հրետանու անցքերով հաստաբեստ բարձր բերդապարիսպից այն կողմ, արևի տակ փայլող ձյութածածկ տափարակ կտուրներով, քարվանսարայներով, բաղնիքներով,  մզկիթներով, մուեձինի՝ նամազի հրավիրող թախծորուն կանչով ու դեպի ծով իջնող սարդոստայնային նեղլիկ փողոցներով, երևում էր և ծովը, ուր խարիսխ նետած նավի վրա անդադար պտտվում էին ճայերը, երբեմն սլացիկ նետվում ջրերի մեջ:  Մինչև կենտկոմի նոր շենքի կառուցումը ծովն այստեղից լրիվ երևում էր, իսկ հիմա՝ միայն մի մասը:  Գարնանային արևի տակ ջրերը կուրացուցիչ շողում էին, անդրադարձնելով արևի պայծառ ճաճանչները: Երկինքը նույնպես կիսված էր երևում իմ առանձնասենյակից: Կիրովի անվան զբոսայգու բարձունքն իրենով ծածկում էր երկնքի մի մասը և  թվում էր Կիրովի հոյակերտ արձանը՝ ձեռքը պարզած առաջ, դեպի ներքևում սփռված քաղաքն ու ծովը, ոչ թե բարձրունքի վրա, այլ բարձր երկնքում էր կանգնած: 
Ես դուրս եկա միջանցք և, թեքվելով ձախ, մտա ընդհանուր բաժին:
Լորաննան նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝  ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:
- Ընկեր Հուրունց, ծանոթացեք,- ներկայացրեց Լորաննան,- մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:
Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:
- Ղարաբաղցի ե՞ս,- նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա:- Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Քանի՞ տարեկան ես, այ քյոփօղլի,- լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:
- Քսանչորս:
- Ամուսնացա՞ծ ես,- հետաքրքրվեց: Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»:  Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:- Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:
- Ժամանակ չունի,- խորամանկ ժպտաց Լորաննան:
- Թե ժամանա՞կ չեք տալիս,- ծիծաղեց Հուրունցը: - Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում  սիրում է, որպեսզի ապրի…  Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝  Մանյայի  քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց…Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա: Նրանից թանկ էլ ոչինչ չկա: Իրոք որ՝  կյանքը բեմ է,  մարդիկ դերասան։ Մենք  չենք դադարում  խաղալ   մեր  դերը, որովհետև  հասունանում,  մեծանում ենք։ Հասունանում,  մեծանում  ենք,    որովհետև դադարում ենք խաղալ։ Երբ առկա է ջահելությունը,  սոսկ  մի երկու  չնչին  մանրուք է  մնում՝   լիարժեք զգալու երջանկության հմայքը։ Այնպես որ՝  քանի ջահել եք,    ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից,  ժպտացեք ու  ամեն օր ծիծաղաշարժ,  զվարճալի ինչ որ  բան գտեք կյանքում։ Հարկավոր է ժպտալ ու երազել։ Ինչպես ասում են՝  գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ,  ուր առաջ անառիկ պատ էր։ Երբ մարդ դադարում է երազել՝  նա  համարյա մեռած է արդեն։ Մեր շուրջը ինչքան մարդիկ կան,   որ   մեռած  են, բայց    իրենք  դա  չեն էլ   գիտակցում նույնիսկ։  Մեծ տարբերություն կա    ծերանալու ու մեծանալու  մեջ։Եթե դու քսանչմրս  տարեկան ես ու ողջ տարին    բազմոցին պառկած  ոչինչ չես անում՝  կդառնաս քսանհինգ տարեկան։ Դժվարին ոչինչ  չկա՝ մեր տարիքին մի  տարի ևս  ավելացնելու մեջ։ Այսինքն,  դրա համար    տաղանդ  կամ  ձիրք  ամենևին  պետք չէ։  Ձիրքը հենց  այն  է,   որ կարողանաս   այդ  փոփոխման ժամանակ  նոր  հնարավորություններ  ձեռք բերես   քեզ համար։ Երեք բան կա,  որ  հետ չեն վերադառնում երբեք՝  ժամանակը,  խոսքը,  հնարավորությունը։ Դրա ամար էլ զուր չպետք է վատնել ժամանակը,  լավ մտածիր՝  խոսքն ասելուց առաջ,  և բաց մի թող հնարավորությունը։ Հիշեք իմ խոսքն ու մի ափսոսացեք ոչ մի բանում։ Մի ափսոսացեք այն,  ինչ  եղել է երեկ,  մի վախեցեք նրանից,  ինչ լինելու է վաղը,  եղեք երջանիկ նրանով,  ինչ  կա այսօր։   Հասակն առած   մարդիկ,  սովորաբար,  արածի համար  չեն ափսոսում,    նրանք  չարածի համար են տրտմում,    այն  բան համար՝  ինչ  չի հաջողվել,  կամ  չեն  հասցրել անել անցած  ժամանակներում։ Հայտնի երգում ոնց է ասվում՝ արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու  ափսոս,  չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո՜ս,  հազար ափսոս…Այդպես է,  աշխարհում իրավ   ջահելությունից լավ բան չկա։ Իսկապես,  նրանից թանկ էլ ոչինչ չկա։ Բայց  շատ  ափսոս, որ կարճ է տևում այն։  Ջահելությամբ, ինչպես որ ոսկով, կանես այն ամենը, ինչ որ սիրտդ ուզի:  Ես   իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում՝ ջահել ժամանակ գրեցի: Բայց այդպես էլ  ոչ մի ուրախություն չտեսա այդ գրքից,- ավելացրեց նա:- Դառնություն էր, որ ճաշակում էի: Ադրբեջանում ազգայնամոլության կատաղի վերելքի մթնոլորտ էր, անհուսալիության զանազան պիտակներով անվանի հայերին քշում էին Բաքվից ու հանրապետության մյուս վայրերից՝  գրավելով նրանց պաշտոններն ու տիրելով հարմարավետ բնակարաններին,  քշում էին Ղազախստանի հյուսիսային կողմերը կամ էլ ուղիղ Սիբիր:  Միրզա Իբրահիմովը, որ այն ժամանակ արվեստի գլխավոր վարչության պետն էր, հետո Գերագույն խորհրդի նախագահության նախագահ դարձավ, մյուսները, սա էլ նրանց հետ միացած,- գլխով  նախկինի կողմը ցույց տալով  շարունակեց Հուրունցը,- թափվեցին վրաս, և եթե ես  աքսորից խույս տվի ու մնացի ողջ, ապա միայն պատահականության շնորհիվ:
Սաղումյանը հեռվից լուռ լսում էր, համաձայնորեն շարժելով գլուխը: Նա, հավանաբար, տեղյակ էր այդ իրադարձություններին, հիշում էր:
- Լավ, իսկ ինչի՞ մեջ էին մեղադրում,- հետաքրքրվեց Լորաննան: - Հակապետական բա՞ն կար գրքում:
- Չէ հա,- զարմացավ Հուրունցը: - Ի՞նչ հակապետական բան: Վերնագիրն էր կատաղացրել: Սամեդ Վուրղունն այդ ժամանակ գրողների միության նախագահն էր, այդպես էլ ասաց. «Դու ինչու՞ հատկապես Ղարաբաղն ես վեպի նյութ դարձրել, ինչ է, ուրիշ տեղեր չկա՞ն: Գլուխդ ես գցել՝ Ղարաբաղ հա Ղարաբաղ: Դու էդ խելառ պառավի՝ Մարիետա Շահինյանի հետքերո՞վ ես, հա, գնում, որ «Օգոնյոկում» գրել է, թե, իբր, Ղարաբաղը պատմական Հայաստանի տասերորդ նահանգն է: Նավ ես նստել ու նավավարի հետ կռիվ ես սարքում: Թե Բաքվում վատ ես ապրում, կարող եմ քեզ համար լավ տեղ գտնել»,- ասաց ու գլխով ցույց տվեց ներքին գործերի մինիստրության շենքը, որ  գրողների միության դիմացն էր, հրապարակի մյուս կողմում, այժմյան Շահումյան պողոտայի վրա: Այսինքն՝ հիմա էլ այնտեղ է,  իր ներքին բանտով-բանով: Չէ, ուրախություն չբերեց առաջին գիրքս: Գրողների միության մյուս ղեկավարն էլ  Մեհթի Հյուսեյնն էր, որը միաժամանակ աբրբեջանական գրական ամսագրի խմբագիրն էր:  Մի անգամ  նա մտավ ռուսական ամսագրի խմբագրություն, այդ պահին ես էլ այդտեղ էի: Յուրի Գրանինի և Իոսիֆ Օրատովսկու հետ նստած զրուցում էինք, երբ ներս մտավ: «Ընկեր  գրողներ,- նրանց կողմը դառնալով ասաց նա,- մասնավորապես, Գրանին և Օրատովսկի , բարև ձեզ»:  Դա, իհարկե, վիրավորական էր: «Ընկեր Մեհթի Հյուսեյն, ասացի ես, իսկ ինչ է, ես գրո՞ղ չեմ»: Նա թե՝  «Դու գրող  չես... դու դաշնակ ես»:  «Իսկ դու տիպիկ մուսավաթական ես»- պատասխանեցի ես: Վեճ, փոխադարձ վիրավորանքներ: Եվ այդ ամենը «Ղարաբաղյան պոեմի» պատճառով, որը նրանցից և ոչ մեկը չէր կարդացել՝ բացի վերնագրից, իհարկե: Ինչպես որ հիմա ոչ-ոք չի կարդացել Զորի Բալայանի «Օջախը», բայց ի՜նչ աղմուկ-աղաղակ են բարձրացրել ամբողջ երկրով մեկ: Մի խոսքով, ես վերցրի ու այդ ամենի մասին գրեցի կենտկոմ՝ Միր-Ջաֆար Բագիրովին: Գիշերը Բագիրովը զանգում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Տիգրան Գրիգորյանին, պահանջում գիրքը, իսկ հաջորդ օրը կարգադրում է դրվատական հոդված տպագրել «Բակինսկի րաբոչի» թերթում: Դուք մի տեսնեիք, թե ո՜նց էին  քծնում, շողոքորթելով ներողություն խնդրում իմ երեկվա հակառակորդները: Բայց, դե, այդ լավությունը  հեռահար նպատակ ուներ, շուտով մեծ կռիվ սկսվեց Մարիետա Շահինյանի դեմ, ինձ հրավիրեցին կենտկոմ, որ իմ ստորագրությունը  դնեմ Շահինյանին ջարդուփշուր անող պատրաստի հոդվածի տակ:  Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ նա ինձ համար հոգևոր մոր տեղ է գալիս, իմ գրական  ձիրքի մասին առաջին խոսքը նա է ասել:  «Գնա մտածիր, ասացին, կկանչենք»: Բայց չկանչեցին: Ասում են՝ շները կռվեցին՝ մուրացկանի բախտը բերեց: Գրող Մարգար Դավթյանը՝ մի անզուգական, շատ  սիրելի անձնավորություն, Գերագույն խորհրդի դեպուտատ էր, կարգ էր՝  Բաքվի հայ մտավորականներից մի դեպուտատ էին ընտրում:  Առաջ դերասանուհի Ժասմենն էր, քառասունիննին թատրոնը փակվելուց հետո՝ Դավթյանն էր: Լավ առիթ էր, ձեր այս նախկինն օգտագործեց դա:  Գնաց կենտկոմ ու Մարգար Դավթյանի թեկնածությունը տվեց, արձակագիր է, ասաց, պատմությունն էլ լավ գիտի: Փորձված աղվես էր, շատ լավ հասկանում էր, որ  այդ ստորագրությունը կկործանի Մարգարին, և ինքը «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր ու դեպուտատ կդառնա:  Այդպես էլ եղավ: Հանրապետության բոլոր թերթերը՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հրապարակեցին այդ հոդվածը՝ Մարգար Դավթյանի և Տիգրան Գրիգորյանի ստորագրությամբ:  Տիգրանի համար դա նշանակություն չուներ,  նա մարզկոմի քարտուղար եղած ժամանակից դրան սովոր էր, բայց Մարգարին այդ ստորագրությունը  բարոյապես սպանեց: Դա երեսուն տարի առաջ էր, և ահա  երեսուն տարի ձեր նախկին գլխավորն անբաժան է իր  դեպուտատական կրծքանշանից:
- Բա ո՜նց,- արձագանքեց Սաղումյանը,- արյան գնով նվաճել է, հո ձեռքից  չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ:*
            - Այ Հարություն,- դիմելով Սաղումյանին, մտամոլոր ասաց Հուրունցը:- Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ  Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: 
___________________ 
*   քյոռ թութտուղընը բրախմազ (ադրբ.).- կույրն իր բռնածը բաց չի թողնի
Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝  Գևորգ Աղաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի Հուդան  Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աղաջանյանն  իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև  ընդունված չէ  մեռած մարդկանց մասին վատ խոսել,  Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին,  հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած  ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ  հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի մի շարք հայտնի մարդիկ սկսեցին ենթարկվել հալածանքների, ոմանք ստիպված  եղան  քոչել  հանրապետությունից:
        Հուրունցը մտամոլոր, երկար մտածում էր։
        - Քառասուն հոգու Բաքվի մեկուսարաններում ու բանտերում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո,- շարունակեց նա,- ուղարկեցին Կոմի երկրամաս։ Նրանց մեջ էր և Մարտունու Ղզղալա գյուղում  Արշադ Մամեդովի կողմից  սպանված  Նելսոն Մովսիսյանի հայրը։ Այն Արշադ Մամեդովի, որի հուղարկավորությանը մասնակցելու էր եկել Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը։
       Հուրունցը մի կարճ պահ դադար տվեց, ցավագնորեն  ասաց.                                      
      -Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Վալի Յուսուֆովիչ  Ախունդովի հրամանով Ուլուբաբյանը վտարվեց Ղարաբաղից, իսկ նրա տեղը գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակվեց... այդ նույն ծախու շուն Աղաջանյանը: Մի օրվա մեջ նրան ընդունեցին գրողների միության շարքերը: Չտեսնված ու չլսված բան, Մաքսիմ Հովհաննիսյանի նման մեծատաղանդ գրողը տասնհինգ տարուց ավել է հերթի է սպասում, չեն ընդունում: Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Նվարդ  Ավագյանի, Կոմիտաս Դանիելյանի պես գրողներին, որոնց ստեղծագործությունները քաջ հայտնի են նաև Հայաստանում, չեն ընդունում գրողների միության մեջ, իսկ այ անտաղանդ, թեթևսոլիկ ու անբարոյական մարդուն մի օրվա մեջ ընդունեցին: Եվ ովքե՞ր նրան  այդպես շտապ երաշխավորագիր տվեցին՝ Սամվել Գրիգորյանն ու ձեր նոր գլխավորը: Կանչեք՝ երեսին ասեմ: Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկները ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ  ու՞մ հրամանով է արվում դա՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, 1921-ի հուլիսի  չորսին Անդրկովկասի բյուրոյի պլենումում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ  դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար  Նազարեթյանը:  Այդ հատկությունները  տարիներ ի վեր պիոներ Պավլիկ  Մարոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի  մարդակործան արարքներին օգնած և ոչ մի  տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը  կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց։ Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանձ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ։ Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից։ Տասնութ թվականին նա  ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը  անգլիական  հետախուզական  ծառայության աշխատակցի հետ և այդ մասին  հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել... Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը  կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք:  Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր  ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական  դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա սովետական ժողովուրդ, կա նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա այդ դասակարգի  առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես,  նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին, դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են  հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար  Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին  հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր,  ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են նոր գլուխներ և այն էլ շա՜տ: Դե արի ու դիմացիր: - Հուրունցը քիչ լռեց  և ասես ինքն իր հետ էր խոսում, կամացուկ ասաց.- Ճշմարտություն, արդարություն, իբր թե սրանք են մեր կյանքի չափանիշները: Բացատրեք, խնդրեմ, կա՞ն, գոյություն ունե՞ն դրանք: Մեկն ու մեկը դրանց երեսը տեսած կա՞. երեկ, նախանցյալ օրը: Գուցե դրանք յոթ փակի տակ են և սպասում են, որ մենք ազատե՞նք, լույս աշխա՞րհ հանենք:
Մեքենագրուհու դուռն անաղմուկ բացվեց, իր անբաժան մթերացանցը ձեռքին, դուրս եկավ մեր նախկին գլխավոր խմբագիրը: Մերկ գլխին ձախից աջ  սոսնձած ճերմակ մազափնջով, կախ ընկած կրկնակզակով, շեկ, ցածրահասակ ու դեռևս ամրակուռ՝ նա մի պահ թղթապանակը տեղավորեց ցանցում և, ուշադիր նայելով Հուրունցին ու ասես կրակին յուղ լցնելու ակնհայտ մտադրությամբ, ասաց.
- Կևորկովը բնակարան է տվել ինձ:
Հուրունցը բարձրացրեց գլուխը, զարմանքով նայեց նրան:
- Իսկ դու, ինչ է, բնակարան չունեի՞ր, - հարցրեց նա:  - Դու երեք սենյականոց բնակարան ունեիր հայկական եկեղեցուց ոչ հեռու, Հյուսի Հաջիև փողոցի վրա և, գիտեմ, լսել եմ, Հեյդար Ալիևը չորս սենյականոց նոր բնակարան է տվել քեզ կառավարական տան մոտ, ծովափին: 
- Էստեղ չէ՝ Ստեփանակերտում, -մեծահոգաբար ժպտալով պարզաբանեց նախկինը: - Որպեսզի ամառները գնամ թութ ուտեմ: Հայրենիքս է, չէ՞, Ղարաբաղը, բանաստեղծություններ ունեմ նվիրած՝ «Շաղասար»,  «Լալիկ աղբյուր», «Սինգարա» ...Այ, վերջերս եմ գրել, բնակարանը տալուց հետո.
                                Երբ ասում են Ղարաբաղ,
                                Մեր սարերն եմ ես հիշում,
                                 Աղբյուրները նրա պաղ,
                                  Խոսուն քարերն եմ հիշում։
                                  Ախ, մեր թոնրի լոշը տաք,
                                  Ու զով կալերն եմ հիշում,
                                   Մեր Քուռանի մոշն անտակ,
                                   Քաղցր թութն եմ ես հիշում…
-Էհ, հետո՞,-հարցրեց Հուրունցը։
-Ի՞նչ հետո,-հեգնական քմծիծաղով ասաց նախկինը, քիթը չոր վեր քաշելով։- Ղարաբաղի գովքն է։ Մայր բնության գովքը։ Մի՞թե պարզ չէ։
- Իմ մի բարեկամը  ղարմետաքսկոմբինատում բանվոր է - այլևս  առանց նրան նայելու, ահեղաշունչ քաղաքավարությամբ խոսեց Հուրունցը,- տասնութ տարի է՝ վեց հոգով մի նեղլիկ ու խոնավ նկուղում պատսպարված, բնակարանի  հերթի են սպասում ու չգիտեն, թե դեռ էլի քանի տարի պիտի  սպասեն:  Քո  էդ Կևորկովը ո՞նց է քեզ բնակարան տալիս՝  ամռանը թութ ուտելու համար: Ամբողջ կյանքը Ղարաբաղին նվիրած Բագրատ Ուլուբաբայանը, Ղարաբաղի համար բանտ նստած  Բոգդան Ջանյանը Ղարաբաղ մտնելու իրավունք չունեն, ինձ նույնպես արգելված է գնալ Ղարաբաղ, որին նվիրել եմ իմ բոլոր գրքերը, իմ ողջ կյանքը,- հոգոց քաշելով և առանց որևէ դադարի  շարունակեց Հուրունցը: - Կևորկովի ահից  իմ ազգականներն անգամ վախենում են  ինձ հետ  խոսել: Ստոր ու ծախու արարած է   նա, և քանի դեռ կան նրա նմանները, քանի դեռ անպատիժ ապականում են մթնոլորտը, երկրիս երեսին ոչ արդար դատաստան, ոչ արդարություն կլինի:
- Լեոնիդ, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա,- բողոքեց նախկինը՝  քիթը  դարձյալ վեր քաշելով:
Երկու թե երեք տարի առաջ ճիշտ այդ նույն բառերն ասաց նա գրող Սուրեն Այվազյանին:  Այվազյանը՝ ճերմակահեր, բարեդեմ, ազատախոս ու զրուցասեր՝ բորբոքված խոսում էր Բրեժնևի մասին. «Երկիրը սովի մատնված, խանութները դատարկ, կաշառք ու կողոպուտ, թալանն անսահման չափերի հասած, իսկ նա ամիսը մի անգամ նոր շքանշան է կախում դոշին: Էլ շքանշան կախելու տեղ չկա,  մնում է մի երկու  հատ էլ  պորտից կախի»:  Ներկաները ծիծաղեցին, իսկ նախկինը հուզվեց, կարմրեց ու էլի այս նույն բառերն ասաց,  «Սուրեն, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա», որին Սուրեն Բախշիևիչը ծիծաղելով պատասխանեց. «Նախօրոք ապահովեցիր քեզ, որտեղ իմ ասածը հայտնեն, քո ասածն էլ են հաղորդելու»:
 Հուրունցը բոլորովին այլ բան ասաց. 
- Ցավալի է, Սամվել,- ասաց,- շատ է ցավալի, որովհետև կեղծ  հեղինակությունների թիկունքում չես տեսնում, ավելի ճիշտ՝ չես ուզում տեսնել այն չարիքը,  որ ամեն ժամ, ամեն օր ձնագնդի պես  մեծանում է: Մեծանում է նրանց շողոքորթ աջակցությամբ, ովքեր պարտավոր են  կռվել չարիքի դեմ: Իմացած եղիր, որ կևորկովները կանցնեն, ինչպես ժամանակին նրա նախորդներն անցան՝ Շահնազարով, Զիալով, Ասլանով,  Մուրադով,  Միրզոև, հայկական մարզում՝ ոչ մի հայկական ազգանուն:
Նախկինը սառցային քամահարանքով նայում էր Հուրունցին, նա քիթն աջ ու ձախ տանելով, կրկին չոր վեր քաշեց:
- Ինչու՞ է այսպես,- շարունակեց Հուրունցը:- Մտածե՞լ ես մի անգամ, որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու   տասնմեկուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան քսան հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով ու իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտ ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որը նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է։ Ո՞վ քսան թվականին ավերեց, հողին հավասարեցրեց Ղարաբաղի հիսունինը շեն գյուղերն ու ոչնչացրեց նրա քսանհինգ հազար հայ բնակչությունը, իսկ երեսունյոթ հազարը դարձավ գաղթական։ Ու՞ր են հայկական մշակութային կյանքի առաջատար ջոկատներից մեկի՝ Շուշի քաղաքի հինգ տպարանները, որտեղ 1828-ից հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում,  ու՞ր մնաց թեմական դպրոցը,  հարյուր յոթանասուն տարի առաջ կառուցված կուսանոց վանքը, Մկրտիչ Խանդամիրյանի շքեղազարդ թատրոնը, ամառային և ձմեռային ակումբները, գործող վեց եկեղեցիները, հազարի հասնող արհեստանոցները, գորգագործական ֆաբրիկան, որը  տարեկան յոթ հարյուր ընտիր գորգ էր արտահանում, ո՞վ  երեք  անգամ հրդեհի մատնեց գեղեցկուհի քաղաքն ու, ստոր անգլիացիների հետ դաշնակցած, խաբեությամբ  կոտորեց նրա հայ բնակչությունը: Գոնե մտածե՞լ ես մի անգամ,- տեղից ելնելով ու գունատված  շարունակեց Հուրունցը,- թե ինչու՞ խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերի մեջ չկա մի  կոմպոզիտոր, նկարիչ, գիտնական, հանրապետության մասշտաբի ղեկավար աշխատող, կենտկոմի  քարտուղար ու բաժնի վարիչ, ոչ մի կարգին գրող...  Այդ ինչպե՞ս պատահեց, որ ատելի հին կարգերի օրոք  Բաքվում Հայոց ագգային խորհուրդ ու հայ գրողների  միություն կար, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերություններ կային, Ալեքսանդր Շիրվանզադեն ու Հովհաննես Հովհաննիսյանը  կարողացան համարյա մինչև կյանքի վերջն ապրել այստեղ, իսկ խորհրդային օրոք հայ գրողներ Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Աշոտ Գրաշին, Սուրեն Այվազյանը, Արշավիր  Դարբնին, Լեոնիդ Հուրունցը և շատ ուրիշներ հարկադրված եղան հանրապետությունից հեռանալ: Ու՞ր մնացին Բաքվի մի քանի տասնյակ հայկական դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, տպարանները, ինստիտուտն ու թատրոնը, որ անխափան գործում էր հազար ութ հարյուր յոթանասուն թվականից ի վեր: Ինչու՞ Ղարաբաղի գրողները, ովքեր հինգ-վեց տարին մի անգամ փոքրիկ մի բրոշյուր տպագրելու իրավունք ունեին միայն, երկարամյա  հետապնդումներից հետո ստիպված եղան   փախչել՝ Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, մյուսները, որոնք Երևանում անգամ պրծում չունեն Կևորկովի ճանկերից:
- Քո կարծիքով, ուրեմն, այստեղ ոչ մի կարգին գրող չկա: Ես էլ գրող չեմ, հա՞,-  կատաղի ցասումով  բացականչեց նախկին գլխավորը:- Իմ երկերի երկհատորյակը իզու՞ր են տպել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ինձ իզու՞ր են   տվել:
- Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող։  Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:
- Փառք աստծո,-  դանդաղ, բառերը  ձգելով արտաբերեց նախկինը,- որ ոչ դու և ոչ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո,- կրկնեց նա, մոտենալով դռանը: 
- Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա,-  առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: - Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց,  հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ  զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև  գերեզմանատուն, լրիվ հատուկ  և լրիվ ժողովրդից անջատ:  Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի,  իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ  իսկական կոմունիզմ առայժմ  հաջողվել է կառուցել  միայն իրենց  համար:
Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն նա ոչինչ չասաց, լուռ,  զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը , անողոք չարախնդությամբ նետեց.
- Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝  աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ,- և շրխկոցով փակեց դուռը:
Տիրեց երկարատև լռություն:
Ալինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:
- Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են,- ի վերջո լռությունը խախտեց  Սաղումյանը:-  Ինքը մահճակալի տակ թաքնված  տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծոտի-մոտի հուշեր է գրում...  Գնաց հաղորդելու,- ավելացրեց նա:
- Գիտեմ,- ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց:- Եվ ու՞ր է հասարակությունը, Հարություն,- նորից խոսեց Հուրունցը:- Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես  մտածում, ի՞նչ են մտածում  կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ու՞նի բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ  է  դարձնում և անվճռական»:
- Դու, սիրելի Լեոնիդ,  տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես  ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես  արդյոք,-  միջամտեց Սաղումյանը: - Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը  հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան,  ում դեմ բողոքել ես:
Հուրունցը լուռ էր, հետո խոսեց  միանգամից, դանդաղ արտաբերելով բառերը:
-Այո, այդպես է:  Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր  փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները  մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից  քշում – տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ  գնում էին  Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ  դրանց հեղինակներին գտնելու և պատժելու համար:  
- Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը,-  ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:
- Մակար Բարխուդարյանցը,  որ ուղիղ հարյուր տարի առաջ  ծերից-ծեր շրջել է ողջ Ղարաբաղն  ու գրի առել ամեն ինչ,  նշում է,  որ  երեք քաղաքի,  տաս ավանի ու ավերված  երեք հարյուր վաթսուն   գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում,   տասնյակ ու տասնյակ  գյուղերի անուններ է թվարկում,  ուր նախկինում հայեր էին ապրում, իսկ այժմ՝ քոչվոր ցեղեր։ Վերցրեք մինչև հեղափոխություն  հրատարակված հանրագիտարանները,-  շարունակեց Հուրունցը,- և դուք կտեսնեք, որ 1914- ին Լեռնային Ղարաբաղն  ուներ երկու հարյուր քսանչորս հայկական գյուղ՝  երկու հարյուր յոթանասուն հազար հայ  բնակչությամբ: Ղարաբաղի ամբողջ տարածքում ազգաբնակչության հինգ տոկոսն էր միայն այլազգի, մնացած իննսունհինգ տոկոսը հայեր էին։ Մենակ հայեր։  Տասնութ թվականի սկզբին այդ թիվը հասել էր երեք հարյուր երեսուն հազարի: Քսան տարի անց,  այսինքն  Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին,  հայ  բնակչության թիվը կրճատվել, հասել  էր  հարյուր երեսուներկու հազարի, որից քառասունհինգ հազարը ուղարկվեց ռազմաճակատ, այսինքն յուրաքանչյուր հինգից երեքը, մինչդեռ, ինչպես պարզվեց հետո,  հանրապետության  ադրբեջանական  շրջաններից, որոնք բնակչությամբ չէին  զիջում մարզին, զորակոչվել է հինգից-վեց անգամ քիչ մարդ: Այսքանը, իբր, քիչ էր, 1952-1955 թվականներին քսան հազար հայ  պատանիներ ու աղջիկներ քշվեցին շինարարական կառույցներ՝ Սումգայիթ, Մինգեչաուր, Կարադաղ, Ալի-Բայրամլի...  Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր:- Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց.- Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝  շորթող և ոչ հասարակ կաշառակեր:  Նա ակնարկներ չէր անում, այլ  պահանջում էր: Ծառայողական մեքենան  ուղարկում էր կոլտնտեսությունները,  տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի,  տաս, քսան լիտրով:  Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝  Կարմիր գյուղի  կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի հետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է  ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է  ու ձեռը  կրակն  ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»:  Եվ իսկապես, քանի- քանի մարդկանց  անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել։  Զորեղների հավիտենավառ  ու անմարդկային օրենքն է  դա` ընդեմ թույլ ու խեղճերի,  որ նոր չէ,  գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում,  երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ  բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին,  որովհետև`  զորեղն անում է,  ինչ կարող է,  թուլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով  բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ:  Նրա հանցավոր արարքների մասին շատ  առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն  բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահության աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած  ավանդույթով նրանք  միշտ ճիշտ են, գլուխդ  թեկուզ քարին տուր,  միևնույն է, չես կարող քոնն ապացուցել:
 Ալինան Հուրունցի  համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ: 
Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.
- Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք կենտկոմ։ Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ... Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝  դուք մտածու՞մ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»:  Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝  երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին  աղբյուրից:  Նպատակը հեռահար ու որոշակի՝  հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախը, հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջին ասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած  չնչին արդյունաբերությունը՝  ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական  ֆաբրիկան՝ Նուխի:  Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը շահի Պարսկաստանում անհամեմատ լավ էր, քան սովետա-ալիևյան Ադրբեջանում ՝ երկու դար անց։ 
 Հուրունցը շուռումուռ եկավ տեղում: Թեյ խմեց: Ընդհանուր լռության մեջ կրկին  հնչեց նրա ձայնը.
 - Վերջերս հակահայկական «Պրավդա» թերթի թղթակից Թաիրովը Նախիջևանի մասին ինչ-որ նյութ էր գրել, նա այնտեղ տեսնում է բազում մզկիթներ և  իր քոռացած աչքով չի տեսնում ոչ մի հայկական եկեղեցի, չի տեսնում ավերված բնավեր Ագուլիսը՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, հայկական կիսաքանդ գյուղերը, Բադամլին, որ իր ութանասուն ընտանիքներով՝ գյուղի քահանայի հետ միասին, մի օրվա մեջ թրքացվեց, այլապես մեծ ու փոքրով սրի էր քաշվում, էլ չեմ ասում՝  պատմաճարտարապետական անթիվ- անհամար   հուշարձանները, Ջուղայի երեք հազարի հասնող ջարդված քարահյուս խաչքարերը:  Նախիջևանի հայությունը դիմացավ սելջուկներին, ցարիզմի լծին, անգամ մուսավաթականներին, բայց, ահա, չի կարողանում դիմանալ խորհրդային պետության վարած հայադավ քաղաքականությանը, դատարկվում է:
- Ընկեր Հուրունց,- ասաց Լորաննան մի տեսակ ընկճված տոնով,- ուրեմն՝  ճիշտ էր Նաիրի  Զարյանը, երբ ասում էր՝ Սևան, իզուր ես դու ափնակոծում, որոտում, ճակատագիրը իմ ու քո՝  օվկիանոսներն են որոշում:
 Հուրունցը ձեռքը  մտերմաբար դրեց Լորաննայի ուսին, դառը ժպտաց:
- 1926 թվականի  Խորհրդային մեծ հանրագիտարանի քարտեզում Լեռնային Ղարաբաղն անջատված չէ Հայաստանից, հետագայում, որպեսզի Հայաստանը Ղարաբաղից անջատվեր, Մոսկվայի հրահանգով ստեղծվեց «Կարմիր Քուրդիստանի օկրուգը», այսօրվա Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քյալբաջարի շրջանները, հետագայում դրա կարիքն այլևս չէր  զգացվում, դրա համար էլ քսանինն թվականին լուծարման  ենթարկվեց: Երեսուն թվականի քարտեզում Լաչինի շրջանն արդեն մտցված էր Ադրբեջանի  մեջ, այսինքն՝ Ղարաբաղն անջատված էր Հայաստանից...- Հուրունցը քիչ լռեց, քրթմնջաց, ասաց.- Երբևէ տեսել ե՞ք անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, թե ծառը փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել:  Ղարաբաղն է դա, որ ահա երեքհարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր,  խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր  այն  ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը:  Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք,  խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով  է միայն ձեռք բերվում, զենքով  ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:
Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսյակը և առաջինը դուրս եկավ միջանցք:
Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան  ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝  դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում:  Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե   ինքը՝ Սալվադոր Դալին է  առջևդ կանգնած: 
- Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն,- իր կարծիքով մաքուր հայերենով  փիլիսոփայեց Թելմանն ու  առանց բարևի անցավ մեր կողքով: 
Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի  մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադբեջանցու հետ, նրա կրթությունը ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ  նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական  խմբագրություններից մեկում, հայկական ծրագրի բացումից հետո  նրան փոխադրել էին  մեր խմբագրություն: Բայց թե ինչպե՞ս էր ավարտել համալսարանը, ինչպե՞ս էր աշխատել մինչև այդ՝  անհասկանալի էր. երկու-երեք էջանոց մանկական հաղորդման վրա երկու շաբաթ  տնքում ու տառապում էր, և թե նախկին գլխավորն  ինչու՞ էր նրան հայկական  խմբագրությունում աշխատանքի ընդունել՝  նույնպես անհասկանալի էր: Ոչ այն է պետական անվտանգության կոմիտեից էին պարտադրել, ոչ այն է կենտկոմից,- և ահա քանի տարի  առոք-փառոք ապրում էր , ոչինչ չանելով:  Նրա մասին տղաներն անեկդոտ էին սարքել, որը Հուրունցին ևս ծիծաղելի թվաց:  Իբր, այս Թելմանի մայրը,  Գիքորի պես ձեռքը բռնած՝ նրան տանում է  հայկական  «Կոմունիստ» թերթի  խմբագիր Գեղամ  Բարսեղովիչ Անտելեպյանի մոտ՝  աշխատանքի տեղավորելու:  «Գոնե դառերը գիդի՞»,- հարցնում է արևմտահայ Անտելեպյանը: «Չէ, մատտաղ,- պատասխանում է մայրը,- բա, որ իմանար՝ էլ ինչու՞ էի ձեզ մոտ բերում, կտանեի « Բակինսկի րաբոչի»: 
Նոր գլխավորը նույնպես նրան ձեռք տալ չէր  ուզում:  Մի անգամ կոլեգիայի նիստում, երբ խոսք բացվեց այն մասին, որ նա ոչինչ չի անում, գլխավորը, չգիտես ինչու, հուզվելով, դեմքն ափով շփեց՝ ասես ծանր հոգսն իրենից վանելու համար, և հայացքը  փախցնելով ասաց. «Հաշվեք, որ դա փակ թեմա է և, խնդրում եմ, այդ մասին այլևս խոսք չլինի», իսկ ինձ առանձին ասաց. « Ես չեմ կարող նրան հանել, դա իմ ուժերից վեր է»:
Երեքով՝ Հուրունցը, Սաղումյանը և ես,  վերելակով իջանք ցած, դուրս եկանք փողոց: 
Գարնան օրը՝  ջինջ, արևը՝ հաճելիորեն տաք,  հաստաբուն լորենիների ստվերում մի խումբ  տղաներ թեյում էին՝  ալարկոտ նայելով անց ու դարձողներին, մեքենաների անվերջ հոսքը՝ պողոտայով, այգու խորքում,  Իչարի Շահարի բարձրաբերձ պարսպի տակ,  բացօդյա սրճարանում դպրոցականների խումբը զրնգուն ձայներով պաղպաղակ էր վայելում, նրանց անհոգ ծիծաղը տարածվում էր  այգով մեկ...
- Նա պարտավոր է խմբագրել ուրիշի նյութերը, չի անում ու, պարզ է,  չի էլ կարող անել,- ասաց Սաղումյանը Թելման Կարաբաղլի-Չալյանի հասցեին: - Այդքանը հերիք չէ, մեկն էլ պիտի նստի ու այս ու այնտեղից թռցրած նրա մանկամիտ բարբաջանքները թարգմանի, մշակի ու պատրաստի, որպեսզի  նա չզրկվի ամենամսյա հոնորարներից:
- Սա նույնպես մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է,- եզրակացրեց Հուրունցը,- հեռուստատեսության ու  ռադիոհաղորդումների կոմիտեում տասնյակ խմբագրություններ կան,  մի՞թե  հնարավոր չէր նրան մի այլ խմբագրությունում տեղավորել:
- Ադրբեջաներեն տառերը նույնպես  չգիտի՝ ո՞վ կուզենա նրան պահել,- կատակեց Սաղումյանը:- Երկու հոգով են բաժնում, ինքն ու քո ասած էդ  Գևորգ Աղաջանյանը, մի նադինջ, ամբարիշ ու կռվարար տիպն էլ դա է,  ամբողջ օրը կռիվ ու վեճ է: «Գրական Ադրբեջան»  հանդեսում սրբագրիչ էր,  հանեցին, ընդունել ենք ու մնացել  ձեռքին կրակն ընկած:
Հուրունցը, արևով ողողված մայթին կանգնած՝ երկար նայում էր մեր շենքին, ուշադիր դիտում  պատերի համաչափ  ու ներդաշնակ համամասնությունները, պատուհանների կամարաձև շրջանակները, վահանաձև զարդերն ու խորաքանդակները:
- Կյանքը մի ակնթարթ է՝  ներկայի ու անցյալի արանքում,- դեմքին խորին  ափսոսանքի արտահայտություն, արտաբերեց Հուրունցը, մատներով սանրելով անհնազանդ մազերը: - Ինձ թվում է,  ջահելության հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ  անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ,  որ դու ամեն ինչ կանես: Մարդ իր կյանքն ապրում է երազելով՝  ջահել ժամանակ ուզում ես ուրախ ապրես, թեպետ ջահելությունն ինքնին ուրախություն  է, մեծացած՝  ուզում ես լավ ապրես, ծեր հասակում  մի բան ես ուզում միայն՝  երկար ապրես…Ասես երեկ էր, ջահել, ամբողջ կյանքս առջևում, թռվռալով իջնում-բարձրանում էի այս աստիճաններով,  հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման... Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների  խմբագրությունում էի աշխատում,  հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝  հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝  Առուշանով,  իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո,  կենտկոմի առաջին քարտուղարը  Ռուբեն Մկրտչյանն էր, հայտնի Ռուբենը, նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Լևոն Միրզոյանը՝  Ղարաբաղի Աշան գյուղից:  Բագիրովն ու Բերիան գլուխը կերան:  Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր,- հարցրեց նա:
- Իհարկե, գիտեմ,- կարծես թե նեղացավ  Սաղումյանը:- Էդ մեր Լեոն կարող է չիմանա, ես գիտեմ՝  Միրզաբեկյան եղբայրների շենքն է,  ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ էլ դատախազություն, էլ մինիստրություններ, էլ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ տները հայերին էին պատկանում՝ Բուդաղյաններին, Շահգելդյաններին, Տեր-Ակոպովներին…Իսկ այս մեկը Թումանյանների տունն էր, մյուսը՝ Տեր-Ղուկասովի, միչև հիսուներեք թիվը Բագիրովն այդ տանն էր ապրում,  հիմա պատկերասրահ է, քիչ ներքև, այս նույն փողոցի վրա, ծովափին, ղարաբաղցի Արամյանցի տունն էր, ''Ազնևթի»  վարչությունն է հիմա այնտեղ, ավելի դենը, Հայոց թեմական դպրոցների վարչությունն էր, Բաքսովետի ուղղությամբ, Արմյանսկայա կոչվող փողոցում, որ հիմա Գորկու անունն է կրում, Հայոց մարդասիրական ընկերության ու հայկական  եկեղեցու շենքերի կողքին, Մանթաշովի տունն էր, 1918-ի  սեպտեմբերին մուսավաթականներն ու թուրքերը  երեք հազար հայ կին ու երեխա հավաքում, լցնում են Մանթաշովի այդ տան բակը և բոլորին սրի քաշում: Այն Մանթաշովի, որի սեփական միջոցներով Բաքվից մինչև Բաթումի 835 կիլոմետր նավթատար  խողովակաշար գցվեց:  Բաքվում հարյուրավոր շենքեր կան, այդ թվում Մագոմաևի անվան ֆիլհարմոնիայի և Ախունդովի անվան օպերայի ու բալետի շենքերը, որոնք մինչև հեղափոխությունը  պատկանում էին հայերին: Գաբրիել Տեր-Ղուկասովը, ասում են, ճարտարապետ  Տեր-Միքելովին պատվիրում է ֆիլհարմոնիայի ամառային դահլիճն այնպես նախագծել, որպեսզի քիչ այն կողմ, իր առանձնատան պատշգամբում նստած՝ կարողանա իրիկունները և՜ թեյ խմել, և՜ երաժշտություն ունկնդրել, որովհետև, ասում է, ինքը ժամանակ չունի համերգներ գնալու։ Ճակատագրի չար հեգնանքով՝ հետագայում այդ տան պատշգամբում նրա դահիճ Միր-Ջաֆար Բագիրովն էր նստած թեյ խմում ու երաժշտություն լսում նրա կառուցած մարմարյա դահլիճից։ Նայիր, ֆիլհարմոնիայի դիմացի  ահա այն հոյաշքեղ տունը, որտեղ երեսնական թվականներին կենտկոմն էր տեղավորված՝ այդ նույն Բագիրովի գլխավորությամբ, նույնպես Տեր-Միքելովն է կառուցել։
-Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին, հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները,-լրացրեց Հուրունցը փշրված ձայնով,- իսկ ով ողջ մնաց՝  Բագիրովի ու  Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին  Մագադան. գնացին կորան:  Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:
Լուռ քայլեցինք դեպի մետրո:
- Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում,- ասաց Հուրունցը:- Տղաները սպասում են,  Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝  Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան:  Երեկ ութ հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին։ Լսիր,-  հանկարծակի ու զարմացած ասաց նա:  - Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել:  Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:
Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝  բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:
- Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում,- աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:
- Քիչ առաջ պատմում էի՝  հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:
- Այն, որ Թևանին...
- Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն,  ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է։ Ծառը չէր տապալվի, եթե կոթը իրենից չլիներ…Իմացած եղիր,  ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում: 
Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:
-Բարև ձեզ:  
- Բարև...  – Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ: - Չեմ ճանաչում,- ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով: - Տեղը չեմ բերում:
- «Կոմունիստ» հայերեն թերթում ենք  աշխատում,-  չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը: - ինչպե՞ս  եք:
- Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին  շքանշան ստացա, իսկ այս տարի  հրաձգության հանրապետական մրցումներում  գրավեցի առաջին տեղը:
Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:
- Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին,- ասաց նա:  - Դուք ինձնից  շատ ջահել եք երևում:
- Սպորտով եմ զբաղվում,- փութով բացատրեց ծերունին: - Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:
- Ինչի՞ մասին ես գրում,- խոսեցրեց Հուրունցը:
- Իմ գործունեության,- անվարան ասաց ծերունին,- Քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան։ Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին։ Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ։ Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ։ Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ, կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման։ Մինչև կայարան տանելու հնար չկար. Տասնհինգ-քսան րոպե ժամանակ էր տրված, միակ ելքը դա էր... Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա  պատռված փորը  մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա  ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի:  Հարուստ նավթաարդյունաբերողի որդի էր:  Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝  սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ:
- Թևանի մասին չե՞ս գրում,-հարցրեց Հուրունցը աշխատելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը։
- Թևան Ստեփանյանի՞,- ոգևորվեց նա:- Գրում եմ, բա ոնց... Նա դաշնակցական բանակի սպա էր, մինչ այդ ցարական բանակի կազմում կռվում էր թուրքական ճակատում, բայց  հետո հակահեղափոխական գործունեություն սկսեց: Զանգեզուրում Գարեգին Նժդեհ կար, լսած կլինեք, Վլադիմիր քաղաքի տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտում մեռավ, այդ Նժդեհի  ծավալած ռազմական ապստամբության տարբերակն էր իրագործում Ղարաբաղում՝ ձգտելով Լեռնային Ղարաբաղի  միավորումը Զանգեզուրի ու Հայաստանի հետ: Զորք կազմած՝ սկսեց կռվել տասնմեկերորդ կարմիր բանակի դեմ, գրավեց Դիզակի և Վարանդայի  բոլոր գյուղերը, հասավ մինչև Ասկերան... Մի խոսքով,- շունչ առավ ծերունին,- մեր չեկան նրան երկու անգամ ձերբակալեց, բայց Թևանը  երկու անգամ էլ կարողացավ փախուստի դիմել:  Չեկայի նախագահ Բագիրովն ու Բերիան, որն այն ժամանակ Բագիրովի տեղակալն էր, անձամբ գնացին Տումի, Թևանի ծննդավայրը, բայց անօգուտ։ Հետագայում, քսանինը-երեսուն թվերին, Բագիրովը նորից գնաց Ղարաբաղ՝ փոքրիկ մի խմբով, թաքնված երկու օր մնացին, սակայն Թևանին բռնել այդպես էլ չկարողացան: Նրանք չկարողացան, իսկ ինձ հաջողվեց բռնել: Բայց շատ տարիներ հետո, իհարկե: Տասնմեկ տարի հետո:
Ծերունին դադար տվեց, ակներևաբար, սպասելով իր խոսքերի թողած ազդեցությանը, հետո ասաց.
- Թևանը իր անունն ու տեղը շուտ-շուտ փոխում էր՝  մեկ Պարսկաստանի հյուսիսում էր լինում, մեկ՝  հարավում, մեկ Բաղդադի հայաբնակ գյուղերում: Քառասունմեկ թվականի աշնանը, նոյեմբերի սկզբին, նա Մազանդարայի Սարի քաղաքում էր  աշխատում. տեխնիկ- շինարար էր: Պարսկաստանում  ստեղծված  իրադրության  պատճառով  շինարարությունը դադարեցվել էր, և  նա ուզում էր մեկնել Շիրազ՝  անգլիացիների մոտ, այնտեղից Ամերիկա մեկնելու մտադրությամբ: Մենք նրա համար ծուղակ սարքեցինք, - խնդմնդաց ծերունին,- նրա մոտ ուղարկեցինք մեր հայ ագենտներից մեկին, որը, իբր, նույնպես ուզում է գնալ Շիրազ, բայց վարորդը, որին նա գտել էր, մենակ մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ- երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ:  Թևանը ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է  վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի:  Մեր ագենտի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել  Թեհրանից մոտ տաս- տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց:  Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք),  բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»:  Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ, ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»:  Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝  ձեռքերն ու ոտքերը  կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք»,- ասաց  նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ,  ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ։ Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում։
Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.
- Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ  ուներ՝  «Մոռացված հերոսը»  վերնագրով:  Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել,  հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ,- կրկին խնդմնդաց ծերունին,-  հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ  երեսունհինգ ժամ՝  փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա:  Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանը:  Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, ապասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:
- Բագիրովը, Բերիան և դու ինչու՞ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով  ու մասնակցությամբ սրի  քաշվեց Խնածախ,  Դաշուշեն, Ղարաբաղի և  Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն  գյուղերի  բնակչությունը,- անշտապ, կարծես ինքն իրեն  հանգստացնելով ասաց Հուրունցը:-  Ինչու՞ չբռնեցիք նրան, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց  Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան  գյուղերի ողջ բնակչությանը՝  սպանելով վեց հարյուր  անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը  Թևանի խումբն էր: Այդ նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ  վառեց Շուշին, սրի քաշելով նրա  բազմահազար  բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը  շատ տեղին խոսք է ասել,-  չոր ու կոպտորեն վրա  բերեց Հուրունցը,  արգահատանքով նայելով ծերունուն: -Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:
Ծերունին,  հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած  բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած  դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով  զննեց մեզ և,  արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:
            -Դե, լավ, ես գնացի,-  ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով  հեռացող ծերունուն։- Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են։ Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք։ Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար։- Դառնալով ինձ, ասաց,- տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է  համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝  կարճ հիշողության պատճառով…- Նա ժպտաց բարեսրտորեն պատվիրեց,- մյուս անգամ որ եկա՝  ամուսնացած լինես, չնայած, իհարկե,  ամուսնությունը երբեմն նաև  դառնություններ  է բերում, բայց երկար ամուրի մնալու  մեջ նույնպես  ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի  ու իրեն զգա դժբախտ կամ  պսակվի  ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն ի՞նչ է  ասել՝ ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի.  լավ կին հանդիպի՝ կլինես  բացառություն, թե վատը եղավ՝ կդառնաս  փիլիսոփա,- ծիծաղեց նա, գրկեց իմ ուսերը: -Լավ խոսք է ասել, իսկ քեզ,- հրաժեշտի համար սեղմելով  Սաղումյանի ձեռքը՝ ասաց Հուրունցը,-  առողջություն եմ ցանկանում:  Դիմանանք, տեսնենք ինչ է դառնում վերջը:- Հուրունցը մի  քայլ արեց, ետ շրջվեց։-  Մենք  դեռ  կհանդիպենք,-բազմանշանակ  ժպտաց նա:
            Ավաղ, մենք այդպես էլ այլևս  չտեսանք  նրան:
  Հեռվից նայում էինք, Հուրունցը մտավ  մետրոյի նախասրահ, շրջվեց, մենք ձեռքով  հրաժեշտ տվեցինք միմյանց: 
-Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել,- Հուրունցի մասին ասաց  Սաղումյանը, ափով մտախոհ շփելով միրուքը,- ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին,  բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու  անհաշտվողական:  Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝  ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի,  անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին:  Երկու տարբեր բևեռներ ու տես, թե  ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:


Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝  նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա  Ալինային՝ մեքենագրելու:
Ալինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում. «Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:
- Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք,- անչար ասաց Լորաննան, ժպտաց: - Երեկ նախկինը կոմպլիմենտ է  արել, երևի գլուխը կորցրել է:
- Երգի դակը ավելի ախորժալիա  ախշադվում,- հարեց Թելման  Կարաբաղլի- Չալյան- Սալվադոր Դալին:- Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ  Կևորկ Ագաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում,- ասես  արդարանալով ավելացրեց նա,- եգա էսդեղիցը զանկ դամ: 
Մեր խոսակցության վրա  Ալինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:
- Ալինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:
- Արև է... Ո՞վ պիտի լինի՝  դու էս, - շեշտակի նայելով ծիծաղեց նա: - Մտնում ես ու չես բարևում:
- Բարև:
- Ողջույն,- կոտրատվելով պատասխանեց նա: - Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝  Սիլվան գալու է այսօր:
- Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:
Ալինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:
- Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:
- Կարող  եմ,- ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: - Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:
Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:
- Ալինա, այս ինչե՞ր  եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:
Ալինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:
- Ախր, ասա, ի՞նչ  գործ ունես  էդ երեխայի հետ,-  շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:
- Դե լավ՝ ի՞նչ է ասել:
- Ինչ է ասել... Ասաց՝  էդ ի՜նչ սիրուն սև աչքեր ունես,- ի վերջո գոհունակ  ժպիտով խոստովանեց  Ալինան:
- Ում ասաց՝ քե՞զ:
- Ինձ,- ժպտերես պարծանքով գլխով արեց նա:
- Անճաշակ մարդ է, մի հավատա,- ասացի ես:- Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում։ Մի հավատա։
- Մի հավատա... – շուրթերը  ծամածռելով տնազեց  Ալինան, ակնդետ նայելով ինձ:
- Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան,- ասաց Լորաննան:- Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի  պես կարմրել էր:
- Թող իմանա,- աչքով անելով Լորաննային  ասացի ես,- թե ինչ է նշանակում անմեղ  տեղը մարդուն վիրավորել՝ «էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:
- Իսկ ի՞նչ է, Ալինայի աչքերը սիրու՞ն չեն,- իբր պաշտպանում էր՝  խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան:- Մի նայիր՝ կուզես դեմուղիղ,  կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև  եմ ես, բայց  գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք.  ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե  գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես... Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:
- Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են,- ժպտալով ասացի ես,- ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:
Ալինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով, աղերսաձայն ասաց.
- Լեո, խեղճ ես՝  Ալինայի ձեռքին, ինձ  սպանելու է: Ինչու՞ մատնեցիր:
Ես գիտեի Ալինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:
- Մի վախենա,- ասացի,- երկու րոպեից  հետո մոռանալու է:
Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա  դուրս եկավ իր սենյակից,  ձեռքին մեքենագիր մի թուղթ:
- Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը:  Ասում եմ՝ Սամվել Ավանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես  կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս  այստեղ կգողանան:  Թաղեմ ես քո մտքերը,- սրտանց վրա բերեց  Ալինան:- Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր,- սկսեց կարդալ  Ալինան,- սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Մանյան, առավոտյան ասաց, որ  տերևի տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: (« Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է»,- մեկնաբանեց Ալինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից  տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած  տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի՜նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի  ջահել մարդ, երևի բանակից փախած  դեզերտիր, կերոսինկայի առաջ  կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտը  ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց   պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ.  հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ  շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ  եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»:
- Այսպիսի մարդիկ մի՞թե իրավունք ունեն ապրելու,- հուզմունքից գունատված ասաց Լորաննան:- Ալինա, այդ ապուշությունները ո՞նց ես մեքենագրում:
- Գերագույն խորհրդի դեպուտատ, նախագահության անդամ, հողս անխիղճ գլխիդ,-  տաքացավ  Ալինան:  - Հաստատ՝  ծալը պակասել  է:
- Դա նրա կոմպլիմենտներից էլ է երևում, - լրացրի ես:
Ալինան ծիծաղեց, նայեց առանց չարության, հետո հիշեց.
- Լեո,  Սիլվա ն գալու է,  գնա խոսիր էլի գործի մասին:
- Լավ, կգնամ:
Անցնելով հաշվապահություն, պայմանավորվեցի Սեիդոզաևայի հետ: Հաշվետարի տեղն ազատ էր, և  Սաիդան խոստացավ անպայման աջակցել, իսկ  երբ վերադարձա, Լորաննան եկավ ինձ մոտ՝  շուրթերը վառ կարմիր ներկած, թանկարժեք  օծանելիքների բուրմունքով, ձեռքին ինչ-որ թղթեր:
- Լեո, գլխավորն ասաց, որ քեզ հետ  միասին նայենք այս նյութը:
- Ի՞նչ նյութ է:
- Հեռուստահաղորդում է, ես եմ պատրաստել՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի  հյուրախաղերի մասին Բաքվում:
-Լավ, նստիր կարդանք։
Ես նստեցի իմ տեղը, Լորաննան՝ իմ դիմաց, անփութորեն ոտքը ոտքին գցելով։
-Լեո, ի՞նչ գեղեցիկ ձեռքեր ունես,-ասաց նա։
Ես նայեցի նրան, ժպտացի.
-Եթե հաղորդումը լավը չեղավ, միևնույն է, խոտանելու եմ։
Լորաննան ծիծաղեց, ասաց.
-Եվ մատներդ նույնպես գեղեցիկ են։ Ամեն անգամ հիանում ու նախանձում եմ, նայելով նրբավուն ու սիրուն մատներիդ։
-Այդքա՞նը միայն։ Ուրիշ արժանիքներ չունե՞մ։
           -Արժանիքներ շատ ունես։-Լորաննան նայեց ինձ իր մեղմ, բարեսիրտ հայացքով, ժպտաց։- Բարձր, առնական, նրբակիրթ ու նրբազգաց, գեղեցիկ։ Ու նաև սրտաբաց, կարեկից,  ոչ ժլատ։ Է՞լ ասեմ…Լեո,  երբեմն,  մտածում եմ,  ինչքան քիչ բան է  անհրաժեշտ մարդուն՝   իրեն երջանիկ զգալու համար. ինչ որ հաճելի բառ,  արտահայտություն,  կամ նույնիսկ հայացք,  կամ,  ասենք,  ժպիտ,  ու կարծես միանգամից աշխարհը քեզ է պատկանում…Մոռացա արժանիքներիդ մասին. արտասավոր գեղեցիկ ու սքանչելի է և ժպիտդ, երբ հոնքերիդ տակից թեք նայում, բարեհաճ ներողամտությամբ ժպտում ես։ Ինչ-որ առինքնող բան կա դրա մեջ։
         -Տասնյակ կոմպլիմենտներ արա կնոջը՝ թեթևակի շնորհակալություն կհայտնի և վերջ, տղամարդուն չնչին մի հաճոյախոսությունը բավական է, որպեսզի նա ամբողջ կյանքում հիշի։
-Եթե երբևէ ինձ մոռանաս, կոմպլիմենտներս գոնե կհիշես,- ծիծաղեց Լորաննան։- Ալինան գիտե՞ս ինչ էր պատմում քո մասին։ Ասում է, երբ առաջին անգամ Լեոին տեսա, մի այնպիսի այրող հարված զգացի կրծքումս, որ մի րոպե թվաց, թե  կանգ առավ  սիրտս:
-Լավ, տուր հաղորդումը,- ասացի ես։- Ե՞ս եմ կարդում, թե դու։
-Դու։ Ես ուզում եմ շարունակ լսել քո ախորժելի ձայնը… Մի բան ասեմ,  Լեո,  չծիծաղես,  թե    ինչո՞ւ է այդպես,  ինքս էլ չեմ հասկանում. տաս սիրահար տղամարդ ընկնում են ոտքերդ,  ու դու նրանց չես էլ նկատում,  նրանք քեզ պետք չեն,  քեզ անհրաժեշտ է  այն մեկը,  տասնմեկերորդը,  որը չի էլ նայում քո կողմը։ Զարմանալի է,  չէ՞… Կարելի՞ է ծխել։
-Ծխիր։ Բայց անջատիր օդաորակիչը։
Լորաննան ամբողջ մարմնով ձգվեց, ճերմակ ազդրերը բացելով, սակայն ձեռքը չհասավ օդաորակիչին, ելավ, օդաորակիչն անջատեց, լուսամուտի մոտ կանգնած վառեց սիգարետը։
- Ե՞րբ են հյուրախաղերը: 
-Դրանք, ճիշտն ասած, հյուրախաղային ներկայացումներ չեն,- պարզաբանեց Լորաննան: - Ընդամենը մի ներկայացում կլինի՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը», բայց ես պատմում եմ ընդհանրապես այդ թատրոնի անցած ուղու, խաղացանկի և,  մասնավորապես, այդ ներկայացման մասին:  Ես թատրոնն ընկալում եմ որպես հասարակական գիտակցության ձև, իբրև անձնավորման արվեստ, այսինքն բեմից հնչող բանավոր լեզվի արվեստ: Երեկ առավոտյան հյուրանոցում հանդիպեցի  գլխավոր ռեժիսորին: Նրանք պատրաստի ժապավեն ունեն, այդ ժապավենը կտանք և հարցազրույց ՝ ռեժիսորի և ներկայացման առաջատար  դերասանների հետ:  Հաղորդումն ուղիղ եթեր է տրվում, գլխավորն ուզում է, որ նրանց հետ  հարցազրույցը դու վարես: 
Հաղորդումը վատ չէր գրված, մի երկու  աննշան դիտողություն արեցի, որին Լորաննան համաձայնեց:
- Դերասաններից ովքե՞ր են մասնակցում հաղորդմանը:
- Վիոլետա Գևորգյանը, Կիմ Երիցյանը, Վեհմիր Խաչիկյանը, Ժասմեն Մսրյանը և ինքը բեմադրության ռեժիսոր  Արտաշես Հովհաննիսյանը:
Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:
- Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը  Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:
Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:
- Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է,- արձագանքեց գլխավորը, - ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:
Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա  հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.
- Լեո, ինչու՞ դու այդքան լավն ես:
Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց:  Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝  նա նայում էր շեղակի, կկոցված   աչքերով...
Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝  հեռուստատեսությամբ  երեկվա նրա մանկական հաղորդմանը:
- Նայե՞լ ես հաղորդումը,- հարցրեց գլխավորը:
Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝  ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:
- Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան,  երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմոտեկա,  նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, միթե՞ կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև  մսուրային տարիքի մանուկների համար անգամ  ձանձրալի են նրանց հաղորդումները,- չէր հանգստանում գլխավորը:- Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:
- Վլադիմիր Գուրգենովիչ,- միջամտեցի ես,- անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ  թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ,  կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու  անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել:  Եթե, իրոք, անհնարին է  ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք  նրան պահել մեզ մոտ՝  ապահովելով  հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝  հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:
- Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:


          Սիլվան եկավ ընդմիջումից  անմիջապես  հետո:
            - Ահա և  Սիլվան,- ներկայացնելով նրան, ասաց  Ալինան:
Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագած: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող  փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը  բալի գույնի շրթնաներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով  կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար:
- Բերե՞լ եք փաստաթղթերը :
- Այո,- դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ  նայելով ինձ՝ նա   ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝  անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և  դրեց իմ սեղանին:
- Գնանք,- վերցնելով փաստաթղթերը, ասացի ես:
- Ես սպասե՞մ այստեղ,- չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով  հարցրեց  Ալինան ու ինքն էլ պատասխանեց,- չէ,  ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ:  Սիլվա, կգաս ինձ մոտ :
Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով,  վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ,  հետո ձախ՝ անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ  միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ,  փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության  երեք սենյակները:  Սեիդոզաևայի առանձնասենյակում՝  սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:
-Հիմա կգա,- կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը  երկարած՝ էրոտիկ  դնչիկին արեգակնային ժպիտ,  ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:
Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:
Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում։ Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. ''Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…''։ Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. '«Աման Թելլո՜, Թելլո ջան, Թելլո՜…»։
- Ողջույն, ծերուկ:- Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից։
Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:
- Բարև, Սիավուշ,- ուրախ ողջունեցի,- որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:
- Գրողների միություն եմ փոխադրվել,- պատասխնեց նա, թռուցիկ մի հայացք ձգելով  Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:
- Ինչու՞,- վշտացա ես: - Մի՞թե    այստեղ վատ էր:
- Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում աշխատանքը սկսվում է ժամը  տասնմեկին, ավարտվում՝ չորսին:  Ընդամենը հինգ ժամ՝ ընդմիջման հետ միասին:  Շաբաթվա մի օրն էլ՝ ստեղծագործական օր:  Գրելու հնարավորություններն ավելի շատ են:  Գրողների միության նախագահի խորհրդական՝ թեթև գործ: Լսիր,  ծերուկ,- ցուցամատով ակնոցն ուղղելով ավելացրեց  Սիավուշը:- Մի չորս հարյուր ռուբլի փող ունեմ ստանալու՝ սցենարի դիմաց, երկու անգամ է գալիս եմ, ասում են՝ փող չկա:  Խոսիր Սաիդայի հետ, նա քեզ սիրում է, չի մերժի:
- Կխոսեմ: 
-  Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն:  Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է: -Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում։
- Ասացի՝ կխոսեմ:  Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:
- Էհ, դու տանը նստու՞մ ես որ,- բազմանշանակ նայելով՝ ասաց  Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:
- Այդ ո՞վ էր,- նրա գնալուց հետո հարցրեց   Սիլվան:
- Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում:  Սքանչելի տղա է:  Նմանը չկա:
- Դեմքը  շատ դուրեկան ու ծանոթ է :
- Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:
- Երևի... Ալինան ձեր մասին ինձ շատ է պատմել,- անսպասելի ասաց  Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:
Դադար:
- Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:
Նորից դադար:
- Ես հիմա եմ հասկանում նրան,- կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց,-  իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:
- Ի՞նչ   իմաստով,- չհասկացա ես:
Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը, լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով:
- Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:
- Կարող եք չանհանգստանալ,- ասացի ես քմծիծաղով:- Հաշվապահությունում բոլորը կանայք են:
- Այդ լավ է,- թեթև հոգոցով արտասանեց  Սիլվան: - Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:
 Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում.   ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ  չէր վերաբերում:
- Գիտե՞ք   ինչ,- շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակիվեր նայելով շարունակեց  Սիլվան,- եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան։ Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջ բամբասանքներ միշտ էլ լինում են:
Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից  շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:
-Սաիդա, ձեզ ենք սպասում,- ասացի ես: Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները  փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտները ալարկոտ շարժելով, մոտենում էր։
- Էս աղջի՞կն  է,-  հավասարվելով մեզ, հայերեն հարցրեց նա:  Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:
-  Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:
- Գնանք, - ասաց Սաիդան, գնահատող հայացքով նայելով  Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց: Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից։
Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:
- Հաշվապահական ստաժ չունեք,- աշխատանքային գրքույկը թերթելով ասաց  Սաիդան գործնականորեն,-  կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց  կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: - Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:
- Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:
- Ասեք թող գա,- լայն ժպտաց նա: - Խմելիս չմոռանաք իմ կենացը:
- Շնորհակալ եմ: Չենք մոռանա:
          Օրվա վերջում  Ալինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:
- Ի՞նչ է եղել,  Ալինա,- հարցրի  անհանգստացած: -Բա՞ն է պատահել:
- Պատահել... ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:
- Ու՞մ,- հարցրի ես, հասկանալով, իհարկե, որ խոսքը  Սիլվային է վերաբերում:
- Սիլվային:
- Ինչու՞:
- Ինչու... որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ,- կատաղի պոռթկաց նա:
Ես անկարող էի զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Ալինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝  ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:


Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ:  Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում,  մինչև ես կփոխեի շորերս:
- Անցած շաբաթ էինք սպասում,-  ոչ  չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի,  շարունակեց,- բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:
Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.
- Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին- գլխին՝  Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝  էս է:
- Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց,-  աչքով անելով ինձ, սաստեց հայրս,-  մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական» ։- Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց սեղանին: - Տղաս եկել է, միասին խմելու ենք:
- Էնպես է խոսում, ասես մի տարի չի տեսել,- խոհանոցից հնչեց մորս ձայնը,-  այստեղից Բաքու՝ քսան կիլոմետր ճանապարհ է:
- Ծամը երկար, խելքը՝ կարճ, ու՞մ մասին են ասել,- ասաց հայրս ժպտալով: - Ինձ համար մի ամիսը՝ մի տարի է,  ես սրտից թույլ եմ, չեմ դիմանում, պրծա՞նք:
- Պրծանք,- ներս գալով ծիծաղեց մայրս և սկսեց գցել սեղանը: - Անցած շաբաթ ինչու՞ չէիր եկել:
- Հյուր ունեի Երևանից:
- Ո՞վ էր,- հարևանցիորեն հարցրեց հայրս:
Հո չէ՞ի պատմելու Արմենի մասին:
-Գրող Լեոնիդ Հուրունցը:
- Հուրու՞նցը,- զարմացած ասաց հայրս:
- Այո,- պատասխանեցի:-  Ասում է հաջորդ անգամ եկա՝ ամուսնացած լինես:
- Մի տես է, տես ինչ լավ մարդ է, է՜,- գլուխը գոհ շարժեց հայրս,- տես ինչ բարի սիրտ ունի: Մարդ էդպիսին  պիտի լինի:  Գիտե՞ս քանիսներին է նա լավություն արել: Ուրեմն Հուրունցին տեսել ես:
- Սուրեն Այվազյանն է մեկ-մեկ գալիս: Վերջերս Սերո Խանզադյանն էր մեզ մոտ: Մեր բարբառով է խոսում:
Հայրս հպարտությամբ նայեց մորս:
- Մի տես տղադ ի՜նչ մարդկանց հետ է ծանոթ:- Նա լցրեց բաժակները:- Արի մի բաժակ էլ դու խմիր:
- Գժվե՞լ ես, այ մարդ,- ջղայնացավ մայրս: - Էդ էր պակաս:
- Էհ, մի խմիր,- տեղի տվեց հայրս,- ավելի լավ՝ մեզ կմնա,- ծիծաղեց նա, նստեց սեղանի գլխավերևում, բարձրացրեց բաժակը:
- Խմենք էն ծնողի կենացը, որ նամուսով զավակ ունի ու էն զավակի կենացը, որ ինքը  բարձրանալով վեր, բարձրացնում է իր ծնողաց անունը,-  հայրս ակնհայտ գոհունակությամբ նայեց ինձ, բաժակը խփեց իմ բաժակին, բայց չխմեց:- Ես մի մարդ գիտեմ,- ասաց նա,- նամուսով, ղեյրաթով մարդ, որը երեսուն տարեկան իր անբան ու հարբեցող որդու երեսին,  արցունքն աչքին, ասել է. «Քո ծնված օրը,  ես մեռած պիտեի»: Սողոմոն իմաստունը մի  իմաստուն խոսք ունի,  ասում է՝ նամուսով որդին հոր համար բախտավորություն է,  աննամուսը՝ մոր դժբախտությունն է։ Էդպես է,  մատտաղ,  զավակի  բերած ցավը ամենեծանրն է,  էդ ցավին դժվար է դիմանալ։ Հորը  թվացել է, թե չարչարանքով  տղա է մեծացնում, բայց չէ՝ գետի վրա նստած ալյուր է մաղել: Կարծում ես նրա ասած խոսքը ազդե՞լ է որդու վրա: Ամենևին: Բա դա էլ կա է, մատտաղ: Մարդ կա,   որ հազար արժե,   հազար մարդ կա,  որ  միասին  վերցրած՝ մի քոռ կոպեկ չարժեն։ Լավ ժառանգ լինելն ու լավ ժառանգ ունենալն էլ բախտի բան է: Թե չէ՝ աշխարհիս ստեղծման օրից էդպես եղել ու էդպես էլ կշարունակվի՝ հասկացողը միշտ տանջվել է անհասկացողի ձեռքին:- Նա մի ումպով խմեց կոնյակը: Խմեց, կնճռոտեց դեմքը:- Չէ, սրանից թախտաբիթիի հոտ է գալիս,- ասաց նա, վեր կացավ, բուֆետից մի շիշ օղի հանեց:- Մարդիկ սա ո՞նց են խմում,- շարունակեց հայրս գլուխն օրորելով:- Դու կոնյակ կխմես, ես՝ օղի: Չնայած շատ չեմ խմում՝ երկու-երեք  բաժակ:- Ուրեմն Հուրունցին տեսել ես,- քիչ առաջվա խոսակցությանը վերադառնալով, ասաց նա:- Ղարաբաղում նրա անունով երդում են ուտում, քանի անմեղ մարդու է բանտից ազատել տվել, գիտե՞ս:  Բա թթի այգինե՞րը: «Իզվեստիա» թերթում մի քանի հոդված տպագրեց, չթողեց, որպեսզի  Ադրբեջանի կառավարությունը վերացնի թթի այգիները, ոնց որ  հետո խաղողի այգիները վերացրին: Առանց թթատերևի ո՞նց  կլինի՝ Ղարմետաքսկոմբինատը կկանգներ, նրա մասնաճյուղերը՝ Խնձրիստան, Տումի, Չանախչի ու Քարինտակ գյուղերում, նույնպես կկանգնեին:  Հարյուրավոր մարդիկ անգործ կմնային: Բա թու՞թը, դոշա՞բը, չամի՞չը, թթի անմահական արա՞ղը: Մտածում եմ՝ ինչքան խիղճը կորցրած մարդիկ պիտի լինեն, որ  նստեն որոշում հանեն՝ հազար տարվա էդ այգիները ոչնչացնելու մասին, փաստորեն մարդկանց զրկելով ապրուստից: Ասենք, մեր բոլոր որոշումներն էլ միշտ հասարակ մարդկանց դեմ են եղել:  Ինչ մարդկանց օգտին է՝ չի գործում, ինչ դեմ է՝ տեղնուտեղը:
- Այ մարդ, քիչ խոսիր, թող երեխան մի քիչ հաց ուտի:
- Ես խանգարու՞մ եմ՝ թող ուտի: Զրուցում ենք, սեղանը հո  նրա համար չի, որ նստես ու  միայն մտածես ուտելու մասին,- բացատրեց հայրս:- Զրույցի համար է նաև, խոսք ասես, խոսք լսես, բան սովորեցնես ու բան սովորես: Ձին էլ է ուտում, կովն էլ է ուտում,  բայց մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝  բանականությամբ՝ մտածելով, ասելով ու լսելով, հիշողությամբ ու  հասկացողությամբ: Թե չէ՝ նույն անասունն է:  Աստված սիրես, մի խանգարիր, թե չէ՝ վեր եմ կացել, հա՜... – շինծու զայրութով  հոխորտաց հայրս:
- Մի լսող էլ լինի, կասի՝ ես ի՞նչ գազան մարդ է, - ծիծաղեց մայրս սիրով լի հայացքով նայելով հորս,-  հարցնող լինի՝ կյանքում գոնե մի անգամ մատով կպած կա՞ս: Մի չոր խոսք ասած կա՞ս:
- Ինչու՞ պիտի  կպչեմ ու ինչու՞ պիտի ասեմ,- ժպտերես նայելով մորս,  խաղաղ ասաց հայրս: - Իմ հասկացող սիրելի կնիկս ես ու իմ լավ ու վատ օրերի  հավատարիմ ընկերը:
Մայրս շոյված, խոր հիացմունքով ու քնքշանքով նայեց հորս, հետո նայեց ինձ, շփոթված ժպտաց:
-Հայ ճանաչված գրողներից ես մենակ Սիլվա  Կապուտիկյանին եմ տեսել մոտ երեսուն տարի առաջ, մեր դպրոցում: Բագրատ Ուլուբաբյանի ու Սարգիս Աբրահամյանի հետ էր եկել: Ջահել, սիրուն՝ բա ոնց էր խոսում, ոնց էր արտասանում, մնացել էինք փշաքաղած: Նա առաջին հայ գրողն էր, որ Իսահակյանից հետո  եկել էր Ղարաբաղ: Իսահակյանին  քառասունութին լավ չէին ընդունել, մարզկոմի էշ քարտուղար Տիգրան Գրիգորյանը նրան  հարցրել է. «Ղարաբաղ մտնելու թույլտվություն ունե՞ք»: Հայ մարզի հայ քարտուղարը յոթանասուներկուամյա հայ մեծ բանաստեղծին էդպիսի հարց է տվել:  Մի բան ասեմ, կարող է չիմանաս,- աշխուժացավ հայրս,- մեր շրջանի Թալիշ գյուղում Իսահակյանը խլեղը հագին մի շա՜տ պառավ կնոջ ձեռքը համբուրում է: «Կյանքումս երկու հոգի են ձեռքս  պաչել,- ասում է պառավը: - Մեկը դու ես, մեկն էլ մորուքով մի մարդ էր»: Րաֆֆին է եղել: Պատկերացնու՞մ ես:  Զորայր Խալափյանն էլ էդ գյուղից է, գիտե՞ս,- հանկարծակի հիշելով ավելացրեց հայրս,- շատ տաղանդավոր գրող է, շա՜տ, նրա գրվածքները երբ եմ, է՜, կարդացել, բայց մինչև հիմա լրիվ հիշում եմ։  Նրա  հերոսները՝ Ստեփանը, Անտիկը, Նորան, Վասիլը, Հաբեթը, Հունանի երեք որդիները, մյուսները, բոլորը աչքիս առաջ են… Մարդ երանի թե կարողանար էդպես գրել։
Հայրս օղի լցրեց, հոտ քաշեց, հրեց մի կողմ.
- Չէ, չեմ խառնելու: Տղաս կոնյակ է խմում, ես էլ եմ կոնյակ խմում, ախպերություն պիտի անենք:
Ես հորս համար կոնյակ լցրի: Նա վերցրեց բաժակը, ասաց.
          -Ոմանք կարծում են, թե կյանքը շա՜տ երկար է: Չեն հասկանում. ընդհակառակը՝ շատ կարճ է: Ջահել ժամանակ է թվում, թե երկար է,  այնինչ՝ չէ՜, կարճ է , մի սխալմունք արեցիր՝ վերջ, չես հասցնի ուղղել: Դրա համար էնպես պիտի ապրես, որ էդ սխալմունքը չանես, չնայած, իհարկե, դժվար խնդիր է, բայց պիտի ձգտես, պիտի միշտ մաքուր լինես, ինչքան էլ անմաքուր լինի շուրջդ, անարդար չլինելու համար, պիտի որ արդար լինես, ուրիշ կերպ չի լինի, պիտի ամեն ինչ անես, որպեսզի հետո, կյանքիդ մայրամուտին, ոչ թե մեկ ուրիշին, այլ ինքդ քեզ ասես՝  ճիշտ ապրեցի կյանքս, հալալ քրտինքով ապրեցի ու ոչ ոքի ոչ մի վնաս չտվի, որովհետև կյանքը   իսկականից մի անգամ է տրվում, երկրորդ կյանք չկա: Այսինքն,  կարևոր էլ չէ՝  կյանքը կարճ է,  թե երկար։  Կարևորը   անսխալ ապրելն է։ Բայց  դե,   ափսոս,  որ մարդ շատ  ուշ է զգում դա,  երբ ետ գնալու ոչ հնար կա,  ոչ ժամանակ։ Աստծու խոսքը Ադամին՝  քու հացը երեսիդ քրտինքով վաստակես,  մարդ  չպիտի մոռանա։  Հրեն, նայիր, քո նվիրած Աստվածաշունչն  էն մյուս սենյակում դրած, միշտ կարդում եմ. աշխարհիս ամենահնագույն ու ամենախելոք գիրքն է: Էնտեղ եմ կարդացել. հողին թափված ջրի պես լինենք, այլ ոչ թե քամու բերանն ընկած ավազի նման: Բա սա՝ սիրէցէք զմիմեանս…Ի միջի այլոց,  սրբազան ղուրանում էլ  նույն   է ասվում՝  օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ։  Մի տես թե ի՜նչ խոսք է… Կենացդ, պապան մատտաղ, Աստված թող շառ ու փորձանքից հեռու պահի քեզ,որովհետև ազնիվ մարդու  համար ամենամեծ վիրավորանքն անազնվության  մեջ   անհիմն ու նաև երբեմն միտումնավոր կերպով  մեղադրելն է։ Թող նա քեզ  արդարության ճանապարհով   միշտ առաջնորդի, որպեսզի ոտքդ քարի չկպչի երբեք, որովհետև երանելի է էն մարդը,  որ ամբարիշների խարհրդով չի շարժվում,  մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում,  այլ հաճույք է ստանում իր  արած բարի գործերից,  քաջ գիտենալով,    որ իր  արած բարությունը  վաղն իր  առջևն  է գալու։  Ոնց որ էդ  սուրբ գրքերում է  ասված՝   որ նման մարդը նման է ջրերի հոսանքի վրա տնկված բրատու ծառի,  որն իր պտուղը ժամանակին կտա,  իսկ նրա  տերևը չի  կթափվի ու ամեն բան,  ինչ էլ որ անի,  կհաջողվի։ Կենացդ,  շուտ-շուտ արի, որ շատ չկարոտենք…  
Հայրս խմեց, նորից կնճռոտվեց: Բայց չդժգոհեց:
- Ոնց որ թե էլ հոտ չկա,- ասաց նա:
- Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու,- լրացրեց մայրս ծիծաղելով:
- Ճիշտ է ասում,- բարեհոգի ժպտաց հայրս: - Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:
Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ  լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:
- Փա՜հ... Ղարաբաղի հոտ եկավ,- ոգևորված ասաց հայրս: - Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական:  Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր  ժողովուրդն  էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝  Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝  Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը... Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես:  Չես տեսել:
Հայրս խոժոռվեց, մտախոհ նայում էր մի կետի, հետո ծանր օրորեց գլուխը, տրտմագին ավելացրեց.
- Բայց գնահատող չկա: Մոսկվան հայերի դարավոր նվիրվածությունը, հավատարմությունը չի գնահատել ու չի գնահատում:  Մեծ հայրենասեր Տարաս Շևչենկոյի ասած՝ «Խոհեր իմ, օհ, մռայլ խոհեր, ցավ եք դուք ինձ և  վիշտ դժխեմ»: - Նա մի կարճ պահ դադար տվեց, հոգոցով ասաց.- Դատարկվում է Ղարաբաղը, Նախիջևանի պես դատարկվում է, ջահելները գնում են Երևան, կրթություն են ստանում, հետ գալ Ղարաբաղ՝ չի թույլատրվում: Որ գան էլ՝ որտե՞ղ պիտի աշխատեն,  ի՞նչ  պիտի անեն՝ արդյունաբերություն չկա, շինարարություն չկա, գործարան ու ֆաբրիկա չկա, ճանապարհ չկա, ոչինչ չկա, մարդիկ ճարահատյալ բողոքում են, պահանջում միացնել Հայաստանին, բողոքողներին էլ կամ վտարում են  մարզից, կամ՝ նստեցնում: Էդ ճանապարհին գիտե՞ս ինչքան մարդ է զոհվել, ինչքան մարդկանց են քշել, կորցրել սիբիրներում: Անհաշիվ: Խանջյանին էլ դրա համար սպանեցին:  Ես որ  Ղարաբաղի տերը լինեի, մի բարձր հուշարձան կկանգնեցնեի  Ղարաբաղի կենտրոնում, վրան մե՜ծ- մեծ տառերով կփորագրեի. «Ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր  զոհվել են և կզոհվեն հանուն Ղարաբաղի»:
- Ա՜յ մարդ, երեխի հոգին մի պղտորիր, - բարկացած խառնվեց մայրս:- Քո էդ պատմությունները հազար անգամ լսել ենք, օգուտ չկա, փոխիր թեմադ:
- Լավ,- համաձայնեց հայրս,- թեման փոխենք:  Վերջերս նորից կարդացի «Գիքորը» ու գիտե՞ս ինչ եզրակացության եկա, ինչ մտածեցի: Մեր բոլոր գրողների ու բանաստեղծների մեջ մենք ամենաշատը Թումանյանին ենք սիրում: Էդ  լուսեղեն մարդու բոլոր գործերը՝  թե չափածո, թե արձակ, մեր սրտից են բխում: «Գիքորը» մեր ժողովրդի սրտովն է՝ գիտե՞ս ինչու: Որովհետև ազգովին Գիքոր ենք՝  փոքր ժամանակ, և Համբո՝ արդեն մեծացած: Իմ հայրը, քո պապ Ոսկանն  այսինքն, տեղով մեկ Համբո է՝ միամիտ, խեղճ, միշտ գլուխը կախ՝ տանջող մտքերի մեջ կորած: Ամբողջ կյանքը կոլխոզին նվիրած՝ դառը դատող, դատարկ նստած, մի լավ օր չտեսավ:  Իսահակյանը կարծես նրա մասին է գրել՝ «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ, օր ու արև չտեսանք»: Ո՞նց տեսներ, երբ հարազատ կոչված պետությունը սաղ-սաղ  մաշկում  էր գյուղացուն. կով պահել չէին թողնում, բայց յուղի պլան էին գցում, ոչխար չունես՝ բրդի պլան,  այծ չունես՝ մազի պլան, պիտի տաս,  հավ չունես՝ ձվի պլան, տնամերձ հողամասը տարին չորս անգամ չափում էին, ավել մետրի համար՝  տուգանք, պտղատու ծառի համար՝ հարկ: Մի տես մարդու  տեղը ինչքան նեղ պիտի լինի, որ տասնչորս ու  տասնհինգ տարեկան  աղջիկ երեխոցը վերցնի ուղարկի փեզո՝ հավաքագրման այսինքն: Իսկ մենք սոված, տկլոր,  կարմիր փողկապները կապած քայլում էինք  երթաքայլ՝ շեփորների ու թմբուկների ուղեկցությամբ, երգելով՝  լայնարձակ է հայրենի երկիրն իմ, երգում էինք ու հավատում, որ, իրոք, աշխարհում չկա  նման մի այլ երկիր, ուր  մարդը այդպես շունչ քաշեր ազատ, քայլում էինք հեռու լեռներում ծվարած մեր գյուղում, ձեններս գլուխներս գցած, հավատով, որ այդ երջանիկ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել: Մեր տունը քանդողը Ստալինն է եղել: Նա ու Լենինը: Տասնութ թվականին առաջին դեկրետներից մեկը համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու մասին է եղել:
- Այ մարդ,- սաստեց մայրս,- մի կարգին բանից խոսիր, մի կարգին կենաց ասա:
- Դե լավ, խմենք ընկեր Ստալինի կենացը:
Ես գրկեցի հորս ուսերը, համբուրեցի այտը: Ինձ համար բերկրալի էր լսել նրան, թեպետ  այդ  պատմություններին ծանոթ էի, շատ անգամ էր պատմել:
- Ստալինի հայադավ տիրումերը,- բաժակը վերցնելով ասաց նա,- ծնողի կենացը առաջինը պիտի  խմել, այլ ոչ թե՝ քանի չենք մոռացել,  խմենք իմ ծնողների կենացը,  իմ հերս ոնց որ սուրբ Քրիստոս, մերս՝ Մարիամ Աստվածածին, նրանց կենացը, կնիկ ջան, Աստված հոգին լուսավորի քո ծնողաց, մեր երկու աղջիկների կենացը, նրանք էլ ծնողներ են արդեն, փառք աստծու, մեր բերանից կտրել՝ երկուսին էլ բարձրագույն կրթություն ենք տվել:  Ծառն իր պտուղներով է քաղցր ու բարի,  մարդն՝ իր երեխոցով,  լավ երեխան գարունքվա ծաղիկն է, աշունքվա՝ պտուղը,  որ և՛ աչք է ուրախացնում,  և՛  սիրտ  է  հովացնում: Նրանց ու նրանց հետ նաև մեր կենացը, որովհետև մենք էլ ենք մտնում ծնողների կենացի մեջ: Լեո ջան, խմիր, մատտաղ, Հուրունցի ասած՝ դու էլ ամուսնացիր, որ իմանաս՝ ծնողն ինչ բան է: Աշխարհիս ամենալավ բանը գիտես ի՞նչն է ՝  երբ հեր ու զավակ  իրար հետ նստած ուրախ սրտով քեֆ են անում:
Խմեցինք, հայրս երկար նայում էր շշին, հետո  շրջվեց մորս կողմը, ասաց.
- Երևակայիր, ճիշտ էիր ասում, էս կոնյակի մեջ, մանուշակի հոտ՝ չէ, բայց ուրիշ ինչ-որ  լավ բանի հոտ կա:
Մայրս ծիծաղեց, գնաց խոհանոց:
- Ով գիտի,- նորից խոսեց հայրս,- գուցե քույրերիս փեզո բերած չլինեին ու ես էլ եկած  չլինեի նրանց մոտ՝ իմ կյանքն ուրիշ ձևով դասավորվեր, չորրորդ դասարանից սկսած թղթակցություններ էի տպագրում թերթերում: Մի անգամ « Պիոներ կանչ» թերթին գրեցի, որ ուզում եմ հերոս դառնալ, բայց չգիտեմ խաղաղ պայմաններում ինչպե՞ս  հերոս դառնալ: Նամակս տպագրեցին թերթում, չորս-հինգ ամիս շարունակ պատասխաններ էին տպագրվում, տասնյակ մարդիկ՝ մեծ թե փոքր, թերթի միջոցով դիմում էին ինձ, խորհուրդներ տալիս: Վիկտոր Համբարձումյանն էլ պատասխանեց: «Պիոներ կանչը»  ինձնից ոտանավորներ էլ տպագրեց: «Սովետական Ղարաբաղը» նույնպես տպագրեց: Մեր հարևան Կոճողոտ գյուղից մի տղա կար՝ Ջամալ Թադևոսյան, նա էլ էր ինձ նման դպրոցական, նրա հետ միասին մասնակցեցինք Ադրբեջանի պատանի թղթակիցների չորրորդ համագումարին:  Պատկերացնու՞մ ես՝ հինգերորդ դասարանի աշակերտ և՝  հանրապետական համագումարի պատգամավոր:  Գնացինք «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրություն, Խագանի փողոցի վրա, 26-ի այգու դիմաց:  Բաժնի վարիչ Ոստիկ Կարակոզյանը սեղանի ետևը նստած գրեչկա էր ուտում: Ուղիղ մի ժամ սպասեցինք, և  նա ուղիղ մի ժամ, գլուխը սեղանի վրա կախած, ուտում էր: Հետո կարդաց մեր ոտանավորները, գովեց, ասաց, որ առաջիկա համարում կտպագրվեն: Մեր նկարներն ուզեց:  Ուրախացած գնացինք նկարվեցինք, հաջորդ օրը տարանք, էլի գրեչկա էր ուտում: Նկարները վերցրեց, մի տարի սպասեցինք, բայց այդպես էլ չտպագրվեցին մեր ոտանավորները: Երկու պատմվածք ուղարկեցի, տպագրեցին: Բայց դա  հետո էր, ես իներորդ դասարանում էի արդեն: Գրող Մարգար Դավթյանն  ինձ ընդարձակ նամակ գրեց: Խմբագրություններից շատ նամակներ եմ ստացել...
Ես տեսել եմ այդ նամակները՝ ծրարներին թերթերի տպագիր անվանումները,  հետադարձ հասցեները՝ նույնպես տպագիր: Տատս իր հին սնդուկում  խնամքով  պահում էր դրանք:
- Մեծ մաման պահում է նամակներդ,- ասացի ես:- Սնդուկի մեջ դարսած պահում է:
Հայրս նայեց ինձ, աչքերը վայրկենապես լցվեցին, բայց նա զսպեց իրեն:
- Ծնողից քաղցր բան չկա երկրիս երեսին,- ի վերջո ասաց նա դողդոջ ձայնով: -Աշխարհում  ոչ ոք չի կարող փոխարինել նրանց: Ոչ ոք... Ես պարտք մնացի ծնողներիս, ինչ սիրտս ուզում էր, չկարողացա անել, ուժս չպատեց... Ոչ ես, ոչ էլ փոքր եղբայրս քաղաք չպիտի գայինք, նրանց անտեր թողեցինք:  Հիշում եմ, փոքր  եղբայրս առաջին անգամ եկել էր Սումգայիթ, բարաքում էինք ապրում, գազ դեռ չկար, գնացինք խողովակագլանման գործարանի մոտից վառարանի փայտ բերելու: Երկաթգծերի երկու  կողմերին գերանների բլուրները փտում էին բաց երկնքի տակ, բոլորը  տանում էին՝ խոսող չկար: Նստեց մի կոճղի ու լաց եղավ: «Պապային թողել ենք մենակ, եկել» ,- լացի միջից ասաց նա: Բայց հետո փոխվեց, քաղաքը մարդուն փոխում է,  կոպտացնում, դարձնոմ չոր, անսիրտ, անտարբեր:  Ճիշտ էր  ախպերս, մենակ թողեցինք ծնողներիս: Աններելի է, ութ երեխա մեծացնես ու այսօրվա օրը  մենակ ապրես: Բա դա ասելու բա՞ն է: Նրանց քաշած օրերը, որ միտս են գալիս՝ սիրտս դաղ-դաղ է լինում: Մեծ տղան կամավոր գնաց ռազմաճակատ ու անհետ կորավ:
Ես նայեցի հորս, նրա եղբայրը  ռազմաճակատում անհետ չէր կորել, բայց ես նրան չէի կարող այդ մասին ասել, իրավունք չունեի:
- Ինչու՞ մի տեսակ նայեցիր, մատտաղ,-  տարակուսած հարցրեց հայրս:
- Չէ, մի տեսակ չեմ նայում,- շփոթվեցի ես:- Պատմիր:  
- Հա,-  շարունակեց հայրս,- մի տղան էլ՝ Արկադի անունով, ես նրան չեմ տեսել, բայց մայրս ասում էր, որ շատ սիրուն, խելոք երեխա էր, առաջին դասարան էր գնում, հանկարծակի վատ էր զգացել, գյուղում բժիշկ չկար, տարել են Վերին  Հոռաթաղ, թե Հաթերք, հիմա չեմ հիշում, ճանապարհին մահացել է: Զաբելա քույրս էլ ծննդաբերության վրա մահացավ, քնով էր անցել ու մնացել քնած: Էլի բժիշկ ու հիվանդանոցի պակասությունից: Չորս երեխան՝ Մելսիկը, Վիլենը, Վլադիկը, Կարինան, մնացին անտեր ու անտիրական։ Մի երեխան էլ, տղա երեխա, որի ծննդաբերության ժամանակ քույրս մահացել էր, հանձնեցին Շուշի՝ մանկատուն, ո՞վ որդեգրեց, ի՞նչ եղավ, այդպես էլ չիմացանք մինչև օրս… Է՜, ի՞նչ կյանք էր, որ քաշում էր քույրս, սրա, նրա գոմում՝ մեկ Խոր Ձորում, մեկ՝ Թխկոտ, մեկ՝ Փերին Գոմեր, սոված, անշոր, մարդն էլ՝ մեր փեսա Ոսկանը, քիթը մրոտ աման էր կլայեկում՝ դիմացը մի կիլո լոբի կամ կարտոֆիլ ստանալու համար,  ու պատահում էր՝ էն էլ չէր ստանում:  Քառասունինն թվին մեր բարեկամ Բախշին  ընտանիքով Սիբիր աքսորվեց, Ալթայի երկրամաս, կռվում գերի էր եղել, տունն ազատվեց, տուն էլ ասում եմ՝ գետնին կպած նամահոտ մի ծակուռ, քույրս սկսեց էդտեղ ապրել:- Հայրս ծանր հոգոց հանեց, ասաց,- ես փոքր երեխա էի, ութ-ինն տարեկան, հիշում եմ, թե ինչպես նրան տարան, ամռան արևոտ օր էր, կանգնած նայում էինք, «ստուդեբեկկեր» ծանր  մեքենաները նույն ժամին դուրս եկան տարբեր թաղամասերից, դանդաղ, ոնց որ հուղարկավորության ժամանակ, մոտեցան կոլտնտեսության գրասենյակին, առանց կանգ առնելու իրար ետևից անցան:  Մեր Բախշին էր՝ ընտանիքով ու պառավ մոր հետ, Աթալամունց մեր Սարգիսը, Բալաբեկը՝ սաղ ընտանիքով, Վաղարշակ դային, Կոլյա դային: Մեքենաների թափքերի երկու կողմերին կարմիր բանակայիններ էին կանգնած... Մարդիկ էդ ի՜նչ օրեր են քաշել, քարը չի դիմանա, բայց մարդը դիմանում է…Էդ ամբողջը տեսած տանջահար հայրս ասում էր՝  մարդուն երկու ականջ է տրված ու մի բերան՝  որ շատ լսի ու քիչ խոսի։ Ճիշտ  էր ասում։
Նա ծանր ելավ տեղից, գնաց պատշգամբ: Երկար ժամանակ կանգնած էր այնտեղ,  հետո վերադարձավ անտրամադիր և, նստելով իր տեղը, ասաց.  
- Ես որ եկա Սումգայիթ, կենտրոնական փոստի շենքը դեռ նոր էին կառուցում: Նայիր, այստեղից ինչ երևում է՝ քաղկոմի ու  քաղգործկոմի շենքը, սինթետիկ կաուչուկի  գործարանի հսկա ակումբը, ձեր դպրոցի շենքը, կողքի թաղամասերը՝ մինչև ծովափ, չկային, հետո կառուցեցինք, մի շենք չկա, որի վրա իմ մատների հետքը չլինի, ամեն ինչ արել եմ՝ քարտաշություն, հյուսնություն, սվաղ: Սարքեցինք, կուկլա քաղաք դարձրինք, սաղ շրջաններից եկան լցվեցին՝  երկու հարյուր հիսուն հազար բնակչություն ունի: Իսկ առաջ,- հայրս տարուբերեց գլուխը,- առաջ  այս տեղերքը լրիվ ավազուտ էր, բուք ու բորան, իսկ երբ քույրերս էին եկել՝ առհասարակ ոչինչ չկար, հարյուրից ավել փայտաշեն երկար բարաքներ՝ առանց հարմարությունների, ջրի մի ծորակ՝ մի քանի բարաքի համար, շարունակ հերթեր, մի քարաշեն երկար  զուգարան՝ նույնքան  բարաքների համար:  Եվ էդ բոլոր բարաքներում հազարավոր հայ աղջիկներ ու տղաներ՝  բոլորը Ղարաբաղից փեզո եկած, անտեր ու անտիրական:  Հայերը, տես, ինչքան շատ էին, որ երեկոյան հատուկ դպրոցներ  բացեցին նրանց  համար, գրադարան կար, հետո դրանք փակվեցին, գրադարանի գրքերը՝ մի քանի հազար կտոր, թափված էին աղբանոցում,  ես ու մի ընկեր ունեի՝  Ներքին Հոռաթաղ գյուղից, կռունկավար էր խողովակագլանման գործարանում, Իլյա էր անունը, հիմա Երևանում միլիցիոներ է, գնացինք ահագին գրքեր վերցրինք էնտեղից: -  Հայրս բարձրացավ տեղից, գրադարակից մի գիրք վերցրեց:
- Թումանյանի բանաստեղծությունների ահա էս ժողովածուն,- ասաց նա:  - Էնտեղից եմ վերցրել: Մի լսիր, աշուղ Քյարամի երգերից է, Թումանյանը տեքստը մշակել,  դրել է «Եղջերուն» պատմվածքում. «Հեյ պարոններ, տեսա կանաչ գարունքին՝ էս սարերում լաց էր լինում մի պախրա: Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝ էս սարերում լաց էր լինում մի  պախրա»: Տես է ... Եվ էսպիսի մարդու՝ Սորբոնի ու Պետերբուրգի համալսարաններն ավարտած երեք որդիներին բոլշևիկները տարան սիբիրներում անհետ կորցրին: Բա էս մեկը, մի լսիր տես ինչ բանաստեղծություն է՝
                             Վեր է կացել էն սարում
                             Մեր Չալակը իր թևից,
                             Գնում է մութ անտառում,
                             Քաջ ախպերս ետևից:   
    Պարզ, հասարակ, ու էնքան պարզ ու հասարակ, որ  թվում է նստես, դու էլ էդպես կգրես:  Բայց չէ, ինչքան պարզ ու էնքան էլ հանճարեղ է,  շարունակությունը նայիր՝
                              Զրընգում են նրանք խոր
                              Էն անտառում կուսական,
                              Ես կանչում եմ նորից նոր,
                              Ինձ թվում է, թե կըգան:
                              Զուր... վաղուց են, ախ, նըրանք
                              Մեր սարերից գնացել,
                               Էն զիլ ձեներն են մենակ
                              Իմ ականջում մընացել...
            Կարդում ես ու շունչդ կանգ է առնում, ոնց որ թե մեր անտառների մասին լինի գրած, Ջիվան ախպորս մասին, որին անմեղ տեղը  բանտ նստացրին.  համագյուղացի երեք ընկերոջ հետ, երեքն էլ տասներեք–տասնչորս տարեկան, ոչխարի հերթում՝ ոչ դիտավորյալ, իհարկե, խփում, կոտրում են մի ուրիշի՝ հարևանուհու գառան ոտքը: Վախենալով ծնողներից, նրանք էդ գառը կապում են թփից, երեկոյան այծ ու ոչխարը բերում  գյուղ, ասելով, որ գառը կորել է: Վախենում են սկզբում ասել: Աղմուկ, ճվճվոց, ստիպված խոստովանում են իրենց արածը, լուսադեմին գնում են հանդ և  գառան փոխարեն նրա ոսկորներն են գտնում թփի մոտ. գայլերը, թե չախկալները կերել էին: Հայրս մի գառ է առնում,  տալիս տիրոջը: Սակայն գյուղից՝  ոչ էն է հարևան Շահնազարը, ոչ էն է վերին թաղի Հրանտիկը, ոչ էն է Սուղունց Սուղումունը, որը շատ էր ուզում գյուղսովետի նախագահ դառնալ և դառավ, գրում են Բաքու, «Կոմունիստ» թերթի  խմբագրությանը, որ գյուղական սովետի նախագահ  Երվանդ Առուշանյանն իր եղբոր որդու  գողությունը թաքցրել է արդարադատությունից: Նամակն ուղարկում են  մարզային դատախազություն, էնտեղից՝ շրջանային: Երվանդին հաջողվեց աքսոր  քշած եղբոր  որդուն հանել արանքից, մյուս երկուսը՝ եղբայրս ու նրա մանկության ընկերը՝ Արմենը, բանտ ընկան, յուրաքանչյուրին՝ յոթական տարի: Չորս տարուց հետո տասնութ տարեկան եղբորս բերեցին կուրացած:  Ինքը ջահել տղա, համարյա  երեխա՝  մեր սար ու ձորին կարոտած, սիրուն աչքերը բաց,  բայց չի տեսնում, գիշերահավը կանչում էր անտառում, ասում էր՝ «ջան», կկուն  կանչում  էր,    սրտանց    ասում էր՝ «Աջան»:  Զաքաթալայից ամռան շոգին  երկաթե փակ մեքենայով տարել էին Բաքու՝ Կարադաղ, իբր, էդ  էր կուրացման պատճառը: Ով գիտի... Խեղճ հայրս ուր էլ տարավ, ինչ էլ արեց, չօգնեց, ասենք՝  ի՞նչ կարող էր անել գյուղացի աղքատ ու անգրագետ մի մարդ: Եղբայրս մահացավ: Արմենն էլ բանտում մահացավ: Զարմանալի է, որ Գորգին, նրանց երրորդ ընկերը, նույնպես ջահել տարիքում մահացավ: Եղբորիցս հետո քույրս՝ Ասյան էր մեր խոզերը պահում, մթին անտառներում, մեն-մենակ: Տղայի պես բարձրանում էր ծառերի կատարները՝ կաղին թափ տալու, երբ նա գնաց փեզո, ես էի խոզերը պահում: Գյուղի  տղաների հետ խոզերը տանում էինք  է՜, անտառի խորքերը, որտեղ օրը ցերեկով արևի շողքն անգամ չէր ընկնում: Ծառերը՝ պեցուր, համարյա մինչև երկինք, օրորվում, անաղմուկ, սահուն ու լայնընթաց գնում են դեպի երկնքի խորքը, ճռռում են, հետո լռություն է լինում, հանկարծակի թեթև քամին անցնում է ծառերի վրայով, մոխրագույն տերևները խշշում, թեքվում են մի կողմի, թրթռում, արևի շողերը սաղարթների արանքից շեղակի ցոլցլում, ընկնում են աչքերիդ, կկուն է կանչում՝ անուշ, երազային ու թախծոտ, էդ ի՜նչ երանություն էր, հաճարկի ծառերի ճերմակ բներին կառչած՝  հավիտենության համար դանակով փորագրում էինք մեր անունները...
-Ես տեսել եմ,- ասացի ես,- Ղըրմա  աղբյուրի մոտ, ծառերի վրա մինչև հիմա էլ սպիացած  մնում են այդ անունները:
- Տես է, - հիացավ հայրս մի տեսակ ներողամիտ ու զարմանքով: - Հետաքրքիր է, ինչքան ժամանակ է անցել, ինչքան լավ ու վատ օրեր են եղել, ինչքան ջրեր են հոսել, իսկ այդ ծառերը տարիներ ի վեր, գիշեր թե ցերեկ, ամառ թե ձմեռ, անձրև թե թուխպ, հարազատ մոր նման կանգնած՝ քեզ են սպասում: Էդ ծառերն իրենց սրտում պահում են մեր անունները, մենք էլ էդ ծառերի պատկերն ենք պահում մեր սրտերում, մեր հիշողության մեջ, կարոտում ենք... Մարդ չպիտի կտրվի իր հողից, իր  հորական տնից, իր հայրենի սար ու ձորից, աղբյուրներից ու կածաններից: Որովհետև քանի դեռ ոտքիդ տակ հայրենի հող ունես, երջանիկ ես, առանց դրա երջանկություն չկա։ Որտեղ ծնվել, մեծացել ես, էնտեղ էլ պիտի ապրես, որպեսզի քո հայրենի սար ու ձորի, աղբյուրների հանդեպ ունեցած կարոտի մրմուռից  շարունակ հալումաշ չլինես: Բա, Կըղնախաչի մեր սարերը, մեր  հանդերը, անտառները... Դա մոռանալ չի լինի, հնարավոր չի դա  մոռանալ ... Հայոց վիշտը անհուն մի ծով, խավար մի ծով ահագին, էն սև ծովում տառապելով լող է տալիս իմ հոգին: Բա՜, էդպես է, մատտաղ...
- Իսկ ինչու՞ թողեցիր գրելը,- հարցրի ես, հասկանալով, որ այդ միտքը տարիներ շարունակ կեղեքում է նրա հոգին:
- Գրող դառնալու համար շատ բան է պետք, մատտաղ,- ասաց նա ափսոսանքի ժպիտով: - Գրող կարող է լինել նա, ով կարևոր, հետաքրքրական բան ունի ասելու,  ով էնպիսի  բաներ է տեսնում ու զգում, ինչ ուրիշները չեն տեսնում ու չեն զգում: Կենսական դիտողությունների մեծ պաշար է պետք և  բարձր կուլտուրա, իսկ դա կրթությամբ է ձեռք բերվում միայն, իսկ ես ի՞նչ կրթություն ունեի՝  միջնակարգ, թեկուզ և բարձր  գնահատականներով: Իմ ծնողներն ինձ կրթություն չտվեցին, ես  չգնացի սովորելու, որովհետև  իմ հետևից ոչ ոք ոչ մի կոպեկ չէր ուղարկելու: Թվաբանության մեր դասատու Առստամյան Լենան պահանջել էր, որ քառակուսի տետր բերեմ, չկար, հայրս վերցրեց ինձ, գնացինք հարևան Մեհմանա գյուղը, կապարի հանքեր կային էնտեղ, բանվորները ռոճիկ էին ստանում, մի այծ էինք կապած տարել, հայրս ուզում էր միսը վաճառել բանվորներին, ստացված փողով և էդ այծի հարկը մարեր պետությանը, և ինձ համար տետր առներ: Ընդամենը տաս ռուբլի գումար ստացվեց, դա էլ բերեց ֆինբաժնի պարտքը տալու, չկարողացավ  տետր առնել, փողը չհերիքեց: Խռովել էի, ինքը  ճանապարհով էր գալիս, ես ճանապարհի տակով, ծմակի միջով: Լաց լինելով մինչև գյուղ եկա: Վեցերորդ դասարանում մի շատ լավ ընկեր ունեի՝ Էյլեր Յուզբաշյան, նրանց ընտանիքը փոխադրվեց Հայաստան, Էջմիածին, ամառը եկել էր գյուղ: Հանդից եկա, մայրս ասաց՝ Էյլերը մի քանի անգամ եկել է, ուզում է քեզ տեսնի: Այգու միջից տեսա՝ խանութի առջև, տղաների հետ  կանգնած զրուցում են, ռեզինի տրեխներով, շորերս լրիվ կարկատած՝  ամաչեցի գնալ մոտը: Էդ վիճակում՝ ես ո՞նց պիտի գնայի սովորելու: Եկա Սումգայիթ, քրոջս մոտ, դարձա քարտաշ: Դրանք են իմ ստեղծագործությունները,- դառնությամբ ասաց հայրս,- կողք-կողքի կանգնած էդ սիրուն շենքերը:
- Այ մարդ,- ասաց մայրս,- դու էլ ես մեղք, էս երեխան էլ է մեղք, ի՞նչ ես հոգիդ տակնուվրա անում:

Комментариев нет:

Отправить комментарий