среда, 21 марта 2012 г.

ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ

                             1.
              Գ Յ Ու Ղ Ա Կ Ա Ն   Բ Ն Ա Ն Կ Ա Ր

     Արևը   հանգչում  է  սարերի  վրա, և  հրաբոսոր  հորիզոնն  այնտեղ   վառվում  է  ասես  բազում  գույներով՝ երկինք  ու  երկիր  կապելով  իրար...
     Օրը  հանգչում  է՝ տառապանքներից,  տվայտանքներից,  ասված  ու  չասված  ունայն  խոսքերից   լրիվ  հոգնաբեկ...
     Եվ  հետզհետե  ձորերը  լռին  խորասուզվում  են  իրիկնային  լուրթ  աղջամուղջի  մեջ. գետակը  լռում, հավքերը  լռում, մոտիկ  արտերում  արտույտներն  արդեն  էլ  չեն  արտորում... Ձայները  կամաց  մարում  են  դրսում,  և  հետզհետե  իջնում  է  մութը՝  իր  սև  շղարշով  ներընդգրկելով  ամեն  մի  շշուկ,  ամեն  մի  շարժում, լոկ  ծղրիդներն  են  երգում  անձանձիր...
     Սարերի  վրա , բա՜րձր  երկնքի  անծիր  կապույտում ,աստղերի  բույլը՝   երկնքից  հեռո՛ւ, և  միլիոն  պարսեկ  իրարից   հեռու , իր  անհատնում  լույսերն  է   հղում  հեռու  երկրին... Աստղացող  լույսը ՝ խավարում   նիրհող  դաշտին, գետակին, հավքին  ու  մարդուն,  և  հեռվից  հեռու  համր  թարթումով  կարծես  ասելով  յուրաքանչյուրին.  դու  մի  վհատվիր, խավարից  հետո  գալիս  է  լույսը, իսկ  հույսը   մեռնում  է  ամենավերջում, շուտով, շատ  շուտով  կբացվի  նոր  օր՝ արևը, լույսը  և  հույսը  իր  հետ:


         2 .        
                        Հ Ե Ռ ՈՒ       Լ Ե Ռ Ն Ե Ր ՈՒ Մ

     Իմ   հեռու,   հեռավոր  հիշողության  մեջ  զնգում  է  առուն,  մեղմիվ  խոխոջում՝  ողջունելով  ինձ, թիթեռնիկներին,  հավքերին  պես- պես  և  ծաղիկներին՝ սյուքից  օրորվող...
     Ես՝  փոքրիկ  տղա,  ձեռքիս  պարսատիկ,  անհոգ  ու  ազատ,  ընկերներիս  հետ  թրվռում  էի  ուրախ, երջանիկ. իմն  էր  աշխարհը՝  թիթեռնիկները,  հավքերը  պես-պես  և  ծաղիկները՝ սյուքից  օրորվող...
     Դու իմ  մանկության  սիրելի  առու, որ  զրնգալով, խնդուն  խայտալով  վազում  էիր ցած ՝ քեզ  հետ  տանելով  երազներն  իմ  ջինջ, ու՞ր  ես  դու  հիմա, որտե՞ղ  է  մարել  ձայնդ  երգեցիկ...
     Հեռու- հեռավոր  հուշերի  խորքից    ետ  եկ,  իմ  առու ,  անանմոռանալի  սիրելի  ընկեր, ետ  բեր  օրերն  իմ  անհոգ   ու  ազատ  ուրախ  մանկության ,ետ  բեր  օրերն  իմ, իմ  ընկերներին, թող  կյանքը  լցվի   նրանց  ձայներով,  ու  ես   վերստին  դառնամ  չար   տղա՝ ձեռքիս  պարսատիկ, անհոգ, երջանիկ՝  մեր  հեռու՜, հեռւ՜, հեռու   լեռներում...

 3 
Ա Ն Ց ԱՎ

                     Անցա՜վ,   անցա՜վ,   կյանքն   իմ  ացավ՝  ինչպես    երազ,   ինչպես    մուրազ, ինչպես   մի   հուշ   անվերադարձ,  ու   ես   ոչինչ    չհասկացա,  ասես   կողքից    եկավ անցավ։
        Տրտմած   է   հոգիս   հիմա , որ կյանքը   իմ    եղավ  ունայն,  սուտ   ու   կեղծին հավատընծա՝     ապրեցի   ես    հեզ   ու   խաբված։  Մեռնելու   չափ   տրտմած   է,   ախ,   սիրտը    իմ.   ի՜նչ   շահեցի   աշխարհ   գալով՝    ոչի՜նչ - ոչինչ,   միայն   ցավեր,   միայն    դավեր,   խինդը    սակավ,    շառն՝     անսպառ։
         Գթա   ինձ,    Տեր,    գթա   ինձ,    Տեր,   ու   ողորմիր,   կյանքն   իմ    անցավ    ինչպես    երազ,   ինչպես    կարճ   օր,   ու    ես,   իրոք,    չհասկացա,    ա՜խ,    ես    ոչինչ     չհասկացա՝   ինչպես    եկավ,   ինչպես   անցավ։
           Գթա,    Տեր    իմ,     քանզի     բազում    արհավիրքներ    կրեցի   ես    ամբողջ    կյանքում։    Ամբողջ    կյանքում,   ախ,    զուր   հույսեր,   իզուր   հույսեր,   մորմոք    ու  ցավ,    կյանքն   իմ,   իրավ,    այդպես     անցավ,   չեղավ    մի    օր՝   լիներ   անցավ։



4.        
 Ե Ր Ա Զ


                  Լինե՛ր,    լինե՛ր,    այնպե՛ս լիներ,  տարիներն իմ հետ գնային միանգամից։   Միանգամից ես լինեի իմ  հեռավոր երազներում՝  մեր տան դռան,  հենց   նոր  ելած   ոսկեշղարշ   արևի   մեջ,  մեր   հնամյա    թթենու տակ։
           Հայրս    լիներ,    մայրս լիներ,  քույր ու եղբայր՝   բոլորը ողջ,  հարազատներն իմ   մեկեն  գային,     հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝  ինչպես հեռու այն հին կյանքում՝  նրանց տեսքով՝   հավերժ անջինջ,   նրանց ձենով՝  հավետ  անմեռ,  որ հնչում է տարիներ վեր՝  իմ ականջում,  իմ հոգու մեջ ու իմ սրտում։
          Լինե՛ր,  լինե՛ր,  այնպ՛ս լիներ՝  նորեն   մեկտեղ,  ախ,  լինեինք,  ես՝  երջանիկ,  ես բարեբախտ,   ցավ  ու դավին   դեռ   անընտել   մի պատանի՝  հրդեհի  մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի   ջերմ շողերի  մեջ,  թռչունների հայալեզու երգի ներքո,  հեռո՛ւ – հեռո՛ւ,  մեր հնամյա   թթենու տակ։




   5.           
Պ Ա Տ Ր Ա Ն Ք  


     Հե՜յ,  Կըղնախաչ, իմ  Կըղնախաչ, հիշողության  մրուրի  մեջ  դու  մոռացված  իմ  հեռավո՜ր,   կախարդական   դրախտ   երկիր, Կըղնախաչ...
     Կըղնախաչում՝  շնկշնկան  հո՛վ, զիլզիլան  զո՛վ, սարից   իջնող,  ձորից   ելնող  բացատներում  ծաղկած   հրաշք ու  ծաղկած  ծո՛վ՝ իր գույներով հազարագույն... Կըղնախաչում ՝ արտույտի  երգ  ու  գեղգեղանք,  խոտի  շրշյուն, սիրո  շշունջ՝ արտերի  մեջ սիրաշշուկ, հավքի դայլա՛յլ ,անուշ  դայլայլ, քա՜ղցր  դայլայլ  ու  կկվի  կանչ ՝քաղցրալուր  ու  թախծագորով...
     Քարեն  կըլխան՝ աղեղնաձև  ու  բարձրաբերձ  վեհ  բարձունքից՝ մղեղի  մեջ  երերացող  հին  շինամաչ... Դաշտում  կապած  ձիու  խրխինջ, գառան  մայուն  ու  ձագ  տված  մեղվի  գվվոց, աքլորի  կանչ, աղջկական  արծաթահունչ  զնգուն  ծիծաղ  կակաչազարդ   արտի  միջից, ախորժալուր  զանգի  ղողանջ  ու  շնահաչ  գյուղամիջից՝ մեկ  կատաղի, մեկ  բեկբեկուն...
     Թեթև  անձրև,  մանր  անձրև՝  հանդ  ու  սարեր  ոսկեշղարշ   աղջամուղջում   ու  միգամած... Արեգակի  ջինջ  շողերում ՝  տաքուկ   անձրև,  ու  սարից- սար  կամար  կապած  կընընչկարմյուր  ծիածան... Ու  այդ  պահին, հովի  թևին, ո՜վ , իմ աստված,  մորս  ձայնը,  մեռած  մորս  անուշ  ձայնը,  կանչում   է  ինձ՝  արի,  որդիս, արի  տու՛ն,  հեռուներից   վերադարձիր  ու  տեր  կանգնիր  գերեզմանին  իմ  անտեր...
   ...Հե՜յ,  Կըղնախաչ, իմ   Կըղնախաչ,  հիշողության  մշուշի  մեջ  դու  կորսված  իմ  մանկության   չքնաղ   երկիր,  Կըղնախաչ...


                  6.                   
  Վ Ե Ր Հ Ու Շ                          

       Կըղնաղաչ   սարի    ուսերին   թառած   աստղերի   խաղը,  նրանց   շողշողուն   լուռ  մնջախաղը,   վաղ  լուսաբացի    մեղմ   շամանդաղը,  մեր  գյուղի  շուրջը՝ դաշտերի  եզրին  նստած    թարմ   շաղը , արտերն  ալիքվող՝  վաղորդյան սյուքից, վարդերը   բուրյան, ձորերում  հնչող  հավքի  դայլայլը,  նրա  կանչն   անձկալի,  նրա    մեղեդին  ու  սիրախաղը  այսօր վերստին  իմ միտը  ընկան...
       Չքնաղ   երկիրն  իմ,  իմ    Ղարաբաղը,  լեռներից   անդին՝  էն   հեռո՜ւ-հեռու   արևի  խաղը,   ցոլքը   արևի՝  բարձրաբոց   խարույկ,  գետի   խոխոջն  ու  ցայգալույսի   մեջ   տների    վրա՝  էն   շողը   շենշող , արտույտի   անուշ   արտորումն    արտում ,  խրխինջը   ձիու,  ամառվա  տապում՝   մեղվի   գվվոցն  ու  սոխակի  տաղը՝  հոգիս  այրելով  մի  ուրիշ  աշխարհ  այսօր  ինձ  տարան...
       Գյուղն  իմ   հայրենի,   տունն  իմ  հայրական,  մեր  ավեր   բաղը,  կալերն   ամայի, անտերուչ,   լքյալ  մորս   շիրիմը՝   իմ  սրտի  դաղը,  մարդկանց  ձայները՝  թաղից  այն  թաղը,     մեր   աղջիկների   զնգուն ծիծաղը՝  աղբյուրի  մոտից  ,  մանկութ   օրերի    մեր   անհոգ  խաղը՝   դավին   անսովոր,  ցավին  անտեղյակ ,  այսօր  վերստին  իմ  միտը   ընկան…

                     


7.                         
Բ Ա Ք Ու


   
          Մնաս   բարո՛վ,   Բաքու՝  մեզ    հարազա՛տ,  սիրելի՛, շքեղաշուք     տեսքը   քո,   արդյոք,   կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն   դու   դրախտ,   Բաքու,   Բաքու, վշտալից   որդիներդ   տարաբախտ,    հեռանում    են   քեզանից։
          Հեռանում   ենք   մենք   տրտում՝  մեռածներին  մեր   թողած,  նրանց   ոգին   մեր  հոգում   հավիտյանս անթեղած։  Լացակումած  հեռանում, հեռանում   ենք քաղաքից,   թուրքի    ոհմակն   է   ոռնում    լաստանավի    քամակից։
          Օրորվում   է   ծովը   լուռ, հրաժեշտի   ծփանքով,   խոր    վշտի    մեջ    մենք անլուր    ետ   ենք   շրջվում     արցունքով։   Ետ    ենք   շրջվում՝   քեզ,    Բաքու,    մի անգամ   էլ   նայելու,   չէ՞   որ  գիտենք՝  դեմքը քո, ավա՛ղ , էլ  չենք   տեսնելու


         8.                 
  ԵՍ   ԵՎ   ՆԱ

     Փողոցով   անցնում  էր   զառամյալ  մի  մարդ: Հազիվ  էր  շարժվում՝  ոտքը   դանդաղուն, ծանր   փոխելով: Մի  պահ   մտախոհ  նայեցի  հեռվից  ու  սարսափ  պատեց  ինձ  միանգամից.. .Ես  մտածեցի.  չէ՞  որ  կգա  և  գարունն  իմ  վերջին  և  այնտեղ,  ուր  որ   հուրհրատում  էր  կրակը  վառման  իմ  ջահելության՝ մոխիր  կլինի  լոկ, ախ,  մոխիր  միայն...
     Տարիներ  անցան, ժամանակ  անցավ,  ես,   աստվածածին  իր  գեղեկցությամբ   ու   աշխարհի   ողջ  բարությունն  իր   մեջ   ամփոփած,     որդի  կորցրի,  մեն  մի  օրվա  մեջ  լրիվ  ճերմակած՝ չհասկացա  էլ , թե  ոնց   ծերացա.. .Լուռ  քայլում  էի   ծերունական  իմ  գայթուն  քայլերով,  զգացի  մեկի  հայացքը  վրաս  ու  ետ  շրջվեցի.  ջահել  մի  տղա՝ սիրուն  պատանյակ,  մտախոհ  կանգնած,  նայում  էր  հեռվից...



                 9                                         
Մ Ա Յ Ր      Ի Մ


  Մա՜յր   իմ,  մայր   իմ  սիրասուն,  սրտիս   կոտրած  հենասյուն,   խոտ   ու  ծաղկի    մեջ  կորած՝   վրադ   անգամ  քար   չկա։   Գուցե  հառնե՜լ   ես   նորից,  նորից   ելել     ես  հողից՝  որպես   մի  խոտ ,  մի   ծաղիկ, որպես   կակաչ   հրավառ՝  տեսքով     կարմիր,  սիրտը  սև,   օրորվում  ես   քամու  հետ,  լաց   ես   լինում ինձ   համար։
              Մա՜յր  իմ,   մայր  իմ  աննման,  դու   ամբարված  բարություն,  չկա   արար     աշխարհում   ուրիշ  ոչ   ոք   քեզ նման։ Մա՜յր   իմ,   մայր իմ   դու   անգին,  դու մեծագու՜յն     սրբություն,  քո   կարոտից   գիշեր – զօր մղկտում   է   իմ  հոգին։
             Ների՜ր,   ներիր բոլորին.  զավակներիդ,   թոռներիդ,  աստվածածին   քո   հոգով,  քո   մեծ   սրտով տառապյալ,   բոլորին   էլ  դու  ներիր. չկար   մեկը  մեզանից՝    բռներ  ձեռքդ   սրբասուրբ,  մի   կում   ջուր տար,   մի   քիչ  հույս,   մոտդ   նստեր    մինչև    լույս,  մի  խոսք   ասեր  սրտահույզ,  մենակության   մեջ   լքյալ( գուցե   ծարավ  ու  սովյալ),  կյանքդ  տրտում   բոլորեց՝   աչքդ   ճամփին  բոլորիս։
                   Ի   թողություն   մեղա՜ց.  մեղքի  տակից ո՜նց դուրս  գանք,    չկա  մեզ   ապաշխարանք.   մեղսակից  ենք   հար – հավետ,   քանի  ապրում    ենք   ու   կանք:



         10.  
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Ն

     Ես  մեռել  էի:  Ինձ  թաղել  էին։  Կամ  այրել  էին. դա  չէ  կարևոր- ես  հառնել  էի:
Ես  հառնել  էի  ուրիշ   աշխարհում.  ընկերները  իմ  չկային  արդեն, ովքեր  էլ  կային՝   ծերացել  էին. ինձ  մտաբերել  չկարողացան:
     Մա՛յրս... մայրս  անպայման  ինձ  կճանաչեր, արցունքն  աչքերին  կրծքին  կսեղմեր, բայց... մայրս  չկար:  Նա  հող  էր  դարձել , և  որպես   ծաղիկ, որպես  մի   կակաչ՝  ինքը   ալ  կարմիր,  սակայն,  սիրտը  սև,  լուռ  օրորվում  էր  մեղմիվ  հովի  հետ. նա  լաց  էր  լինում  իր  որդու   համար:
     Ես  հառնել  էի, բայց  մեկը  չկար  ինձ  դիմավորեր...  Ու  նորից  մեռա,  որ  դառնամ  կակաչ, կամ  մի  այլ  ծաղիկ՝  ամեն  լուսայգի  ողջունեմ  մարդոց  յուրաքանչյուրին, ասեմ, որ  ես  էլ  այնպիսին  էի, ինչպես  դու   հիմա, դու  էլ  կդառնաս  ճիշտը 
այնպիսին, ինչպես  ես  հիմա.  սերն  է  ի  սկզբանե,  սերն՝  հարափոփոխ,  սերն՝     հրաթրթիռ  ու լուսափթիթ, դրանից  վսեմ  լուսեղեն  հեքիաթ  աշխարհում  չկա, սիրիր,  քանի կաս, սիրիր  մշտատև, քանի  ապրում  ես  այս  արևի  տակ, կյանք  չկա  առանց    ըղձալի   սիրո   հրավառության. սա  է  պատգամը  ունա՜յն, ախ, ունայն, այս   ունա՜ յն   կյանքի...

       
11
Այս գիշեր
        

 Սիրո խոսքեր մի ասա այս գիշեր։
 Եկ այս  գիշեր չխոսենք, սիրո  մասին չխոսենք։   Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ,  չեմ խոսի,  ու դու ևս մի խոսիր՝   սիրո մասին այս գիշեր։
         
Աստվածային  դու պարգև, վսեմաշուք  ինձ շնորհ՝ թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ,  քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն,  քո պահվածքով  եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա՝ նեֆերտիտյան  համարյա – խելքահան ես արել ինձ։
            Ասա, ինչպես,  ախ, ինչպես  ես  խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակշուրթերը քո մեղրահյուս, մատները  քո նրբատաշ,   հասակը   քո նրբատեսք՝  բարակիրան, սլացիկ՝   ինչպես   բարդի մի մատղաշ։  Ախր,  ինչպես, ախ,    ինչպես չկորցնեմ ինքս  ինձ՝ տարված  քեզնով,   քո սիրով
        Սիրո խոսքեր մի ասա,  խոսքերը կայրվեն    կրակում,   մի   ասաոչինչ   այս  գիշեր...Այս գիշեր խճողիր մազերս,  թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր:  Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու  ինձայս գիշեր քո  կրքով։ Այս գիշեր  մինչև լույս ինձ պահիր գրկիդ  մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:


    12.                           
Է  Լ  Ե Գ  Ի  Ա


                    Ես     ապրում եմ  անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ,  ոչինչ չունեմ՝  ոչ ներկայում,   ոչ գալիքում.    լոկ  վաղեմի  հուշն է պահում ինձ այս կյանքում։
            Ամեն   ինչի   հուշը անցած՝  լուսափթիթ վառ մանկության,  պատանության արևը ջինջ ու հրավառ,  հուշն իմ սիրո՝  հին օրերի շղարշի մեջ՝  անմեկնելի,  անմատչելի,  ձգում է ինձ,  կանչում է ինձ հեռուներից անարձագանք։
Նա    վերստին   հառնում  է  իմ  հուշերի   մեջ,   սերն  իմ   անմար,    լույսի նման  փայլ  է   տալիս տարիների   հեռու   հեռվում՝   հրացայտ   սև   ու    ծիծաղկուն  իր   աչքերով    ու  իր    տեսքով     լուսաժպիտ՝   կախարդելով   հոգեհմա։   Այդ հուշերում    երկուսով    ենք,    դրախտի      պես   մի   տնակում՝   այգու    ծայրին,    ուր   զրնգուն    գալարվում    է    գետը   ձորում,   շուրջը՝    անտառ   հնամենի,   առվի  խոխոջ,   վարդի   բուրմունք,    արտույտի   երգ՝   այգուց   անդին,  ձույլ   հասկերով    մեղմ  ալիքվող  արտերի   մեջ,   կարկաչ   ծիծաղ,  գիրգ   շուրթերի   կրքոտ հպում…Ո՜վ,  իմ   Աստված,   եղե՞ լ է դա,    թե    երա՞ զ   է,  մտապատրա՞ նք՝    ծնված այրող    իմ    կարոտից։
               Ես     ապրում   եմ   անցյալի   մեջ… Ներկա   կյանքում   ես   տեղ   չունեմ.   լոկ  վաղեմի      հուշն    է  պահում  ինձ  այս  կյանքում։


             13.                             
 Չ Գ Ի Տ Ե  Մ,     Չ Գ Ի Տ Ե Մ...



   Կռիվ  ու  վեճ  է  իմ  մեջ.  շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ  ես՝ արարած   մի   խեղճ, չգիտեմ  ում  լսեմ  և  ում  հավատամ- չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին  կանգնեմ  պաշտպան ,  որին  գնամ  ընդդեմ...
     Բանականությունն  իմ  հանդիմանում  է.  մոռացիր  դու  նրան, որ  ամեն  ինչ  անցած  է  արդեն, որ  էլ  վերադարձ  չկա,  ուրիշի  կին  է  նա,  քեզ  համար՝  չկա, հասկացիր, չկա ու  չի   լինելու, իսկ  սիրտն  իմ՝  նա  կա, քո  մեջ  է  նա  միշտ, անցյալն  է  քո  նա,  անցյալը՝  նրա  սիրով  անշեջ,  ապրում  է  քո  մեջ  ու  կապրի   ընդմիշտ,  քանի  դու  կաս, շնչում,  ապրում  ես  այս  բորբ  արևի  տակ...
     Մոռացիր, մոռացիր, մոռացիր  դու  նրան: Ի՜նչ  հեշտ  է  ասել՝ մոռացիր, մոռացիր  ամեն  ինչ. աչքերի  փայլը,  հայացքը  նրա, ձայնն  ու  ժպիտը, շունչը  նրա   ջերմ, հառաչանքը  թույլ,  քնքշանքը  նրա, գիրգ   շրթունքների  հպումը  այրող, մատների դողը   իմ  մերակներին, նրա  մոլուցքը՝  քնքուշ,  անհագուրդ   ու  սիրահարույց...
     Ի՞նչ  ասեմ, ես  ի՞նչ, բանականությանը   ես   իմ  անզիջում   և  իմ  հեգ  սրտին, ի՞նչ  ասեմ   ես, ի՞նչ, ես՝ խեղճ  արարած, անպաշտպան  գերի՝   գիշեր  ու  զօր  նրանց  վեճին   ունկնդիր...

14.                      
  Պ Ա Տ Ա Ն Ե Կ Ա Ն


             Այդքա՛ն սիրուն,  վեհատեսիլ,  անմատչելի  ու նրբիրան  ինչպես  բարդի՝ կանգնած ես  միշտ   դու իմ ճամփին։
              Այդքա՛ն սիրուն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու բարետես,  վեհասքա՛նչ ու նրբագեղ՝ չեմ տեսել ես  և ոչ  մեկին ու ոչ մի տեղ…
              Այն օրվանից, ինչ քեզ տեսա  և այն պահից, երբ նազանքով  շեղ նայեցիր՝  սև,  շողշողուն  քո աչքերով  ինձ ծիծաղկուն. սիրտս  դողաց  միանգամից,  միանգամից  կյանքս փոխվեց։
  Քո կազմվածքով՝ զուտ նաիրյան, քո մատներով  հանց  սրբատաշ, պարանոցով անչափ ողորկ՝ հանց մարմարյա, քո քայլվածքով՝  շորորուն ու հեզաճկուն,  ժպիտներով՝  գիրգ շուրթերիդ չնաշխարհիկ  ու դնչիկով  հրապուրիչ
ու էրոտիկ -  խելքամաղ ես  արել դու ինձ։
                Ասա, անգին,  ի՛նչ անեմ ես, որ հասկանաս  դու   իմ հոգին։ Հո չե՞ս ուզում սիրուց գերված՝  ես խենթանամ  և  ամենուր  և  ամեն օր,  գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունդ տամ, ճամփադ պահեմ։
                Ասա դու ինձ,  ի՛նչ անեմ ես, որ ինձ սիրես.  ախր, շատ եմ  տարված  քեզնով, իմ անուշիկ։ Արար աշխարհ  գնա ման եկ, իմ աննման,  չես գտնի դու  ուրիշ   մեկին,   որ քեզ  սիրի նա  ինձ նման…
՝            Այդքա՛ն սիրուն,  վեհատեսի՛լ,  անմատչելի  ու նրբիրան  ինչպես  բարդի՝  սքանչելի՛, գայթակղի՛չ ու կախարդի՛չ, չքնաղագե՛ղ, չնաշխարհի՛կ,  վեհասքա՛նչ ու նրբագե՛ղ՝  չէ,  չեմ  տեսել ես  և ոչ մեկին  ու  ոչ մի տեղ…

         15.
             Ա Ն  Ր  Ջ Ա  Ն  Ք    
         
Հանդիպումը   նախանշան  երևի`   սահմանված   էր   ի վերուստ,որ  ես քեզ  հետ, դու  էլ  ինձ հետ` պիտի    անցներ   դրախտային մեր  ուղին։
      Որ կյանքը  իմ   ես   քեզ   տայի    անմնացորդ, որ  ապրեիր  միայն  ինձնով, որ շնչեի   միայն  քեզնով, որ   նայեի  աչքերիդ   մեջ  ծիծաղավառ,    որ   հալվեի  քո   հայացքից   հոգեհմա,   ձայնդ  թավշյա  միշտ   լսեի   հանց  մեղեդի,  գիրգ  շուրթերիդ  բույրն  ըմպելով`    խենթանայի,   քեզ   նայելով`   նախանձեի,   նախանձեի ես  իմ      բախտին։
        Սակայն չեղավ, ավաղ, չեղավ,   այդպես   չեղավ, անեղծ   սիրով  մենք   անբաժան` մենք միասին  երբեք   չեղանք,   կյանքը` դաժան,   մեզ   իրարից  արեց    բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր,   տարբեր ափեր  մենք   նույն  գետի`     անցանք    ճամփան   մեր   անխոտոր`  երազելով  մեկս մեկին,    հեռվից - հեռու   լուռ   տենչալով   մենք    իրարու։
       Ինչ է մնում  ինձ  անելու` ոչինչ ոչինչ:        Կորցնելով,   ախ, ես  նրան,  էլ   կորցնելու    ոչինչ   չունեմ։  Մի  հույս    է    լոկ   ինձ    փայփայում,   որ   երբևէ  կհանդիպենք եթե  ոչ   այս,   այլ`   մեկ  ուրիշ,   մեկ    այլ    կյանքում`    ոսկեշղարշ     արևից    վեր,    լույս    երկնքում:
                                                 Սանկտ - Պետերբուրգ