четверг, 2 февраля 2012 г.

►►►

- Չգնա՞նք շնորհակալություն հայտնենք,- ծիծաղեց Սիավուշը:
Վերքը կապելուց հետո  Նաթիգը գնաց պարզելու իրադրությունը:
-Այստեղ, վերակենդանացման բաժանմունքում գիտե՞ս ով  է պառկած,- հանկարծակի հիշեց Սիավուշը:- Ասեմ, չես հավատա՝ կենտկոմի սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևը: Հիշո՞ւմ  ես, զանգել էր քեզ՝ Ղարաբաղ մեկնելու կապակցությամբ: Կենտկոմը, Վեզիրովի  առաջարկությամբ, նրան Ջալիլաբադի կուսշրջկոմի առաջին քարտուղար է նշանակել: Անվանի գրականագետ է, բոլորի կողմից հարգված, երկար  տարիներ  աշխատել  է կենտկոմում, և ամենագլխավորը՝ բնիկ  ջալիլաբադցի է: Մինչ այդ ժողովրդական   ճակատի տեղական ղեկավարությունը շրջկոմի երեք քարտուղար է քշել՝ Գուրբանով, Աղաև, Գոջամանով, պատճառաբանելով, թե տեղացի չեն: Խեյրուլլան տեղ է հասել թե չէ՝ ժողովրդական ճակատի շրջանային մասնաճյուղի ղեկավար Միրալիմ Բահրամովը, որը մինչև այդ հայտնի  էր Հայաստան մեկնող գնացքների թալանով ու էդ  թալանած ապրանքի վաճառքով, կարգադրում է քշել նրան շրջանից, նրա հրամանով  երկաթե լինգով  տվել, Խեյրուլլայի  կողաճաղերն ու գլուխը ջարդել են: Մի երկու ուսուցիչ, տեղական սեիդի օգնությամբ, մի  կերպ նրան  փրկել, արյունլվա հասցրել  են Բաքու: Քիչ հապաղեին՝ վառված մեքենայի մեջ էին նետելու: Երկու շաբաթ է գիտակցությունը կորցրած՝ ուշքի չի գալիս: Ի՞նչ կենտկոմ, ի՞նչ բան, ժողովրդական ճակատայիններն իրենց  տեր  ու  տիրական են համարում  հանրապետությունում... Նրանց թիկունքում անտեսանելի Հեյդար Ալիևն է կանգնած, Սուլեյման Դեմիրելն ու  Թուրգութ Օզալն են կանգնած, Ալլահշուքյուր Փաշազադեն,  Ռուսլան Խասբուլատովը, Վիկտոր Պոլյանիչկոն ու Հասան Հասանովն են կանգնած, ԿԳԲ-ի շեֆը՝ Կրյուչկովն է կանգնած, այլապես...
  Նրա խոսքը մնաց կիսատ. պիջակը ուսերին՝ ներս մտավ Միրալի մուալլիմը և, տեսնելով Սիավուշին, ուրախ ողջունեց նրան:
- Եկե՞լ  ես: Շատ լավ է, շատ լավ է,- ասաց նա,- ուրախ եմ, որ հաղորդել են: Նորից էի ուզում զանգել:
- Դուք էիք, հա՞, զանգել, Միրալի մուալլիմ,- տեղից արագ ելնելով ասաց Սիավուշը, հարգանքով սեղմելով նրա ձեռքը:- Շնորհակալ եմ: Դուք չէիք ասել, թե՞ կինս էր շփոթել՝ ոչ անուն, ոչ բաժանմունք ու հիվանդասենյակ:
- Հա, ճիշտ է, ընկերոջ անունը մոռացել էի հարցնել, բայց հիվանդասենյակը, կարծեմ, ասել էի, երևի, շփոթել է: Բան չկա, կարևորն այն է, որ գտել ես:
Ես ևս իմ հերթին գլխի շարժումով շնորհակալություն հայտնեցի Միրալի մուալլիմին, հասկանալով, որ նրա արարքն ու բարի դեմքը կյանքում չեմ մոռանա երբեք:
- Ձե՞զ ինչ է պատահել,- հետաքրքրվեց Սիավուշը:
- Արյան բարձր ճնշման հիվանդություն ունեմ, այ Սիավուշ, հիպերտոնիկ եմ,- բացատրեց Միրալի մուալլիմը խոժոռվելով:-

Ինշալլահ*, բուժում են, տեսնենք: Հանգիստ կյանք է պետք, բայց դե... ի՞նչ հանգիստ կյանքի մասին կարող է խոսք լինել, երբ շուրջդ անարխիա է... – Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց.- Հազարավոր անմեղ ու անպաշտպան մարդկանց արյունն անխնա հեղելով, գազանական սպանություններով, ծեր կանանց բռնաբարելով  ու թալանելով ժողովրդական ճակատի ազգայնամոլներն անկախություն են ուզում ստեղծել: Նույն գազանություններով ու բռնաբարություններով ստեղծվեց մեր առաջին անկախությունը, ընդ որում՝  ոչ թե տասնութ  թվականի մայիսի քսանութին, ինչպես նշում ենք, այլ հետո, երբ Կոմունան ընկավ  և Բաքուն գրավվեց թուրքերի կողմից: Իսկ դա, բոլորին է հայտնի, հետո էր: Եվ մի՞թե սա է ազգային ինքնագիտակցությունն ու դեմոկրատիան, այ Սիավուշ: Եթե սա է, կներես, ես թքել եմ այդպիսի ինքնագիտակցության ու դեմոկրատիայի վրա: Չկա այնպիսի գաղտնիք, որ թև ու ոտք չունենա, և, ճիշտն ասած, ինձ շատ է զարմացնում այն փաստը, որ մեր այդ ազգայնամոլների մեծ մասը՝ Զիա Բունիաթով, Բախտիար Վահաբզադե, Իսկանդար Համիդով, Իսա Հումբաթով և շատ ուրիշներ, ովքեր իրենց կաշվից  դուրս գալով պահանջում են բոլոր նրանց, որոնց կանայք կամ մայրերը հայուհիներ են, վտարել աշխատանքից՝ իրենք էլ ադրբեջանցիներ չեն, համենայն դեպս, զտարյուն ադրբեջանցիներ չեն, այդ թվում և Հայաստանի Սիսիանի շրջանում ծնված Հեյդար Ալիևը, ինչպես որ զտարյուն թուրքեր չէին Թալեաթ փաշան, որը ծնունդով բուլղարական գնչուներից էր, Էնվեր փաշան, որն ալբանացու և չերքեզի խառնուրդ էր, պանթուրքիզմի հիմնադիր ու ամենամեծ ջատագով Զիա Գյոգալփը Դիարբեքիրի քուրդ էր, զտարյուն թուրք
------------
* Ինշալլահ (արաբ.)- փառք Աստծո

չէր նաև Քյամալ Աթաթուրքը:  Ով է ասել, չեմ հիշում, բայց ճշմարիտ է ասել, որ Աստծո ստեղծած մարդիկ իրենց մերկությունը երբեմն ծածկում են ժանդարմական գեներալների համազգեստներով ու դահճի մետաքսյա վերնաշապիկներով: Այս ամենը գարշելի ու անմարդկային է,- բորբոքված շարունակեց նա,-  ես չգիտեմ նույնիսկ ինչ անուն տալ սրան: Ո՞վ փրկեց Բաքուն, երբ լեռնականների զինված հեծելազորը Իմամ  Գոցինսկու գլխավուրությամբ տասնութ թվականի մարտին հասել էր մինչև Բալաջարի և սպառնում էր մտնել քաղաք: Հայերը փրկեցին: Հայկական զորախմբերը, հրամանատարությամբ Համազասպի, որին հետագայում բոլշևիկները կացնահարեցին Երևանի  բերդում, կանգնեցին նրանց դեմ, ջարդեցին ու մինչև Դաղստան քշեցին նրանց: Այդ նույն մարտ ամսի տասնյոթին Բաքվի բանվորական հեղափոխական կոմիտեի, «Կարմիր Գվարդիայի» ու Լենքորանից մեծահարուստ Հաջի-Զեյնալ Նաղիևի զինվոր որդու՝ Մուհամմեդի հուղարկավորությանը եկած «Վայրենի Դիվիզիայի» մարտիկների միջև տեղի ունեցած  չորսօրյա  արյունահեղ ընդհարումների ժամանակ հայերը տասներեքուկես հազար ադրբեջանցիների  փրկեցին՝ նրանց թաքցնելով իրենց տներում: Մոտ  վեց ամիս անց հայերի մարդկային այդ վսեմ արարքը փոխհատուցվեց նրանով, որ այդ նույն ադբեջանցիները, քաղաք մտած թուրքական բանակին միացած՝ վայրագորեն կոտորեցին իրենց փրկարարներին՝ տիրելով նրանց  ունեցվածքին: Առաջին նավթահորն այստեղ, Բիբի-Հեյբաթում, 1847–ին հայերը բացեցին, 1897-ի մարդահամարով Բաքվում յոթանասուինն հազար հայ էր ապրում, հայերը  կառուցեցին առաջին դպրոցներն ու հիվանդանոցները, բացեցին առաջին գրադարաններն ու մշակութային մյուս օջախները, որովհետև մեր գրագետ մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել, մեր գերագույն խուրհրդի նախագահ Միր-Բաշիր Կասումովն իր ազգանունն անգամ գրել չգիտեր, դարասկզբին ու դրանից էլ դեռ շատ հետո, հայերն ու ռուսները Բաքվում  միշտ մեծամասնություն են կազմել, Բաքվի ազգաբնակչության մեկ երրորդն էր ադբեջանցի, մնացածը ռուսներ ու հայեր էին, պատերազմի տարիներին շրջաններից տասնյակ ու տասնյակ հազարներով եկան լցվեցին գործարաններն ու նավթահանքերը՝  բրոն ստանալու, դրանից հետո  անգամ, ադրբեջանցիները  նվազ թիվ էին կազմում  քաղաքում, ադրբեջանցիները փողոցում ամաչում էին  անգամ ադրբեջաներեն խոսել:  Բաքվում  մենք միայն վերջերս մեծամասնություն կազմեցինք, յոթանասունական թվականների սկզբին, երբ մեծամասամբ ադբեջանցիներով բնակեցված շրջակա բոլոր արվարձաններն  ու գյուղերը  Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ միացվեցին քաղաքին: Մի խոսքով, եթե Բաքուն այսօր ծաղկուն քաղաք է դարձել, ապա շնորհիվ նաև հայերի ստեղծարար ոսկի ձեռքերի ու նրանց մեծ տաղանդի, նմանապես նրանց ճարտարապետների՝ Տեր-Միքելովի, Բաևի, Սարգիսովի, Տեր-Հովհաննիսյանի, Կասպարովի։ Նրանց կառուցած շենքերն այսօր էլ  աչք են շոյում  իրենց գեղեցկությամբ ու հարմարավետությամբ: Այդ նույն Տեր-Միքելովի նախագծով, հիսուն մետր ծովը հետ տալով, ստեղծվեց Բաքվի հրաշքը՝ ծովափնյա բուլվարը՝ բաքվեցիների ամենասիրելի զբոսանքի տեղն ու տեսարժան վայրը: Անխղճորեն սպանել մարդկանց՝ ըստ նրանց ազգային պատկանելության, քշել սեփական տներից, ուր նրանց հայրերն ու  պապերն են ծնվել՝ անասելի մեծ հանցանք է արդարության ու Աստծու դեմ: - Միրալի մուալլիմը ծանր օրորեց գլուխը, դառնակսկիծ ասաց.- «Շաֆագ» կինոթատրոնում, քիչ առաջ էին պատմում, ուր այս ու այնտեղից հավաքում են ողջ մնացած հայերին՝ խեղված ու տանջահար, միլիցիան լկտիորեն խլում է նրանց զարդեղենն ու վերջին կոպեկը, անարգում ու պատառոտում անձնագրերն ու մյուս փաստաթղթերը: Մարդկանցից ամեն ինչ խլում են՝ թողնելով սոսկ մտածելու, տանջվելու իրավունքը: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում, այ Սիավուշ, բան չեմ հասկանում: Աստված կների՞ սա, ուրիշները կներե՞ն մեզ:
- Ուրիշները՝ չգիտեմ, ինքներս մեզ ներելու իրավունք չունենք:
Մինչ այդ վերադարձավ Նաթիգը: Չգիտես ինչու, վրդովված էր, սակայն, երևի, Միրալի մուալլիմից զգուշանալով, ոչինչ չասաց:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց Սիավուշը և, հասկանալով բանի էությունը, ներկայացրեց Միրալի մուալլիմին, բացատրելով, որ նա է զանգել իրենց տուն:
- Զզվելի մի բուժքույր կա այստեղ,- արդեն առանց քաշվելու ասաց Նաթիգը: - Շրջում է միջանցքներում և բոլորին բացատրում, որ բաժանմունքում վիրավոր հայ կա պառկած: Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն արդեն գիտեն այդ մասին: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ եթե բուժքրոջ ասածը ճիշտ է, պետք է վերացնել նրան:
- Ես կզանգեմ ուր որ պետք է,- իրար անցավ Սիավուշը:
- Ոչ, - ընդհատեց Նաթիգը: - Ես խոսեցի բժիշկ Մամեդյարովի հետ, Յունուսը մեր լավագույն տղաներից է, կտանենք նրա մոտ: Մեր տուն կտանեի, իհարկե, բայց ինձ մոտ հայի երկու ընտանիք կա արդեն:
- Իսկ ինչու՞ ոչ ինձ մոտ,- մի տեսակ նեղացավ Սիավուշը: - Վերջ ի վերջո, իմ  ընկերն է, ես պարտավոր եմ...
- Քեզ մոտ չի կարելի,- նորից ընդհատեց Նաթիգը:  -Առավոտից իրիկուն տունդ լցված է ցնդած բանաստեղծներով, կգնան կմատնեն:  Յունուսի մոտ  հարմար է, գիտեմ ինչ եմ ասում:
- Բայց իմ հագին շոր չկա,- թեկուզ ցածր, բայց լսելի ասացի ես: - Նրանց մոտ են շորերս:
Նաթիգը գնաց փրկելու իմ հագուստը, սակայն ետ եկավ  ընկճված տրամադրությամբ:
- Նրանց հրամայված է արյունաթաթախ շորերը չտալ,- պարզաբանեց նա: - Վախենում են, թե կարող ես տանել Մոսկվա և ներկայացնել այնտեղ որպես  ջարդերի ապացույց: Զոռով հաջողվեց պոկել կոշիկներդ՝ քառասուներեք համարի:
- Ոչինչ, իմ թիկնոցը կհագնի,- ասաց Սիավուշը հանելով թիկնոցը: - Վաղը ես ուրիշ հագուստ կբերեմ:
- Դուրս կգանք ետևի դռնից,- զգուշացրեց Նաթիգը: - Միջանցքով ես առջևից կգնամ, դուք  մի  քիչ  հեռվից կգաք  իմ  ետևից:
Մերկ մարմնիս վրա հագնելով Սիավուշի թիկնոցը, բոբիկ ոտքերիս՝ իմ սառը կոշիկները, ցավերից ու կորցրած արյունից ուժասպառ՝ ես Սիավուշի հետ դուրս եկա հիվանդասենյակից, վերջին պահին դռան մոտ ետ շրջվելով ու գլխով շնորհակալություն հայտնելով Միրալի Սեիդովին, որը մագաղաթյա անառողջ դեմքով, անքնությունից՝ աչքերի  տակ սև շրջանակներ, լուռ, տրտում ու միայնակ կանգնած էր իր մահճակալի մոտ: Այն երկուսը չկային: Սիավուշին թևանցուկ, համարյա նրանից կախված, դուրս եկանք միջանցք և անթիվ, անհամար մարդկանց հառաչանքների, ցավագին տնքոցների ու լացի ուղեկցությամբ դանդաղ գնացինք բժիշկ Նաթիգի ետևից:
Նա մեքենան կանգնեցրել էր ուղղակի դռանը կպցրած: Մի կիսավայրկյան իմ հայացքն ընկավ բժշկական ինստիտուտից այն կողմ,  բարձրահարկ  շենքերից դեն՝   համարյա ամբողջապես հայերով բնակեցված  ինքնաշեն   տներով Խուտորի վրա. այս ու այնտեղ ծուխ էր բարձրանում, և թանձր այդ ծուխը ծածկել էր արևը... Այդտեղ էր, մայիս ամսին, ադրբեջանական ոհմակը, վայրենի  հարայ-հրոցով՝ «Կորչեն հայերը», «Մահ հայերին», երկաթաձողերով զինված,  ներխուժել  էր ավան, Խուտոր թաղամասի երկրորդ  փողոցում նրանք լցվել էին Ալյոշա Աղաբեկյանի փոքրիկ բակը, արդեն  անխնա ծեծում էին նրա պատանի որդիներին, քաշքշում  կնոջն ու դեռահաս աղջիկներին, տան կտուրից, որսորդական հրացանից Ալյոշայի  արձակած գնդակը  գետնին տապալեց   խառնակույտի  գլխավորին՝ քաղաքացիական հագուստով միլիցիայի մայոր Ֆազիլ Իսմայլովին, գազազած  ոհմակը կանգ առավ, ահով  ետ ընկրկեց ու զարհուրած դիմեց փախուստի: Նրանք ցաքուցրիվ փախչում էին ու գորգոռում՝ «Հայերը զինված են», «Նրանք մեզ կոտորում են»: Այդպես կանխվեց արյունահեղությունը, հետագայում այլևս ոչ ոք չհամարձակվեց մտնել Խուտոր: Հետաքրքիր է, ինչպե՞ս դասավորվեց  այդ Ալյոշայիի կյանքը, հաջողվե՞ց նրան փրկվել արդյոք...
- Նստիր, նստիր, ժամանակ չկա,- շտապեցրեց Նաթիգը: Սիավուշն օգնեց, ես տեղավորվեցի մեքենայի ետնամասում:
- Հետևի նստատեղին պառկիր՝ մարդ չտեսնի,- շուրջը նայելով՝ կարգադրեց Նաթիգը:- Սիավուշ, նստիր առաջ, ինձ մոտ:
Հիվանդանոցից հաջողությամբ դուրս եկանք: Փողոցներում, ինչպես Սումգայիթում այն ժամանակ, այրված մեքենաներ կային, որ ծխում էին դեռևս: Արմենիքենդի շուկայի մոտ, տրամվայի գծերի վրա, շտապ օգնության մի մեքենա էր այրվում, բաց դռնից տղամարդու անշարժ ձեռք էր կախված: Փողոցներում, այս ու այնտեղ, խարույկներ էին վառվում, մի երկու տեղ շուռ տված կրպակներ կային: Ամբողջ Արմենիքենդը կորած էր ծխի մեջ: Արմենիքենդի շուկայից այն կողմ, Ֆաբրիցիուս փողոցով երկաթաձողերով զինված տղաների մի մեծ խումբ քսան-քսանհինգ աղջիկների՝ ներքնաշորերով ու համարյա կիսամերկ, փողոցն ի վար քշած տանում էին դեպի ներքև, կայարանի կողմը: Նաթիգը մեծ արագությամբ մեքենան քշեց վեր, Ինգլաբ փողոցում թեքվեց աջ, սլացավ ֆուտբոլի մարզադաշտի ուղղությամբ: Մարզադաշտին չհասած, տրամվայի հավաքակայանի մոտ լայն  փողոցը սրընթաց հատելով, երկու աղջիկ անցան, մեկը՝ բոլորովին փոքր, քամուց ծփացող  կարմիր շորով: Մեծը տրամվայի գծերի վրա սայթաքեց ու ծնկեց, բայց արագորեն ելավ՝ մի կիսակնթարթ սարսափահար սև աչքերով նայելով ետ: Նրանց ետևից տղաների մի ոհմակ էր գնում գոռում-գոչյուններով: Շնագայլային նրանց ոռնոցը՝ « ա՜-ա-ա», կորավ տների ետևում:
- Նաթիգ,-  մռայլադեմ, ատամները սեղմած ասաց Սիավուշը,- ասա ինձ, մենք իրավու՞նք ունենք ապրելու այս աշխարհում:
- Մենք՝ այո,- արձագանքեց Նաթիգը: - Իսկ նրանք՝ ոչ: Նրանք և նրանց նմանները՝ ոչ,- ավելացրեց նա: - Եվ նրանք, ովքեր ցնկնել են նրանց, նույնպես  ապրելու իրավունք չունեն:
Փողոցներով ու բակերով, ինչպես մղձավանջի միջով, խմբեր էին վազվզում այս ու այն կողմ: Ինչ-որ տեղից կանացի աղեկտոր ճիչ լսվեց:

Բժիշկ Յունուս Մամեդյարովն արդեն տանն էր: Նա մեզ դիմավորեց լուրջ անհանգստությամբ,  ասաց, որ ժողովրդական ճակատի ջարդարարները մի քանի անգամ եկել են արդեն, տնետուն ստուգում են՝ հո թաքցրած հայեր չկա՞ն:
-Դե, նրանց մերն էլ,- կոպտորեն հայհոյեց Յունուսը, ուղեկցելով ինձ դեպի տան սենյակներից մեկը:
-Ես արդեն վիրակապել եմ,- գործնականորեն ասաց Նաթիգը: - Առավոտյան կգամ, կփոխեմ վիրակապը: Գլխի վերքերն էլ կնայեմ:
- Ես ինքս կփոխեմ, ինչ է, ես բժի՞շկ չեմ,- առարկեց Յունուսը:
-Բժիշկ ես, բայց պետք չէ,- բարեհոգի տեսքով ծիծաղեց Նաթիգը:- Մի՞թե որևէ բան կարելի է վստահել քեզ՝ քո այդ երկաթե մատներով: Ինքս կգամ, կանեմ:
Նաթիգի գործը փոքրիկների հետ է, և վիրակապումը, իրոք, նա անում էր նուրբ վարվեցողությամբ: Հասկանալի էր, իհարկե, որ նրանք կատակում էին, իսկ գուցե կատակներով պարզապես փորձում էին փարատե՞լ իրենց հոգու խռովքն ու տագնապը:
Կարինայի հեռախոսահամարը մնացել էր բաճկոնիս գրպանում, ես Սիավուշին խնդրեցի գնալ աէրոկասսայի շենք, քառասուներկուերորրդ բնակարան՝ մի տեղեկություն բերելու:
-Շատ լավ,- խոստացավ նա:- Ամեն ինչ կիմանամ: Առավոտյան շուտ Նաթիգի հետ կգանք:
Յունուսն ինձ համար ուտելիք բերեց, ամբողջ պատին դուռը ծածկող գորգ կախեց: Օտար մարդը հազիվ թե հասկանար, որ այդ պատի ետևում մի ուրիշ սենյակ էլ կա:
Յունուսի կանխատեսությունը ես հետո գնահատեցի, երբ մի առ ժամանակ անց կրկին մի քանի հոգի եկան և սկսեցին հարցուփորձը. «Հայեր չկա՞ն»:
- Ոչ, չկան, - հանգիստ ձայնով պատասխանեց Յունուսը: - Կարող եք ստուգել:
- Իսկ եթե ստուգեցինք ու գտա՞նք,- սպառնաց մեկը:
- Որ չկան՝ որտեղի՞ց պիտի  գտնես,- հաստատուն ու, ինձ թվաց, մի քիչ էլ կոպտորեն, պատասխանեց Յունուսը:
Պատի ետևում նստած՝ ես սրտատրոփ սպասում էի, թե ինչ կլինի հետո:
Ձայները հեռանալով մարեցին: Փառք աստծո, մտածեցի, գնացին:
         Առավոտյան Սիավուշն ու Նաթիգը, ինչպես խոստացել էին, եկան: Բայց, աստված իմ, այս ի՞նչ տեսքով էր Նաթիգը: Նրա դեմքը, ամենայն հավանակությամբ, ոչնչով չէր տարբերվում իմից: Երեսն ուռած էր, աչքի տակին՝ խոշոր, սև այտուց:
Իսկույն հասկացա՝ բուժքրոջ արածն էր: Այդպես էլ կար: Այդ դաժան, անմարդկային, արյունռուշտ բուժքույրը... Նա էր հաղորդել ժողովրդական ճակատ, որ բժիշկ Նաթիգ Ռասուլզադեն ինչ որ հայի  վիրակապել, դուրս է բերել հիվանդանոցից: Մի  քանի հոգով ներխուժել էին բաժանմունք, ոտնատակ տվել նրան, աթոռները փշրել գլխին:
Ես մեղավոր տեսքով նայեցի նրան:
- Դեռ ջահել ենք,- ուռած շուրթերով ժպտալով ինձ, ասաց Նաթիգը: - Մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի:
Սիավուշը պատմեց, որ եղել է աէրոկասսայի շենքում, բայց քառասուներկուերորդ բնակարանը փակ էր, ոչ ոք չկար: Չգիտեմ ինչու, ինձ այնպես թվաց, թե նա ինչ-որ բան թաքցրեց ինձնից: Մտածեցի՝ գուցե չի՞ եղել այնտեղ, ժամանակ չի ունեցել գնալու, բայց նա փարատեց իմ կասկածները:
- Գիտե՞ս,- հանկարծակի ասաց Սիավուշը:- Սաիդան նույնպես այդ շենքում է ապրում:
- Ո՞ր Սաիդան,- զարմանքով հարցրի ես:
- Սեիդոզաևան: Պատահաբար տեսա: Նույն հարկում է ապրում, քառասունչորսերորդ բնակարանում: Ասաց, որ մի տղա կա, քեզ ման է գալիս:
- Ի՞նձ:
- Այո: Զաքիր անունով ադրբեջանցի մի տղա: Ասում է Մոսկվայից քեզ հետ միասին է եկել:
- Այո, ճիշտ է: Հետաքրքիր է, որտե՞ղ է նա: - Ես անչափ ուրախացա, որ Զարմիկը ողջ-առողջ է:
- Ես Սաիդայի մոտ թողել եմ իմ հեռախոսահամարը: Ասացի՝ երևաց, թող զանգի: Ի միջի այլոց, Սաիդան շատ էր անհանգստացած քեզ համար, բայց ես նրան ոչինչ չասացի:
        Նաթիգը երկու օր շարունակ  գալիս էր վիրակապելու: Ես ինձ  համեմատաբար   լավ էի զգում արդեն, հարկավոր էր մեկնել, որովհետև քաղաքում ավերածություններն ու հայերի սպանությունները շարունակվում էին դեռ: Բայց ինչպե՞ս պիտի մեկնեի, եթե ոչ մի փաստաթուղթ չունեի, իմ անձնագիրն ու բոլոր թղթերը մնացին այնտեղ, խուժանի ձեռքին:
- Անհոգ  մնա, ծերուկ, Սիավուշն ամեն ինչ մտածել է,- սիրտ տվեց Սիավուշը: - Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալը մոտ մարդ է, ես նրա հետ կխոսեմ:
Հաջորդ օրը Սիավուշը եկավ բարվոք տրամադրությամբ, ասաց, որ պայմանավորվել է արդեն, առավոտյան ժամը վեցին գնում ենք Բինա՝ օդանավակայան:
Առավոտյան Սիավուշը նոր անակնկալ մատուցեց ինձ՝ իր հետ բերելով Զարմիկին: Դա ուրախացրեց ինձ: Մտածում էի որևէ բան իմանալ Ռենայի մասին ու նաև փող խնդրել նրանից:
- Եղե՞լ ես Կարինայի մոտ,- հարցրի ես: - Չգիտե՞ս, նա գտավ Ռենային, թե՞ չի հաջողվել զանգել:
- Չի հաջողվել,- ասաց Զարմիկը: - Գիտե՞ս  ինչքան եմ որոնել քեզ,- ավելացրեց նա արագորեն,- բոլոր հիվանդանոցներում եղել եմ, գնացել եմ դիարանները, նույնիսկ Մարդաքյան, հարյուրավոր սպանվածներ՝ կին, տղամարդ, երեխա, ոնց որ պահեստներում՝  իրար վրա դարսակույտերով շարված... Երեկ գնացել էի կառավարական տան մոտ. հանրահավաք էր: Ուզում էի տեսնել ինչ են խոսում: Հսկայական խարույկներ էին վառվում այս ու այնտեղ: Մառախուղ էր ու ցուրտ: Ծովից սառը քամի էր փչում: Որպեսզի տաքանամ՝ մոտեցա մի խմբի: Բարձրահասակ մի  տղա պատմում էր. «Մենք մի զրո մեկ մեքենա կանգնեցրինք, այնտեղից մի հայ տղայի դուրս քաշեցինք և սկսեցինք ծեծել: Երբ այլևս ուժ չուներ դիմադրելու՝ մենք նրան հրեցինք խարույկի մեջ, իսկ երբ փորձեց ելնել, տղաներից մեկը սրած արմատուրան  խրեց  նրա կուրծքը: Եվ ամեն անգամ, երբ  նա ճիգ էր  անում դուրս գալ կրակից, երկաթե ձողն ավելի էր  խրվում կրծքի մեջ, մինչև որ լրիվ բոցավառվեց»: Խարույկի շուրջ նստածները շարունակ հրհռում էին: Թողի հեռացա: Խագանի փողուցում, 26 կոմիսարների այգու մոտ, երկու պառավ կնոջ՝ մայր ու աղջիկ, միասին վառեցին: Սարսափելի տեսարան էր:   Իմ աչքով եմ տեսել. Բասին փողոցի ու Լենինի պողոտայի անկյունային շենքից, դեղատնից ձախ, ուր «Դինամո» սպորտ-խանութն է, մի կնոջ՝ երեխայի հետ, նետեցին ցած: Նույնը տեսա նաև այդտեղից մի քանի տասնյակ քայլ վերև, ռուսական եկեղեցու դիմաց գտնվող կոոպերատիվ շենքում: Լրիվ սպիտակած մազերով կիսամերկ  մի կնոջ պատշգամբից քաշում էին ներս, նա ճչում, օգնություն էր խնդրում,  հետո նրան ու մեծահասակ մի տղամարդու ցած նետեցին: Նույնն է ամբողջ քաղաքում՝ կենտրոնից սկսած մինչև հեռավոր ծայրամասերը: Ի՞նչ է կատարվում, խորհրդային երկի՞ր է սա, թե Օսվենցիում ու Բուխենվալդ: Քանի օր է տներն ընկած անխնա կոտորում են հայ մարդկանց, թալանում, բռնաբարում են, տկլորացրած քշում փողոցներով, խարույկներ սարքած՝ վառում: Ու՞ր է պետությունը, Գորբաչովը, մի՞թե Մոսկվան չի տեսնում սա...
- Մոսկվան է կազմակերպել, ինչու՞ չի տեսնում,- վրդովված վրա բերեց Սիավուշը: - Պրիմակով, Յազով, Բակատին, Գիրենկո՝  այստեղ, կենտկոմում նստած պլաններ են կազմում՝  ռեժիմը փրկելու համար: Մարդ միանգամայն անպաշտպան է պետության առաջ: Պետությունն ուզած պահին կարող է ջարդ ու կոտորած կազմակերպել, փոշի դարձնել  ոչ միայն առանձին մարդկանց ու խմբեր, այլև մի ամբողջ ժողովուրդ՝ ըստ նրա ազգային պատկանելության, կրոնական, կուսակցական կամ մի այլ հատկանիշի, և հետո այդ ամենը  որակել որպես  ոմանց կողմից կազմակերպած խուլիգանական արարք: Պետության օրինավորությունն ամենից առաջ պետք է չափվի անձի կամ ազգային փոքրամասնության իսկական անվտանգությամբ,- շարունակեց Սիավուշը:-  Եթե դա չկա, ուրեմն անբարոյական է այդպիսի  պետության գոյությունը: Ժողովրդական ճակատի մարտիկները մտել են Սալյանսկիի զորանոցները, զենքը բռնագրավել: Վերևում սպասում են մինչև նրանք միլիցիայի մի երկու բաժանմունք ու շրջկոմ գրավեն, նոր մտցնեն զորքը, բացատրելով, որ զորքը մտցվում է հայերին պաշտպանելու համար՝ ժողովրդի մեջ կրկին անգամ ատելություն ու թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: -Սիավուշը խորը հոգոց հանեց, ասաց,- իրոք, ճշմարիտ էր Իլյա Էրենբուրգը, երբ ասում էր, որ սարսափելի է այն երկիրը, որտեղ Կայենը և օրենսդիր է, և ժանդարմ, և դատավոր:

Ճանապարհին ժողովրդական ճակատի ներկայացուցիչները միլիցիայի աշխատողների հետ միասին ստուգում էին մեքենաները: Մինչև օդանավակայան մի հինգ  տեղ կանգնեցրին մեզ, բայց, ամեն անգամ, ղեկի մոտ տեսնելով օդաչուական համազգեստով  բարձրաստիճան պետին,  թույլատրում էին անցնել՝ առանց ստուգման ենթարկելու: Օդանավակայանում վարչության պետի տեղակալը մեքենան անարգել քշեց ուղիղ թռիչքադաշտ, որտեղ հեռվում, թռիչքուղու վրա ինչ-որ ինքնաթիռ էր կանգնած՝ օդանավի սանդուղքի մոտ խռնված անձնակազմով:
Մի ուրիշ ոչ պակաս անակնկալ էլ այստեղ էր սպասում, պարզվեց որ ինքնաթիռը պատահաբար էր ընկել Բաքու, այն Լենինաբադից թռչում էր Մոսկվա, բայց, տեխնիկական ինչ-որ անսարքության պատճառով, ստիպված վայրէջք էր կատարել: Ամենագլխավորը՝ դուրս եկավ, որ օդանավի հրամանատարն ու վարչության պետի տեղակալը մոտ ընկերներ են, Վորոնեժի օդաչուական ուսումնարանում միասին են սովորել:
Ես խորին շնորհակալություն հայտնեցի պետի տեղակալին, գրկեցի Սիավուշին: «Ծերուկ, ամեն ինչ լավ կլինի»,-  արտասվախառն ասաց նա: Ես նույնպես չկարողացա պահել արցունքներս, վերջին պահին Սիավուշը փող խոթեց գրպանս: «Ներիր, հիսուն ռուբլի եմ վերցրել տնից, ավել չկար»: Նա նորից գրկեց  ինձ: Զարմիկի օգնությամբ բարձրացա ինքնաթիռ: «Ես քեզ մի ուրիշ բան էլ պիտի ասեմ», - ասաց Զարմիկը չգիտես ինչու, հայացքը մի կողմ թեքելով:
- Ի՞նչ,- տարտամ անհագստությամբ ու ներքին երկյուղով հարցրի ես:
- Կարինային սպանեցին ադրբեջանցիները,- խլաձայն արտաբերեց նա
-Ի՜նչ ես ասում...
-Այո: Վեցերորդ հարկից, ոտքերից բռնած սանդուղքներով քարշ տալով, գլուխը  բազրիքներին  ու քարերին զարկելով, իջեցրել են ցած, նետել խարույկի մեջ: Սաիդան, ձեր հաշվապահը, այդ բոլորը տեսել է, իր աչքի առաջ է եղել, ուզեցել է օգնել, բայց նրան ոչ ոք չի լսել, նույնիսկ խփել են մի երկու անգամ: Ես տեսա, աչքի մեկը հազիվ էր բացվում: Ես գնացել էի քեզ որոնելու, Ռենան ուղարկեց, նա շարունակ լաց էր լինում, նա համոզված  էր, թե  քեզ ինչ-որ վատ բան է պատահել, որովհետև ժամը հինգն էր արդեն, նա ինձ ուղարկեց քո բնակարանը, բայց բնակարանն արդեն գրավված էր...
- Ռենան այնտե՞ղ էր,- հուզահակ  խզված ձայնով ասացի ես:
- Այո, այնտեղ էր,- ասաց Զարմիկը: Աչքերը բարձրացնելով ինձ վրա և ուղիղ նայելով ինձ, նա ավելացրեց,- նրան նույնպես սպանեցին:
    Առաջին պահ՝ Զարմիկի ասածն ինձ չհասավ: Հանկարծ ցնցվեցի,  կյանքը կանգ առավ, շունչս կտրվեց, ճակատս պատեց  սառը  քրտինքով:  Այդ մի քանի վարկյանն ինձ համարմ  անդունդի եզր էր՝   անցյալի ու գալիքի միջև։  Ես կորցրի ինձ:
- Ին՞չ ես ասում, Զարմիկ...-Ես բռունցքով խփեցի նրա կրծքին...- Ինչե՞ր ես ասում...
- Այո, ես դա քեզ չէի ուզում ասել այնտեղ... Սաիդան պատմեց բոլորը, դա նրանց սանդղահարթակում էր տեղի ունեցել: Բանդիտներից մեկը, երևի նրանց գլխավորը,  ձեռքը հանկարծ գցել, պոկել էր Ռենայի պարանոցի շղթայիկն ու կուլոնը, Ռենան այլայլված ապտակել է էդ տականքին,  նա, ըստ երևույթին, նրանց  գլխավորն էր, որովհետև նա էր կատաղած հրամայել՝ «յանդըրըն*»,  այս ու այն կողմից սկսել էին հարվածել, Սաիդան բացականչել է, որ հայուհի չէ նա, ադրբեջանուհի է, բայց նրան դարձյալ չէին լսել, որովհետև Ռենան ինքը չէր հաստատել, որ հայուհի չէ, ինչ-որ մեկը նույնիսկ հարցրել է նրան. «ադրբեջանուհի՞ ես» , և նա, արյան մեջ կորած, կատաղած ասել է. «ո-ո՜չ»: Սաիդան տեսել էր, թե ինչպես  էին  նրան  պատեպատ խփելով,  գորգոռոցով  տանում դեպի առաջին հարկ... Նրան  նույնպես այրեցին… Ես սա քեզ չէի ուզում ասել այնտեղ...
Կառչուն հեղձուկը խեղդում էր ինձ, տարօրինակ, դառը-խտղտացնող խեղդուկը փակում-բաց էր թողնում իմ կոկորդը, բութ սեղմող ծանրությունից սիրտս ցավագնորեն նվաղում, թուլանում էր, և ցուրտը, ամայության սարսռեցնող ցուրտը հետզհետե սողոսկում էր իմ հոգու խորքը...
Ձախից երևում էր օդանավակայանի շենքը, ահա այնտեղ, երկրորդ հարկի ապակե պատի ետևում էր կանգնած Ռենան՝ ճերմակաթույր զգեստով, մազերը ուսերին թափած, նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: «Հավերժակա՜ն հրաժեշտի»,- կսկծալի անհուն ցավով մտածեցի ես, և  աչքերս լցվեցին այրող արցունքներով...
Զարմիկը խոսում էր նույն խուլ ձայնով, նրա ձայնն ինչ-որ հեռու, շատ հեռու տեղից էր ինձ հասնում: Հետո նա ասաց.
-----------------------------------
*Յանդըրըն (ադրբ.).-այրեք

- Դե, լավ, ես գնամ, տրապը վերցնում են... 
Լսվեց  դռան ծանր  փակումը: Քիչ  անց ինքնաթիռը երերաց՝  դանդաղ սահելով բետոնի վրայով, հետո կանգ առավ մի պահ, նորից երերաց և դղրդոցով սլանալով թռիչքուղու վրայով, միանգամից պոկվեց գետնից:
Ներքևում մեռած էր ամեն ինչ՝ ծովը, մերկ անտառները, լեռներն ու ձորերը, ուր անշարժ նստած էր թափանցիկ մշուշը, իրար հաջորդող ձյունածածկ  ամայի հարթավայրերը, խամրած արևը, որ արյան գույն ուներ:
        Դոմոդեդովոյի օդանավակայանում ես դուրս եկա փողոց, տաքսիների կանգառ: Միլիցիոներ մոտեցավ և, ձեռքը տանելով գլխարկին, ասաց. «Ձեր փաստաթղթերը»: Ես նրան բացատրեցի, որ սարսափելի կոտորածներ են Բաքվում, մահից հրաշքով եմ փրկվել, ոչ մի փաստաթուղթ չունեմ, ցույց տվի ունեցածս՝  հիսուն ռուբլին, որ Սիավուշն էր տվել վերջին պահին: Նա վերցրեց փողը, շուռումուռ տվեց ձեռքում, ասաց. «Գոնե տասն էլ տուր, հավասար բաժանենք, երեք հոգով ենք»: Ես ետ նայեցի. քիչ հեռվում երկու միլիցիոներ էին կանգնած՝  սրա պես կուշտ, մեծածավալ, զգեստապահարանի բարձրության ու տարողության, և նայում էին մեր կողմը:
- Ես ոչինչ չունեմ,- հոգնած ասացի ես,- չէ՞ որ տեսնում եք՝ մահից եմ փրկվել:
- Դե, լավ, գնա,- թույլ տվեց միլիցիոները, առգրավելով իմ հիսուն ռուբլին:
Ես մնացի կանգնած՝ նվաստացած ու անարգված, և չգիտեի ինչ անել:
- Ու՞ր ես  ուզում գնալ,- հարցրեց ինչ-որ մեկը:
Ետ շրջվեցի ձայնի վրա: Կովկասցի էր, միջահասակ, սև բեղերով, հոնքերի տակից կարեկցությամբ նայող աչքերով:
- Ոչ մի տեղ,- ասացի ես: - Հենց այնպես կանգնած եմ:
- Ես տեսա, որ միլիցիոները վերցրեց քո փողը,- շարունակեց նա: - Նրանք էդպես կանգնած կողոպտում են եկող-գնացողներին: Գնանք,- առաջարկեց նա:
- Ու՞ր: Ես փող չունեմ:
- Գիտեմ, որ չունես,- ասաց նա: - Ոչինչ, գնանք: Ես լեզգի եմ, Ռասուլ Համզատովի  հայրենակիցը: Բան չկա, մի ուրիշ անգամ կտաս:

      Դռան զանգի վրա մայրս բաց արեց դուռը, տարակուսանքով նայեց ինձ:
- Ու՞մ եք ուզում,- հարցրեց նա  մի տեսակ վախվորած:
- Ես եմ, մամա,- ասացի ես: - Չե՞ս ճանաչում: -Նույնիսկ փորձեցի ժպտալ:
- Վու՜յ, աստված,- ճչաց մայրս,- էս ի՞նչ շորեր են հագիդ, ու՞ր են քո շորերը, վա՜յ, էս ի՞նչ են արել քեզ, աստվա՜ծ, աստվա՜ծ, մազերդ սպիտակել են- լաց լինելով ընկավ գիրկս,- էս ի՞նչ օրի ես, մաման մատտա՜ղ, էս ինչ օրի ես... Գնա՜նք, շուտ գնանք,- ասաց նա,- գնանք կորչենք, հեռանանք էս անիծված երկրից...

1990, փետրվար-մարտ
Լենինգրադ 
                      

Комментариев нет:

Отправить комментарий