пятница, 3 февраля 2012 г.

ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ


  

 ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ



                        





                       Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք        



Դեղձենիներ շատ կան մեր գյուղում։ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո։ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների։

Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է։

Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում։ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն։

Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ։ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին։ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան… Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը։ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ ''Արինա''։

''Արինա'',- լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ,  ասես լսվում է հեռու-հեռվից։ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը։ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն…



                                           1.



Աշուն է։ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված  մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով։ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս,  զիգզագվելով  գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում։

Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ  կատուն՝ Չյուչան,իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.

-Մի-ա-ա-ո՜ւ…

- Չյուչա,ձայնդ կտրի,-ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան։- Իջիր,-գոռում եմ։

Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝

-Մի-ա-ա-ո՜ւ…

Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց։ Պարզ է, նրան իմ թույտվությունն է պետք։

-Լավ, գլուխ մի տար,- ասում  եմ ես։-Նստիր։

Եվ նորից նայում եմ ներքև,  ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած։ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից,  երևի  ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր,  հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած։ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ  բարձր սարին,  ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը  փոշի հանելով,բառաչելով գյուղ է մտնում։

-Բիժո՜ւմ, բիժո՜ւմ,-այգու այն կողմից լսվում է Հովիկի ձայնը։ Նա ձեռքը պարզած գնում է հորթի ետևից. ասես աղաչում է նրան, որ վերջապես լսի իրեն, կանգնի։ Արագ ցած եմ թռչում պատշգամբից և վազում փողոց՝ Հովիկին օգնելու։ Մի քանի քայլ դեռ չարած, իմ ականջին է հասնում ինչ-որ մեկի հեռավոր ձայնը.

-Աբի՜կ…

Ինձ են կանչում, թեպետ իմ անունն, իհարկե, ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ։ Մեր կողմերում այդպիսի մանրունքներին չեն նայում։ Հայրապետը երկարաշունչ անուն է, ասում են, ու կրճատ՝ Աբիկ են կոչում։ Նորից են կանչում, ու ես շրջվում, նայում եմ այն կողմը, որտեղից գալիս է ձայնը։ Այնտեղ, ուր ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ, ճանապարհի եզրին, մենավոր դեղձենու տակ մի բեռնատար է երևում, բեռնատարի մոտ՝ մի տղա ու մի աղջիկ։

Արևը հրաժեշտի իր հանգչող շողերով ոսկեզօծել է  հեռավոր անտառները, իսկ ձորերում հետզհետե խտանում են ստվերները։ Մի պահ նայում եմ նրանց՝ այդ տղային ու աղջկան, բայց ճանաչել չեմ կարողանում։ Հովը խաղում է աղջկա շրջազգեստի հետ, որը, չգիտես ինչու, ինձ այնպես է թվում, թե անպայման կինամոնագույն է, իսկ տղան հանել է գլխարկը և երկար թափահարում է օդում՝ ինձ է կանչում։ Ճանաչել չեմ կարողանում ու զարմանում եմ նույնիսկ, թե ինչու են կանչում ինձ։ Որպեսզի արագ վազեմ՝ հանում եմ կոշիկներս,գուլպաներս խոթում եմ գրպաններս և կոշիկները   ձեռքս  առած՝ տների ու տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ կարճ ճանապարհով ոտաբոբիկ թռչում եմ դեպի այնտեղ, ուր կանգնել են տղան, աղջիկը և բեռնատարը։ Առջևում ձոր է, որով գարնանը, երբ սարերում հալչում է ձյունը, ափեափ լցված հոսում են պղտոր ու փրփրած ջրերը։ Ես վազքաթափով իջնում եմ ձորը։ Համարյա մի շնչում անցնում եմ այն, ոտքերս ցավեցնում են մանրիկ խճաքարերը, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում, վազելով գնում եմ։ Իսկ երբ արդեն ձորից ելել և բավականին մոտեցել էի մենավոր դեղձենուն, հանկարծակի կանգ առա, որովհետև ճանապարհի եզրին ոչ բեռնատար կար և ոչ էլ տղան, որ օդում թափահարում էր գլխարկը։

Դեղձենու տակ, կաշվե փոքրիկ ճամպրուկի վրա միայնակ նստել է լայքայե սև պլաշչով բարակիրան մի աղջիկ և ցածրաձայն երգում է։ Մեղմ քամի է, քամին իր քնքուշ թևին առած բերում է անծանոթ աղջկա քնքուշ ձայնը.



                       Ամպեց, կորա՜վ լուսընկան,

                       Արտե՜ր, մտեք քուն,

                       Արտո՜վ կանցնի իմ ճամփան,

                       Կերթամ յարիս տուն…



Հետո քամին  քիչ սաստկանում է։ Դեղձենու տերևները ամբողջապես դողում, սվսվում են։ Տերևները լարվում, ձգվում  են քամու ուղղությամբ, շուռ գալով  իրենց հակառակ, արծաթագույն կողմի վրա։ Կոշիկներս արդեն հագած՝ես կանգնել եմ հեռվում ու չեմ համարձակվում առաջ գնալ։ Իսկ մենավոր դեղձենին աղմկում է ժայռից թափվող ջրվեժի նման։ Աղջկա ձայնը մարում, կորչում է աղմուկի մեջ։

Ես գիտեմ այդ երգը, մեր գյուղի համարյա բոլոր աղջիկները  երգում են այն։Հանդից տուն գալիս կամ առավոտյան աշխատանքի գնալիս նրանք հաճախակի են երգում, և նրանց զրնգուն ձայնը տարածվում է համայնական դաշտերի վրա։ Երգը ինչ-որ սևաչ տղայի ու կանաչ արտերի մասին է։ Վատ երգ չէ, միայն մի քիչ շատ է թախծական։ Վերջապես հանդգնում, մոտենում եմ աղջկան։

-Ահ, եկա՞ր,- արտաբերում է աղջիկը, ընդհատելով երգն ու ելնելով տեղից։ Նա լայն ժպտում է և այդպես ժպտալով էլ դանդաղ մոտենում է ինձ։ Իմ սիրտը սկսում է խփել արագ ու անկանոն։ Նա իմ ձեռքն առնում է իր տաք ափերի մեջ։

-Այս ինչքան ես մեծացել։- Աղջկա ոչ բարձր, թավշյա ձայնը հնչում է ինչպես մեղեդի։ - Դու արդեն մեծ տղա ես դարձել։

Ես շփոթված նայում եմ նրան, ջանալով մտաբերել, թե երբ և որտեղ եմ տեսել նրան, որովհետև դեմքը ինչ-որ ծանոթ է թվում, սակայն հիշել չեմ կարողանում։ Նրա մազերը, ինչպես ոսկեջրում լվացված, փայլփլում են,  աչքերը բաց շականակագույն են՝ ինչպես դեղնած հաճարկենիների ետևից երևացող լուսաբացի դարչնագույն երկինքը։ Սպիտակադեմ է նա,  փքուն  շուրթերի ծայրերին՝ ծիծաղի կտորներ, նա երկար դիտում է ինձ, և նրա վարդարմիր շուրթերը թեթևակի ծռմռկվում են՝ մեկ ժպտալով, մեկ զարմանքի ու հիացմունքի արտահայտությամբ։

Հենց առաջին հայացքից նա ինձ անչափ դուր է գալիս, ասես վաղուց, շատ վաղուց գիտեմ նրան, ասես նա իմ հարազատն է, որ եկել է հեռո՜ւ-հեռու ինչ-որ տեղից։

Ես զգում եմ, թե շփոթվածությունից ինչպես է քրտնում ճակատս։ Նման դեպքերի համար կա տարածված մի նախադասություն, որ փրկում է մարդկանց։ Ես նույնպես ասում եմ այդ նախադասությունը, թեպետ նա բոլորովին անծանոթ է ինձ։

-Ինչպե՞ս եք։

-Գերազանց,- պատասխանում է աղջիկը։ Իսկ հետո հանկարծ խճողում է մազերս։ - Աստված իմ, այս ինչքա՜ն է մեծացել, հավատս չի գալիս նույնիսկ։

Իսկ ես դարձյալ ցցվել եմ ոնց որ քարե արձան ու ոչինչ չեմ խոսում։ Ես պարզապես բառ չեմ գտնում ասելու։ Ախր, ինչ ասես միանգամայն անծանոթ աղջկան։ Այդ մեծերն են, որ մի րոպեում կարող են հազար բառ հնարել, իսկ ես… Եվ դեռ ասում է, թե իբր մեծ տղա եմ դարձել արդեն։ Մեծ լինեի, այսպես չէի կորցնի ինձ։

Քամու թեթև պոռթկումից  ոսկեզօծ  թանձր մազերից մի փունջ ընկնում է ճակատին, նա գլխի նրբագեղ շարժումով մազափունջը կրկին նետում է ետ և ասում.

-Գնա՞նք։

-Գնացինք,-  մեծավարի  ասում եմ ես, վերցնում եմ աղջկա ճամպրուկը և լուռ քայլում  առջևից: Ճամպրուկը այնքան էլ ծանր չէ, մի մատով անգամ կարող եմ բարձրացնել:

-Իսկ ո՞ւր է բեռնատարը,- հարցնում եմ ես, շրջվելով աղջկա կողմը։- Այստեղ մի բեռնատար կար կանգնած։

-Կարծեմ, գնաց կալեր՝ բեռը թափելու, երևի  ուշանում էր,- անփութորեն ասում է աղջիկը։- Սիրում եմ ոտքով գնալ։

Դե որ այդպես է, ոտքով գնանք։ Ինձ համար միևնույնն է։ Բայց զգում եմ, նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից։ Հետաքրքիր է, ո՞ւմ մեքենան էր։ Ոնց որ Արմենի բեռնատարն էր։ Համարանիշը չէր երևում։

-Իսկ ի՞նչ բեռնատար էր, չե՞ս հիշում։

-Դժբախտաբար, չեմ հիշում,- կողքանց զննելով ինձ, կկոցուն աչքերով ժպտում է նա, և, հավանորեն, խոսակցության նյութը փոխելու նպատակով, ավելացնում է,- ուրիշ տեղ քեզ տեսնեի, չէի ճանաչի, Աբիկ։ Շատ ես փոխվել։

Երևի, իմ գոյության ամբողջ ժամանակաընթացքում առաջին  անգամ ինձ դուր չի գալիս այդ ''Աբիկը''։ Մի տեսակ ոնց որ քնքուշ է հնչում, բայցև  միևնույն ժամանակ ծաղրական ինչ որ բան կա մեջը։ Եվ ես ասում եմ.

-Անունս Աբիկ չի…

-Ո՞նց թե,- զարմանում է նա։- Բա ի՞նչ է։

-Աբիկ չի,-կրկնում եմ ես համառորեն ու, նույնիսկ, ինքս էլ չգիտեմ ինչու, մի քիչ էլ զայրացկոտ։- Անունս ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ։ Իմ ծննդյան վկայականում այդպես էլ գրված է՝ Ոսկանյան Հայրապետ։

Աղջիկն անսպասելի սկսում է ծիծաղել։ Գլուխը  քիչ թեքած՝ նա  ծիծաղում է ուրախ ու բարձրաձայն։ Նրա ծիծաղի մեջ մի կարճ ակնթարթ կորչում են տերևների սոսափյունն ու Բարակ ջրի կարկաչը։ Հետո նա, ձյունից էլ ճերմակ ատամներով սեղմելով ստորին շրթունքը, ժպտուն նայում է ինձ:

-Դու հրաշք տղա ես, Աբիկ,- ի վերջո ասում է նա:

Դարձյալ՝ ''Աբիկ''… Ես կանգնում, նայում եմ նրան. ոնց որ փոքր երեխայի հետ լինի խոսելիս։ Ես ուզում եմ կրկին անգամ քաղաքավարությամբ հիշեցնել նրան իմ իսկական անունը, բայց աղջիկն ասես կարդում է իմ միտքը։

-Ոչ,- ասում է նա:- Հայրապետը երկար անուն է, ինձ «Աբիկն» ավելի  է դուր գալիս։- Ավտոմեքենայի ցոլալապտերներ հիշեցնող նրա խոշոր աչքերը շողշողում են ինչ-որ անհասկանալի փայլով՝ ոչ այն է խնդրական, ոչ այն է ծաղրանքով։ Դե արի ու փորձիր դիմանալ այդ հայացքին։ Ու ես ասում եմ.

-Լավ, կոչիր  ինչպես քեզ դուր է գալիս,- ակամա ժպտում եմ ես։- Քեզ կարելի է։

-Շնորհակալություն, դու բարի սիրտ ունես, Աբիկ։

Սա ուղղակի ապշեցուցիչ է։ Հիմա ինձ դու է գալիս «Աբիկը»։ Ու, հավանորեն, վիրավորվեմ նույնիսկ, եթե նա հանկարծ ուզենա լրիվ անունով կոչել ինձ։ Չէ, շատ հետաքրքիր ու զարմանալի է աշխարհի բանը… Եվ ես, համարյա չզգալով ճամպրուկի ծանրությունը, քայլում եմ առաջ, բայց այնպես, որպեսզի շատ առաջ չընկնեմ, կարողանամ ժամանակ առ ժամանակ գաղտնաբար նայել նրան։

Ես անհարմար եմ զգում հարցնել, թե ով է նա, որտեղից է եկել և ինչո՞ւ հատկապես ինձ կանչեցին։ Իսկ ո՞վ էր բեռնատարի վարորդը, որտեղի՞ց էր ճանաչում նա ինձ։ Կարո՞ղ է հարևան գյուղից է: Այնուամենայնիվ, զարմանալի է։ Ոչինչ, եթե պետք լինի, ինքը կասի։ Աղջիկը մեկ նայում է հեռավոր լեռների կողմը, ուր արևը մայր է մտել արդեն, մեկ կանգնում, կկոցված աչքերով նայում է ձորերից ելնող ճանապարհին, որը հետզհետե ընկղմվում էր մթության մեջ։ Ես նույնպես շրջվում, նայում եմ ձորերի կողմը։

-Հրե՜ն Թարթառի ձորը,- մի բան ասած լինելու համար ասում եմ ես։

-Ո՞րն է,-աղջիկը թեթևորեն հպվում է թևիս՝ դյութելով ինձ օծանելիքների անուշիկ բուրմունքով։ Նա կրկին սովոր շարժումով ճակատին ընկած մազերը նետում է ետ, լարում ուշադրությունը։- Ո՞ւր է, ես ոչինչ չեմ տեսնում։

-Այստեղից չի երևում։ Հրե՜ն, նայիր ներքև, տեսնո՞ւմ ես  այն խոր ձորը՝ լցված մշուշով։ Այդ ձորով, անտառների միջով է հոսում Թարթառը։ Պատահում է, ամռանը տղաներով գնում ենք  գետում լողանալու կամ ձուկ բռնելու։ Իսկ Թարթառից այն կողմ Մռավա սարն է…

Սար ու ձոր, հանդ ու անտառ ծածկվել են իրիկնային փափուկ շղարշով, մերդ ընդ մերթ բեկբեկուն կանչում  են գիշերային հավքերը, իսկ այնտեղ, հեռվում, ինչպիսի հեքիաթային տեսարան, Մռավա սարի կատարները ողողված են դեռ ոսկեշղարշ  արևով։

Աղջիկը անթիվ, անհամար սար ու ձորերի վրայով երկար նայում է Մռավա սարի կողմը։

-Աստված իմ, ինչ գեղեցիկ աշխարհ է…-ինքն իրեն, միայն շուրթերով  շշնջում է աղջիկը՝ հայացքը երկար չկտրելով Մռավա սարից, և այդպես էլ հայացքը հեռուներին, ասում է.- Զարմանալի է, իսկ ինչո՞ւ առաջ չեմ տեսել այս ամենը։

-Ե՞րբ։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն, նա անսպասելի ասում է.

-Դու քանի՞ տարեկան ես, Աբիկ։

-Հայրս ասում է, որ արդեն փոքր չեմ,- փորձում եմ կատակել:

-Պարզ է,-գլխով է անում աղջիկը։- Մի ժամանակ ես նույնպես փոքր չէի։ Ես հիմա էլ փոքր չեմ, չէ՞, Աբիկ։ Դու համաձայն չե՞ս ինձ հետ։

-Համաձայն եմ,- ակամա ժպտում եմ ես, իսկ հետո, չգիտես ինչու, ասում եմ.-Մեր գյուղը շատ է գեղեցիկ։ Ամբողջ աշխարհում այդպիսի գյուղ չկա։ Իսկ աշնանն այն արտասավոր կերպով գեղեցիկ է։                                     

-Աշունն ամեն տեղ էլ գեղեցիկ է,- ասում է աղջիկը:

-Չգիտեմ,գուցե,-թոթվում եմ ուսերս։- Աշնանը ես ոչ մի տեղ չեմ եղել. դպրոց եմ գնում։

Մենք մտնում ենք ձորը, որոշ ժամանակ քայլում ենք լուռ, , ինչ-որ տեղ, անտառի խորքում տագնապով ծղրտում է բուն. գիշերային որսի է պատրաստվում երևի։ Անախորժ է նրա ծղրտոցը, անսովորությունից զարհուրել կարելի է։ Գուցե դրա համար է, որ աղջիկը ձեռքով թեթևակի դիպչում է իմ ուսին և կամացուկ ասում.

-Ինչ սարսափելի է… Այդ ո՞վ էր այնպես կանչում։

-Գիշերային բու է,-անհոգ ասում եմ ես։- Վախենալու ոչինչ չկա։ Իսկ ձեզ մոտ ինչ է, բու չի՞ լինում։

-Ոչ,- չգիտես ինչու հառաչում է նա։- Մեզ մոտ չի լինում։ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ։ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես,- անսպասելի հարցնում է աղջիկը։

-Իհարկե,-իսկույն ասում եմ ես։

-Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը։ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ։ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում։

Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ  չի ստացվում։ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում։ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է։ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով։

-Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է,-բացատրում եմ ես,- քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է։ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է։

-Գիտեմ, Աբիկ,- ասում է աղջիկը։ Ես տարակուսանքով նայում եմ նրան։ ''Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի''։ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում։ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.

-Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ։ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ։ Եվ այդ օրվանից  արդեն  մի  քանի տարի է անցել։

-Մի քանի տարի է անցե՞լ,- ինքնաբերաբար ասում եմ ես։

-Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իներորդ դասարան։ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր։

-Իսկ որտե՞ղ էիր ապրում,- զգուշորեն հարցնում եմ ես:-Ու՞մ տանը:

--իհարկե, ձեր,- ասում է նա ժպտուն:-Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ,Աբիկ:

Ուրեմն մեր տուն ենք գնում... Ես քիչ է մնում  խենթանամ ուրախությունից: Հետո նա  լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը։ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ։ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան։ Լինում է, չէ՞, այդպես։ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել նրան խոսակցությամբ։

-Իսկ գարնանը մեր Բարակ ջուր գետը վարարում, դղրդյունը բռնում է սար ու ձոր,- ասում եմ ես։

-Մի՞թե,- մտացիր կերպով ասում է աղջիկը։

-Այո։ Եվ այն էլ ինչպես։ Երբեմն, երբ լեռներում սկսում է ձնհալը, արմատահան արած վիթխարի ծառեր է բերում։ Իսկ  նախանցյալ տարի  գյուղի ներքևի  մասից՝ ղուլունց թաղից, մի գոմեշ քշեց։ Համարյա ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, վազում էր գետի հետ, բայց, դե, ի՞նչ կարող էին անել…

-Իսկ հիմա ոչինչ չի՞ քշում։

-Հիմա՞…- ես քմծիծաղում եմ։- Աշնանն ինչ պիտի քշի, հիմա միայն դեղին տերևներ է բերում ծմակներից ու մեկ էլ գիշեր-ցերեկ անդադար վշշում է ձորում։

 Մենք մի պահ կանգնում, լուռ ականջ ենք դնում։ Ներքևում, մթության մեջ, իրոք, կամացուկ, միալար վշշում է մեր սիրելի Բարակ ջուրը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ…

-Հետաքրքիր է,- արտաբերում է աղջիկը դարձյալ մտացիր կերպով, բայց ես պարզորոշ տեսնում եմ. նրան բոլորովին հետաքրքիր չէ ոչ այն, որ մեր գյուղական գետակը գարնանը վարարում, ծառեր է քշած բերում իր հետ, ոչ էլ այն, որ աշնանը այն բարակում, մանրիկ խոխոջում է քարերի մեջ։ Եվ, իսկապես, ինչ մի հետաքրքիր բան կա այստեղ։ Գետն էլ նրա համար է, որ վարարի ու վշշա։ Ես արագ փոխում եմ խոսակցության թեման։

-Քեզ դուր է գալիս, չէ՞, մեր գյուղը։

-Այո, գեղեցիկ գյուղ է։ Հանդ ու սարերով, անտառներով    շրջապատված, հեքիաթային:

-Գարնանն ավելի է գեղեցկանում,- ուրախացած ասում եմ ես, որովհետև իսկույն տեսնում եմ՝ նրա մեջ կրկին հետաքրքրություն է առաջանում զրույցի նկատմամբ։- Ծառերը ծաղկում են, այգիներում ճռվողում են թռչունները, անտառից լսվում է մայր կկվի ախորժալուր ձայնը…

Աղջիկը հանկարծ շրջվում, ցույց է տալիս գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի տակ քիչ առաջ նստած էր ինքը և ասում է.

-Այդ դեղձենին նույնպե՞ս ծաղկում է։

-Այն էլ ո՜նց,- ետ շրջվելով պատասխանում եմ։- Գյուղում առաջինը հենց այդ  դեղձենին նին է ծաղկում։

-Եվ դու, իհարկե, կտրում ես ծաղկած ճյուղերը,- ասում է նա։

Ճշմարիտն ասած, կյանքում այդ ծառից մի ճյուղ անգամ չեմ կտրել ։ Ինչի՞ս է պետք։ Բայց չգիտեմ ինչու, ասում եմ.

-Այո, կտրում եմ, շատ գեղեցիկ ծաղիկներ ունի՝ կարմիր, մանուշակագույն։ Կտրում եմ հատկապես այն ճյուղերը, որոնց վրա ծաղիկներ շատ կանի։

Աղջիկը նայում է ինձ ոչ այն է զայրացկոտ, ոչ այն է դառնացած, և ասում է.

-Եվ չես ափսոսում, չէ՞…

-Ի՞նչը, - քիչ է մնում բռնի ծիծաղս։

-Ծառը,- ուղիղ նայելով ինձ, ուշացումով արտասանում է աղջիկը։- Աբիկ , խոսք տուր, որ այլևս այդ ծառից  երբեք-երբեք ոչ մի ճյուղ չես կտրելու։ Չէ՞ որ այդ ճյուղերը ևս ապրել են ուզում,-ավելացնում է նա՝ երկար նայելով աղջամուղջի մեջ կանգնած մենավոր դեղձենուն։- Նրանք նույնպես սիրում են կյանքը, սիրում են գարունը։ Երբ դու կտրում ես այդ ճյուղերը, նրանք կորցնում են իրենց գարունը։ Հասկանո՞ւմ  ես, նրանք մեռնում են հավիտյան և այլևս երբեք չեն տեսնում այն ծաղիկները, որ լինում են ամեն տարի, երբ գալիս է գարունը, և ծառերը ծաղկում են նորից։ Առաջին անգամ եմ լսում, որ դեղձենու ճյուղերը նույնպես ապրել են ուզում և որ, իբր, նրանք նույնպես սիրում են գարունը։ Շատ է զարմանալի։ Բայց այստեղ ես հանկարծ հիշում եմ. պատահում է, հենց այնպես կացնով խփում ես ծառի բնին, և իսկույն ջուր է հոսում կտրված տեղից։ Ով գիտի, գուցե ծառերն էլ լաց են լինում և այդ ջուրը՝ արցունքն է նրանց։ Ես խոստանում եմ, որ այլևս չեմ դիպչի ոչ մի ծառի, առավել ևս՝ մենավոր  դեղձենուն։ Ուզում եմ էլի ինչ-որ բան ասել այդ ուղղությամբ, բայց արդեն ուշ է, որովհետև հասել ենք մեր դարպասին, և մեր շունը՝ Չալկան, երկար ականջները ծափ տալով, նետվում է մեր ոտքերի տակ, ուրախությունից այս ու այն կողմ է նետվում, թավալվում գետնին, ինչ-որ ձայներ հանում։

-Չի մոռացել ինձ,- հրճվում է աղջիկը, խոնարհվում, գրկում է Չալկային։ Չալկան գլուխը թեքած, անքթիթ նայում է նրան, պոչով ավլում գետինը, ուրախությունից կրկին թավալվում։ Հիմարացել է լրիվ։

Մենք մտնում ենք բակ, և ես կանչում եմ.

-Մա՜մ…

Քիչ անց բացվում է պատշգամբի դուռը։ Մազերը գլխին փունջ արած՝ սանդուխքին հայտնվում է մայրիկը։

-Էդ որտե՞ղ ես, այ տղա…

Սակայն մայրիկը չի հասցնում հանդիմանել ինձ, մի պահ զարմանքով նայում է ինձ հետ եկած աղջկան և շտապ իջնում է սանդուխքներով։

Ես մեկ աղջկան եմ նայում, մեկ՝ մայրիկին։

-Արինա…-Մայրիկը ձեռքերը տարած ընդառաջ է գալիս և, անկարող զսպելու արցունքները, աղջկան առնում է գիրկը։- Իմ սիրելի, իմ հարազատ աղջիկս… Այս ո՞ր քամին է քեզ բերել մեր կողմերը…

Եվ զարմանալի բան. աղջկա այտերով նույնպես հոսում են արցունքները։ Մարդ չի կարողանում հասկանալ այս կանանց. նրանք ուրախության ժամանակ անգամ լալիս են, փոխանակ, ընդհակառակը՝ ծիծաղելու։

-Աբիկ,-արագ կերպով շրջվելով իմ կողմը, ասում է մայրիկը։- Շուտ վազիր գրասենյակ, հայրիկին գտիր, ասա թող գա տուն։

Ես սլանում եմ դեպի կոլտնտեսության վարչության շենքը, որն այնքան էլ հեռու չէ մեր տնից։

-Ասա, թող շուտ գա,- իմ ետևից ձայնում է մայրիկը։- Ասա Արինան է եկել Բաքվից…

Բաքուն է ուրեմն այդ քաղաքը… Եվ ոնց է, չկարողացա կռահել։ Եվ դեռ ասացի, որ աշխարհագրություն լավ գիտեմ։ Ամոթ ինձ։



                                                        2.



Մեր գյուղում Արինա անունով աղջիկ չկա։ Ես առաջին անգամ եմ այդպիսի անուն լսում, և այն ինձ անչափ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս ոչ միայն նրա անունը, այլև այն, որ նա միշտ ժպտում է, և նրա ժպիտը անկեղծ, սիրալիր ու մի քիչ էլ թախծական է։

Ես նայում եմ դիմացի անտառապատ բարձր սարին, որը Մատուռի ձորից ելնելով, բուրգաձև բարձրանում, հասնում է մինչև երկինք։ Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար  ու ձոր  անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արինան։

Այո, մեր գյուղում Արինա անունով աղջիկ չկա։ Սիրուն է Արինան։ Նրբագեղ կազմվածք ունի նա, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով։ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել։ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա։ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում։ Արինայի նմանը չկա։

-Վըշ-շ-շ, վըշ-շ-շ…-դարերից եկող իր հնամյա երգն է մանում մեր Բարակ ջուր գետակը, և անտառի խորքից մերթ ընդ մերթ նրան ձայնակցում է բուն՝ երկար ու տագնապալից։

Արմունկներով պատշգամբի բազրիքին հենված, ես լուռ ունկնդրում եմ գիշերային ձայներին։

Այգում հազիվ տեսանելի օրորվում են ծառերը, և իրիկնային  լռության մեջ ես պարզորոշ տեսնում եմ, թե տերևներն ինչպես են օդում թրթռում, հետո, կամացուկ իջնում հողին։ Այգու խորքում՝ ոչ այն է ցանկապատում՝ մոշի թփերի մեջ, ոչ այն է ծառերի տակ, իրար ընդհատելով, անհոգ, անդադար երգում են ծղրիդները։

Նայում եմ երկնքին։ Այսօր աստղերն աներևակայելիորեն պայծառ ու խոշոր են։ Մեծ, կլոր լուսնյակը թափընթաց սահում է  անդնդախոր ձորերի, անտառների ու  լեռների վրայով՝ արար աշխարհ ողողելով իր արծաթ շողերով։  

-Պապա,- ասում եմ ես,- լուսի՞նն է հեռու, թե Բաքուն։

Հայրիկը ծիծաղում է։

-Դու արդեն մեծ տղա ես,-ասում է նա,- և քեզ համար ամոթ է այդպիսի հիմար հարց տալը։

-Ինչո՞ւ։

-Նայիր երկնքին։ Ի՞նչ ես տեսնում էնտեղ։

-Աստղեր։

-Հետո՞:

-Լուսին:

-Ճիշտ է։ Իսկ Բաքուն երևո՞ւմ է։

-Ոչ։

-Դե, ուրեմն, գնա ու լավ մտածիր, տես, թե ո՞րն է ավելի հեռու։

Իմ հարցը երևի շատ էր բարդ, որովհետև հայրիկիս  պատասխանն ավելի բարդ էր. ես ոչ մի բան չհասկացա նրա ասածից։ Հայրիկս սիրում է հանելուկներով խոսել:  Փիլիսոփայելու ժամանակ է գտել։

Կաղնախաչ բարձր սարի կողմերում հրացանի կրակող լսվեց: Կրակոցից լուսինը ճոճվեց տեղում ու կրկին շարունակեց ճանապարհը մուգ կապույտ երկնքով։

 Այնտեղ, Կաղնախաչի հեռավոր լեռնալանջին կրակոցը կրկնվեց։ Որսագողեր են երևի։ Ես նորից ու նորից մտածում եմ Արինայի մասին, հիշում եմ, թե նրա կաս-կարմիր շուրթերն ինչքան քնքուշ ու կախարդող առոգանությամբ են արտասանում հայերեն բառերը, ամենևին ոչ նման մեր բարբառին, ինչպես է նայում՝ իր խոշոր, արտահայտիչ աչքերով թափանցելով մինչև հոգուդ խորքերը, ինչպես է ժպտում, ինչպես է քայլում։ Ես պարզապես անկարող եմ չմտածել նրա մասին… որովհետև ինձ համար բերկրանք է նրա անունն անգամ արտաբերելը։

…Արինան կապույտ շրջազգեստ է հագել, և այն շատ է սազում նրան։ Այդ շրջազգեստի մեջ նա ուղղակի սքանչելի է։ Ես նրան ասում եմ։

-Դու հիմա ավելի ես գեղեցկացել։

-Ճի՞շտ,-Արինան ծիծաղում է, իսկ այնուհետև, իմ ձեռքն առնելով իր տաք ափերի մեջ, ժպտալով ասում է…- Գյուղի օդը վերցնում եմ երևի։

Հայրիկը նույնպես անչափ ուշադիր ու սիրալիր է Արինայի նկատմամբ։ Ճաշի ժամանակ, սեղանի մոտ նստած, ես գաղտնածածուկ հետևում եմ հայրիկին և նկատում, թե ինչպես է նա ամեն անգամ շփոթվում՝ Արինայի հայացքին հանդիպելիս, և բերկրալից ժպիտը չի իջնում նրա դեմքից, իսկ աչքերը անընդհատ շողում են խնդագին։ 

Այդպես ուրախ տրամադրությամբ ՝ ես հայրիկին միայն տոն օրերին եմ տեսնում և զգում եմ, որ այսօր ևս տոն է նրա համար, գուցե նույնիսկ շատ մեծ տոն։ Եվ ես քիչ է մնում խելքս թռցնեմ հետաքրքրասիրությունից, որովհետև վերջապես մի կարգին չգիտեմ, թե ով է Արինան և ինչ առիթով է եկել մեր տուն։Հո ամառ չէ, որ ասեմ եկել է հանգստանալու:

-Արինա ջան, աշխարհում բարեկամությունից թանկ ու քաղցր բան չկա,-ասում է հայրիկը, կրկին լցնելով բաժակն ու դանդաղ ելնելով տեղից։ Հայրիկը սովորություն ունի՝ մի բաժակ խմեց թե չէ՝ կսկսի իրար ետևից կենացներ առաջարկել։

-Ի՞նչ ես կանգնել, նստած խոսիր, -անչար դիտավորությամբ ասում է մայրիկը՝ մոշի թանձր գինի լցնելով իր ու Արինայի համար։

-Չէ, Արուս, դու չգիտես, նոր օրենք կա՝ թամադան պիտի կանգնած խոսի։

Արինան մանր ծիծաղում է, ատամները  փայլում են,  իսկ հայրիկը շարունակում է իր խոսքը.

-Այո, թանկ ու քաղցր բան է բարեկամությունը, ընկերությունը, առանց բարեկամության, առանց ընկերության, ոնց որ աշխարհը առանց արեգակնային արդար լույսի… Բարեկամությունը կրկնապատում է ուրախությունները և կիսով չափ կրճատում դառնությունները։ Նույնիսկ հիվանդանալն էլ հաճելի է, երբ գիտես, որ կան մարդիկ, ովքեր  քո   կազդուրվելուն սպասում են ոնց որ ուրախալի տոնի։ Քո կենացը, Արին…

-Չեմ հասկանում, Արինայի կենացը քանի՞ անգամ կարելի է խմել,- կեղծ զարմանքով հարցնում է մայրիկը։

-Տեր աստված, սա ի՞նչ բնավորություն ունի։ Այ մարդ, ձայնազո՞ւրկ   եմ ես, ինչի՞ ես խանգարում։ Երբ խոսում ես՝ ես քեզ  խանգարո՞մ եմ: Չեմ խանգարում, չէ՞, բարի եղիր, դու էլ ինձ մի խանգարիր։

Երբ հայրիկը խոսում է, դժվար է գուշակել՝ երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում։ Հիմա, իհարկե, կատակում է։ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արինայի կողմը։

-Բարի գալուստ, Արինա ջան… Դու որոշել ես աշխատել մեր գյուղում։ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես։ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը։ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը։- Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում։- Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու։ Գլխավոր զոոտեխնիկ եմ։

-Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տերն ես,- հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արինային։

-Դե արի ու մի խմիր,-ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին։-  Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն,- շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակիցների երկիր է: Մի բան պատմեմ, լսիր։ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում։  ՛՛Ի՞նչ է պատահել՛՛,- հարցնում են։ ՛՛Մեծ եղբայրս  ծեծել է՛՛ ,-ասում է։ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի։ ՛՛Ինչո՞ւ է ծեծել՛՛,- հարցնում են։ ՛՛Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել՛՛ ,-ասում է։ - Արինան  լիաթոք  ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.-Արինա ջան,  էս մեծ աշխարհում մեկը չեղավ , որ հասկանար ինձ։ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես- Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչև մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին  թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ։

-Շատ լավ եղավ,-ասում է մայրիկը ծիծաղելով։-Նորմայից ավել մի խմիր։

-Արուս, էսօր կարելի է,- ասում է հայրիկը՝ նայելով Արինային։-Էսօր առանձնահատուկ օր է,  թանկագին հյուր ունենք։ Գնա մի ուրիշ շիշ բեր։ Ի միջի այլոց,- ավեհացնում է նա,- կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի։  

Մայրիկը Արինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին։

Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու։ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց։

-Մամ,-ասում եմ ես։- Մամ…

-Ի՞նչ է, Աբիկ ջան։

-Մամ, մեր ի՞նչն է Արինան։

Մայրիկը զարմանքով նայում է ինձ։

-Դու ցնորվե՞լ ես, այ տղա,- ժպտում է նա։

-Ոչ, բոլորովին,-ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով,- մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է։

Բայց մայրիկը միայն ժպտում  և ասում է փութկոտությամբ.

-Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա,- և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.- սա տար, ես տաք խաշլաման բերեմ։



                                             3.



Այսօր կիրակի է։ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից։ Օդը թարմ է, թափանցիկ։ Գյուղը ստվերի մեջ է , որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը։ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն։ Այստեղ ու այնտեղ  դայլայլում են   լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ։

Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ։ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ։  Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու։ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արինայի մասին։ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում։ Մայրիկն ասում է, որ Արինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը։ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է նույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար։

-Արինան նրա միակ աղջիկն է,- ասում է մայրիկը։- Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի ավարտել է մակավարժական ինստիտուտը։ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արինային,- անսպասելի հարցնում է մայրիկը։

-Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ։

-Նա եղել է մեր տանը…և դա ասես երեկ էր,- ասում է մայրիկը։- Այնինչ մի քանի տարի է անցել արդեն… Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ  թե  իներորդ  դասարանում էր։ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու  ամիս մնաց մեզ մոտ։ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից։

-Չալկան էլ ետևի՞ց,-ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու։

Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արինան, և ես լռում եմ։

-Օ՜հ, ինչ հրաշալի առավոտ է,- ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը։

-Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի,- հպարտությամբ ասում եմ ես։

Արինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը։ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու  ձոր անդին։ Ճշմարիտն ասած,իմ այդ միտքը  բոլորովին դուր չի գալիս ինձ։

         -Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ,- քրթմնջում եմ ես , մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:

-Շա՜տ,-արտաբերում է Արինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու  տոնին։

-Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ,- ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին։ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր , ամաչեիր գոնե։ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի։ Իսկ Արինան,- այ կեցցե նա,- ամենևին էլ  չի նեղանում։ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն  խճողում է մազերս։

Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու։

-Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ,-անակնկալ հարցնում է։ - Լա՞վ ես սովորում։

Հարցն իսկապես անակնկալ էր,  բայց  ես գրամ անգամ  չեմ  շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն թե ինչու)։

-Գերազանց,-ասում եմ

-Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, - ձեռք չի քաշում Արինան։

 Եթե դարձյալ ասեմ ''գերազանց'', նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է,-ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի։ Ուստի ասում եմ.

-Ոչինչ, չորսի ու երեքի արանքում։

-Այ, դա արդեն բանի նման չէ,- դժգոհությամբ գլուխն օրորում է Արինան։

Ես ինքս էլ հասկանում եմ, որ ''բանի նման չէ'', բայց ինչ կարող եմ ասել։ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.

-Ինչո՞ւ։

-Քաջաբար հայտարարում ես՝ ''գերազանց'', իսկ ռուսերենից…

-Դիտավորյալ կերպով չեն նշանակում,-ասում եմ ես կայտառորեն։ Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են։ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ կերպով բարձր չեն նշանակում։ Կան այնպիսիները, որ հավատում են։ Բայց Արինան կարծես թե չի հավատում ինձ։ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

-Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու։

Այ քեզ նորություն։ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման։ Ես իմ ականջներին չեմ հավատում։ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից։ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես։ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում։ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը։ Բայց ուշ է արդեն՝ որևէ բան փոխելու համար։ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. ''Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի''։ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի  նա կրկին  չանդրադառնա իմ դպրոցական գործերին։

-Բժշկուհի՞ է ձեր մայրիկը,- ասում եմ ես։

-Այո,- իմ անսպասելի հարցից զարմացած, պատասխանում է Արինան։- Ներքին հիվանդությունների մասնագետ է հանրապետական հիվանդանոցում։

-Իսկ ձեր հայրի՞կը,- հենց այնպես հարցնում եմ ես:

Արինան կրկին զարմանքով նայում է ինձ, ասես փորձելով հասկանալ՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իմ անիմաստ հարցերը։

-Իսկ քո ինչի՞ն է պետք,- հարցնում է նա վերջապես։

Իհարկե, նրան հո չես ասի, թե ինչու տվեցիր այդ հարցերը, դրա համար էլ լռում եմ։

-Ես հայր չունեմ, Աբիկ…- ուշացումով արձագանքում է Արինան։- Նա բորտմեխանիկ էր քաղաքացիական ավիացիայում։ Հերթական մի թռիչքի ժամանակ ուղևորներից երկու հոգի զինված մտնում են օդաչուական խցիկ և ստիպում խախտել սահմանը։ Հայրս ու ստյուարդուհին զոհվում են, սակայն բանդիտներին այդպես էլ չի հաջողվում անցնել պետական սահմանը։

Տնամերձ այգիներից այն կողմ, ձորում, կամացուկ խոխոջում-հառաչում է մեր Բարակ ջուր գետը, և նրա ձայնը հնչում է վշտաբեկ. վըշ-շ-շ, վըշ-շ-շ… Ասես հասկանում է ամեն ինչ։

-Մինչև հիմա էլ օդանավի հեռավոր ձայն լսելիս, մայրս նայում է երկնքին։

-Ինչո՞ւ։

-Սպասում է երևի…

Իմ հայացքը հանդիպում է Արինայի թախծանուշ աչքերին։

Ու թե հետո էլ ինչ կարելի է ասել՝ չգիտեմ։ Արինան երևի հասկանում է իմ վիճակը։

-Դու խղճո՞ւմ ես ինձ, Աբիկ,- հարցնում է նա։

-Այո,- ասում եմ ես, սիրտ չանելով նայել Արինային։

-Իսկ, այ, դա արդեն պետք չէ։ Իմ հայրը զոհվել է մեր հասարակությանը թշնամի տարրերի հետ մարտնչելիս։ Դու ինձ հասկանո՞ւմ ես, Աբիկ։

-Այո։

Աստված իմ, սա ի՞նչ հիմարություն է, մի խելքը գլխին բան չեմ կարողանում ասել, այդ անհեթեթ ''այո''-ից բացի։ Մեծերի համար, իհարկե, հեշտ է, մի վայրկյանում ուզած խոսքը կգտնեն ու կասեն։ Երբ կլինի՝ ես էլ մեծանամ…

-Դու արդեն մեծ տղա ես, Աբիկ,- կամացուկ ասում է Արինան։- Դու ամեն ինչ պետք է հասկանաս։

Ես քիչ է մնում ճչամ՝ ախր, ես ամեն, ամեն ինչ հասկանում եմ, միայն կարգին բացատրել չեմ կարողանում։ Սակայն առաջվա պես, ասես ոնց որ լարած թութակ, կրկնում եմ.

-Այո…

Արինան հանկարծ ջերմագորով ժպտալով, ասում է.

-Դու կուզենայի՞ր իմ եղբայրը լինել։

-Իհարկե,- ես հազիվ եմ զսպում ինձ, որպեսզի չգոռամ ուրախությունից։

Արինան պոռթկումով ինձ առնում է իր թևերի մեջ, գլուխս սեղմում իրեն։ Նրա քնքշանքից ու անուշաբույր մարմնի մտերմիկ մոտիկությունից սիրտս երջանկությունից  ուռչում, նվաղում է և, որպեսզի գոնե ինչ-որ կերպ արտահայտած լինեմ դա, ասում եմ.

-Դու անպայման կսիրես մեր գյուղը։

-Ես այն հիմա էլ սիրում եմ,- ժպտում է Արինան։

-Իսկ դու ինչո՞ւ հատկապես մեր գյուղ եկար։

-Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի պարտավոր ես աշխատել որևէ շրջանում։ Դա պարտադիր է, առանց դրան դիպլոմ չեն տալիս։ Մայրիկի հետ խորհրդակցեցինք, ես հանձնաժողովից խնդրեցի ուղարկել ձեր շրջանը, իսկ հետո այստեղ, շրջժողկրթբաժնում ասացի, որ ուզում եմ աշխատել Հնձախութի դպրոցում։ Բարի մարդիկ չմերժեցին, և ահա ես այստեղ  եմ։

-Ուրեմն դու կարող էիր և չգա՞լ մեզ մոտ,-վախեցած հարցնում եմ ես։

-Իհարկե, կարող էի,- պատասխանում է Արինան ժպտալով։- Ես կարող էի ասպիրանտուրայում մնալ, չէ՞ որ գերազանցության դիպլոմով եմ ավարտել ինստիտուտը։  Մեր կուրսից շատերն են մեկնել հեռավոր գյուղեր, խոստացել ենք նամակներ գրել իրար։

Քամին թեթևակի տարուբերում է ծառերի կատարները։ Դեղին տերևները պոկվում են ծառերից, երկար օրորվում են օդում և հանդարտորեն ընկնում գետնին։ Ես մտածում եմ այն մասին, որ շուտով ձմեռ կլինի, ձյուն կգա, ձյան թանձր փաթիլները դանդաղասահ կգալարվեն օդում, հետո կնստեն ծառերին, տների տանիքներին, էլեկտրալարերի վրա, և սար ու ձոր, դաշտ ու ճամփա խոր ձյունի տակ քուն կմտնեն մինչև գարուն։



                                           4.

Մարդ չի կարողանում հասկանալ, թե ինչ արագությամբ են թռչում օրերը, թե ինչպես օրերը դառնում են շաբաթներ, իսկ շաբաթները ամիսներ։

Եվ ահա նորից աշուն է, և նորից մեր Հնձախութը դեղին շորեր է հագել։ Այստեղ-այնտեղ, ընկուզենիների վրա կռկռում են ագռավները, բերաններին ընկույզներ՝ ցածր թռչում աշնան կանաչ  ցելերի վրայով։ Քամուց դարձյալ տարուբերվում են դեղձենիները։ Եվ մեր Բարակ ջուր գետը նույնպես՝ ներառնելով մայրամուտի վերջին շողերը, ցոլկտում է բաց եղրևանագույն փայլով և գալարապտույտ անցնելով անտառներով, դաշտերով ու այգիներով, առաջվա նման իր խոխոջյունն է տանում դեպի մթին ու անդնդախոր ձորերը։

Արևը բարձրացել, հասել է երկնքի ամենաբարձր կետը, որտեղից, հավանորեն, երևում է ամբողջ աշխարհը։ Դպրոցական պայուսակը  ուսս գցած, ես գնում եմ տուն։ Վեջին ժամանակներս, չիտեմ ինչու, գերադասում եմ տուն վերադառնալ մենակ, այդպես ինձ ավելի է դուր գալիս։ Իմ ոտքերի տակ խշխշում են չոր տերևները։ Եվ այդ շրշյունի տակ զանազան մտքեր են ծնվում իմ գլխում։ Ես մտածում եմ այն մասին, որ ահա ամբողջ մի տարի է, ինչ Արինան մեր տանն է ապրում։ Չէ, իրոք, զարմանալի կերպով արագ անցավ այդ մի տարին։

Ամբողջ մի տարի…

Հայրիկը դարձյալ կոլտնտեսությունում է աշխատում։ Առավոտյան, դեռ լույսը չբացված, ձին նստում, գնում է ֆերմաները և վերադառնում միայն ուշ երեկոյան կամ գիշերվա կեսին։ Պատահում է նաև, որ անասուններ են տանում շրջկենտրոն՝ մսամթերման, և նա մեկ-երկու օր մնում է այնտեղ։ Մայրիկը նույնպես, եթե ծանր հիվանդ են բերում, երբեմն  մնում է հիվանդանոցում։ Որովհետև, ճիշտ է, փոքր է մեր գյուղը, բայց հիվանդանոցը ենթաշրջանային է, սպասարկում է նաև հարևան փոքր գյուղերի բնակչությանը, և հաճախ են ծանր հիվանդներ բերում այնտեղ։

Արինան դպրոցից ինձնից միշտ շուտ է վերադառնում։ Եվ երբ հնչում է վերջին զանգը, ես իսկույնևեթ վազում եմ տուն, որովհետև Արինան չի սիրում, երբ ես ուշանում եմ որևէ տեղ։ Դրա համար էլ չեմ ուշանում։ Ինքս էլ զարմանում եմ ինձ վրա. այս մի տարվա մեջ ես լիովին վերափոխվել եմ, և ինչպես մայրիկն է ասում, դարձել միանգամայն օրինական տղա։ Դասերից հետո ուղիղ գալիս եմ տուն, և մենք անմիջապես նստում ենք ճաշի։ Եթե, բան է, մայրիկը տանը չէ, Արինան միայնակ չի ճաշում, սպասում է ինձ։ Դուրս է գալիս պատշգամբ, նստում այնտեղ ու սպասում։ Եվ միշտ ուրախանում է, երբ ես գալիս եմ ։ Ոնց որ ուրախանալու մի բան չկա՝ ես հո երկնքից չեմ իջնում, բայց չէ, ուրախանում է, և վերջ։ Նրան տեսնելիս, իհարկե, ես նույնպես ուրախանում եմ, թեպետ դա այնքան էլ ցույց չեմ տալիս։ Միայն ժպտում եմ և ուրիշ ոչինչ։

Բայց երբեմն այնպես եմ ուզում նրան ասել, որ շարունակ մտածում եմ իր մասին։ Սակայն, ինքս էլ չգիտեմ թե ինչու, չեմ համարձակվում։ Հավանաբար, վախենում եմ ծիծաղելի երևալ, թե ինչ… Այնուամենայնիվ, առանց Արինայի, ես իրոք շատ եմ տխրում։  Ամռանը, երբ արձակուրդներին նա գնաց Բաքու, քիչ էր մնում անձկությունից պայթեր սիրտս։ Իսկ վերջին գիշերը մինչև լույս քնել չկարողացա, մինչև լույս անհանգիստ շուռումուռ էի գալիս անկողնում։ Հետաքրքիր է, մինչ այդ մարդուն չգիտես, չես  ճանաչում, նա իր համար է ապրում, դու՝ քեզ համար, բայց ահա պատահաբար հանդիպում ես, նա դառնում է քո հարազատը, գուցե նույնիսկ ավելին, քան հարազատը, և քեզ թվում է, թե առանց նրան այլևս ապրել չես կարող և զարմանում ես նույնիսկ, թե մինչև հիմա ինչպես ես ապրել առանց նրան… Մայրիկն ասում է, որ Արինան այսուհետև  մնալու է մեր գյուղում։ Արինան ինքը ևս մի անգամ ասաց. ''Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու։ Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ… Ես այնպիսի զգացում ունեմ, որ կարծես այստեղ եմ ծնվել։ Չէ, ես աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի այն''։ Ազնիվ խոսք, այս բառերը լսելիս քիչ է մնում հալվեմ ուրախությունից։ Տարօրինակ բան. այն օրվանից, ինչ Արինան ապրում է մեզ մոտ, մեր գյուղի բոլոր տղաները սկսել են մի ուրիշ ձևի վերաբերվել ինձ, չգիտեմ ինչու, բայց դա իրոք այդպես է, մի անգամ չէ, որ նկատել եմ։ Գուցե մեծացել եմ մի տարով՝ դրանի՞ց է։ Նույնիսկ տրակտորիստ Մաքսիմը, որ առաջ չէր թողնում անգամ մոտենալ գութանների նստատեղին, այժմ, նկատելով ինձ, իսկույն կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է մոտորի աշխատանքը և տրակտորը սկսում է կամացուկ աշխատել՝ թրկ, թրկ, թրկ… Գլուխը հանելով խցիկից, Մաքսիմը ժպտադեմ նայում է ինձ և մատով կանչում իր մոտ։ Ես, իհարկե, մոտենում եմ։ Նա իր հսկայական ձեռքը դնում է ուսիս (ձեռքի ծանրությունից քիչ է մնում ծալվեն ոտքերս), և տալիս է իր առաջին հարցը.

-Հը, գործերդ ինչպե՞ս են, Աբիկ։

-Ոչինչ,-պատասխանում եմ ես։

-Իհարկե, -ասում է նա այնուհետև և միաժամանակ հառաչում ու երազկոտ նայում է Սառնատան կողմը։- Իհարկե, ինչո՞ւ պիտի վատ լինեն…- Մաքսիմը  ժպտում է։ Նրա ժպիտն այնպիսին է, որ թվում է, թե ահա ուր որ է նա  լաց կլինի։ Շշմել կարելի է ծիծաղից։ Բայց ես, իհարկե, չեմ ծիծաղում, թե չէ մեկ էլ տեսար այնպես հասցրեց, որ մեծ կտորդ ականջդ մնաց։ Ես միամիտ տեսքով ասում եմ.

-Շատ գեղեցիկ տրակտոր ունես։

Նա ուշադիր նայում է ինձ՝ կատակո՞ւմ եմ, թե ոչ։ Եվ տալիս է երկրորդ հարցը.

-Ճի՞շտ ես ասում։

-Այո։ Ոչ ոք այդպիսի տրակտոր չունի,- ասում եմ ես։

Մաքսիմը հպարտությամբ նայում է ինձ։

-Հիմա ճապոնական լավ տրակտորներ են դուրս եկել,-ասում է նա՝ նայելով իր հերկած ցելերին։- Բայց մեր տեղերի համար չեն, հարթ տարածությունների համար են դրանք։ Այստեղ ճապոնական տրակտո՞ր կդիմանա՝ ընկուզենիների արմատները մի հեկտարի վրա գնում են։

-Ճապոնական տրակտորն ի՞նչ է քոնի մոտ,- ասում եմ ես, սպասելով Մաքսիմի ամենագլխավոր հարցին։

-Իսկ ձեր Արինան գիտի՞, որ այսպիսի տրակտոր ունեմ,- վերջապես ասում է նա՝ կարմրելով մինչև ականջների ծայրերը։

-Իհարկե, գիտի,- անխղճորեն ստում եմ ես։ Մաքսիմի դեմքը շողում է բավականությամբ։ Եվ նա, միանգամայն անսպասելի ասում է.

-Ուզո՞ւմ  ես սովորեցնեմ քեզ տրակտոր քշելը։- Չսպասելով պատասխանի, նա իմ թևատակերից բռնում, արագ թռցնում է խցիկ և, տեղավորելով իր կողքին, կարգադրում է.-Բռնիր լծակն ահա այսպես։Ոտքդ դիր ահա այստեղ։ Ապրես։ Սեղմիր ոտնակը և կամաց բաց թող։ Այ, այդպես, ապրես։

Տրակտորը հռնդում, ծուխ արձակելով դանդաղ առաջ է գնում՝ ակոս-ակոս շուռ տալով սև հողը։ Երջանկությունից շունչս կտրվում է, ես արագ նայում եմ այս ու այն կողմ, բայց ափսոս, տեսնող չկա։ Վաղը կպատմեմ դպրոցում, բայց  ոչ ոք չի հավատա…

-Հը, գործերդ ո՞նց են Աբիկ,- տրակտորի խելացնոր հռնդյունի ու գութանների դղրդյունի մեջ ես հազիվ եմ լսում Մաքսիմի ձայնը։

Ես հիշում եմ, որ նա մի երկու րոպե առաջ ևս այդ հարցն էր տվել, ուստի ասում եմ.

-Առաջվա նման։

-Իհարկե, լավ կլինես,- գոռում է Մաքսիմը։- Քեզ ինչ է եղել, որ վատ լինես… Ասում եմ, իհարկե, լավ կլինես…

-Լսեցի… Դու ինձ ասա, ինչպե՞ս ավելացնեմ արագությունը։

-Չի կարելի, խարակ կանես,- մի պահ ուշադրությամբ նայելով ետ, ասում է Մաքսիմը։ Եվ փոխանակ ավելացնելու տրակտորի արագությունը, նա հանկարծակի կանգնեցնում է տրակտորը, իջեցնում է մոտորի աշխատանքը և, թավ հոնքերի տակից մտախոհ նաելով ինձ, խոր հոգոցով ասում է.

-Ինձ թվում է, Աբիկ, մեր ամբողջ  Ղարաբաղում  Արինայի նման աղջիկ չկա։

-Իհարկե։ Ինչ խոսք կարող է լինել այդ մասին,- հաստատում եմ ես մեծավարի։ Ինձ դուր է գալիս խոսելու իմ տոնը։ Եվ, ինչպես հավասարը հավասարին, ուղիղ նայում եմ Մաքսիմին՝ սպասելով, թե ինչ կասի նա։

Մաքսիմը դարձյալ հառաչում է և, ասես ուժերից վեր ծանր գործի է, տնքալով ասում է.

-Հենց վատն էլ դա է, որ նրա նմանը չկա։

-Ինչո՞ւ,- զարմանում եմ ես։

-Չգիտեմ։ Այդքան գեղեցիկ չլիներ, ով գիտի, գուցե արժանացներ իր ուշադրությանը։

Իմ կարծիքով, Մաքսիմն այս հարցում լրիվ սխալվում է։ Ես հո գիտեմ, որ Արինան բոլորին էլ հավասարապես լավ է վերաբերվում։

-Նա բոլորի հետ էլ սիրով է խոսում,-ասում եմ ես։

-Հըմ, բոլորի հե՞տ…

-Իհարկե։

-Ինձ հետ չի խոսի… Գոնե կրթություն ստացած լինեի, գուցե արժան համարեր… Բայց հիմա, չէ, չի խոսի…

-Ինչպե՞ս թե՝ չի խոսի։ Կխոսի, մի՞թե ես չգիտեմ։

Չգիտեմ ինչու, ես մի տեսակ խղճում եմ Մաքսիմին։ Մտքում հաստատ որոշում եմ՝ տուն գնալուն պես այդ մասին խոսել Արինայի հետ, որովհետև, ընդհանուր առմամբ, վատ տղա չէ նա, թեկուզ առաջներում չէր թողնում մոտենալ իր տրակտորին։ Իմիջիայլոց, Մաքսիմը մեր գյուղի ամենաջահել տրակտորիստն է, իսկ այս ամռանը, բերքահավաքի ժամանակ, կոլտնտեսության ''Նիվա'' ինքնագնաց կոմբայնը նա էր բանեցնում և համարյա գիշեր ու ցերեկ դաշտերից տուն չէր գալիս։ Մեծ մասամբ նրա շնորհիվ էր, որ կոլտնտեսությունը լեռնային գյուղերի մեջ առաջինն ավարտեց հունձը։

-Իսկ սովորելում ո՞նց ես։ Երևի լավ ես սովորում, չէ՞,-հարցնում է Մաքսիմը։

Ասես իր շատ պետքն է իմ սովորելը։ Խոսելու բա՞ն չունի, ինչ է…

-Այո,- ասում եմ ես։ Բայց տեսնում եմ՝ ականջի մի ծայրով է լսում ինձ, մտքերը բոլորովին ուրիշ տեղ են։

-Էդ էր պակաս, որ վատ սովորեիր,-բարեհոգի ժպտալով ասում է Մաքսիմը։- Երևի Արինան պարապում է հետդ։

-Ըհը։ Արի մեզ մոտ, քեզ հետ նույնպես կպարապի։

Մաքսիմը ծիծաղում, թեթևակի խփում է ուսիս։

-Լավ, Աբիկ ջան։ Պլաններս մնացին, հիմա բրիգադիրը կգա ու կսկսի գլուխ տանել։ Բարևներ հաղորդիր ինձանից…- ասում է նա ու անմիջապես ավելացնում է շփոթված։- Չէ, պետք չէ, մեկ էլ տեսար նեղացավ։

Եվ ոչ միայն Մաքսիմը, բոլորը-բոլորը փոխվել են իմ նկատմամբ։ Կոշկակար Մերուժանը, որը քսանչորս ժամվա ընթացքում մի անգամ է ժպտում միայն, այժմ, ինձ տեսնելիս, անմիջապես մոտենում է և նրա մանր աչքերը աշխույժ վազվզում են ակնախոռոչներում։

-Էդ որտե՞ղ ես, Աբիկ ջան, բոլորովին չես երևում,-ամեն անգամ ասում է նա։

-Որտե՞ղ պիտի լինեմ, քեռի Մերուժան, -ասում եմ ես։-Մեր գյուղից ո՞ւր պետք է գնամ, միշտ այստեղ եմ։

Մերուժանը ոտքի ծայրով քչփորում է հողը։ Ըստ երևույթին, նրան իմ բառերը վիրավորական են թվում։

-Բա ինձ նման ջահել տղային քեռի՞ են ասում, Աբիկ,-ասում է նա։

-Բա ի՞նչ են ասում, քեռի Մերուժան։

Մերուժանն այնպիսի հայացքով է նայում ինձ, որ ես պարզ զգում եմ՝ ուրիշ ժամանակ լիներ, վզակոթիս կտար ու կասեր՝ հայդա։ Բայց հիմա զուսպ կերպով ասում է.

-Սրանից հետո էլ չլսեմ, որ ինձ քեռի ես ասում, Աբիկ։ Դու դրանով, գիտե՞ս, ոնց որ սրած դանակը վերցնես ու խրես սիրտս։- Ինձ համար դժվար է հասկանալ, թե այդ հասարակ ու սովորական ''քեռի'' բառը ինչու է Մերուժանին սրած դանակ թվում, ես ուզում եմ խոսք բացել այդ մասին, բայց Մերուժանը անսպասելի հարցնում է.

-Արինան երևի, կոշիկներ չունի, հա՞։

-Ինչպե՞ս չունի,- ասում եմ։- Նոր կոշիկներ ունի, վերջերս է գնել։

Մերուժանը հիասթափված նայում է ինձ։

-Ա-ասում էի գուցե չունի։

-Ունի։ Եվ այն էլ մի քանի զույգ։

-Այդ կոշիկներն, ինչ է, չե՞ն մաշում։ Բերեիր, մի լավ նորոգեի… Ինքն էլ կտեսներ, որ ոսկի ձեռքեր ունեմ։

Ճիշտն ասած, այդ Մերուժանը երբեք ինձ դուր չի եկել։ Գուցե դրա համար էլ նրա վերջին բառերը կատաղեցնում են ինձ։

-Ոչ,- ասում եմ,- երբեք չեն մաշում։

                -Չեն մաշում, ուրեմս,- ձեռք չի քաշում Մերուժանը։

-Այո,- համարյա գոռում եմ ես։-Չեն մաշում, որովհետև միշտ նորն է առնում ։

-Բա դա եղա՞վ, Աբիկ ջան։ Քարով սրտիս մի խփիր։

Ես չգիտեմ, թե ինչի մասին է նրա խոսքը և սպասում եմ, թե այնուհետև ի՞նչ կասի։ Եվ նա ասում է.

-Իմ ամբողջ հույսը դու էիր, Աբիկ… Մտածում էի՝ Աբիկը ինձ համար ոնց որ փոքր եղբայր, ինձ կհասկանա…

Այ քեզ նորություն… Զարմանալի մարդ է այս Մերուժանը, մեկ էլ տեսար այնպիսի բան ասաց, որ եփած հավի ծիծաղը եկավ։ Իսկ նա տաղտուկ ձայնով իրենն է շարունակում։

-Էհ, Աբիկ ջան, քո Մերուժանը մեռած ու թաղած չի…Դեռ են ժամանակ, երբ եկավ էստեղ, միանգամից մտավ սիրտս…Բանակից նոր էի եկել... Գիշեր-ցերեկ ոչ քուն ունեի, ոչ դադար։ Սերն ուրիշ բան է, Աբիկ ջան, դու դա չես հասկանա։ Երբ սիրում ես, էնպիսի մի հարստություն ես հայտնաբերում ինքդ քո մեջ, էնպիսի մի քնքշություն, որ էն մրջյունն ինչ է, ուզում ես կանգնել ու էդ մրջյունի հետ անգամ զրույց անել, և նույնիսկ ինքդ էլ զարմանում ես քեզ վրա, որ կարող ես էդպես սիրել… Առանց սեր կյանքը, Աբիկ ջան, ոնց ասեմ քեզ, որ հասկանաս, ոնց որ տարին՝ առանց գարնան, առանց ծիլ ու ծաղկի…  Երևի ճիշտ են ասել, որ պիտի գնահատես  նրան, ով առանց քեզ չի կարող և  չվազվզես  նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Բայց դե...  սրտի դեմ ի՜նչ կարող ես անել:  Հլա էն ժամանակ,  ասում եմ, չէ՞,նրա գնալուց հետո, քանի-քանի անգամ եմ երազում տեսել…-Մի քիչ ախուվախ քաշելուց հետո, նա այնպիսի մի ձայնով, որ քիչ է մնում հորանջոցս բռնի, ասում է.

-Է՜հ, որտեղի՞ց եկավ,  մեզ համար հանգիստ ապրում էինք  մեր էս ձորերի մեջ…

''Ապրիր, էլի, քեզ ո՞վ է խանգարում'',-մտքումս ասում եմ ես և լուռ քայլում դեպի տուն։



                                                  5.



Ամբողջ մի տարի…Իրոք, այդ ե՞րբ անցավ այս  մի տարին։ Դպրոցական պայուսակը ուսս գցած, ես դպրոցից վերադառնում եմ տուն։

Կոշկակար Մերուժանի փայտե փոքրիկ արհեստանոցը գտնվում է կոլտնտեսության վարչության գրասենյակի ու գյուղական խանութի արանքում՝ մեր տնից ոչ հեռու, և իմ ճանապարհը արհեստանոցի մոտով է անցնում։ Զզվելի սովորություն ունի այդ Մերուժանը, որ օձիքդ ձեռքն ընկավ, էլ պրծում չկա։

Այս անգամ ուզում եմ աննկատ անցնել, որպեսզի նա նորից չսկսի հին երգը։ Բայց չէ… Ըստ երևույթին, արհեստանոցի նեղլիկ լուսամուտից Մերուժանը նկատում է ինձ։ Նա արագ դուրս է գալիս արհեստանոցից՝ կաշվե երկար սև գոգնոցը կապած, դեմքին քաղցրենի ժպիտ, աչքերում՝ շողոմքոր կայծեր։

-Բարև, Աբիկ ջան,-ասում է նա մեղուշ ձայնով։

Ճարս ինչ՝ ստիպված կանգ եմ առնում։

-Բարև,-ասում եմ ես։

-Էդ որտե՞ղ ես, բոլորովին չես երևում։

Ոնց էլ ստում է. օրական երկու անգամ, չհաշված, իհարկե, կիրակի օրերը, անցնում եմ այստեղով՝ մեկ դպրոց, մեկ էլ դպրոցից ետ, տուն։ Բայց նրա համար մեկ է՝ թեկուզ միլիոն անգամ անցիր, միևնույն է, էլի իրենն է կրկնելու. '' Էդ   ո-ր-տ-ե՞ղ ես,   բ-ո-լ-ո-ր-ո-վ-ի-ն    չ-ե-ս    ե-ր-և-ու-մ''։ Մի բանից պիտի սկսի, չէ՞…

Ես, իհարկե, նրան չեմ պատասխանում։ Հո չես ասի՝ ոնց չեմ երևում, հրես քո առջև կանգնած եմ։

-Քիչ առաջ եկավ-անցավ…Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ… էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ էն  էլ մոռացար,-թախծալի ձայնով ասում է Մերուժանը։- Էդ ի՜նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ…Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան  բլբուլի մասին:   Գրադարանից  եմ վերցրել ու կարդացել  էդ  բլբուլի  մասին...

 Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը  կարծես թե  աչ է նայում, իսկ մյուսը  ձախ։ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ։

-Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, -ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը։

-Ինչի՞ համար,- իմ հերթին հարցնում եմ ես։

-Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես։

-Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ հույսի մասին է խոսքը։

-Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին…Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը։-Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով։- Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող։ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո, ես էլ կորցնելու բան չունեմ... Մեղավոր չեմ, սիրում եմ, խելագարի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ։  

-Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել։ Այդպիսի բան չի լինում։

-Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան։ Ես ուրիշ բան չեմ ասում… Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս  է։ Դա էն չի…Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին։

-Օրինակ, ի՞նչ։

-Դե, ինչպես ասեմ քեզ,- Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը։-Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում։ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ... Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու։- Մերուժանը կրկին նայում է չորս կողմը։- Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում  ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:

-Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ,-ասում եմ ես հետզհետե բարկանալով։

-Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ։ Հասկանում ես… Հնարավո՞ր  չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը… Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ ,մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը… Էդ որ անես, Աբիկ ջան…

''Նա ուզում է փախցնել Արինային'',- վայրկյանաբար անցնում է իմ մտքով։ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ։

-Ուզում ես փախցնե՞լ Արինային,-ասում եմ ես։

-Հա,-արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը։-Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է։ Մեր գյուղերում էդպիսի էնքա՜ն դեպքեր են եղել… Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման։

-Ինչպե՞ս չես ամաչում,-համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս։- Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին։

Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.

-Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի… Այ տղա, դու կատակ- բան չես հասկանո՞ւմ։

Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն։





                                              6.



Դեռևս  տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արինայի ձայնը։ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ։ Արինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է։ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արինային։ Արինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արինան այդքան մոտ է աղջիկների հետ։ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է։ Ինձ նույնիսկ թվում է, թե Արինան հատուկ նրանց համար է ստեղծել ''Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը'' խմբակը։ Դե, իհարկե՝ որպեսզի մշտական միասին լինեն։ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և  սկսեցին ճռվողել սարյակների պես։  Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո։ Մի անգամ նույնիսկ Արինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու։ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի։

Փառք աստծո, վերջապես Արինան հրաժեշտ է տալիս աղջիկներին։

-Դեհ, մինչև վաղը, աղջիկներ,-ասում է նա, շրջվելով մեր տան կողմը։ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով՝ գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը։

Մեր տանից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված,  խոսում են՝ ուշադիր նայելով Արինային։

-Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է։

-Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ, աղջի, բա սրան տեսնողի քունը կտանի՞։

-Մի նայիր է, ասես բացված վարդ լինի, հազար երանի քեզ առնողին։

-Ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես։

-Աղջի, բախտը լինի գեղեցիկ, բախտը։ Մեր Ռազմելան պակա՞ս գեղեցկուհի էր։ Որտե՞ղ է հիմի. Ղազանչիի  ձորերումը՝ մի բոլուք երեխեք  գլխին թափած։

-Էհ, գեղեցիկ աղջիկները հազվադեպ են բախտավոր լինում։

Տրամադրություն չունեմ նրանց լսելու:  Արինան  մեր բակում է միայն նկատում ինձ։

-Ինչո՞ւ ես այդքան ուշացել, Աբիկ,- հարցնում է նա իր առօրյա սիրալիրությամբ։

-Մի թեթև գործ կար,- ասում եմ ես՝ փախցնելով հայացքս։ Սակայն իմ դեմքը, ըստ երևույթին, շատ է այլայլված, որովհետև Արինան դադարում է ժպտալ։ Մենք լուռ բարձրանում ենք տուն և այնտեղ, տանը, Արինան ասում է.

-Ինչ-որ բա՞ն է պատահել։

-Ոչ,- ասում եմ ես։

-Գուցե կռվե՞լ ես որևէ մեկի հետ։

-Ոչ։

-Վա՞տ ես զգում քեզ։

-Ոչ։

Նա մոտենում, գրկում է իմ ուսը։

-Թաքցնո՞ւմ ես ինձնից։

Աչքերս լցվում են արցունքով, և, ինձ համար ևս անսպասելի, ես թռցնում եմ բերանից.

-Մերուժանը ուզում է փախցնել քեզ։

-Ո՞վ, -հարցնում է Արինան, և ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեծ դժվարությամբ է զսպում ծիծաղը։ Դա ինձ հանգստացնում է։

-Մերուժանը,- ասում եմ։- Կոշկակար Մերուժանը։-Եվ ես սկսում եմ նրան պատմել Մերուժանի, Մաքսիմի ու գյուղի մյուս տղաների մասին՝ միաժամանակ զգույշ հետևելով, թե իմ խոսքերն ինչպիսի ազդեցություն են ունենում նրա վրա։ Շականակագույն խոշոր աչքերում բազմախորհուրդ արտահայտություն՝ Արինան ուշադիր ունկնդրում է ինձ՝ մեկ ձյունաթույր ատամներով կծելով շիկակարմիր շուրթերը, մեկ իբր, զարմանքից ապշահար՝ հմայուն բերանը կիսաբաց՝ նայում է ինձ, ու ես չեմ կարողանում հասկանալ՝ բարկանո՞ւմ, թե՞ ներքուստ բերկրում է նա իմ խոսքերի վրա։ Ի վերջո, իմ սպասածին հակառակ, Արինան հանկարծ սկսում է բարձր ու ուրախ ծիծաղել։

-Դրա համա՞ր ես արտասվում,-հարցնում է նա ծիծաղելը վերջացնելուց հետո։

-Այո,-գլխով եմ անում ես։

-Մի վախեցիր, ինձ ոչ ոք չի փախցնի։

-Ուրեմն դու ոչ ոքի հետ ոչ մի  տեղ  չե՞ս գնա։

-Չէ իհարկե...Միայն քեզ հետ, Աբիկ։ Ամռանը, արձակուրդներին, ես քեզ կտանեմ քաղաք։

-Այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծո՞վը։

-Այո։ Եվ դու կտեսնես, որ այն Նեապոլի նման է ու Նեապոլից գեղեցիկ,- միայն  աչքերով  ժպտալով ասում է Արինան։ - Ես քեզ ցույց կտամ մեր քաղաքի բոլոր տեսարժան վայրերը ու նաև այն բակը՝ հայկական թաղամասում՝ Արմենիքենդում, ուր ծնվել եմ ես։ Մեր բոլոր հարևանները հայեր էին, թե չէ հայերեն չէի իմանա։ Իսկ հետո նոր բնակարան ստացանք միկրոշրջանում։ Կգաս, չէ՞, ինձ հետ։

-Իհարկե։ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից։

Արինան մի թեթև միտք է անում, հետո ասում.

-Չգիտեմ, Աբիկ։ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր։

Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը։ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով։ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է։ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն  ընդհատում են իրենց անուշալուր երգը։ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում։

-Հիմա ամպրոպ կլինի,- ասում եմ։

Արինան կկոցված աչքերով նայում է երկնքին։ Եվ այդ պահին կապտավուն կայծակը զիգզագաձև կտրտում է երկնքի կեսը՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով շրջակա անտառապատ լեռներն ու այս ու այնտեղ, սարալանջերին փռված զառիթափ հանդերը, հետո, սկզբում հանգիստ, իսկ այնուհետև ավելի ու ավելի ահագնանալով, երկինքն այնպես է սկսում ցնցվել ու դղրդալ, որ թվում է միաժամանակ սկսեցին կրակել հազարավոր հրանոթներից։ Արինան վախվորած հպվում է ինձ, և ես, նայելով նրան, ծիծաղում եմ։ Նա նույնպես ժպտում է, թեպետ պարզ տեսնում եմ, ժպտալու ամենևին սիրտ չունի. Երևի վախենում է շանթ ու որոտից։

-Մեզ մոտ, քաղաքում, համարյա որոտներ չեն լինում,- ասում է նա  ասես արդարանալով։- Եվ եթե նույնիսկ լինում է, ապա հազվադեպ, և այն էլ ոչ այնքան ուժեղ։

-Մեր սարերում կաղնիներ շատ կան, այդ կաղնիներն են ձգում կայծակներին,- ասում եմ ես։ Իսկականից ես չգիտեմ, թե ինչքանով է դա ճշմարիտ, որովհետև ինքս ոչ մի տեղ այդ մասին չեմ կարդացել, պարզապես մի անգամ սարերում ընկանք կարկուտի տակ, և իմ ընկերոջ՝ Հովիկի հայրը՝ քեռի Երվանդն ասաց, որ չպատսպարվենք կաղնի ծառերի տակ, դրանք երբեմն ձգում են կայծակներին։ Եվ, իրոք, երկու տարի առաջ Սեյրանենց տափում կայծակը տվեց, երկու մասի բաժանեց մի վիթխարի կաղնի, ամբողջ մի շաբաթ ծխում էր կաղնին և, չգիտես ինչու, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ այրվող ծառին։

Քամու հետ գետնին են զարնվում անձրևի առաջին, խոշոր կաթիլները։ Հետո միանգամից սկսում է հորդ անձրևը՝ ուժգին ծեծելով տանիքի թիթեղն ու բակում, հավերի համար դրված ջրամանները։ Հաճելի է այսպես կանգնել պատշգամբում ու նայել, թե ինչպես է ջուրը ջրհորդաններից  քլթքլթում հողին, ունկնդրել անձրևից վարարած Բարակ ջուր գետի կատաղած հեծեծանքներին՝ տներից ներքև, մշուշով լցված ձորի մեջ, լսել մարդկանց տագնապոտ կանչերը՝ հեռու և մոտիկ թաղերից, դիտել անձրևից կուչ եկած մենավոր ծառերն ու թրջված դաշտերը, ուր ինչ-որ մեկի բխոված ձին լուռ կանգնած համբերատար սպասում է անձրևը կտրվելուն…

-Իմանայի թե անձրև է գալու, Հովիկին կկանչեի։

-Որպեսզի շախմա՞տ խաղանք,-հարցնում է Արինան։

-Այս եղանակին ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ շախմատ խաղալուց բացի։ Թե դու չե՞ս ուզում, որ ես կանչեմ նրան։

-Հիմարիկ։ Ախր, ես ինչպե՞ս կարող եմ չուզենալ,-զարմանում է նա։

Հովիկի մասին ես հարցրի հատուկ նպատակով, որովհետև մեր գյուղում բոլորն այն կարծիքին էին, որ նա անուղղելի տղա է, նույնիսկ մի անգամ ցանկացել էին նրան հեռացնել դպրոցից, սակայն ինչպես Արինան, այնպես էլ ջոկատավարուհի Նվարդը, կտրականապես դեմ էին դուրս եկել։ Նրանք ելույթ էին ունեցել մանկխորհրդի նիստում՝ խստորեն քննադատության ենթարկելով բոլոր նրանց, ովքեր կողմնակից էին Հովիկի հեռացմանը։ Այդ օրը ես դասարանի հերթապահն էի, դասերից հետո միջանցքով անցնելիս, ուսուցչանոցից լսեցի Արինայի ձայնը և ակամաբար կանգ առա։ ''Ես կուզենայի մի անգամ ևս հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պահանջում են անպայման հեռացնել Հովիկ Զաքարյանին, հիշեցնել, որ կյանքի ամենադժվար, ամենածանր պահին անգամ չպետք է կորցնել հավատը մարդու հանդեպ, առավել ևս Հովիկի տարիքում գտնվող մարդու հանդեպ, որովհետև անտարբեր լինել մարդու նկատմամբ, նշանակում է նրան մղել դեպի անխուսափելի կործանում։- Արինայի ձայնը հնչում էր համոզչական ու հստակ։- Հեշտ է աշակերտին հեռացնել դպրոցից, բայց մի՞թե մենք՝ նրա ուսուցիչները, դրանից հետո իրավունք ունենք ուղիղ նայելու նրա ծնողների աչքերին, մարդկանց աչքերին և, առհասարակ, միթե՞ մենք իրավունք ունենք ապրելու և շնչելու, վայելելու կյանքի բարիքները, եթե մեզ այլևս չեն հուզում ոչ միայն բոլոր մարդկանց, այլև նույնիսկ մեր դպրոցում սովորող աշակերտի վշտերն ու ուրախությունները''։

Ես իհարկե մեծ  բավականությամբ կշարունակեի լսել Արինային, բայց միջանցքի մյուս ծայրին, չգիտես որտեղից, անսպասելի տնկվեց հավաքարարուհի Վարսիկը և ձեռքով նշան արեց չքվել ուսուցչանոցի մոտից։ Իսկ երեկոյան, տանը, Արինան մայրիկին ասաց, որ  անուղղելի մարդիկ չկան կյանքում։

Ճիշտն ասած, այդ խոսքերն ինձ շատ դուր եկան, որովհետև Հովիկը, իր բոլոր թերություններով հանդերձ, վատ տղա չէ, մենք նրա հետ դեռևս առաջին դասարանից ենք ընկերություն անում։ Արինան այդ ժամանակ ասաց նաև, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Հովիկը դառնա դպրոցի ամենաօրինակելի աշակերտներից մեկը։ Դա նույնպես ինձ անչափ դուր եկավ։ Եվ հիմա, խոսք բացելով Հովիկի մասին, ես ուզում էի իմանալ՝ Արինան չի՞ մոռացել դեռ իր խոստումը և չի՞ փոխել, արդյոք, վերաբերմունքը իմ ընկերոջ նկատմամբ։ Ոչ, չի փոխել, այլապես ինչո՞ւ պիտի ասեր.

-Հենց որ անձրևը դադարի, կանչիր Հովիկին։

Հովիկը երեկ չէ մյուս օրն էլ մեր տանն էր։ Արինայի հետ նրանք որոշ ժամանակ զբաղված էին դպրոցական պատի թերթի ձևավորմամբ, իսկ հետո մի քանի պարտիա շախմատ խաղացին, և Արինան բոլոր այդ պարտիաները տանուլ տվեց։ Դա շատ էր զարմանալի, որովհետև Արինան շախմատ  լավ է խաղում։ Բայց հետո Արինան ասաց, որ դա այլ նպատակ ունի։ Ես չհասկացա, թե դիտավորյալ տանուլ տալը ի՞նչ նպատակ պետք է ունենա և ոչինչ չասացի, իսկ  Հովիկը՝ այդ դմբոն, հորթի պես ուրախացել, հրճվում էր։

Անձրևը հետզհետե դադարում է, և արեգակը՝ անձրևից թաց, գլուխը դուրս հանելով երկնքի մի ծայրից, ժպտում է։ Հեռվում, սարերի վրայով, օձի խորխի նմանվող գույնզգույն իր գոտին է նետել թափանցիկ ծիածանը, իսկ ավելի բարձր, սարերի կատարներին քսվելով, արդեն չվում են ծանր ամպերը։

Ես վազում եմ փողոց՝ Հովիկին կանչելու։



                                                            7.



Իսկ հետո անսպասելի եկավ ձմեռը, ամբողջ չորս ամիս համարյա անընդհատ ձյուն տեղաց. ճամփաները փակվեցին, դարձան անանցանելի՝ լեռնային մեր փոքրիկ գյուղը կտրելով աշխարհից։

Մարտ ամսվա վերջին օրերին միայն արեգակը սկսեց տաքացնել հողը և սկզբում բլուրները, իսկ հետո հանդ ու այգի, գյուղ  ու ճամփա սկսեցին դանդաղ ծխալ։ Ձյունը արագ հալչում էր և, ինչպես ամեն տարի գարնանը, հորդաց, փրփրեց մեր հնավանդ Բարակ ջուրը, արմատահան արված ծառեր ու վիթխարի քարեր էր բերում վերևից, լեռների կողմից, և գիշեր ու ցերեկ անձանձիր ոռնում, դղրդում էր մթին ձորերի մեջ։

Ապրիլի կեսերին արդեն ձյուն չկար, կար միայն առատ ձյան վերհուշը։ Եկավ գարունը… Հեռավոր վայրերից վերադարձան ծիծեռնակները, ուրախ պտտվեցին մեր տան գլխավերևում, այգու ծայրում ինչ-որ տեղ, թփերի մեջ, երգեց դեղձանիկը, և նրան ձորից արձագանքեց մայր կկուն։

Երեկ ամբողջ օրը, չգիտեմ ինչու, անտրամադիր էի, իսկ այսօր առավոտյան, չափելով ջերմությունս, մայրիկը ինչ-որ դեղահաբեր դրեց սեղանին՝ պատվիրելով տնից ոչ մի տեղ չգնալ, պառկել անկողնում, տաքացրած կաթ խմել և ընդունել այդ հաբերը։ Եվ հիմա պառկել եմ անկողնում, և ժամերն այնպես ծանր են անցնում։ Ես մեկ-մեկ հաշվում եմ դպրոցական զանգի ձայները, սպասելով դասերի ավարտին։ Ուր որ է կգա Արինան, և իմ սիրտը միանգամից կլցվի լույսով ու քնքշանքով։

Բակում, դարպասի երկաթե դռնակը աղմուկով ետ է գնում։ ''Արինան է'',- մտովի ուրախ ասում եմ ես։ Ոտնաձայները բարձրանում են սանդուղքով, դանդաղ բացվում է պատշգամբի դուռը, և դռների մեջ երևում է Արմենը՝ ձեռքին եղրևանու մի մեծ փունջ։ Ներս մտնելով, նա նկատելի շփոթվում է, ինչպես երևում է, չէր սպասում այդ ժամին տեսնել ինձ տանը։

-Այդ ի՞նչ է, դպրոց չե՞ս գնացել, Աբիկ։

-Ոչ,- ասում եմ ես, նստելով մահճակալի ծայրին։- Նշագեղծերի բորբոքում ունեմ։

-Մրսել ես երևի,-ասում է Արմենը՝ անվստահ նայելով շուրջը։

-Երևի,-ասում եմ։ - Մայրիկը տանը չէ,-ավելացնում եմ ես, նայելով ծաղկեփնջին։

-Հա՞,-ասում է  Արմենը շփոթված։-Իսկ ես կարծում էի, թե տանն է։

Ծիծաղելի է, երբ մեծահասակ տղաները շփոթվում են։ Ես օրինակ, երբեք չեմ շփոթվի՝ որտեղ էլ որ լինեմ։

-Ոչ,  տանը չէ,-կրկնում եմ ես։ -Այսօր նա առաջին հերթի է աշխատում։

-Հետաքրքիր է,-արտասանում է Արմենը, աշխատելով չնայել  իմ  կողմը,- ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել...

Ես միածում եմ, որ  երևի  նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել։

-Այս ծաղիկներն ուրեմն մայրիկի համա՞ր ես բերել,- ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ  տարօրինակ ձևով է  նայում  ինձ:  Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին։

-Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ,- ասում է նա,- թե չէ իսկույն կթառամի։ - Որոշ լռությունից հետո,  նայելով   դեպի կից սենյակները,  Արմենը ոչ բարձր  հարցնում է.- Արինան որտե՞ղ է։

-Դեռ չի եկել դպրոցից։

-Իսկ ե՞րբ է գալու, չգիտե՞ս։

-Արինա՞ն… Նա արդեն պիտի եկած լիներ, չգիտեմ ինչու, ուշանում է։ Երևի հիմա կգա։ Ուզո՞ւմ ես, սպասիր։

-Չէ, չէ,- ձեռքերը շարժելով ասում է Արմենը։-Մի ուրիշ անգամ, հիմա վռազ շրջկենտրոն եմ գնում։ Եթե քեզ համար դժվար չէ, Աբիկ ջան, այս ծաղիկները տուր Արինային՝ հենց որ եկավ։ Լա՞վ։

Փոքր երեխայի տեղ է դրել ինձ: Չի անցնի:

-Կաց, բա մայրիկի համա՞ր չէիր բերել, -ասում եմ ես, իսկ ինքս քիչ է մնում զսպված ծիծաղից պայթեմ։

-Ոչինչ, Աբիկ ջան, Արինան ինքը կտա մայրիկին։

-Լավ,- ասում եմ ես անթարթափ նայելով նրան։- Հենց որ եկավ, կտամ իրեն։

Արմենը գնում է դեպի պատշգամբի դուռը։

-Ե՞րբ ենք նորից գնում Թարթառի ձորը,-դռների մոտ շրջվելով հարցնում է Արմենը։

-Երբ ասես, -ժպտում եմ ես։

Նրա գնալուց հետո ես ծաղիկները դնում եմ ջրով լի սկահակի մեջ։ Իրոք որ, գեղեցիկ ծաղկեփունջ է, երևում է Արմենը վատ ճաշակ չունի։ Այս գարնան առաջին ծաղիկներն են սրանք։ Երևի Թարթառի ձորից է բերել Արմենը, որովհետև մեզ մոտ եղրևանիները չեն ծաղկել դեռ։

Մեր գյուղի բոլոր տղաների մեջ , չգիտեմ ինչու, ամենից շատ ինձ Արմենն է դուր գալիս։ Գուցե նրա համար, որ նա անչափ քաղաքավարի ու հավասարակշռված տղա է, գյուղում բոլորի հետ էլ՝ մեծ թե փոքր, սիրալիր է վերաբերվում։ Չգիտեմ։ Բարձրահասակ է նա ու լայնալանջ, սև աչք-ունքով, խոսելիս թեթև ժպտում է և ժպտալիս նրա աջ այտին հազիվ նկատելի փոսիկ է գոյանում։ Բանակից վերադառնալուց հետո կոլտնտեսությունում վարորդ էր, իսկ անցյալ տարի, երբ Թարթառի վրա սկսվեց արհեստական ջրամբարի կառուցումը, գնաց այնտեղ։ Ինքնաթափ բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում։ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս։ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս։ ''Արմենը ոսկի տղա է,- մի անգամ Արինայի ներկայությամբ ասաց հայրիկը։-Ոսկու նման՝ ուր էլ որ դնես , կփայլի։ Հերն էլ լավ մարդ էր,աֆղանական կռվից   եկավ՝ մի քանի տեղից վիրավոր,  երկու  տարի տանջվեց էդպես ու մեռավ։ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի''։

Արինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու։

-Ճի՞շտ չեմ ասում, Արուս,- դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը։

-Ճիշտ ես ասում,- մայրիկը գաղտնաբար նայում է Արինային։- Արմենը լավ տղա է։

-Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի  մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ։

Ասում եմ,չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող:Մի հարցնող լինի՝ո՞ր օրվա  ծերունին ես դու:

-Դու՞ք  եք  ծերունի,- աչքերում անսքող ծիծաղ՝ ասում է Արինան՝  կողքանց   նայելով հայրիկին։- Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք։

-Արինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ,-Արինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը։- Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է… Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում… Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն։ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է։

Այս խոսակցությունը տեղի էր ունենում աշնանային ուշ երեկոյան, մեր բակում, թթենու տակ գցված ընթրիքի սեղանի շուրջը։ Աստղազարդ պարզկա երեկո էր, երկինքը՝ կապտաժեռ, վերևից գյուղին նայելիս՝ թվում էր երկնքից մի բեկոր՝ աստղերի հետ պոկվել, ընկել է այս սար ու ձորերի մեջ, ու հիմա պարզ երևում էր այդ բեկորը՝ առկայծող լույսերով։

-Այո, կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը,-շարունակեց հայրիկը՝ մի ումպով պարպելով թթօղու բաժակը։- Ես ձեզ մի բան ասեմ. մարդս, առհասարակ, մահկանացու է, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է։ Արմենի հերը մեռավ, ճիշտ է, բայց ինքը տիրություն արեց ընտանիքին, քույրերին, ուրիշների նման չփախավ քաղաք՝ հեշտ ու թեթև աշխատանքի, մնաց գյուղում, մոր աչքի առաջ, հիմա էլ, հրեն,  շինանյութ է բերել, ուզում է երկու հարկանի տուն կառուցել։

-Եվ միաժամանակ հեռակա կարգով սովորում է ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտում,- լրացնում է մայրիկը։

-Ապրի արևը։ Արժանավոր զավակը էդպիսին կլինի։ Մարդ իր արած գործերով արձան է կառուցում իր համար, որը կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել,- հայրիկն իր ասածից գոհ հաղթական նայում է բոլորիս և շարունակում.- Հրեն, տեսնո՞ւմ եք էն աստղերը, կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունաում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը։ Իսկական մարդը նման է էդ աստղին, ինքը, ափսոս, չկա, բայց թողած լավ գործն ապրում, լույս է տալիս ուրիշների ճանապարհին։ Մինչև ինձ,- շարունակում է հայրիկը,-գյուղի անասնաբույժը Վաչագանն էր, Քոլատակ գյուղից։ Խաչենագետի հենց կողքին է էդ գյուղը, բայց ինքը վաղուց էստեղ էր ապրում։ Հազար օղորմի նրան, ի՜նչ մաքուր մարդ էր, ի՜նչ ազնիվ հոգի. մեր էս գյուղարանքում մեկին չես գտնի, որին լավություն արած չլինի։ Աշխարհն, այ, էդ տեսակ մարդկանցով է կանգուն…Մի ուրիշ Վաչագան էլ կար մեր գյուղում…Չէ Վաչագան չէր՝ Վաղարշակ,-ծիծաղեց հայրիկը։- Սուս ու փուս մարդ էր, գլուխը կախ, չխոսեցնեիր՝ օրերով խոսք չէր խոսի։ Կռվի ժամանակ գերի էր ընկել, երեք տարի գերմանական համակենտրոնացման ճամբարներում էր եղել, մի տասը տարի էլ էստեղ՝ մեր լագերներում էր տանջվել։ Շրջանից մարդ էր եկել, շրջկոմի հրահանգիչ էր, Վաղարշակին հարցնում է՝ ''Կյանքդ ո՞նց ես ապրել, հայրիկ''։ ''Գերմանական լագերները չհաշված՝ համարյա մի օր չեմ տեսել'',- ասում է Վաղարշակը։ Մաքուր ծիծաղ… Էս Վաղարշակը մի աղջիկ ուներ, անունը Ռազմելա, էնքա՜ն սիրուն, էնքա՜ն սիրուն, որ նայելիս մարդու շունչը կանգ էր առնում՝ մազերն էլ ոսկեգանգուր, բա ա՜չքերը, աչքերը…-հայրիկը շփոթված շուրջը նայեց, ասաց.- Ղազանչի գյուղ մարդու գնաց, մարդու անունն էլ Մանթաշ… Հա, ինչի՞ մասին էինք խոսում։

-Մանթաշի  կնգա մասին,- ասաց մայրիկը։ Բայց ինձ թվաց, թե մի ուրիշ ձևով նա ասաց այդ խոսքը, որովհետև հայրիկն ավելի շփոթվեց, ասաց.- չէ, Մանթաշի մասին չէր… Հա, հիշեցի, Արմենի հոր մասին էր, լավ մարդ էր, շատ լավ մարդ էր, Արմենը լրիվ նրան է քաշել։

Արինան նույնպես անտարբեր չէ Արմենի նկատմամբ։ Ես դա վաղուց եմ նկատել։ Նույնիսկ ավելի շուտ, քան միասին գնացել էինք Թարթառի ձորը՝ ջրամբարի կառուցումը դիտելու։ Մենք Թարթառի ձոր գնացինք Արմենի վիլիսով։ Ձորում, գետի հոսանքն ի վեր, ինչպես գյուղից ելնող գոլորշի՝ նոսր մշուշ էր հոսում, և այդ մշուշի միջով արևի շողերը թափանցում էին գետի մեջ, և ջրերը շողում, շողշողում էին աշնան արևի տակ։

Այստեղ-այնտեղ ճանապարհի աջ ու ձախ կողմերին ինչ-որ տղաներ դույլերի մեջ հոն ու ընկույզ էին վաճառում՝ մեքենա տեսնելիս դույլերը բարձրացնելով վեր։

Արինան նստել է առջևի նստատեղին, Արմենի մոտ, իսկ ես, մենակ մնալով մեքենայի ետնամասում՝ մեկ այս լուսամուտին էի կպչում, մեկ՝ այն։։ Դա անմոռանալի ճանապարհորդություն էր՝ մագնիտոֆոնի ախորժալի երաժշտության ուղեկցությամբ։ Գլուխս հանելով մեքենայից, ես հետաքրքրությամբ նայում էի արևազօծ սարալանջերին, կուսական անտառներին ու պարզկա Թարթառին՝ ներկված լեռների խայտաբղետ գույներով։

Արմենն ու Արինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին։ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից։

Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթացորեն ետ էր թռչում անվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ…

-Կամաց քշիր, Արմեն,- խնդրում էր Արինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին։- Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են։

-Վախենո՞ւմ ես,-ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արինային։ Նրա ձեռքն իջնում էր Արինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արինայի մատները։ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան։

-Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը,-կրկին խնդրում է Արինան։

                 -Իմ մեքենան գիտի, թե ով  է այստեղ  նստած , նա այդպիսի  բան չի անի։

-Միևնույն է, ճանապարհին նայիր։ Դու, ինչ է, առաջին անգա՞մ ես տեսնում ինձ։  

-Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ  քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում  և  ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից։ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝այլևս չմոռանալու համար:

- Եվ  դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ,- ծիծաղում է Արինան։

-Այո, ճիշտ կռահեցիր։ Որոշել եմ փախցնել։ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան։

-Իսկ ինչո՞ւ փախցնել… երբ ես համաձայն եմ…- Արինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով  և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին։

-Ես համաձայն եմ,- կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին  ասում է Արինան։-Փախցրու , բայց ոչ այս մեքենայով։ Քո հին բեռնատարով։ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ։

Արմենը մտացրիվ նայում է Արինային, ժպտում։

-Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս…միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ։

-Ասա, չեմ ծիծաղի,- պատասխանում է Արինան։- Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա։

-Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները։ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում։ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի։

 Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ։ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը… Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին։ Արինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից։ Իսկ նա… Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր նայում է Արմենին, ասես սպասելով, որ նա էլի խոսի։ Մի՞թե նրան իսկապես, դուր է գալիս լսել այդ ցնդաբանությունը։ Խելքս բան չի կտրում։ Իսկ Արմենն իրենն է շարունակում։

-Ծիծաղելի է երևի…

-Ամենևին։

-Ամեն անգամ, անցնելով գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու մոտով, որտեղ բեռնատարից իջար առաջին անգամ, մի քիչ արգելակելով մեքենան, ես ասում եմ. ''Ողջույն, ծերուկ, դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչքան ուրախ եմ՝ ամեն տեսնելով քեզ իմ ճանապարհին''։ Եվ դա ես ասում եմ շատ լրջորեն։ Դու չե՞ս հավատում ինձ։ Ծիծաղիր ինձ վրա, բայց հավատա։

-Հավատում եմ…

Աստված իմ, մի՞թե հնարավոր է հավատալ այդպիսի զառանցանքին։ Եթե ինձ կախ էլ տան, միևնույնն է, չեմ հավատա։ Իսկ Արինան հավատում է։ Զարմանալի է։։ Շատ է զարմանալի… Սպասիր, ի՞նչ դեղձենու մասին է խոսքը։ Գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու… Ուրեմն Արինան նրա բեռնատարով էր գյուղ եկել այն ժամանակ։ Ահա թե ինչու Արմենն այնպես շուտ մեկնեց… Եվ ոնց էլ  ձայնից չէի ճանաչել։ Այն ժամանակ էլ, հիշում եմ, բեռնատարը ծանոթ թվաց, բայց հեռվից հաստատ չկարողացա իմանալ՝ Արմենի մեքենա՞ն էր, թե՞ ուրիշի։

Այո, ես շատ բան հասկացա այն ժամանակ Թարթառի ձորում՝ և ամբարտակի վրայից կառույցը դիտելիս, և ճանապարհին, ավելի ճիշտ՝ հաստատվեցին իմ բոլոր կասկածանքները, որ ունեի մինչ այդ։

…Եղրևանու ծաղկեփունջը դրել եմ լուսամուտագոգին, սկահակի մեջ, և անհամբերությամբ սպասում եմ Արինային։ Աստիճանների վրա ես լսում եմ նրա թեթև ոտնաձայները։ Չգիտեմ ինչու, սիրտս միանգամից սկսում է արագ բաբախել։ Հուզվում եմ երևի։ Արինան ներս է մտնում լուսափայլ ժպիտը դեմքին՝ իր բարձր տրամադրությամբ համակելով նաև ինձ։    

-Հը, ինչպե՞ս ես զգում քեզ, Աբիկ։

-Ոչինչ, վատ չեմ,- ասում եմ ես ժպտալով ու հայացքով ցույց եմ տալիս լուսամուտագոգը։

Արինան նույնպես նայում է այդ ուղղությամբ։

յս  ի՜նչ հրաշալի ծաղիկներ են, ո՞վ է բերել։- Վերջին բառերը նա արտաբերում է  համարյա շշուկով։ Ես ձևացնում եմ, իբր, ոչինչ չեմ նկատում, և ասում եմ անմեղսապարտ տեսքով։

-Մերուժանը։

-Ո՞վ,-Արինայի աչքերը նույնիսկ կլորանում են։

-Մերուժանը,-ծիծաղում եմ ես։ -Կոշկակար Մերուժանը։

Արինան մոտենում, վերցնում է ծաղկեփունջը՝ այնտեղից հանելով խողովակաձև փաթաթված մի թուղթ՝ Արմենի երկտողը։ Ես հենց սկզբում էի նկատել այդ թուղթը, երբ դեռ ծաղկեփունջը դրված էր սեղանին։ Մոտովորապես ենթադրում եմ նույնիսկ, թե ինչ է գրված այնտեղ։ Նամակ գրելու փոխարեն, գնար դպրոց, դուրս կանչեր Արինային և ինչ որ պետք է՝ ասեր նրան։ Դմբո։ Չէ, երևի չի ուզեցել դպրոց գնալ։ Ես ձևացնում եմ, թե գաղափար անգամ չունեմ երկտողի մասին։ Արինան բացում է թուղթը և, թեթևակի շիկնելով, հարցնում է.

-Այսպես, ուրեմն, ասում ես, ո՞վ է բերել։

Երկուսով սրտանց ու համերաշխ ծիծաղում ենք, և ես Արինայի համար աննկատ, աչքի տակով արագ կարդում եմ Արմենի երկտողը. «Ներիր, շտապ գնացի Մարտակերտ:Երեկոյան սպասիր:Քո Արմեն»: Այնուհետև Արինան ասում է մարող շշուկով.

-Աբիկ, դու ոչ ոքի չես ասի, չէ՞, այս մասին։

-Մի վախենա, չեմ ասի։ Նույնիսկ մայրիկին չեմ ասի,-խոստանում եմ ես։ Իսկ հետո, այնուամենայնիվ, չեմ համբերում և հարցնում եմ.-Իսկ ինչ է, Արմենն իսկապե՞ս քոնն է։

-Ի-ի՞նչ…

-Նա այնտեղ գրում է՝ ''Քո Արմեն''։

-Վերջ տուր, Աբիկ։ Ամոթ քեզ, ուրիշի գրածն ինչո՞ւ ես կարդում։- Եվ,աստված իմ, ինչպես  է  նրա դեմքը պատում  վարդ-շիկնանքով։ Ուղղակի ոնց որ փոքրիկ աղջնակ։

-Իսկ մի՞թե նա ուրիշ է,- այս անգամ խորհրդավոր ժպտում եմ ես։ Արինան հանդիմանանքով նայում է ինձ, բայց ես պարզ տեսնում եմ. նա բոլորովին չի բարկանում ինձ վրա, նրա  շուրթերը բացվում են՝ ինչպես կարմիր վարդն է բացվում ցողաթաց արևի ջերմ հպումից, և ժպիտը տարածվում է գեղասքանչ դեմքին։



                                             8.



Իսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն։

Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ Գաբրիելը, ի տես բոլորի՝ սիգարեթը բերանին կանգնում է գրասենյակի բաց պատշգամբում, և վերևից կարգադրություններ է անում այս ու այն կողմ՝ մեկ իբր բարկանալով, մեկ հանկարծակի քահ-քահ ծիծաղելով  խփում իր մոտ կանգնածներից որևէ մեկի մեջքին։

Դա օրվա այն ժամն է նաև, երբ հանդից օրոր-շորոր վերադառնում է նախիրը, ոչ այն է կարոտից, ոչ այն է քաղցից՝ բակերից նվաղուն բառաչում են հորթերը, թաղից-թաղ արձագանքելով իրար՝ բեկբեկուն հաչում են շները, մթնող անտառներից սկսում է կանչել գիշերահավը։

Մայրիկը կթեց կովը, և ես, ամեն օրվա պես, թողեցի, որպեսզի մեր խելառիկ հորթուկը մի կուշտ ծծի մոր ծաղկաբույր կաթը, հետո հորթուկը գցեցի գոմը՝ ոչխարների մոտ, իսկ կովը կապեցի բակում, հողի մեջ խրված երկաթե ցցից, հավերը թռցրի թառ, եփած կարտոֆիլի ու գարու ալյուրի խառնուրդից մի դույլ լակ սարքեցի և, լցնելով տաշտակի մեջ, տվեցի խոզերին, որ արդեն երկու ամիս է, ինչ գիրացնում ենք, և նոր միայն վազեցի տուն՝ դասերս պատրաստելու։

Գնալով թանձրացավ մութը, այն ձորերից դանդաղորեն ելավ, մտավ գյուղ, և շուտով փողոցներն ու տները ընկղմվեցին մթության մեջ։ Արինան հագավ իր երկնակապույտ նոր զգեստը, որն այնպես սազում է իրեն, և դուրս եկավ տնից…

Եվ հիմա լուսամուտի առջև նստած, ես սպասում եմ Արինային։ Լուսինը, նման սեխի շղարթի, անշարժ կախվել է Սառնատուն լեռան վրա։ Իսկ Արինան չկա ու չկա։ Շուտով լուսինը նույնպես, երևի, հոգնելով լեռների վրա այնպես երկար մնալուց, գնում, անհետանում է սարերի ետևում և, կարծես դրան էր սպասում, մոտիկ անտառից աղիողորմ կանչում է բուն։ Ասես հրամանով՝ ծղրիդները անսպասելի ընդհանում են իրենց ճտճտոցը, պարզորոշ լսվում է Բարակ ջրի միահունչ վշշոցը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ…

-Մամ, ե՞րբ կգա Արինան,-հարցնում եմ ես։

-Երբ կգա՝ կգա, ինչո՞ւ ես անհանգստանում,-զարմացած նայում է մայրիկը։

-Ինչպե՞ս թե՝ ինչու ես անհանգստանում,- հուզված ասում եմ ես։-Վաղուց է, չէ՞, գնացել։

-Զբոսնում է երևի։

-Այսքան ո՞ւշ։

Ինձ հանկարծ պատկերանում է, թե ինչպես գիշերային ականակուր խավարի մեջ, անաղմուկ, գաղտագողի Արինային է մոտենում կոշկակար Մերուժանը և, նրա բերանը ծածկելով կաշվահոտ իր ափով, փախցնում է սարերը։

-Լսիր, Աբիկ, -ասում է մայրիկը,- դա  վերաբերո՞ւմ է քեզ։ Դու քո դասերով զբաղվիր։

Ես ոչինչ չեմ պատասխանում, իսկ մայրիկը շարունակում է.

-Արինան փոքր երեխա չէ, որպեսզի իրավունք չունենա որևէ ինքնուրույնության։ Իսկ դու ոնց որ բանտի վերակացու, չես թողնում, թե շունչ քաշի խեղճ աղջիկը։

-Ի՞նչ եմ անում,-վիրավորված հարցնում եմ ես։

-Ինչ եմ անում, ինչ եմ անում,- տնազում է մայրիկը,-ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս։ Շուտ գնա քնելու, Արինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը։

Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արինայի գալը։

Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել։ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից։ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է։ Ականջ եմ դնում։ Բվի կռինչը մեր այգուց է գալիս։ Իսկ տանը լռություն է։ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արինայի սենյակի դուռը։ Նա խոր քնած է,  փոքր երեխայի պես  ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու։

Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն։



                                                   9.



-Մինչև արձակուրդները հաշված օրեր են մնացել,-ասում է Արինան։-Շուտով քեզ հետ կգնանք  քաղաք։

-Արմե՞նն էլ է գալու մեզ հետ, -հարցնում եմ ես։

-Այո…Այսինքն նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում։

-Նա Բաքվո՞ւմ է սովորում։

-Իհարկե։ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին։

-Ոչ:-Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար։

-Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք։ Եթե, իհարկե, դու դեմ չես,- ասում  է նա  ժպտալով։Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:

Երեկոյան, երբ Արինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար   ու  անվստահ հարցնում եմ.

-Ե՞ս էլ եմ գալիս հետդ։

Արինան անսքող աղերսանքով նայում է ինձ։ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել։Ես դա ուշացումով, բայց այնուամենայնիվ  հասկանում եմ:

-Լավ, չեմ գալիս,- արագ  ասում եմ ես։

-Ինչո՞ւ,- հենց այնպես  հարցնում է նա:

-Մտադրությունս փոխեցի,- թոթովում եմ ես:- Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք։

Արինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս  է գալիս տնից։

Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր տրամադրություն չունեմ շախմատ խաղալու։ Հայրիկը նույնպես տանը չէ, կանչել են Ստեփանակերտ՝ անասնապահների մարզային հավաքի, իսկ մայրիկը այսօր ամբողջ օրը հիվանդանոցից տուն չի եկել, որովհետև հարևան գյուղից մի մարդու արջը անտառում գզգզել է, և նրան համարյա անհուսալի վիճակում առավոտյան բերել են հիվանդանոց։ Մայրիկը, հավանաբար, գիշերը հերթապահի այնտեղ։

Ես մենակ եմ մնացել տանը, և կյանքում առաջին անգամ զգում եմ, թե ինչքան անտանելի բան է մենակությունը։ Իմ հոգում այնպիսի տրտմություն է, որ քիչ է մնում պայթի սիրտս։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Դուրս եմ գալիս բակ։ Այստեղ նույնպես հետաքրքիր ոչինչ չկա, նույն դատարկությունն է։ Իմ քայլերն ակամաբար ինձ հանում են փողոց, տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որտեղով անձրևների ժամանակ վազում են  գյուղամիջից իջնող պղտոր ջրերը, գնում եմ ձորի կողմը։ Գիտեմ, որ լավ բան չէ արածս, բայց ետ կանգնել իմ մտքից՝ ես անկարող եմ, անհասկանալի ինչ-որ ուժ ասես առաջ է մղում ինձ։ Ես շարունակում եմ քայլել՝ երբեմն թաքնվելով հաստաբուն ծառերի հետևում, երբեմն կռացած, և սարսափելով բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ շատ եմ ուզում լսել, թե Արմենն ու Արինան ինչի մասին են խոսում հիմա այնտեղ, ձորամերձ այգում, թեպետ դարձյալ զգում եմ, որ դա աններելի քայլ է իմ կողմից, անազնվություն՝ թաքուն ականջ դնել ուրիշի խոսակցությանը։

 Լուսնյակը միանգամից դուրս սահեց  Թղկոտասարի ետևից՝ իր արծաթ շողերով ներկելով արար աշխարհ։ Քիչ հեռվում,  ծառերի տակ կանգնած, երևում են Արմենն ու Արինան։ Ես պարզ տեսնում եմ՝ Արմենը ինչ-որ բան է պատմում Արինային, իսկ Արինան, մեջքով հենված այգու  ինչ-որ ծառերի, լուռ լսում է նրան, և մերթ ընդ մերթ նրա վարակիչ ծիծաղը, ինչպես  ժայռի կրծքից ծնված աղբյուրի կարկաչ, տարածվում է լուսնալույսով ողողված այգու վրա։ Ձգտելով ոչ մի ձայն չհանել, ես   սողեսող, աննկատելիորեն մոտենում եմ նրանց և պառկելով հաստաբուն ընկուզենիների  տակ, մի փոսորակ տեղ, նայում եմ նրանց։ Արինան դարձյալ կանգնած է՝ մեջքով հենված ծառաբնին,դա պարզ երևում է լուսնալույսի տակ, իսկ Արմենը քնքշանքով շոյում է նրա ձեռքը՝ արմունկից քիչ բարձր, և խոսում է կամացուկ, ինձ համար  անլսելի։

Գարնանային մարմանդ հովը թեթևակի օրորում է ծառերի ճյուղերը՝ տարածելով ծաղկած ծաղիկների ու պայթող բողբոջների դեռափթիթ բուրմունքը։ Օրորվում են ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս…

Հեղձուկը բռնում է կոկորդս՝ չթողնելով շնչել։ Ես դեմքս հպում եմ գետնին, այդպես մնում եմ մի պահ՝ դանդաղ շնչելով կուժկոտրուկի բույրն ու երեսիս զգալով կանաչ խոտերի սառը հպումը։ Քիչ անց բարձրացնում եմ արցունքաթաց աչքերս: Ինչո՞ւ եմ արտասվում, ինչո՞ւ է  սիրտս տագնապում այսպես՝ հասկանալ, ըմբռնել չեմ կարողանում... Արմենը, Արինային սեղմած կրծքին, ինչ-որ խոսքեր է ասում մարող շշուկով և միաժամանակ շոյում է նրա մազերը։

Հարկավոր է անհապաղ հեռանալ։ Բայց մարմինս ասես կապարով է լցված, տեղից շարժվել չեմ կարողանում, վախենում եմ նույնիսկ խոր շնչել, ինձ թվում է՝ մի թեթև շարժում՝ մի ճյուղ կկոտրվի հանկարծ, և նրանք կնկատեն ինձ։ Ես դարձյալ լսում եմ նրանց կամացուկ ձայնը։

-Դու ուրա՞խ ես, որ եկար մեր գյուղ։-Արմենի ձայնն  է:

-Այո, իհարկե։ Ես երջանիկ եմ, որ եկա։ Չէ՞ որ այստեղ ես հանդիպեցի քեզ։

-Արինա…ես կխենթանամ…-շշնջում է Արմենը և, Արինային ամուր սեղմելով կրծքին, սկսում է համբուրել նրան:

Ես սպասում եմ, որ ահա Արինան բարկացած մի կողմ կհրի նրան և արցունքն աչքին  նեղացած կվազի տուն։ Բայց ոչ, նա ամենևին չի բարկանում, չի հրում Արմենին մի կողմ…Նա թույլ հառաչում է Արմենի գրկում, լուսնալույսի մեջ դեմքը կծկելով՝ ինչպես ցավից, մատներով խճողում է նրա մազերը՝ ավելի ու ավելի սեղմելով նրան։

Եվ կրկին օրորվում են ծառերի ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, և կրկին ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս…

Ես պատրաստ եմ գետինը մտնել ոչ այն է անդադար հոսող իմ արցունքների  պատճառով, ոչ այն է ամոթից ,անտանելիորեն այրվում է դեմքս, և ես չգիտեմ, թե ուր կորչեմ։ Ուզում եմ հոնգուր-հոնգուր լալ, և, որպեսզի լաց չլինեմ, ուժեղ կծում եմ շուրթերս։

Իմ  ականջներիս  մեջ  ու  իմ գլխում շարունակ ինչ-որ տարօրինակ, մի վայրկյան անգամ չընդհատվող աղմուկ է։ Բայց թեթև քամուց իրար խփվող տերևների աղմուկ չէ դա, այլ ավելի շուտ՝ ջրվեժի շառաչ։ Եվ այդ աղմուկի միջից հանկարծ լսվում է գիշերային երկնքով անցնող արագիլների կանչը։ Արինան ու Արմենը մի պահ նայում են վեր, դեպի երկինք։ Արագիլների թախծական կանչը հետզհետե հեռանում, կորչում է սարերի ետևում։

-Երբ Թարթառի ձորում սկսվեց Սարսանգի ջրամբարի կառուցումը, միաժամանակ որոշում եղավ հատել անտառի այն մասը, ուր ապագա լիճը պետք է լինի,-հայացքը դեռևս հեռավոր սարերին, ասում է Արմենը։- Դե հո անտառը չէին թողնելու ջրի տակ։ Բայց ահա եղան մարդիկ, որ, օգտվելով առիթից, կտրեցին նաև շատ ծառեր՝ լճի սահմաններից շատ հեռու։ Ամբարտակի մոտ մի բարդի կար՝ կատարին արագիլի բույն։ Նրանք կտրեցին նաև այդ բարդու ճյուղերը, բույնն ավերվեց։ Իսկ երբ եկավ գարունը, արագիլները վերադարձան։ Նրանք մոտենում էին թևածելով, ուրախության ճիչեր արձակելով։ Հասնելով ծանոթ բարդուն, նրանք, երևի հասկացան կատարվածը, տագնապալից կռինչներ հանելով մի քանի անգամ պտտվեցին բարդիների շուրջը, իսկ հետո հեռացան։ Այն գնալն էր, այլևս չվերադարձան...   

-Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին,-ուշացումով ասում է Արինան։-Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը։

-Ի՞նչ թալիսման,- զարմանք արտահայտող ձայնով հարցնում է Արմենը։

Արինան անհամբերատար կերպով թափահարում է գլուխը

-Միայն մի խոսք՝ այո կամ ոչ։

-Այո։ Իհարկե, այո... Բայց չեմ հասկանում, դա ի՞նչ է նշանակում։

-Քանի դեռ այդ ծառը կանգնած է այնտեղ՝ ողջ ու անվնաս, ինձ ոչինչ չի լինի կյանքում՝ ոչ փորձանք, ոչ վիշտ, իսկ եթե չլինի այդ ծառը, որևէ մեկը կտրի այն, կամ կոտրվի  ճյուղերից նույնիսկ մեկը՝ մեծ դժբախտություն կպատահի մեզ։

Նա այդ բառերն արտասանում է այնպիսի կրքոտ համոզվածությամբ ու այնպես համոզված, որ սարսափել կարելի է, և ես ակամաբար մտածում եմ՝ նա խելքը թռցրել է, ինչ է։ Մի՞թե նա չի հասկանում, որ ես տեղնուտեղը կմեռնեմ, եթե նրան մի բան պատահի: Հավանաբար նույնն է մտածում նաև Արմենը, որովհետև գրկելով Արինայի ուսերը, նա վախեցած հարցնում է.

-Արինա, մտածիր, տես ինչ ես ասում։

-Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ես հավատում եմ նախազգացումներին…Ասա ինձ, դու չես թողնի, չէ՞, որպեսզի որևէ մեկը կտրի այն։

-Երբեք։ Անհոգ մնա։

-Դու ինձ համար շատ ես թանկ, Արմեն…

Արմենը նրան քնքշորեն սեղմում է իր կրծքին և մի որոշ ժամանակ նրանք իրար գրկած լուռ կանգնում են այդպես։ Հետո Արմենը հարցնում է կամացուկ.

-Մինչև աշուն ինչքա՞ն ժամանակ է մնացել։

-Չգիտեմ։ Չեմ հաշվել։

Արմենը մի երկու վայրկյան լռում , այնուհետև ասում է.

-Ուղիղ չորս ամիս։

-Արմեն, սիրելիս, պետք չէ այդ մասին խոսել։

-Ինչո՞ւ։

-Ինձ թվում է մինչ այդ ես չեմ  դիմանա...չեմ ապրի։

Ես կիսաբարձրանում եմ տեղից, ուշադիր նայում Արինային։

-Մեր կողմերում հարսանիքները միայն աշնանն է լինում,- ասում է Արմենը։- Այդպիսին է սովորույթը։

-Ինչպիսի հետամնացություն,- ասում է Արինան, բայց ես նրա ձայնից զգում եմ, որ նա կատակում է։ -Մեր ժամանակներում, երբ անհաշտ պայքար է մղվում իրենց դարն ապրած սովորույթների դեմ, դժբախտաբար, դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանում են հին սովորույթները։ Մի՞թե, իրոք, չի կարելի գոնե մի անգամ խախտել այդ սովորույթը։

Այդ խոսքերից հետո նրանք ուրախ ծիծաղում են։ Հետո Արինան ասում է.

-Դե, ես գնամ, Արմեն, ուշ է արդեն։

՜նչ շուտ է անցնում ժամանակը։ Ե՞րբ կհանդիպենք։

-Չգիտեմ։

-Այս չորս ամիսներին ուզում եմ ամեն օր հանդիպել քեզ։

-Իսկ հետո՞,-Ասում է Արինան։

-Իսկ հետո հանդիպել և այլևս չբաժանվել երբեք։

Ես կամաց, առանց որևէ ձայնի,ետ-ետ եմ  սողում  և, քիչ այն կողմ, մթության մեջ ոտքի կանգնելով, վազում եմ տուն։ Ես վազում եմ արագ՝ երբեմն ետ-ետ նայելով, ասես ինչ-որ մեկը հետևում է ինձ։

Տանը առաջվա պես ոչ ոք չկա։ Մեր Չալկան մի քանի անգամ ընկնում է ոտքերիս տակ, ցատկոտում է այս ու այն կողմ, բայց ես նրան ուշադրություն չեմ դարձնում, բարձրանում եմ տուն և, առանց լույսը մարելու, հապշտապ մտնում եմ անկողին։

Ես երկար սպասում եմ Արինային, բայց նա չկա։

 Ծանր, սևավուն ամպերը ծածկում են լուսնյակի երեսը, դրսում ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, և այդ անթափանց խավարի մեջ հստակ հնչում է մեր Բարակ ջուր գետի միալար վշշոցը։ Շունչս պահած ու ականջս ձայնի՝  սրտատրոփ սպասում եմ։ Բակում ծանոթ ճռնչյունով բացվում է դարպասի դուռը։ Արինան է։ Նա անաղմուկ, թեթևաքայլ մտնում է տուն։ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան։

Արինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ  ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը…Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը։ Մի՞թե լաց է լինում…Սիրտս ալեկոծվում է  նրա հանդեպ ունեցաց անհուն սիրուց ու խղճահարությունից։ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն։ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել։

Արինան դանդաղ շրջվում է իմ կողմը։ Ես լսում եմ նրա հուշիկ քայլերը... Նա մոտենում է ինձ, զգուշությամբ նստում է իմ մահճակալի ծայրին, և ես զգում եմ, թե ինչպես է խոնարհվում ինձ վրա, արդեն զգում եմ նրա անուշիկ բուրմունքը։ Արինայի տաք շուրթերը հպվում են իմ այտին։ Ես արագորեն բացում եմ աչքերս, մի ձեռքով թեթևակի գրկում եմ Արինային, ուզում եմ համբուրել նրան, սակայն չեմ համարձակվում։

-Դու չէիր քնեել, չէ՞, Աբիկ,- հարցնում է նա, առանց ետ քաշվելու։

-Ոչ,-պատասխանում եմ ես դողդոջուն ձայնով։- Չէի քնել։ Դու այդ որտե՞ղ էիր այսքան ժամանակ,-հարցնում եմ ես՝ աչքերս դարձնելով մի կողմ։

Նա իմ հարցին չի պատասխանում։

-Աբիկ,- ասում է նա,- կարո՞ղ ես հաշվել՝ ինչքա՞ն է մնացել մինչև աշուն։

-Ի՞նչ մի դժվար բան է դա։ Ուղիղ չորս ամիս։

-Դու երջանիկ ես, Աբիկ, քեզ համար չորս ամիսը պարզապես չորս ամիս է, և վերջ։

-Իսկ քե՞զ համար,-հարցնում եմ ես, զգալով, թե ինչպես է թրթռում սիրտս:

-Ինձ համար…-Արինան մի պահ մտածում է։- Ինձ համար՝ մի ամբողջ հավիտենակունություն։





                                     10.



Այդ գիշեր նա ուշ պառկեց։ Գրավորներ էր ստուգում, բայց պառկեց թե չէ՝ անմիջապես քնեց։ Ես միշտ էլ զարմանում եմ վայրկյանպես քնով անցնելու նրա հմտության վրա։ Ես այդպես չեմ կարողանում՝ մի կողքից մյուսն եմ շրջվում, նորից ու նորից վերհիշում եմ այն ամենը, ինչ տեսա ու լսեցի այնտեղ՝ ձորամերձ այգու ծառերի տակ, սակայն, միևնույն է, քնել չեմ կարողանում։ Իմ լուսամուտից երևում է երկնքի մի ծայրը, բայց երկնքի այդ մասը դեռևս պատված է ամպերով և նայելու բան չկա այնտեղ։ Սենյակը տոթ է, երևի անձրև է գալու։ Ես ուզում եմ ելնել, բացել օդանցքը, բայց վախենում եմ Արինան արթնանա։ Ես կրկին ամուր փակում եմ աչքերս՝ ձգտելով մի կերպ քնով անցնել։ Եվ հանկարծ այդ պահին կալատեղերից ինչ-որ տագնապալից ձայն, փշրելով գարնանային խոր լռությունը, տարածվում է քնած գյուղի վրա։

-Է հե-հե-հե-ե-ե՜յ…

Այդ անակնկալ աղաղակից ասես սառչում է արյունս, ես արագ նստում եմ անկողնում և սարսափով բռնված նայում շուրջս։

-Էհե-հե-ե-ե՜յ…- տղամարդու ահասարսուռ կանչը կրկին արձագանքվում, քառապատկվում է լեռներում ու անդնդախոր մթին ձորերում։

Ես իջնում եմ մահճակալից, վազում եմ Արինայի մոտ և սկսում ցնցել նրա ուսը.

-Արինա, վեր կաց։

Արինան բացում է աչքերը և նայում ինձ՝ զարմացած, ոչինչ չհասկանալով։ Հետո, հանկարծ ցած թռչելով մահճակալից, նա նետվում է դեպի պատշգամբ։ Ես միայն հիմա եմ նկատում, որ չարագույժ հրացոլքը դրսում բռնել է ամբողջ երկինքը։ Արինան բազկաթոռի վրայից համարյա պոկում է իր զգեստը, այն նույնը, երկնակապույտը, արագապես հագնում է այն և ասում է շնչաբեկ ձայնով.

-Աբիկ, այնտեղ, գյուղամիջում…այրվում է հիվանդանոցը…

Նա սրընթացորեն տնից դուրս է վազում, իր ետևից շրխկոցով ծածկելով դուռը։ Ես նույնպես, հասցնելով մի կերպ հագնել շալվարս, անմիջապես վազում եմ փողոց, սլանում դեպի հիվանդանոց: Բոլոր թաղամասերից՝ հեռու և մոտիկ, տագնապահույզ գոչյուններով, ձեռքերին վառվող ջահեր՝ դեպի գյուղամեջ են վազում մարդիկ։ Իսկ հիվանդանոցը ճարճատում է բոցերի մեջ, կրակի լեզվակները լուսամուտների փեղկերը լիզելով սողոսկում են ներս։

-Երեխաները, երեխաները այնտեղ են, երկրորդ հարկում,- լսում եմ ես ինչ-որ մեկի աղեկտուր ձայնը։

Հիվանդանոցի գլխավոր մուտքով ու առաջին հարկի լուսամուտներից հապշտապ դուրս են բերում հիվանդներին՝ անթացուպերով, իրար հենված։ Աղմուկ, իրարանցում է, լաց ու հառաչանք, այդ ձայներից ու կրակի կատաղի ճայթյուններից երկիր ու երկինք ցնցվում են։ Իսկ ո՞ւր են Արինան, մայրիկը…

-Երեխաները։ Նրանց հարկավոր է դուրս բերել շենքից,- բարձրաճիչ ձայնով բղավում է ինչ-որ մի կին, և այդ անհամար ձայների ու աղմուկի մեջ ես հազիվ եմ ճանաչում  իմ մայրիկի  ձայնը։ Մայրիկս  ինչ-որ մարդկանց հետ պատգարակի վրա դուրս են բերում մի մարդու. երևի նրան, որին արջը խոշոտել է։

Եվ հանկարծ ծխի ու կրակի մեջ ես նշմարում եմ Արինային։ Դա տևում է մի կարճ ակնթարթ միայն, հաջորդ վայրկյանին նա չքանում է իմ տեսադաշտից։

-Աբիկ,- ետևից կանչում է ինչ-որ մեկը։

Այդ իրարանցման մեջ ես, այնուամենայնիվ, ճանաչում եմ Արինայի ձայնը։ Շրջվում և առաջին հարկի դռնախորշում տեսնում եմ Արինային՝ գրկին ինչ-որ երեխա։ Ձեռքերով պաշտպանվելով կրակից ու ծխից շնչահեղձվելով, ես վազում եմ Արինայի կողմը, նրա ձեռքից վերցնում եմ երեխան և վազում ետ։ Մի պառավ կին իմ ձեռքից վերցնում է երեխան, և ես կրկին վազում եմ դեպի դռնախորշը։ Սակայն այստեղ ոչ ոք չկա։ Ես ուզում եմ մտնել ներս, բայց այնտեղից մի այնպիսի տաքություն է հորդում, որ ակամա ետ եմ ցատկում։ Մարդիկ արդեն տեղ են հասել, և իմ շուրջը ջրով լի դույլերով ու կուժերով դեսուդեն են նետվում նրանք՝ մեր թաղեցիները, ուրիշ թաղամասերից էլ կան, ցաքուցրիվ վազվզում են այս ու այն կողմ, գոռում, աղաղակում են՝ առանց իրար լսելու։

-Ջուր բերեք, շուտ։

-Հող լցրեք։

-Բահերով, բահերով հող նետեք։

-Ջուր, դեպի այս կողմը, դեպի դռները։

-Շուտով կգա հրշեջ մեքենան, հող շպրտեք։

-Շրջկենատրոնից մինչև այստեղ քառասուն կիլոմետր ճանապարհ է, մինչև կգա, և այն էլ մեր ճանապարհներով, ամեն ինչ մոխիր կդառնա։

Կրակն ավելի է բորբոքվել, դռնախորշին մոտենալ արդեն հնարավոր չէ։

Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, բայց Արինան չկա։ Ո՞ւր մնաց նա։ Հրդեհի կատաղի ճարճատյունը, մարդկանց բղավոցներն ու ոտքերի դոփյունը, ջրի մեծ չաները թափքերում բեռնատար մեքենաների տագնապալից ազդանշանները,-այս ամենը վերածվել է ահավոր մի խառնաշփոթության, որից, թվում է, հողն ինքը տնքում, երերում է ոտքերի տակ։ Ո՞ւր է Արինան։ Ինչո՞ւ նա այլևս չի երևում։ Սարափը պատում է ինձ։ Ես սկսում եմ լաց լինել։

Ծվվոց, ծկլթոց է ամենուր։ Եվ հանկարծ ես տեսնում եմ Արմենին։ Մինչև գոտկատեղը չգիտես ինչու մերկ, մրից լիովին սևացած, նա հենց նոր հիվանդանոցից պատուհանով դուրս է բերել հերթական հիվանդին և հիմա, այս ու այն կողմ ընկած, որոնում է ինչ-որ մեկին…

-Արմեն,-ձայնում եմ ես։- Արմեն, այս կողմ, Արմեն…   

Ես նրան ասում եմ, որ այնտեղ, ներսում է Արինան։

-Նա ներս մտավ այնտեղ ու մինչև հիմա չկա…         

Արմենն առանց վայրկյան կորցնելու, իրեն նետում է դեպի դռնախորշը, որտեղից քուլա-քուլա ելնում է բոցախառն ծուխը։ Սակայն նա հազիվ է չքանում այդ ծխի մեջ, երկրորդ հարկի լուսամուտից կրակը միանգամից դուրս է ժայթքում՝ յոթ գլխանի վիշապի պես լիզելով լուսամուտի փեղկերը, որոնք իսկույն բռնկվում, բոցավառվում են։ Եվս մի երկվայրկյան, ու հանկարծ կայծերի հսկայամեծ խուրձը ծառս է լինում դեպի երկինք, և ահռելի թնդյունի մեջ մի պահ մարում են հավաքվածների սարսափահար ձայներն ու հառաչանքները։

-Տանիքը փլվեց,-կոլտնտեսային վարչական շենքի պատշգամբում կանգնած գոռում է նախագահ Գաբրիել  Բալայանը։- Բոլորդ հետ կացեք, տանիքի մի մասը փլվեց, հետ կացեք, հիմա լրիվ կփլվի,  հետ…

Ես ակամաբար մի կողմ եմ ցատկում։ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արինային… Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին։

Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած։ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք  չի դարձնում դրան։ Կանգ առնելով,  նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ։ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը։

-Արինա,- խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը…



                              Վ Ե Ր Ջ  Ե Ր Գ



Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում։ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն։

Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ  ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու  արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ։

Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ։ Ես քայլում եմ առաջ։ Ահա  Բախչուտի ձորը։ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա։ Նա նայում է գյուղի կողմը։ Իսկ գյուղում գարուն է, և ձուածան հավերը կչկչում են զիլ։

Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին։ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ։ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ։ Ահա և գյուղի հանգստարանը։ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը։ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝  Արինա, դու ծաղիկ էիր սիրում…Դու էլ ծաղիկ էիր անթառամ…

Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել…

Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա…

Ես երկար կանգնում եմ լռին և ինձ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի շշնջում է. '' Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ…'':

Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը։ Ներքևում, ձորում փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը։

Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն  նորից՝կարմիր ու մանուշակագույն...





                     -----------------------

     



Комментариев нет:

Отправить комментарий