четверг, 2 февраля 2012 г.

►►►

- Ահա թե ինչ է նշանակում հանգամանորեն կազմակերպված կոտորած: Այո, բոլոր նշաններով կազմակերպված կոտորած է՝ հովանավորված վերևից: Սա կայսրության հետևողական քաղաքականություն է՝  բաժանիր, որ տիրես սկզբունքով: Ինչու՞ սումգայիթյան ցեղասպանության, այդ ահավոր ոճրագործության  կազմակերպիչներն ու իրագործողները չստացան իրենց արժանի պատիժը: Եթե ստանային՝ Բաքուն չէր լինի այսօր: Երկրի ղեկավարությունը ոչ պակաս ծանր հանցանք գործեց՝ Սումգայիթում,  ըստ ազգային պատկանելության հայերի զանգվածային կոտորածը որակելով որպես քրեական սովորական հանցանք: Ինչու՞ հետաքննության ղեկավարումը  հանձնարարվեց մեկին, ով մեղսակից էր այդ գործում: Մի՞թե պարզ չէր, որ այդ Կատուսևն ամեն ինչ  պիտի աներ՝  գործը տապալելու համար: Ո՞վ պետք է  պատասխան տա այս  բոլորի համար: Ասեմ ձեզ՝ ոչ ոք: Որովհետև ազգամիջյան պառակտումն ու կոտորածները կատարում են նրանք, ովքեր դեմ են վերակառուցմանը, նրանք կկործանեն և վերակառուցումը, և Գորբաչովին, ինչպես ժամանակին կործանեցին Խրուշչովին, հրահրելով նրան հարձակվել մտավորականության վրա, դրանով իսկ զրկելով նրան երկրում իր վերջին համախոհից, այն համախոհից, որը երախտապարտ էր նրան  ճամբարներից ազատելու համար: Վերակառուցման հակառակորդները չէի՞ն, արդյոք, որ քաղբյուրոյի փակ նիստում որոշեցին քաղբյուրոյի երկու անդամներին՝ Ալեքսանդր Յակովլևին և Եգոր Լիգաչովին ուղարկել Անդրկովկաս՝ մեզ մոտ: Յակովլևինª Երևան, ուր նա հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է, Լիգաչովին՝ Բաքու, ուր նա ասաց  բոլորովին հակառակը՝ «Ղարաբաղը կմնա Ադրբեջանին»: Եվ, ահա, այստեղ կրկին գլուխ բարձրացրին Սումգայիթի կազմակերպիչներն ու նրանք, ովքեր սիրում են էժանագին միավորներ  հավաքել ժողովրդի մեջ: Չնայած, իրականում նրանք թքած ունեն ժողովրդի վրա: Քիչ առաջ ձեզնից ո՞րն էր՝ հեռագրասյուներից կախում  էր Զորի Բալայանին, Սերո Խանզադյանին... Իսկ ոչ մի մեղք չունե՞ն, արդյոք, Զիա Բունիաթովը, որի առաջին կինը, ի միջի այլոց, հայուհի է, պատերազմի ժամանակ նա է  հոսպիտալում մահից փրկել  պատժիչ գումարտակի հրամանատար  Բունիաթովին, նրանից նա մի տղա զավակ ունի, Բախտիյար Վահաբզադեն, որի տատը նույնպես հայուհի է, Բայրամ Բայրամովը, Խալիլ Ռզան, Հասան Հասանովը, Սաբիր  Ռուստամխանլին, Ազատ Շարիֆովը, մյուսները: 1905 թվականին, երբ Նիկոլայ երկրորդը մեր երկու ժողովուրդներին դավադրաբար հանեց  իրար դեմ, ու նմանապես տասնութ թվականին, Բաքվի կոմունայի պարտությունից հետո, մեր ժողովուրդների արժանավոր զավակները՝ Սաբիրը, Հովհաննես Թումանյանը, Ջաբար Ջաբարլին, ղարաբաղցի բանաստեղծ ու հայտնի բժիշկ Լևոն Աթաբեկյանը, որը մարտ ամսին սպանվեց սպիտակ դրոշը բռնած հաշտության  գնալիս, ոտքի ելան ընդդեմ վայրագության, դատապարտելով դրանց կազմակերպիչներին ու հեղինակներին: Իսկ ի՞նչ են անում այսօրվա մեր գրողները, մշակույթի մեր գործիչները, նրանք զբաղված են մեր ժողովուրդներին իրար դեմ լարելով, կրքեր բորբոքելով: Դժբախտաբար, և հայերը, և ադրբեջանցիներս, շարունակ ճգնում ենք ապացուցել, թե ինչն է մեզ զատում իրարից, երբեք չմտածելով, որ մեզ միացնողը, իրար կապողը, ախր, ավելի շատ է, քան տարանջատողը: Չնչին  բացառությամբ՝  նույնն են մեր ադաթները, երաժշտությունը, երգն ու պարը, համով-հոտով կերակուրները, հարգանքն ու պաշտամունքը՝ ծնողների և առհասարակ մեծերի ու կանանց հանդեպ, նույնն ենք ընտանեկան պատվի, հյուրասիրության, նամուսի ու բարոյականության հարցերում, նույնն են մեր հարսանիքները, սրտալի խոսքն ու զրույցը, ծիծաղն ու ուրախությունը, նույնն է համարյա ամեն ինչ՝  հարազատ ու սրտամոտ, պարզապես անտեսվում են այդ բոլորը, որովհետև Կրեմլին ու մեր վերնախավին ձեռնտու չէ դա: Անգլիացները հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող Ֆոլկլենդի կղզիներ հասան երեք օրում, նույնքան ժամանակ պահանջվեց նաև մեր զորքերի  համար, որպեսզի Սումգայիթի կողքին գտնվող Նասոսնի ռազմական բազայից հասնեն  Սումգայիթ: Սումգայիթում երեք ժամ չէ, Գորբաչովը ստում էր՝ ինչպես  միշտ, երեք օր ուշացավ զորքը, քանի՞ օր կուշանա այստեղ, Բաքվում՝ հայտնի չէ: Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառ ասողներ են լինում: Գորբաչովը դրանցից է…Այսօր 1990 թվականի հունվար ամիսն է, ես կասեի սև հունվար ամիսը, խոսքս լավ հիշեցեք, այս կոտորածը պատրվակ է՝ հատուկ կազմակերպված, զորքը Բաքու մտցնելու համար: Եվ այն էլ ոչ թե հայերին պաշտպանելու, այլ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու, կոմունիստական ռեժիմը պահպանելու համար: Շուտով դուք դրա վկան կլինեք:
- Միրալի մուալլիմ,- նստելով մահճակալին, շողոմ ու խռպոտ ձայնով ասաց Ալլահվերդին: - Տեսնում եմ, ֆենոմենալ հիշողություն ունեք և պատմություն էլ լավ գիտեք: Ես էլ վատ չգիտեմ, բայց ես գրականության մասնագետ եմ, ի միջի այլոց, բանաստեղծությունների  մի երկու գիրք եմ հրատարակել: Լսած կլինեք՝ Ալլահվերդի Մամեդլի: Մի խոսքով, պատմության մասնագետ չեմ: Ռասուլ Ռզայի երկերի վեցհատորյակը ես եմ խմբագրել, շատ անգամ եմ հանդիպել նրա հետ Պասսաժի՝ երկրորդ հարկի իր շքեղ  տանը: Նա ասում էր, որ Ղարաբաղի հայերը եկվոր են, Գրիբոեդովն է նրանց Իրանից փոխադրել մեզ մոտ՝ Ադրբեջան: Նա մի  բան էլ է  ասել, որ չի  գնում  իմ մտքից: Ասում  էր՝ հողը, ձին և սեփական կնոջը ուրիշի  տալ չի կարելի, դրանք, ասում էր, արյան  գնով են նվաճվում:
- Անցյալ դարի վերջերին Սանկտ-Պետերբուրգում  հրատարակված  «Մեծ հանրագիտարանում»  քո հարցի  պատասխանը կա: Բայց, ոչինչ, սպասիր մի ադելֆան խմեմ, պատասխանդ տամ,- երկար ընդմիջումից հետո խոսեց  Միրալի մուալլիմը: - Ճնշումս մի քիչ բարձրացավ:
Ես լսեցի շշից բաժակի մեջ թափվող ջրի ձայնը: Երևի նա դեղահաբից հետո ջուր էր խմում: Պառկա՞ծ էր նա, թե նստած՝ չգիտեի, ես չէի տեսնում նրան: Ալլահվերդին՝ ձեռքը ծնոտի տակ, սպասում էր իր հարցի  պատասխանին:
-Այդ հանրագիտարանում,- հանդարտ սկսեց Միրալի մուալլիմը,- «Ադրբեջանը» գործածված է որպես  զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ  որպես երկիր, պետություն: Դու ճիշտ ես,- դառնալով Ալլահվերդուն, ասաց Միրալի  մուալլիմը,- եթե բնությունն ինձ  մի լավ բան է տվել, ապա դա, իրոք, բացառիկ հիշողությունն է, դրա համար էջն էլ կարող եմ ասել՝ 212: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը... բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին  կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝  Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ  ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին ՝ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի  այս ամբողջ  տարածքում, Ադրբեջան  անունով երկիր  չի եղել ու չկար, գոյություն չուներ, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ  Դաղստանի, Հայաստանի և Վրաստանի հաշվին՝ թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի  շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր  զեկույցները, բոլոր հարցերը  Լենինը  նրան էր  մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Մեզ հատկացված այդ  տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ թաթար, համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով  նորաստեղծ երկրին  տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին  պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել   և  այդ  պատմությունը:  Սկզբում   խոսք կար   միդիացիներին  համարել   մեր  նախահայրերը, հետո որոշվեց՝ ալբաններին: Մեզ մոտ՝ Բաքվում, քսաներեք թվականին  գիրք է հրատարակվել՝ «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի Պախոմովն է հեղինակը, ինչ որ ասում եմ, այնտեղ լրիվ կա,կարող եք կարդալ: Եթե գտնեք իհարկե... -Նա քիչ հապաղեց, ավելացրեց.- Ասենք, հազիվ թե գտնեք:
-Ինչո՞ւ,- տարակուսեց Ալլահվերդին:
-Սուլթան Աբդուլլա Համիդի՝ գրաքննության մասին հայտնի հրահանգի յոթերորդ հոդվածով Օսմանյան տերության մեջ  արգելված էր «Հայաստան»  և պատմության ու աշխարհագրության վերաբերյալ նման այլ անունների հիշատակումը: Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ:
Տիրեց լռություն:
- Իսկ Ռասուլ Ռզան քեզ չի՞ ասել, որ  Բալաբեկ  Լալաևի այդ  շքեղ տան մեջ, ուր  նա փառավորապես ապրում է, քսանչորս հոգու՝ բոլոր տնեցիներին, մանկահասակ երեխաների հետ միասին, իր եղբայրակիցները մորթոտել են հինգ թվականի փետրվարի իննին, իսկ իրեն՝ Լալաևին ու նրա կնոջը, ուղղակի տան սանդուղքների վրա գնդակահարել են՝ տիրելով նրա  շքեղ տանն ու ունեցվածքին:
Նորից լռություն:
-Թե Ռասուլ Ռզան քեզ ինչ է ասել, ես չգիտեմ, քեզ է ասել, ինձ չի ասել, - ի վերջո կրկին  խոսեց  Միրալին մուալլիմը:- Ինչ վերաբերում է Գրիբոեդովին, դա ճիշտ է: Նրա  աջակցությամբ և անմիջական օգնությամբ, համաձայն Թուրքմանչայի պայմանագրի,  քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից  1604 թվականին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ հայերով բնակեցված  ընդամենը մի  քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն այս Սաղյանում   հայերեն  դպրոց է հիմնել: Այն, ինչ կասեմ ձեզ, ինչպես քիչ առաջ ասացի, ես ուրիշ տեղ չեմ պատմի, իհարկե: Հայերն ասում են՝  շիտակ խոսողի ձին դուռնա պետք: Բայց չշմարտությունն իմանալ պարտավոր ենք…Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում (տարբեր ժամանակներում կոչվել է նաև Օրխիստան, Ծավդեք, Փոքր Սյունիք, Հայոց Արևելից աշխարհ, Խաչեն), սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում են վաղնջական ժամանակենրից և ոչ թե Գրիբոեդովից հետո: Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարի առաջին կեսին իր նամակը չէր  հղի՝ «Հայաստան, Խաչենի իշխաններին»: Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ալիշան ու Օրբելի, նմանապես արաբական ու հունա-հռոմեական  բազմաթիվ  հեղինակների  երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն: Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, դրանք ինքնաթիռներով փոխադրել հնարավոր չէ, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները: Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները: Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված  Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Շառլ Դիլի, Տրեվերի, իբն Խաուկալի, էլ որ մեկն ասեմ՝ Վոլտեմարի, Ալ Իստակամի,  Լինչի,  Ալ Մուգադասինի, Աբուլ-Ալ-Ֆարաջի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների  աշխատություններում,  այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի ադրբեջանցի մեր բոլոր պատմաբանների գործերում: Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները:
- Ուրեմն նրանց Գրիբոեդո՞վը չի բերել մեզ մոտ,- տեղից ասաց Հաֆիզը:
- Այսքանը բացատրելուց հետո, եթե դու այդպիսի հարց ես տալիս, արժե՞ որ ես շարունակեմ,- հոգնաձայն, մի տեսակ նեղացած, ասաց Միրալի մուալլիմը, սակայն, այնուամենայնիվ, շարունակեց:- Ղարաբաղի հայ մելիքները, սկսած տասնվեցերորդ դարի վերջերից, դիվանագիտական կապեր ունեին Եվրոպական մի շարք պետությունների ու Ռուսաստանի հետ: Հրատարակված են այդ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Եվրոպական պետությունները Արցախ-Ղարաբաղի հայ մելիքներին ճանաչել են որպես ինքնուրույն, անկախ իշխանների: Պահպանվում են կաթողիկոս Եսայի ու հայ մելիքների նամակները՝ ուղված ինչպես Հռոմի Պապին, այնպես էլ Պետրոս Մեծին, գրված Գանձասարում 1701 թվականին, որտեղ նրանք օգնություն են խնդրում Պապից ու ռուսաց  թագավորից, կա ևս երկու նամակ՝ գրված Շուշի բերդում 1726-ին և 1729-ին, Ղարաբաղ մտած թուրքական քառասուն հազարանոց զորքի մասին, կան  Պետրոս Մեծի հրովարտակը, Պավելի կայսերական շնորհագիրը՝ ուղղված Ղարաբաղի մելիքներին, ուր  կոնկրետ նշված է հայ բնակչության թիվը Ղարաբաղում՝ տասնմեկ հազար ընտանիք, եղել են նույնիսկ խոստումներ՝ Եկատերինա Երկրորդի կողմից՝ Արցախում վերաստեղծելու հայկական պետություն: Վերջապես, մինչև   հիմա էլ կանգնած են չորրորդ դարում կառուցած Ամարասի վանքը, որտեղ նույնպես Մեսրոպ Մաշտոցը հինգերորդ դարի սկզբին հայերեն լեզվով  դպրոց է բացել, Գտիչ վանքը՝ կառուցված իններորդ դարում, Գանձասարի վանքն ու Դադիվանքը՝ կառուցված տասներկուերորդ դարում, որոնք  Յակոբսոնը հայ ճարտարապետության հանրագիտարան է համարում: Քո էդ ասած ժամանակում Շուշի քաղաքում արդեն հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում:
- Բա մեր Փահան խա՞նը, Իբրահիմ խա՞նը, Մեհթի Գուլի խա՞նը,- նախահարձակ լինելու փորձ արեց Ալլահվերդին:
- Այ, դրանք արդեն եկվոր էին,- պատասխանը չուշացրեց   Միրալի մուալլիմը: - Հենց նոր իմ նշած  Պախոմովի մոտ հանգամանորեն կա այդ մասին: Օգտվելով հայ մելիքների ներքին երկպառակտությունից, Պարսկաստանից փախած միջինասիական  քոչվոր սարաջալլու ցեղապետ Փանահ-Ալին, որը Նադիր շահի կողմից Պարսկաստանում գլխատման էր դատապարտված և փախել, պատսպարվում էր Ջրաբերդի հայ մելիք Ալլահղուլի-սուլթանի մոտ, ընդ որում, նա վերջում գլխատել տվեց իր փրկարարին, որը բազմիցս հաղորդել էր Նադիր շահին, թե՝ իբր, իր «աշխարում էդպիսի մարդ չկա», բարեկամանում է Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի հետ (որը, սպանելով հարազատ եղբորը, տիրացել էր մելիքական ժառանգությանն ու տիտղոսին՝ առաջացնելով մյուս մելիքների թշնամանքն իր հանդեպ), և նրան մատուցած ծառայությունների համար, նվեր է ստանում Շուշի բերդը,  որն,  ի միջի այլոց,  մինչև  բերդ դառնալը,  Կարկառ անունով առևտրական քաղաք է եղել: Երևանի  Մատենադարանում այդ Կարկառ բերդում ստեղծված  ավետարան կա,  իմ աչքով եմ տեսել։   Ամրանալով տեղում, Փանահ-Ալին   իրեն հռչակում է խան, չնայած, այդպես էլ մինչև վերջ Ղարաբաղի բոլոր մելիքները՝  և Վարանդայի, և Խաչենի, և Դիզակի և Ջրաբերդի, և Գյուլիստանի, չեն ենթարկվում ոչ նրան և ոչ էլ նրա ժառանգներին՝ Իբրահիմ խանին ու Մեհթի խանին, որի փախուստով Պարսկաստան՝ 1822-ին, ավարտվում է մոտ յոթանասուն տարի տևող այդ խանությունը: Ղարաբաղի հայկական հինգ մելիքների տարածքում Փանահ խանը հայտնվել էր պատահականորեն: Նա նույնիսկ մի տեղ չուներ, որ ծառայեր նրանց որպես տոհմական գերեզմանոց: Խաչենի Հասան Ջալալյան իշխանները նրան հողամաս են տրամադրում այժմյան Աղդամի մոտ: Մինչև Փանահ խանը Ղարաբաղի ամբողջ տարածքում ոչ մի մուսուլմանական բնակավայր ու ոչ մի մուսուլման չի եղել: Դա  չեն ժխտում նաև խանի  գրագիրները: Նույնն է ասում և Չիչերինը: Նա Ռուսաստանի արտաքին գործոց  կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում  մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները: Եվ պատահական չէ, որ  մենք այդ ամբողջ տարածքում պատմաճարտարապետական  ոչ մի հուշարձան չունենք:  Ինչ վերաբերում է Աղվանքին, Կովկասյան Ալբանիային՝ այսինքն, այն հնուց ի վեր  սահմանակից է եղել Հայաստանին, իսկ Քուռ գետը, որ հնում կոչվում էր նաև Կիրոս, Կիր, եղել է նրանց սահմանը: Այն մասին, որ Քուռ գետի աջափնյա  ամբողջ տարածքը  Հայաստան  էր, իսկ ձախափնյա մասը՝ մինչև տասերորդ դարի սկզբները պատկանում էր Ալբանիային, որովհետև տասերորդ դարից հետո «Ալբանիա» այլևս գոյություն չուներ, կա և Ստրաբոնի  մոտ, ինչպես ասացի, և Պլուտարքոսի մոտ, և Դիոն Կասիոսի մոտ, ինչպես նաև անտիկ աշխարհի  մի շարք  պատմիչների մոտ, որոնք բոլորն էլ, որպես Ալբանիայի սահմաններ  նշում են Կովկասյան լեռները, Կասպից ծովը, Քուռ և Արաքս գետերը: Հին ժամանակներից եկող առած կա, ասում է.«Քուռ գետն ի՞նչ ունի»: Պատասխանը. «Երկու ափ ունի՝ Հայաստանում է մեկը, մյուսը՝ ալանների մոտ»: Մի խոսքով, Կովկասյան Ալբանիան  զբաղեցրել է Քուռ գետի ձախափնյա մասը, ուր բնակվում էին քսանվեց  քրիստոնյա ցեղեր,  որոնց  հետագայում, ութերորդ դարում, արաբները կրոնափոխ արեցին: Մեսրոպ Մաշտոցը չորս հարյուր քսանական թվականներին այդ ցեղերից մեկի՝  գարգարացիների համար գրեր է ստեղծել, սակայն դրանք գործնական կիրառություն չեն ունեցել: Այն էլ ասեմ, որ, համաձայն հին աղբյուրներում պահպանվող նյութերի, Ղուբայում, Խաչմազում, Դյավաչիում, Կուտկաշենում, Վարդաշենում, Շաքիում ու Կովկասյան Ալբանիայի այլ  տեղերում, տասնհինգ  հազար ութհարյուր ծուխ հայեր ևս՝ բոլորն էլ տարբեր ժամանակներում Արցախ-Ղարաբաղի զանազան գյուղերից փոխադրված, նույնպես բռնի հավատափոխ են արվել:
- Ակադեմիկոս Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան, Ախունդովը, Գյոյուշևը, մյուսները, այլ կարծիք ունեն: Մասնավորապես Ֆարիդա խանումը պնդում է, որ հայերը եկվոր, օտարամուտ ժողովուրդ են: Բայց սա թողնենք մի կողմ,- հաշտվողաբար ասաց Ալլահվերդին, բարձը դնելով պատի կողմն ու մեջքով հենվելով բարձին:- Ինչո՞ւ հայերն օսմանյան պետությունում ամեն անգամ դավաճանում էին թուրքերին, անցնում ռուսների կողմը:
- Ի՞նչ է ասում Ուինստոն Չերչիլը՝ «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»: Այդպես է, քաղաքականության մեջ չկան դավաճան կամ բարեկամ ազգեր,- նույն խաղաղ, անշտապ հանգստությամբ բացատրեց Միրալի մուալլիմը:- Կան միայն քաղաքական և ազգային շահեր: Հանուն այդ ազգային շահերի էլ տվյալ պետությունը կամ ժողովուրդը կառուցում ու վարում է այս կամ այն քաղաքականությունը: Ռուս-թուրքական բոլոր ընդհարումների ժամանակ, այո, հայերը մշտապես անցել են ռուսների կողմը՝ ընդդեմ թուրքերի: Ռուսները զանազան խոստումներով  ու բացարձակ խաբեությամբ օգտագործում էին հայերին և միշտ էլ լքում՝ թողնելով նրանց հակառակորդի դեմ մեն-մենակ:
       - Տասնհինգ թվի հայերի մեծ ջարդը հենց նրա համար էր, որ նորից  չանցնեն ռուսների կողմը,- ոգևորված հարեց Ալլահվերդին:-Որովհետև  Նիկոլայ 2-րդ ցարը  Թիֆլիսում՝ հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, ոսկու սարեր էր խոստացել: Հայերը ոգևորված էին... Ճշմարիտ էր Տակիտոսը, երբ անվստահելի ժողովուրդ էր համարում նրանց,- ավելացրեց նա, աշխուժորեն շարժվելով տեղում:
- Քիչ առաջ դու վկայակոչում էիր Մամեդովային՝ հայերին համարելով եկվոր, օտարամուտ ժողովուրդ,- անկեղծ դառնությամբ խոսեց Միրալի մուալլիմը:- Իսկ ահա, ինչպես Թիղլատպալասարը՝ մեր թվարկությունից առաջ տասներկուերորդ  դարում, այնպես էլ  հինգերորդ դարի սկզբին ծնված  Հերոդոտոսն ու առաջին դարում ապրած քո այդ Տակիտոսը վկայում են, որ հայերն այստեղ գոյություն ունեին դեռևս մեր թվարկությունից շատ-շատ առաջ: Անդրադառնալով Հռոմի կայսր Տիբիլիոսի եղբոր որդու՝ զորավար Գերմանիկի դեմ որոգայթներ լարող քաղաքագետներին, Տակիտոսը նշում է, որ Գերմանիկն իր առաջին հոգսը համարեց արագ հասնել հայերի մոտ, որոնց հողերը դարեր ի վեր, լավ լսիր, սա նրա խոսքերն են՝ դարեր ի վեր սահմանակից լինելով հռոմեական գավառներին, խոր սեպի պես խրված են միդիացիների տիրույթների մեջ... Յոթանասուն  թվականնների մոտերքին, դարձյալ մեր  թվարկությունից այն կողմ, Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենախոշոր տերություններից մեկն էր, գրավում էր ընդարձակ տարածքներ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Կովկասից մինչև  Պաղեստին ու Կիլիկիա: Բաբելոնի՝ մինչև մեր օրերը հասած  կավե քարտեզի վրա  վեց երկիր է նշված ընդամենը, որից մեկը Հայաստանն է... Մեր շատ պատմաբաններ, այդ թվում և Բունիաթովի  աշակերտուհի Մամեդովան, ըստ երևույթին, կարիք չեն զգում կարդալու օտարազգի հեղինակներին՝ իրենց, այսպես ասած, վերացական, անհիմն  դատողություններով  անհարմար դրության մեջ դնելով և իրենց, և մեզ: Եթե կարդային, ամենայն հավանականությամբ, կտեսնեին, որ  այդ հեղինակները  անխտիր  ոչ թե հայերին՝ մեզ են օտարամուտ, եկվոր  ցեղեր  համարում: Իսկ իրողությունը, իրոք, այն է, որ  մենք բնիկ  ժողովուրդ չենք: Հայտնի կովկասագետ  Բեյդենբաումի՝ 1917 թվականի  «Կավկազսկի կալենդարում» տպագրված  ծավալուն  հետազոտությունն անհերքելիորեն ապացուցում է, որ Անդրկովկասի մահմեդականները ներկայացուցիչներն են մոնղոլական  ռասսայի, մնացուկները Բայկալի այն կողմերից եկած  թյուրք-թաթարական ցեղերի, որոնց  համար, որպես տափաստանային քոչվոր ցեղերի, այս տարածքները  շատ բարենպաստ էին, և նրանք մնացին ու բազմացան այս տեղերում... Դառնալով  հայերի մեծ ջարդին՝ վատ չէր լինի իմանայիք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլեր Ադենաուերը Երուսաղեմում, Լացի պատի առջև, ծնկաչոք ներողություն է խնդրել՝ հրեա ժողովրդի հանդեպ հիտլերյան ֆաշիզմի գործած ոճրագործության համար: Ընդ որում, այդ ոճրագործությունը  տեղի է ունեցել ուրիշի երկրում՝ Գերմանիայում, այնինչ  հայերին բնաջնջել են նրանց սեփական  հայրենիքում, Արևմտյան Հայաստանում: Օսմանյան կայսրությունում հայերի  բնաջնջման քաղաքականությունը որդեգրվել է դեռևս  տասնիններորդ դարի վերջերին, այլ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմի սկզբին  կամ 1915-ին: Աշխարհի բազմաթիվ  պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանության  փաստը,- շարունակեց նա:- Թուրքիան չի ուզում ընդունել: Պարզ է, այդ ո՞ր հանցագործն է կամովին  ընդունում իր հանցանքը: Չի ուզում ընդունել, որովհետև շատերը նրանցից, ովքեր Աթաթուրքի կառավարությունում բարձր պաշտոններ էին վարում և այսօր ներկայացված են  որպես ազգային հերոսներ, ոչ միայն մեղսակից են հայոց ցեղասպանության մեջ, այլև մեծ հարստություն են դիզել հարյուր հազարավոր սպանվածների հաշվին: Երկու դաշնակից  պետություններ՝ Թուրքիան ու Գերմանիան, քսաներորդ դարում իրար քաջալերելով, իրագործեցին համայն մարդկության դեմ ուղղված ամենահրեշավոր ոճիրները՝ Հայոց Եղեռնն ու Հրեական   Հոլոկոստը: Այո, Թուրքիան չի ուզում ընդունել հայոց ցեղասպանությունը, որովհետև ընդունելով՝ ստիպված պիտի  լինի  ետ տալ Հայաստանի հողերը՝ Արարատ լեռան հարակից տարածքները,Վանա ծովը, Մուշի և Սասունի լեռնային շրջաններն  ու  հյուսիս-արևելյան մի շարք վիլայեթներ, ինչպես նաև վերադարձնել սպանված հայերի՝ հարյուր միլիարդավոր դոլլարների հասնող  դրամը՝ զանազան բանկերում, փոխհատուցել  հայերին  հասցված նյութական ու բարոյական  ամբողջ վնասը: Ահա թե ինչու չի ընդունում։ Լավ իմացեք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել  իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին,  նա կշարունակի առճատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում  դասվելուց։  Թուրքական կառավարությունը չի ընդունում, բայց թուրք առաջադեմ մարդիկ ընդունում են. համաշխարհային ճանաչում ունեցող  գրող Նազիմ Հիքմաթը, շեյխ Ֆայազ էլ-Հյուսեյնը, ուրիշները... Ե՞րբ պիտի Թուրքիան ծնկաչոք ներողություն խնդրի հայերից՝ Սուլթան Համիդից սկսած մինչև Թալեաթ ու Մուստաֆա Քեմալ, հայերի հանդեպ իրագործած ցեղասպանության համար, նաև այն հանցագործությունների համար, որ թուրքերի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան մեզ մոտ հազար ինը հարյուր  հինգ ու  տասնութ-քսան  թվերին: Իսկ  ե՞րբ պետք է հայերի առջև մեղա գանք նաև մենք՝ այդ նույն հինգ ու տասնութ-քսան թվականների համար ու նաև այն ոճրագործությունների համար, որ տեղի ունեցան Սումգայիթում ու տեղի են ունենում այսօր՝ մեր աչքի առաջ: Սումգայիթում, ըստ Զիա Բունիաթովի, յոթ հարյուր հայ է զոհվել: Թե որքանով  է դա ճիշտ, ստույգ ասել  չեմ կարող, պաշտոնական տվյալներով՝ երեսուներկու զոհ է եղել ընդամենը, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: ԽՍՀՄ ներքին  գործերի նախարարության օպերատիվ քննչական խմբի  շտաբի պետ Կրիվոպուսկովը նույնն է նշում  համարյա՝ որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ Բունիաթովի բերած թիվը՝ յոթ հարյուր զոհ, ամենայն հավանականությամբ, մոտ է ճշմարտությանը: Այն էլ ասեմ,որ աշխարհի ամենամեծ  անամոթությունը սեփական մեղքերի ուրացումն է:
Կրկին ջրի կլկլոց լսվեց: Երևի դարձյալ դեղ էր խմում:
- Համաշխարային  քաղաքակրթությունն անհնարին է  պատկերացնել  առանց  հայերի,- քիչ  անց  շարունակեց   Միրալի մուալլիմը:- Սա  մենակ ես չեմ ասում, աշխարհի երևելի մարդիկ են ասել՝ սկսած Բայրոնից ու Մագդա Նեյմանից մինչև Մարի-Ֆելիստե Բրոսսե, մինչև Անդրեյ Սախարով, մինչև Դմիտրի Լիխաչով, մինչև Դեվիդ Լենգ ու Ջովաննի Գուայտա: Հայերը երկու հազար տարվա թատրոն ունեն, իսկ մեր թատրոններում մինչև վերջերս տղամարդիկ էին  խաղում կանանց դերերում, Մատենադարան ունեն, հոյակապ մանրանկարչություն, ճարտարապետություն ու միջնադարյան քնարական վեհասքանչ պոեզիա ունեն, որը Վալերի Բրյուսովը համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկն է համարում: Նրանք Թորոս Ռոսլին, Սայաթ-Նովա  ու Փարաջանով են տվել աշխարհին, Զվարթնոց  ու Գեղարդ են տվել, Նարեկացի ու Այվազովսկի են տվել, որը վեց հազար մեծարժեք կտավների հեղինակ է, ամբողջ աշխարհում առաջինը նրանք ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, քրիստոնեոթյունն ընդունելուց  ուղիղ ութսունվեց  տարի հետո  Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար մեջ բաժանեցին Հայաստանը, այնուհետև հայերը կորցրին իրենց պետականությունը, ոչնչացվեց նրանց գիրն ու գրականությունը, բայց հարյուր տարի հետո նրանք նոր  այբուբեն ստեղծեցին, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր, իսկ մենք, ահա, մինչ այսօր, ցավոք, սեփական այբուբեն էլ չունենք, ավելին ասեմ, թեկուզ դուք էլ դա լավ գիտեք: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ինչքա՞ն էր հայերի թիվը՝ մեկուկես միլիոն: Մեկուկես միլիոն հայությունը երեք հարյուր հազար զոհ տվեց կռվում: Թվով մեզնից երեք անգամ քիչ բնակչություն ունենալով հանդերձ, Հայրենական մեծ   պատերազմում հայերը Սովետական միության հարյուրից ավել  հերոս  ու այդքան էլ գեներալներ տվեցին: Հաշվի առեք, բազմամիլիոն Միջին Ասիան ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն էլ հետը, մարտական ոչ մի մարշալ չտվեցին, իսկ հայերը տվեցին և այն էլ, տեսեք, քանիսը՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով-Խանփերյանց, Ագանով, Իսակով, ի դեպ՝  բոլորն էլ ղարաբաղցի, իսկ մեր տված հերոսների թիվը, դժբախտաբար, չորս տասնյակից չի անցնում: Իսկ մարտական գեներալ մեկն ենք տվել ընդամենը՝ Հազի Ասլանովը, այն էլ ազգությամբ թալիշ: Ասացեք տեսնեմ, Սումգայիթի արյունախում բարբարոսներից ու 1967-ին Ղարաբաղի  Ղզղալա գյուղում տաս-տասնմեկ  տարեկան հայ տղա երեխային գազանավարի բռնաբարող ու մորթող դպրոցի դիրեկտոր Արշադ   Դաշտամիր-օղլը Մամեդովից  բացի  է՞լ ում ենք տվել աշխարհին:
- Նիզամի ենք տվել,- ուշացումով հարեց Ալլահվերդին:
- Նիզամին պարսիկ բանաստեղծ է, պարսկերեն է գրել, ծնվել է Պարսկաստանի Ղում քաղաքում՝ Թեհրանից ոչ հեռու, Պարսկաստանում էլ թաղված է: Մեր ժողովրդի հետ նա ոչ մի կապ չունի, ինչպես որ մերը չեն նաև Բաբեկը, Ասադի Թուսին,  Խագանին, Քաթրան Թավրիզին, Ռիզայե Աբբասին, Բաբրակ Խուրամադդին, Ռաշիդէդդինը և շատ-շատ ուրիշներ: Հայերեն ու իրենց ժողովրդի՝ հայերի մասին են գրել Մովսես Կաղանկատվացին ու Կիրակոս Գանձակեցին, Դավթակ Քերթողն ու Մխիթար Գոշը և շատ ուրիշներ: Ուրիշի պատմությունը, հուշարձաններն ու անվանի մարդկանց սեփականացնելուց ու նրանցով  հպարտանալուց ավելի խայտառակ բան ես չեմ պատկերացնում: Հասկացեք, ուրիշների հաշվին պատմություն ու մշակույթ ստեղծել պետք չէ: Մեզ ոչ հնարովի, այս ու այնտեղից արտագրած կեղծ պատմություն է պետք և ոչ էլ  կեղծ ու բանագող պատմաբաններ, ինչպես քո նշած այդ Բունիաթովն է, որը վերջերս արևմյան երկու հայտնի  կովկասագետների՝ Դոուստիի և Ռոբերտ Խյուսենի  հոդվածները թարգմանել էր ռուսերեն ու, առանց ամոթի, հրատարակել իր անունով, իհարկե, ինչպես միշտ, ամբողջապես աղավաղված վիճակում՝ «Հայաստան» անվանումներն ինքնակամ կերպով դարձնելով «Ադրբեջան»: Ծանոթանալով այդ հոդվածների բնագրերին, ես մնացել էի ապշած. նրանք գիտականորեն ապացուցում են, որ ինչպես իշխան Հասան Ջալալը, այնպես էլ նրա նախնիները՝ ընդհուպ մինչև չորրորդ դարը, զտարյուն հայեր են համարում իրենց, և որ Հասան Ջալալի՝ 1238-ին կառուցած Գանձասարի վանքի ու Ղարաբաղի տարածքում գտնվող պատմաճարտարապետական  բոլոր հուշարձանների և իր՝ Հասան Ջալալի, Էրմիտաժում պահպանվող  թրի վրա  արված մակագրությունները  հայերեն են և ալբանական ոչինչ չկա այնտեղ և չի էլ կարող լինել: Թարգմանությունների մեջ՝ լրիվ ընդհակառակն է: Բունիաթովը նույն ձևով է վարվել նաև գերմանացի ճանապարհորդ Շիլդերբերգերի գրքի հետ, հայկական տեղանունները դարձնելով ադրբեջանական, Հայաստանը՝ Ադրբեջան... Զիա Բունիաթովը, դժբախտաբար, աչքի է ընկնում  միայն նրանով, որ հակված է հավատալու այն ամենին, ինչին ինքն է ուզում հավատալ: Օրինակ, թաթար-մոնղոլական  արշավանքների  ժամանակներում ապրած հայ  վարդապետ  Կիրակոս Գանձակեցուն համառորեն  հայ պատմիչ չի համարում, նրա կարծիքով, Աղվանքի պատմությունը գրելով՝ Գանձակեցին մեր նախնիների պատմությունն է գրել, հետևաբար, նա մեր ժողովրդին է պատկանում: Եվս մի ապացույց, որ մենք շատ հաճախ մեր սնամեջ եզրահանգումներով փաստորեն հեղինակազրկում ենք ինքներս մեզ: Իրականում, Գանձակեցին ոչ թե մեր  մասին, այլ՝ մեր դեմ է  գրել. իր պատմության մեջ  մեր նախնիներին վերաբերող  գլուխը նա  այսպես է կոչում. «Գլուխ այն մասին, թե ինչպես երևացին թաթարները, որպեսզի ապականեն, պղծեն  ողջ աշխարհը»: Ռեյխսմարշալ Գերման Գերինգն ասում է՝ ես խիղճ չունեմ, իմ խիղճը Հիտլերն է: Այսօրվա մեր մի շարք  պատմաբանների խիղճը Զիա Բունիաթովն է, որի անարգ սադրանքները հայ ժողովրդի  ու նրա պատմության  հանդեպ  ես սանձարձակ ավազակություն ու աճպարարություն կհամարեի: Համոզված եմ, նա իր մահով չի մեռնելու, սպանելու են և, ամենայն հավանակայնությամբ, սպանողն էլ մերոնք՝ ադրբեջանցիներն են լինելու: Կարելի է մշտապես խաբել  ազգի մի մասին, որոշ ժամանակ՝ ամբողջ ազգին, սակայն ողջ ազգին մշտապես խաբել՝ անհնար է.. Խիղճը մարդկային խառնվածքի զարդն է,  հադիսեում էլ նույնն է ասվում,  որ խիղճը հավատի մի մասն է։ Այդպես էլ կա,  ու  դա չպետք է մոռանալ, չպետք է մոռանալ և այն, որ չի կարելի ծառայել սեփական ժողովրդին՝ անարդար լինելով այլ ժողովրդի նկատմամբ: Ուրիշների պատմությունը մեզ պետք չէ, մերը պետք է ունենանք, մեր սեփականը: Բանասիրական գիտությունների դոկտոր Ռաֆիլի կար, այդ  Ռաֆիլին իր գրքերից մեկում պնդում էր, որ Հոմերոսն իր «Ոդիսականում» նկարագրելով կիկլոպներին՝ նկատի ուներ ադրբեջանցիներին: Ստացվում է, որ  հասարակական կյանքի վարք ու բարքից, օրենքներից հեռու, քարանձավներում ապրող  մարդակեր կիկլոպներն են մեր նախնիները: Հեռու ինչո՞ւ եմ գնում. Նախիջևանի  համալսարանի ռեկտոր  Հաբիբբեյլին  վերջերս գրել էր, որ Հոմերոսն ադրբեջանական «Քիթաբի Դադա Գորգուդ» էպոսի ազդեցության տակ է հորինել  «Ոդիսականը», իսկ շումերա-բաբելոնական  «Գիլգամեշ» էպոսը, ուր  համաշխարհային գրականության  պատմության մեջ առաջին անգամ   մահվան  ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է մարդու  հերոսական  արարքների անմահությամբ և աշխարհի՝ մինչ այժմ  գտնված ամենահին  գրական  ստեղծագործությունն է  համարվում,   ըստ նրա,   բաբելոնցիները ադրբեջանցիներից են գողացել,  որովհետև գիլգամեշ բառն,  ասում է,  ադրբեջանական ծագում ունի,  գյամըշ* բառից է առաջացել։ Այստեղ են ասել, որ հիմար մտքեր ունենում է ամեն մեկը, միայն թե խելացին դրանք չի արտահայտում: Ավելացնեմ նաև, որ ուրիշի Աստծուն հայհոյելով՝ քոնին ուժ չես տալիս, ինչպես որ հարևանի հորը հայհոյելով՝ չես ապացուցում, թե քո հորն ավելի ես սիրում: Սա ի միջի այլոց: Վերջին  երեքհարյուր տարվա ընթացքում, վերադառնում եմ քո հարցին, Ալեքսեյ Միխայլովիչից սկսած՝ հայերը, այո, իրենց հայացքներն ուղղած են եղել դեպի Ռուսաստան, օգնություն են սպասել նրանից, բայց հայերի համար այդ բաղձալի օգնությունը Ռուսաստանից երբեք չի եղել ու չկա: Ընդհակառակը, Ռուսաստանը միշտ էլ վնասել է  հայերին: Միայն մի փաստ, Ռուսաստանն ինչո՞վ վարձահատույց եղավ հայերին՝ տասնիններորդ դարի առաջին  կեսին իր մղած չորս պատերազմներում հայության թափած արյանը: Համաձայն Գյուլիստանում կնքված պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի զգալի տարածքներ  դուրս եկան պարսկական տիրապետությունից: Ռուսաստանը հակվա՞ծ էր արդյոք վարչական մի միավորում կազմելով՝ վերականգնել հայկական պետականությունն ու մասնակիորեն լուծել հայկական հարցը, հանուն որի հայոց կամավորական  դրուժինաները՝ շուրջ երեք հարյուր հազար կռվող տղամարդ, Բալկաններից մինչև թուրքական ճակատ, մասնակցում էին պատերազմական բոլոր գործողություններին՝ ցուցաբերելով անձնական հերոսություն ու աննախադեպ  նվիրվածություն: Իհարկե, ոչ: Ցարիզմը, կալվածատեր բեկերի ու աղալարների  կաշառմամբ,  հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, հայոց
--------------------
* գյամըշ (ադրբ).- գոմեշ

հողերը  տարանջատվեցին՝ փաստորեն  հայերին զրկելով   այդ բարեբեր  տարածքներում ապրելու իրավունքից: Նրանց  այսօրվա  վեճ ու կռիվը այդտեղից է գալիս: Մի ուրիշ  փաստ. 1903 թվականին ռուսական կառավարությունը բռնագրավման  ենթարկեց հայկական բոլոր եկեղեցիների հողերը, փակեց եկեղեցիները, դպրոցները, գրադարանները, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերությունները: Այդքանով չբավարարվելով, ութ, ինը, տաս, տասներկու  թվականներին, Ստոլիպինի ժամանակ, Ռուսաստանի բանտերը լցվեցին հայ մտավորականությամբ, որոնց մեջ էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, մեծանուն բանաստեղծ ու հաշտարար Հովհաննես Թումանյանը, որին փակ վագոնով տարան մինչև Պետերբուրգ: Մի խոսքով, չերկարացնեմ, վերցնենք քսան թվականի դեպքերը: Ինչո՞ւ  Սովետական Ռուսաստանը հրաժարվեց  հայոց   տարածքներից՝ հօգուտ Թուրքիայի, ավելի քան երեք հարյուր հազար  փախստական  անզեն հայերի մեն-մենակ թողնելով Մուստաֆա Քեմալի  բանակին դեմ հանդիման: Ո՞վ զինեց ու հրահրեց թուրքերին ընդդեմ հայերի՝ Ռուսաստանը: 1920 թվականին  Հայաստանի տարածքը հասնում էր յոթանասունմեկ հազար քառակուսի կիլոմետրի, ընդ որում՝ Հայաստանի տարածքի մեջ էին մտնում նաև Ղարաբաղը, Բորչալլուն՝ Ղազախի, Շուլավերի, Ծալկայի, Դմանիսի, Աղստաֆայի ու Թոուզի հետ միասին, Սուրմալլուն, Շարուր-Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքն  ու Ախալցխան,... Ըստ Սևրի դաշնագրի, Հայաստանի հողային տարածքի վրա ավելանում էր ևս իննսուն հազար քառակուսի կիլոմետր տարածություն, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի մի մասը՝ Վանի նահանգը, Էրզրումը, Բիթլիսը, Կարինը, Բաղեշը, Տրապիզոնը: Ռուսաստանի սադրանքով՝ անձամբ Լենինի և Լև Դավիդովիչ Բեռնշտեյն-Տրոցկու դրդմամբ, որը, իհարկե, ոչ առանց Լենինի գիտության ու, համաձայն Թալեաթի հետ ունեցած գաղտնի պայմանավորվածության, հրաման արձակեց Կովկասի ռազմաճակատից  ռուսական  զորքերի դուրսբերման մասին՝ թուրքերի համար  ճանապարհ բացելով դեպի Կովկաս, փոխարենն իրավունք ստանալու Պաղեստինում Հրեական պետություն հիմնելու համար:   Շնորհիվ  նաև Ստալինի օգնության  ու նրա անմիջական շահագռգռվածության, 1921 թվականի մարտի տասնվեցի ռուս-թուրքական պայմանագրով փաստորեն չեղյալ հայտարարվեց Սևրի դաշնագիրը, Հայաստանի տարածքը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև: Թուրքիային անցավ հարյուր տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածք, Ադրբեջանին՝ տասնվեց հազար, Վրաստանին՝ չորս հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանին մնաց մոտ  երեսուն հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ պատմական տարածքի մեկ տասներորդ մասը. ահա ձեզ ռուսական երախտագիտություն՝ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հայերի դարավոր նվիրվածության ու հավատարմության:
Միրալի մուալլիմը երկար դադար տվեց, հետո ասաց.
- Այդ տարածքի դիմաց Թուրքիան Հայաստանին նվեր ուղարկեց երեք վագոն աղ, երեք վագոն ալյուր, ութանասուն ոչխար ու քառասուն կով:
Ալլահվերդին զարմանքով բարձրացրեց բրդոտ հոնքերը, ուռուգեր թաց շրթունքներն ավելի կախվեցին, նա ծանրաշարժ բարձրացավ տեղից և, ձեռքով հարվածելով ծնկանը, փորը բռնած ծիծաղեց: Երկար ժամանակ ծիծաղում էր ու այդպես ծիծաղելով էլ հարցրեց Հաֆիզին.
- Գագաշ*, ծխել չե՞ս ուզում:
- Աթաղանըն ջանը, ուզում եմ,- արձագանքեց Հաֆիզը: - Բա ո՞նց չեմ ուզում: Գնանք երկրորդ հարկ՝ տեսնենք չե՞ն կոտորել էդ վախկոտ հայերին: Չորս հարյուր հայերի, ասում են, դուրս են բերել բոլոր բաժանմունքներից, տարել անհայտ ուղղությամբ: 
Նրանք միասին ծիծաղելով դուրս եկան: Տիրեց լռություն:
- Ամեն ինչ ավերի ու սգի մեջ է, այստեղով մերոնք են անցել,- լռության մեջ անսպասելի լսվեց Միրալի Սեիդովի ձայնը, հետո նորից տիրեց լռություն:
------------ 
 *Գագաշ (ադրբ., Բաքվի քաղաքային ժարգոն).- ապեր

Ինչ-որ տեղից ներս ընկած մի ճանճ միալար բզզոցով սրընթաց պտտվեց սենյակում, լսվում էր, թե մերթ ընդ մերթ ինչպես էր խփվում ապակիներին: Հետո ձայնը մարեց, երևի հաջողվեց փրկվել: Դարձյալ լռություն էր, անդորր: Միրալի մուալլիմը, հավանորեն, կրկին   խորասուզված էր ընթերցանության մեջ, որովհետև երբեմնակի թղթերի շրշյուն էր լսվում:
Ես փորձեցի շարժվել տեղում, բայց դա անասելի դժվար էր, ցավերից շունչս ասես կանգ էր առնում: Ներքնակն արյունից թաց էր, ես դա մեջքով զգում էի: Բժիշկներից ոչ ոք չէր մոտենում ինձ: Ձեռքս տարա կողքիս, մատներս իսկույն խոնավացան արյան  կաթիլներից: Ես չգիտեի՝  ինչ է սպասում ինձ:  Կհասկանա՞, արդյոք, Զարմիկը, թե որտեղ եմ: Գիտե՞, արդյոք, ազգանունս: Ինքնաթիռի տոմս վերցնելիս նայեց իմ տոմսակը, բայց մտքում պահե՞լ է  արդյոք ազգանունս: Եթե հանդիպել է Ռենային, Ռենան կասի նրան: Չէի ուզենա, որ Ռենան գար, տեսներ ինձ այս վիճակում: Ոչ մի դեպքում չէի ուզենա: Եթե նույնիսկ Զարմիկը գիտե ազգանունս, հազիվ թե  հասկանա, որ ես եմ Ադունցմանը: Սիավուշը կհասկանար, իսկ նա՝ հազիվ թե: Գուցե Զարմիկն ինքը նույնպես ընկել է խուժանի ձեռքը, և ով գիտե՝ ո՞ղջ է արդյոք: Ճվաղուն բուժքրոջը, այնուամենայնիվ, հաջողվեց տարակուսանք հարուցել բուժաշխատողների մեջ, այլապես որևէ մեկը կմոտենար: Ինձ թվաց՝ եթե ոչ մի բժիշկ չմոտենա մինչև առավոտ, ես արնաքամ կլինեմ: Ես կրկին ցանկացա շարժվել, բայց դա ինձ չհաջողվեց, ուժեղ ցավից կծկվեցի տեղում:
- Դուք վա՞տ եք զգում ձեզ,- լսեցի Միրալի մուալլիմի ձայնը:
Փորձ արեցի բերանս բացել, չստացվեց: Նրա ոտնաձայները դանդաղ մոտեցան ինձ:
         Հաստ բեղերով ու հաստ շուրթերով, ճերմակած մազերով, մեծահասակ լիքը մարդ էր, կկոցված աչքերով նայում էր:
- Դուք վա՞տ եք զգում ձեզ,- կրկին անգամ հարցրեց նա: - Դուք ինձ տեսնու՞մ եք:
Ես գլխով արեցի, որ նշանակում էր՝ «այո, տեսնում եմ»:
- Ձերոնք գիտե՞ն, որ դուք այստեղ եք:
Գլխի շարժումով հասկացրի՝ «ոչ»:
- Հեռախոս ունե՞ք, տվեք համարը, ես կզանգեմ ձերոնց:
Ես լուռ նայեցի նրան, և  նա, հավանաբար, ամեն ինչ հասկացավ:
- Կյանքը նման է թատրոնի, ամենալավ տեղերը հիմար մարդիկ են զբաղեցնում,- ասաց նա, մի պահ  կարեկից հայացքով ուշադիր նայելով ինձ:- Ադրբեջանցի մոտ ընկեր չունե՞ք, ես կարող եմ զանգել:

Հույսի մի թույլ շող վետվետաց իմ հոգում, ես երախտագիտությամբ նայեցի նրան, ճիգով շարժելով շուրթերս՝ տվեցի Սիավուշի անունը:
- Դերասա՞ն Սիավուշը:
Ես տարուբերեցի գլուխս՝ «ոչ»:
- Սիավուշ Սարխանլի՞:
Դարձյալ գլխի բացասական շարժում՝ «ոչ»: Ու դարձյալ ճիգով, բերանիս անկյուններում սաստիկ ցավ զգալով, հազիվ լսելի արտաբերեցի Սիավուշի ազգանունը:
- Ա՜...- ուրախացավ Միրալի    մուալլիմը: - Սիավուշ Մամեդզադե... Բա ոնս չէ, գիդեմ,  շադ  լավ դղա է, ջանաչում եմ: Անհոգ մնասեք,- հայերեն, մտերմիկ  տոնով կամացուկ ասաց նա,- ես կզանգեմ: Հիշու՞մ ես հեռախոսը: Որ չհիշես էլ, պան չկա, ես կզանգեմ, կգտնեմ համարը: Դու անհոգ մնա, ամեն ինչ լավ գլինի:
Ես նրան մի կերպ հասկացրի, որ հիշում եմ հեռախոսահամարը, մատով օդում նկարեցի թվանշանները: Միրալի մուալլիմը, ուշադիր նայելով մատիս շարժումներին, գրի առավ թղթի վրա, ցույց տվեց՝ 96-46-58:
- Ջի՞շդ եմ գրել:
«Այո»,- գլխով արեցի ես, շնորհակալությամբ նայելով նրան:
- Ես Սայաթ-Նովայի մասին մեծ գիրք ունեմ գրած,- նույն մտերմիկ տոնով, բայց արդեն ադրբեջաներեն, ասաց նա, պիջակը գցեց ուսերին, դուրս եկավ:


Ես կորցրել էի ժամանակի ու տարածության զգացողությունը, ես չգիտեի՝ ո՞ր ժամն է, որտե՞ղ եմ ես և ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ եմ: Հիվանդասենյակում նույնպես կյանքն ասես կանգ էր առել: Իսկ ու՞ր են նրանք, ինչու՞ ոչ ոք չկա այստեղ: Թե գիշե՞ր է՝ քնած են արդեն:
Մեկը մտավ՝ ջահել, սպիտակ խալաթով, գլխին նույն կտորից սպիտակ ցից գլխարկ: Ես նայում էի սպիտակ խալաթով տղային և սկզբում չնկատեցի Սիավուշին, որ ներս էր մտել նրա ետևից և ուշադիր նայում էր ինձ: Նա արդեն հետ էր դառնում, ուզում էր դուրս գալ:
- Ես եմ, Սիավուշ, ես եմ,- մի կերպ կարողացա հասկացնել,- ես եմ, օգնեցեք:
- Մենք հենց դրա համար էլ եկել ենք,- ժպտալով ասաց սպիտակ խալաթով տղան:
Սիավուշն արագորեն առաջ եկավ, համարյա չոքեց իմ առջև:
- Լեո, այս ի՞նչ են արել քեզ հետ,- ասաց նա, անկարող զսպելու արցունքներն ու զայրութը: - Ես քեզ չճանաչեցի: Ինչու՞ չէիր զանգում, մի՞թե դու այստեղ՝ քաղաքում էիր:
Չկարողացա խոսել, հասկացրի միայն, որ հետո, հետո կբացատրեմ ամեն ինչ:
- Երեկ շատ ուշ տուն հասա, կեսգիշերին, քրոջս տնից մինչև մեր տուն՝ ոտքով, պատկերացնու՞մ ես, տրանսպորտ-բան՝ ոչինչ չի աշխատում,- բացատրեց Սիավուշը: - Սարսափելի, ահավոր բաներ են կատարվում, Լեո, պատկերացնել չես կարող: Տուն եկա, Վալյան ասաց, որ Սեմաշկոյից զանգել են, շտապ պետք է գնալ՝ ոչ անուն-ազգանուն, ոչ բաժանմունք, ոչ հիվանդասենյակ: Նաթիգին գտա, բժիշկ է, այստեղ, մանկական բաժանմունքում է աշխատում, միասին եկանք, հիվանդների ընդունման մատյանը նայեցինք, մի կերպ գտանք՝ Ադունցման, իսկույն հասկացա, որ դու ես,- ժպտաց նա,- լավ էլ մտածել ես, այլապես բաժանմունքից-բաժանմունք պիտի փնտրեինք երկու օր:
Հիշեցի, որ Միրալի մուալլիմն իմ անուն-ազգանունը չէր հարցրել, ինքս էլ չէի կռահել ասել նրան: Միևնույն է, ես նրան անչափ երախտապարտ էի:
- Գլխիդ վերքերը տեսնում եմ,- ասաց Նաթիգը, աթոռակը մոտ քաշելով,- ուրիշ տե՞ղ էլ վերք ունես:
Ես ետ տարա խավակտորե ծածկոցը: Նա տեսավ վերքս, շուրթերը սեղմած օրորեց գլուխը:
- Ես դրանց բժիշկ ասողի մերը,- կատաղությունը բռնած ասաց նա:- Ես դրանց Հիպոկրատի գլխարկն ու դրանց փողով առած դիպլոմը,- չէր հանգստանում նա: - Դրանց մարդ ասողի մերը:
- Ամբողջ գիշեր արյուն էր գնում,- ասացի ես:
Նաթիգը դուրս եկավ, ինչ-որ տեղից բամբակ ու դեղորայք բերեց, սկսեց մշակել վերքը:
Սիավուշը նայում էր ինձ, ակնոցի տակից կարեկցական ժպտում:
- Բախտդ բերել է,- երկար զննելով վերքը, ասաց Նաթիգը:- Մի քանի միլիմետր աջ խփեր՝ մտնելու էր երիկամիդ մեջ: Այդ դեպքում դժվար թե ողջ մնայիր:

Комментариев нет:

Отправить комментарий